Քույր խմբավար Մարանա Սաադին շրջվեց դեպի լսարանը, խոնարհվեց ծափերի տարափի տակ, ապա մոտենալով առաջին շարքում նստած հոգևոր առաջնորդիներին՝ մարոնի Բշարա Ռայի պատրիարքին ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, կրկին խոնարհվեց ու սեղմեց նրանց աջը: Կիսով չափ ժայռափոր եկեղեցու պատերը արձագանքում էին ծափահարություններն ու տարբեր տեղերից լսվող “բրավոները”. հավաքվածները ոտքի էին կանգնել և իրենց հիացմունքն էին հայտնում “Սրբուհի Ռաֆքա” երգչախմբի ու նվագախմբի «Կիլիկիա» երգի կատարմանը:
Նոյեմբերի աշնանային զով երեկոյան Բքերքեում՝ Անտիոքի Ասորական մարոնի եկեղեցու պատրիարքության շրջափակից ներս, հավաքվել էին Լիբանանի քրիստոնյա համայնքների պետեր ու ներկայացուցիչներ՝ կարդինալ Բշարա Ռայի, Արամ Ա կաթողիկոս, պապական նվիրակ, պետական և զինվորական մարմիններ, հոգևոր պետեր, կուսակցությունների ներկայացուցիչներ, լիբանանցի և սփյուռքահայ մտավորականություն և հոծ բազմություն: Մերձավոր Արևելքի Վատիկանում՝ կաթոլիկ եկեղեցու տարածաշրջանային կենտրոնում, նրանց մեկտեղել էր գործարար, բարերար Սարգիս Պուտագեանի նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամեակին նվիրված խաչքարի բացման արարողությունը և համաքրիստոնեական հավաքը:
Առաջինը ելույթի համար խոսք տրվեց Ժիւլի Խէյր Ալլա–Պուտագեանին` բարերարի տիկնոջը: Արաբերենով իր խոսքում նա ասաց, որ 1915-ի ջարդերից փրկված հայերը հյուրընկալվեցին Լիբանանում, ապա տքնաջան աշխատանքով մեծ դեր ունեցան Լիբանանի բարգավաճման ու զարգացման մեջ: Նա ընդգծեց, որ ամուսնու փափագն էր խաչքար զետեղել պատրիարքության շրջափակից ներս` իբրև շնորհակալության երախտիք լիբանանցի ժողովրդին: «Այս սուրբ երեկույթը Լիբանանի ժողովրդի խաղաղ և սիրո համակեցության լավագույն վկան է. խաչքարը վկայությունն է հավատքի տոկունության և ինքնին ականատես վկան է հարության»,- ասաց նա:
Ապա ֆրանսերենով խոսք առավ Արամ Ա կաթողիկոսը: Նա ասաց, որ խաչքարը խորհրդանշում է հայությունը, արտացոլում հայի կամքը և հաղթանակը: Վեհափառը բարձր գնահատեց խաչքարի զետեղումը այս պատմական վայրում և շնորհակալություն հայտնեց մարոնի եկեղեցու պատրիարքությանը այս աննախընթաց իրադարձության համար:
Անտիոքի մարոնի եկեղեցու պետ Բշարա Ռայի պատրիարքը արաբերենով իր ելույթում ասաց, որ խաչքարը խորհրդանշում է երեք ուղղություններ` հավատքի, եկեղեցական ու հայրենասիրական: Նա շնորհակալություն հայտնեց բարերար Սարգիս Պուտագեանին և նրա ընտանիքին` խաչքարի զետեղումն իրագործելու համար: Պատրիարքը գովեստի խոսքեր ուղղեց լիբանանահայությանը և հայերին ընդհանրապես, ովքեր իրենց աշխատանքով և խիզախությամբ կարողացան վերականգնել իրենց պետությունը` Հայաստանի Հանրապետությունը:
Ելույթներն ընդմիջվում էին “Սրբուհի Ռաֆքա” երգչախմբի ու նվագախմբի հոգևոր և հայրենասիրական կատարումներով: Արաբ գործիչ Աբդո Լաբաքին իր խոսքում շեշտեց, որ խաչքարը խորհրդանշում է հայի տոկունությունը և անխախտելի հավատը: Խաչքարը գալիս է հաստատելու, որ կյանքը միշտ հաղթում է մահվան: Նա անդրադարձավ նաև Նախիջևանում իրականացված մշակութային ցեղասպանությանը, հայկական խաչքարերի արվեստին, դրանց պատրաստման բծախնդիր աշխատանքին, նախշերին ու գծերին: Նա ընդգծեց, որ խաչքարը հայ ժողովրդի պայքարի, հաղթանակների, մշակույթի և պատմության վկան է:
Մոհամեդ Ալի Շամսեդդինը նշեց, որ Բքերքե է հասել Լիբանանի հարավից` իր հետ շալակած բերելով խաչը: Իր ելույթի վերջում նա արտասանեց Պարույր Սևակի ստեղծագործություններից մեկը՝ արաբերենով: Մեկ այլ արաբ մտավորական՝ Ղալեբ Աբդալլա Ղանեմը նշեց, որ խաչքարը հայ նահատակների արդարության կանչն է, իսկ պատրիարքության շրջափակից ներս զետեղված խաչքարը նոր արժեք է ավելացնում Բքերքեի ժառանգությանն ու հարստությանը:
Ելույթ ունեցավ նաև Լիբանանի հայոց թեմի նախկին առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերեանը: Ապա հավաքի մասնակիցները՝ առաջնորդությամբ Արամ Ա կաթողիկոսի ու Ռայի պատրիարքի, ուղղվեցին դեպի խաչքարը: Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպիսկոպոս Փանոսեանը կատարեց հատուկ աղոթք` հայերենով, հայր Գէորգ Ծ. վրդ. Եղիայեանը` արաբերենով:
Նախաձեռնության հովանավոր Սարգիս Պուտագեանը այս տարվա մարտին մեկ այլ խաչքար էր զետեղել Լիբանանի «Էն. Տի. Եու.» համալսարանում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով խաչքարեր զետեղելու քայլը գալիս է Պուտագեանի գաղափարական և քրիստոնեական դաստիարակությունից: Բարերարի համար խաչքար զետեղելը հայ ազգի կողմից երախտագիտության հավաստիք է Լիբանանի ժողովրդի հանդեպ, որ 1915-ից հետո գրկաբաց ընդունեց, գուրգուրաց ու ձեռք երկարեց գաղթական, անտուն հայորդիներին:
Թաթուլ Հակոբյան
Ջունի, Լիբանան