Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիք» գիրքը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնն Անելիք Չունի Այլեւս» զեկուցագիր-գրքի՝ նախ ուղղված ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին, ապա և տպագրված առանձին գրքով Բուխարեստում 1923-ին: Նավասարդյանը (1888-1956) 1922թ.-ից մինչև կյանքի վերջը խմբագրել է Կահիրեի «Հուսաբեր»-ը: Շուշիում ծնված Նավասարդյանը հաճախել է տեղի Ռեալական դպրոց, ապա ուսանել Բաքվում և Սանկտ Պետերբուրգում: Թիֆլիսում խմբագրել է ՀՅԴ «Հորիզոն» պարբերականը: Եղել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, արտասահման անցնելուց հետո, շուրջ 25 տարի՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ: Գիրքը տպագրվել է Կահիրեում՝ «Հուսաբեր» թերթի տպարանում, 1924 թվականին:
Վերագնահատումներ
Նախաբանի փոխարեն
I
«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս»,- ահա խորագիրն այն գրքույկի, որ վերջերս Վիեննայում լույս է ընծայել Հովհաննես Քաջազնունին: Մեր պատասխանի համար խորագիր ընտրեցինք պարոն Քաջազնունու գրքույկի վերտառության հակադիր իմաստ ընդգրկող խոսքերը:
Այդպես ար[եց]ինք ո՛չ պատահաբար, ավելի ճիշտ՝ ո՛չ կամովին:
Մեր հոդվածաշարի խորագիրը թելադրեց մեզ ինքը՝ պարոն Քաջազնունին:
Նրանք, որոնք երբևէ տարակուսել են Հ. Յ. Դաշնակցության անելիքի նկատմամբ, նրանք, որոնց հոգում երբևէ տեղ է գտել կասկածանիք որդը հայ մեծ քաղաքական հոսանքի որդեգրած ուսմունքի կենսունակության հանդեպ, որոնց կամքն ու կորովը խաթարվել է վերջին տարիների շշմեցուցիչ աղետների դաժան հարվածների տակ, նրանք ամենքը պե՛տք է , անպայմանորեն պե՛տք է, որ կարդան պարոն Քաջազնունու այս չափազանց ուշագրավ և ոգեպնդիչ գրքույկը:
Ոչ միայն կարդան, այլև խորամուխ լինեն նրա արծարծած մտքերի մեջ:
Le roi est mort, vive le roi. (ֆրանսերեն՝ թագավորը մեռավ, կեցցե թագավորը):
Թերևս շատ քիչ անգամներ պատմական դարձած այս դարձվածքը գործածվել է այսքան տեղին ու ժամանակին:
Մեռած է Դաշնակցությունը, բայց կեցցե Դաշնակցությունը:
Ահա այն միակ եզրակացությունը, որին բերում է մեզ Քաջազնունու գրքույկը, ուր, ըստ հեղինակի վկայության, «չկա մի միտք, որ տասն անգամ վերաքննած չլինի ու չկա մի խոսք, որ տասն անգամ կշռած չլինի»:
Ահա ճիշտ այս պատճառներով է, որ քիչ վերն ասացինք, թե ինքը՝ Քաջազնունին է, որ թելադրեց մեզ մեր հոդվածաշարի խորագիրը:
«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս»-ի ուշիմ ընթերցողը պիտի գա այն տարօրինակ եզրակացության, թե որքա՜ն շատ անելիք ունի Դաշնակցությունը, և դրանում նրան պետք է համոզի ինքը՝ Քաջազնունին:
Նա պիտի ամրանա այն հավատի մեջ, որ Դաշնակցությունն անբաժանելի է հայ ժողովրդից, որովհետև «ոսկորը ոսկորից է և արյունը՝ արյունից», և այս հավատը նրան պետք է նորից քարոզի նույն Քաջազնունին:
Եվ ապա, թերևս մի քիչ հակառակ իր կամքին և գիտական մտքի այսօրվա տվյալներին, նա պիտի կանգնի մեկ ուրույն տեսակետի՝ տեսողության մեկ այնպիսի կետի վրա, որտեղից Հ. Յ. Դաշնակցության կյանքը թվում է հավիտենական, իսկ նրա կատարելիք գործը՝ անվախճան, և սա վերստին նույն Քաջազնունու մեղքի շնորհիվ:
Ֆրանսիական ընկերաբան Լեթուրնոն, ծառանալով այն գիտունների դեմ, որոնք ժխտում են ընկերաբանությունը, իբրև ուրույն գիտական դիսցիպլին ու առարկա, վերհիշում է իտալական ժողովրդի մեկ հուզիչ առասպել առյուծների կյանքից:
Երբ առյուծը երկունքով ծնում է իր կորյունը,- ասում է իտալացին,- ու դեռ ցավերի մեջ շրջում է՝ մայրական իր առաջին փաղաքշանքը տալու զավակին, նա, առջև գտնելով անշնչացած մարմինն իր ծննդի, մի այնպիսի մռնչյուն է արձակում՝ վշտի, ցավի ու տառապանքի, խելագար կսկիծի մի այնպիսի ահազանգով է պատում ամբողջ շրջապատը, որ անշնչացած կորյունը, իր մոր ճչի այս ահարկու ուժի տակ, վերստին կյանք է ստանում:
Իմաստություն կա՛ անշուշտ առասպելում:
Ապացո՞ւյց՝ ահա ձեզ նաև Քաջազնունու գրքույկը:
Հ. Յ. Դաշնակցությունը այդ ինքը՝ հայ աշխատավոր ու ազատատենչ ժողովուրդն է՝ «ոսկորը ոսկորից և արյունը՝ արյունից»:
Նա ցավերի , տառապանքների ու երկունքի մեջ ծնունդ առած հայ ժողովրդի կորյունն է, որին ապրելու իրավունքից անկարելի է զրկել առանց իր ծնող մայրը թաղելու:
Ու մենք և ոչ մի կասկած չունենք, մենք համոզված ենք , մենք հավատում ենք այդ բանին, որ եթե մի օր փորձեն, ու փորձեն դրսից կամ ներսից թաղել Դաշնակցությունը, ապա ազատատենչ հայ ժողովուրդը ցավի ու տառապանքի մի այնպիսի ահարկու ճիչ պիտի արձակի, որ նորից, իր ամբողջ հաղթ կեցվածքով, Հ. Յ. Դաշնակցությունը հարություն պիտի առնի:
Այո՛, պետք է կարդալ Քաջազնունու գրքույկը:
Պե՛տք է կարդալ և պե՛տք է կարդացնել տալ, պե՛տք է տարածել լայն շրջանակներում այս դավանագիրը, որովհետև Քաջազնունում «հակադաշնակցական» քարոզը, միանգամայն անկախ իր կամքից, իր խորքում ու էության մեջ քարոզ է հանուն Հ. Յ. Դաշնակցության, ի նպաստ Դաշնակցության:
Միանգամայն արդար կերպով հեղինակը նկատում է, որ կուսակցական Գերագույն մարմինները ո՛չ միայն «պապանձման կնիք» չպետք է դնեին իր «խեղճ զեկուցագրի վրա», այլ հակառակը, «իրենք պիտի կոխեին այն ամեն մի դաշնակցականի աչքը, ստիպեին կարդալ…»:
«Սա կցնցեր կուսակցությունը,- ասում է Քաջազնունին,- բողոք ու զայրույթ առաջ կբերեր, կարթնացներ թմրածներին, աշխատանքի կկանչեր ծույլերին ու անփույթներին, եռանդ կներշնչեր, կստիպեր սեղմել շարքերը, ամրացնել, մի խոսքով՝ զորեղ հակաթույն կլիներ քայքայման թույնի դեմ, շարժման մեջ կդներ բոլոր կենսական potencia-ները (եթե սրանք դեռևս կան կուսակցության մեջ)»:
Եթե այն, ինչ Քաջազնունին խոհեմորեն դրել է փակագծերի մեջ, թողնենք, հարգելով հեղինակի իրավունքները, իրենց տեղը՝ փակագծերի մեջ, այն ժամանակ նրա դիտողություններից շատերը բացահայտ ճշմարտության արժեք կստանան:
Մեր համոզումն է, մեկ անգամ էլ կրկնենք, որ Քաջազնունին ճիշտ այն օրից, երբ որոշել է հանրային սեփականություն դարձնել իր գրքույկը, այդ օրից արդեն նա դարձել է Հ. Յ. Դաշնակցության համար «Ֆաուստի» այն տարօրինակ օգին, որ ուզում է չարիք անել, սակայն բարիք է ծնում:
Այս բացահայտ ճշմարտությունը կարող են չզգալ նրանք, որոնք իրենց հասարակական ուղիները գծելիս Կոզմա Պրուտկովի խորհուրդներին երբեք չեն հետևում:
Պրուտկովն ասել է. երբ մոտենաք վանդակին, որի վրա գրված է էշ, իսկ ներսը դրված է փիղ, գրածին չհավատաք:
Ահա, եթե Պրուտկովի այս իմաստուն խորհրդին հետևեին բոլոր նրանք, որոնք նախանձախնդիր են Հ. Յ. Դաշնակցության գոյության ու հզորացման, ապա նրանք ոչ միայն «պապանձման կնիք» չէին դնի այս «խեղճ զեկուցագրի վրա», ոչ միայն չէին փակի «մի ընկերոջ բերանը և մյուս ընկերների ականջները», այլ, հակառակը, կհարկադրեին, որ հոգնելու չափ խոսի Քաջազնունին, կտպագրեին նրա գրքույկը և լայնորեն կտարածեին կուսակցական ու հակակուսակցական շարքերում, որովհետև այս գրքույկը փառավոր ապացույցներից մեկն է մեր կուսակցության՝ կյանքի, գործի ու դավանանքի կենսունակության:
Մեր այս անվիճելի իրավունքը մենք զիջեցինք մեր հակառակորդներին, որոնց համար Պրուտկովի խորհուրդները յոթը սարերի սարերի հետևում թաքնված իմաստություններ են եղել միշտ:
Նրանք կարդացել են վանդակի վրա գրվածը միայն, կարդացել են Քաջազնունու գրքույկի խորագիրը, ուր ասված է, որ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», և, սակայն, ըստվաղեմի սովորության, վանդակից ներս չեն նայել տեսնելու, որ այնտեղ «փիղ» է և ոչ թե «էշ», և որ Քաջազնունին հավիտենականության շունչ է դնում դնեմ Դաշնակցության գաղափարական շենքում, իսկ կարապի երգը … պահում է իր բերդում:
Ուրախ լինենք, եթե միայն ա՛յս է պարոն Քաջազնունու novissima verba-ն, նրա վերջին խոսքը: