IV
Դաշնակցության «ժամկոչ» ասելով արդյոք ի՞նչ է հասկանում Քաջազնունին: Հստակորեն պետք է ճշտել այս դարձվածքի իմաստը, որովհետև ինչպես բանաստեղծությունն է խորշում հրապարակագրական ոճերից, այնպես էլ հրապարակագրությունն է իր հերթին արդարորեն խորշում բանաստեղծական դարձվածքներից:
Դժբախտաբար, սակայն, այս հարցում հատկապես անկարելի է պարզորեն գծել այն սահմանները, որ մեր կուսակցության գործունեության մեջ Քաջազնունու կողմից վերապահված է Դաշնակցության «ժամկոչ»-ին:
Մեկ այլ տեղ Քաջազնունին Դաշնակցության «ժամկոչ»-ին «կազմակերպություն» անունն է տալիս:
«Դաշնակցական կազմակերպությունն է, որ դատապարտված է մահվան (ավելի ճիշտ՝ մեռած է արդեն), բայց գործը մնում է կենդանի»:
Ընդունենք ուրեմն, որ եկեղեցին գործն է, իսկ ժամկոչը՝ կազմակերպությունը:
Սակայն նաև «կազմակերպություն» խոսքին մեր նախկին «գաղափարակիցը» չի տալիս իր հստակ, պարզ ու որոշ բացատրությունը:
Հասարակագիտության (լայն առումով) ու տնտեսական քաղաքականության (նեղ առումով) տարրական դասագրքերից մենք գիտենք, որ կազմակերպությունները ստեղծվում են կուսակցությունների ծրագրերի իրագործման համար և իրենց էությամբ համապատասխանում են այս վերջիններին:
Քաղաքական հոսանքների դավանագրերն ասում են, թե ի՛նչ պետք է անել (ծրագիր), իսկ նրանց կազմակերպությունները գալիս են մատնանշելու, թե ինչպե՛ս պետք է անել (գործելակերպ):
Կամ, ինչպես Լիբկնեխտն էր (մեծը) բնորոշում իր «Պարլամենտարիզմ» գրքույկում, գործելակերպը բխում է տեսությունից և տեսությունը կյանք է առնում գործելակերպով, որ սրանք միևնույն երևույթի տարբեր երեսներն են՝ մեկը մյուսով պայմանավորված ու մեկը մյուսին լրացնող, կամ, այլ խոսքերով, տեսությունը՝ այդ կյանքում իրագործվող գործելակերպն է, իսկ գործելակերպը՝ գործադրվելիք տեսությունը:
Ահա այսքան սերտորեն «գործն» ու «կազմակերպությունը», «ժամկոչն» ու «եկեղեցին» զոդված ու շաղկապված են իրար հետ:
Մեկ հիմնական մեթոդոլոգիական սխալ հենց այստեղ, տեղն ու տեղը, պետք է մատնանշել:
Եվ ոչ մի տեսակետից քաղաքական կուսակցությունների գործն ու կազմակերպությունները որևէ սուրրոգատով, ու նաև՝ եկեղեցիով ու ժամկոչով, չի կարելի փոխարինել:
Առօրյա եկեղեցիների համար փույթ չէ, թե ով է իրենց կոչնակը զարնում, այն, ինչ քաղաքական կուսակցությունների «եկեղեցու» գոյության համար «ժամկոչ»-ի որոշակի լինելը բացարձակապես անհրաժեշտ պայման է, այդ, ինչպես ընդունված է նման դեպքերում ասել, այդ «եկեղեցու» հարատևության sine qua non-ն է:
Այդ զանգերը կարող են աղոթող բերել եկեղեցին, երբ նրանք ղողանջում են ճիշտ այս և ոչ՝ մեկ այլ ձևով: Նրանք կարող են թմրածներին եռանդ ներշնչել, հուսալքվածներին հույս տալ, մոլորվածներին ուշքի բերել, վառ պահել շարունակ մարվող կանթեղները և բազմությունները գործի լծել, երբ նախապես ճշտված զանգահարը նախապես ճշտված զանգերը ճշտված ձևերով գիտի խոսեցնել:
Պահել «եկեղեցին»՝ առանց «ժամկոչ»-ը պահելու՝ տրամաբանական անհեթեթություն է, ինչպես անհեթեթություն է նաև այն, երբ փորձ ես անում «ժամկոչ»-ը փոխել՝ առանց «եկեղեցին» փոխելու:
Այս դարձվածքները փոխաբերական իմաստով կարելի է բանաստեղծության մեջ միայն գործածել, բայց ոչ երբեք՝ որևէ լուրջ քաղաքական դեղատոմս առաջարկելու ժամանակ:
Եվ ահա ճիշտ այս պատճառով է, որ Քաջազնունու «հին եկեղեցու» «նոր ժամկոչ»-ն այնքա՜ն խնամքով պահում է իր հնության բոլոր կարևոր ստորոգելիները, պահում է իր էությունը, փոխելով միայն (ավելի ճիշտը՝ կարծելով, թե փոխում է) իր երկրորդական հատկանիշները:
Հայ ժողովրդի ազատագրության դատը վարելու համար «հարկավոր կլինեն ուրիշ մարդիկ,- ասում է Քաջազնունին, ուրիշ անունով, ուրիշ հոգեբանությամբ, ուրիշ անցյալով (կամ առանց անցյալի)»:
Սակայն մի՞թե, ըստ Քաջազնունու, ուրիշ անունը, ուրիշ հոգեբանությունը և ուրիշ անցյալը (կամ առանց անցյալի) իրապես Դաշնակցության «հին ժամկոչ»-ին «նոր ժամկոչ» են դարձնում:
Անշուշտ, ոչ՛: Այս բնազդորեն զգում է նաև մեր հեղինակը, որի բանականությունը այնքան ցավալիորեն դավաճանել է իրեն:
Նա գիտի, որ ինչ անուն էլ տրվելու լինի Պետրոսի մասին գրված աշխատանքին, կրկնենք Պուշկինի խոսքերը, «Պետրոս Հսկա», թե «Պետրոս Բարձր», երբեք «Պետրոս Մեծ» չի ստացվի, եթե իսկապես գրվածքում հարազատորեն չի տրված Պետրոս արքայի նկարագիրը, նրա կյանքն ու գործը:
Կարևորը ոչ թե անունն է, այլ այդ անվան տակ թաքնված բովանդակությունը, կարևորը էությունն է, որ անվանը կամ փայլ է տալիս կամ նրան փայլից զրկում:
Դաշնակցության «նոր ժամկոչ»-ն իր նոր անունով «հնի» գործը պետք է կատարի, տակավին հին եկեղեցու ու հին զանգերի ղողանջը պետք է հնչեցնի: Իսկ այսպիսով նա մոլորության մեջ պետք է գցի միմիայն Քաջազնունուն, իսկ նրանից դուրս՝ գրեթե ոչ ոքի: Քաջազնունին իր «նոր ժամկոչ»-ին ջերմորեն խորհուրդ է տալիս նմանվել ծանոթ ծանոթ թռչունին, գլուխը թաղել ձյան մեջ, չտեսնել որսորդին, համոզված, թե որսորդն էլ իր նոր զոհին չպիտի տեսնի: Նա մոռանում է, որ բավական է միայն մեկ անգամ հին զանգերի ձայնը լսելի դարձնել հին ու ծանոթ ելևէջներով, որպեսզի ունկնդրող բազմությունը հավար բարձրացնի, տարածի ամեն կողմ և ավետիք տա, ամենքին ասելով, թե հինն է ո՛չ միայն եկեղեցին, այլ հինն է նաև նրա զանգահարը:
Նա չի փրկվի այդ արդար որակումից, եթե մինչև իսկ կոչնակը զարկի (եթե զարկի) «նոր հոգեբանությամբ»: Նախ՝ «հոգեբանություն» կոչվածը չափազանց անշոշափելի ու բավական առաձգական մի հատկություն է, որ «մատչելի» է միայն նուրբ հոգեբաններին: Երկրորդ, նա ինքնածին չէ, այլ գտնվում է սերտ շփման մեջ մեր այն աշխարհի հետ, ուր գաղափարներն են ծնունդ առնում և, վերջապես, անկարելի է «հոգին» նույնությամբ պահել ու «հոգեբանությունը» փոխել, ինչպես երազում է Քաջազնունին:
Անկարելի է մինչև իսկ այն դեպքում, երբ նոր զանգահարը նոր է ոչ միայն իր «անունով» ու «հոգեբանությամբ», այլ նոր է նաև իր անցյալով: Երբ նա կամ «ուրիշ անցյալ» ունի կամ «անցյալ» բնավ չունի, ինչպես ասում է մեր հեղինակը:
Մենք կարող ենք հասկանալ Քաջազնունուն, երբ նա իր «ժամկոչ»-ին հանդես է բերում չափազանց պատանի հասակի մեջ, զուրկ որևէ անցյալից:
Սակայն մենք բացարձակապես անկարող ենք նրան ըմբռնել, երբ նա լարում է իր դաշնամուրը և սպասում ջութակի նվագ, կյանքի է կոչում իր «հին եկեղեցին» և նրա զանգերից նոր ղողանջ սպասում:
«Ուրիշ անցյալ» ունենալու համար ուրի՛շ եկեղեցի և ուրի՛շ զանգեր, նո՛ր աստվածներ ու նո՛ր կուռքեր են պետք, մի հանգամանք, որ իսպառ բացասում է Քաջազնունին:
Եվ այդ պատճառով է, որ նրա նոր զանգահարն այնքա՜ն նման է իր հին զանգահարին՝ ոսկորը՝ ոսկորից և արյունը՝ արյունից:
«Հ. Յ. Դաշնակցությունը այլևս անզոր ու անպետք գործիք է իր կյանքի դատը՝ հայ ժողովրդի քաղաքական ազատագրության գործը վարելու համար: Նա պետք է վերանա ու տեղ տա հայ բոլշևիկներին, որոնք միակ՝ ներկա պայմաններում, կարող են շարունակել նույն գործը ու արդեն անում են այդ»:
Ովքե՞ր են սակայն այս «նոր ժամկոչները», որոնց վստահում է և վստահում է այնպիսի հանգստությամբ՝ իր «եկեղեցին»՝ «հայ ժողովրդի քաղաքական ազատագրության գործը»՝ Քաջազնունին:
«… Հայ բոլշևիկները դաշնակցականներ են, միակ դաշնակցականները այսօր, ավելի դաշնակցկան, քան դու և ես»,- գրում է Քաջազնունին իր մի կուսակցական ընկերոջ ու անձնական բարեկամին:
Գրում է … չզգալով անշուշտ, թե որքա՜ն դյուրությամբ թափում է իր զենքերը, անձնատուր լինում իր հին տարերքին, օժտում իր նոր զանգահարին՝ հի՛ն անունով, հի՛ն հոգեբանությամբ ու հի՛ն անցյալով:
Շարունակելի, նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/11/22/vahan-navasardian-part-2/