Պոլիսն ու գաւառները, որտեղ այսօր ամփոփուած են տաճկահայերի բեկորները, եղել են մեր ժողովրդի համար ոչ թէ գաղութ, այլ բնաշխարհ եւ այդ պատճառով էլ հանրային կեանքը այնտեղ ընթանում է այլ ուղիներով: Պոլսահայերը ունին ազգային պատրաստի մարմիններ եւ նրանց մտազբաղմունքն է կազմում ոչ այնքան նոր կազմակերպութիւններ առաջ բերել, որքան եղածը պահել ու պահպանել:
Կառավարութեան հալածանքները հայ դպրոցների դէմ շարունակվում են: Միջոցները ընտրուած են թէեւ ոչ կոպիտ, բայց աւելի հաստատ ու գործնական. ուզում են տնտեսական դժորարութիւններ ստեղծելով, խեղդել հայ դպրոցները ու ոչնչացնել: Կառաւարութիւնը, փոխանակ ինքը դպրոցներին նպաստ տալու, որովհետև նրանք կատարում են երկրի լուսաւորութեան նախարարութեան գործը, հայ դպրոցի լղարիկ բիւջէի վրայ նորանոր ծախսեր է աւելացնում:
Անցեալներում կապեցին հայ դպրոցներին թուրք ուսուցիչներ՝ թրքերէնի ուսուցման համար, ստիպեցին, որ նրանց ռոճիկը տրուի հայ դպրոցների ընդհանուր բիւջէից եւ այսօր այդ ուսուցիչները մի-մի պատուհաս են դառել հայկական վարժարանների համար: Չնայած այն հանգամանքին, որ նրանք մի քանի անգամ ավելի բարձր դասին ունին, քան նոյն դպրոցում դասաւանդող հայերը, այսօր նրանք նորից ռոճիկների յաւելման խնդիր են յարուցում: “Ազդարար”ը պարզ կերպով գրում է, որ եթէ այդ պահանջը կատարուի, մի շարք վարժարաններ պիտի փակուին անխուսափելիօրէն: Հէնց այդ է քեմլական կառաւարութեան ցանկութիւնը:
Աւելի անհեթեթ է այն պահանջը, որ Պոլսոյ թուրք “հասարակական կարծիքը” առաջադրել է նոյն հայ դպրոցների նկատմամբ: Պահանջւում է, որ դասամիջոցների ժամանակ հայ մանուկները թրքերէն խօսին: Այսպիսով հայ դպրոցում հայ երեխան մայրենի լեզուով կարող է խօսել միայն դասը պատասխանելիս եւ կամ ուսուցչին հարց տալիս: Մնացածը պիտի լինի թրքերէն: Մարդ երբեմն զարմանում է, թէ ի՞նչպէս են հնարում հալածանքի այս բոլոր նուրբ ձեւերը: Եւ յետոյ ասում են, թէ թուրքերը հանճարից զուրկ են…
Գաւառներից ստացած հատուկտոր լուրերը ոչինչ մխիթարական բան չեն պարունակում, եթէ չհաշուենք Կեսարիայի որբանոցի խնդիրը: Եղած դիմումները՝ նպաստ հաւաքելու մասին, բաւական լաւ արձագանք գտան հայերի մէջ եւ թերթերը օրը օրին ցուցակագրում են զանազան ազգայինների յօգուտ Կեսարիոյ որբերին նուիրած լումաները:
Երեւում է, որ գաւառներում այնուամենայնիւ հայերի կացութիւնն աւելի ծանր է, քան նոյնիսկ Պոլսում: Դրանով պիտի բացատրել հայերի Պոլսի գաղթելու ցանկութիւնը: “Ազդարար”ը հաղորդում է, օրինակ, որ Եօզակատից 41 հայ գաղթական Պոլիս են հասել եւ ճանապարհին են գտնւում 120 հոգի: Անցեալներում նման գաղթի մասին հաղորդում էին եւ ուրիշ վայրերից:
Հերթական տեղեկութիւնը գաւառի հայերի կացութեան մասին այս անգամ ստանում ենք Խարբերդից: Պոլսոյ թերթերին գրում են որ Մեզրէի եւ Խարբերդի ու շրջակայ գիւղերի մէջ գտնւում են մօտ 1000 շունչ հայեր, մեծագոյն մասով բարեկեցիկ վիճակ ունեցող:
Ազգային կյանքը, սակայն, այնքան էլ լաւ դրութեան մէջ չէ: Քանի տարի է, որ փակ է ազգային վարժարանը, որով 2-300 երեխաներ անուսում են մնում: 40-50 հոգի ստիպուած յաճախում են թրքական դպրոցները: Մեզրէում կայ եկեղեցի եւ թաղական խորհուրդ: Հայութեան հոգածութէեան առարկայ է մի ծերանոց, որտեղ պատսպարուած են 25-30 ծերունիներ:
Գավառների դրութիւնը քանի գնում աւելի վաթարանում է: Այնտեղ եղած հայութեան թիւը “Ազդարար”ի թղթակիցներից մէկը հաշւում է 22-25 հազար, որոնք զուրկ են դպրոցից: Թղթակցի ասելով 3,500-ից աւելի երկսեռ մանուկներ փողոց են նետուած:
Գաւառներից տեղի տուած գաղթը պոլսհայ թերթերը բացատրում են կրթական հոգսով, դպրոցների պակասով. Սակայն, թւում է, որ դեր են կատարում նաեւ ուրիշ ազդակներ, որոնց մասին այդ թերթերը ստիպուած են լռել:
“Արեւ” յայտնում է, Խարբերդից Հալէպ հասած մի քանի հայ կանանց տուած տեղեկութիւնների հիման վրայ, որ կեանքը Խարբերդում անտանելի է դարձած հայերի համար:
“Թուրքերը զանազան ձեւերով կը ստիպեն հայերը հեռանալ քաղաքէն: Խարբերդի մէջ կը մնայ քահանայ մը եւ եկեղեցին. Ան բաց է թէեւ, սակայն չեն կրնար արագութիւն կատարել, որովհետեւ թուրքերը կը քարկոծեն”:
ՀԱՅՐԵՆԻՔ ամսագիր, Զ տարի, թիւ 5 (65), մարտ, 1928, էջ 171-173
Լուսանկար՝ Խարբերդ, Վերի թաղ. կ՚երեւին Ս. Յակոբն ու Եփրատ գոլէճի համալիրը (Աղբիւր՝ Harvard University, Houghton Library), www.houshamadyan.org