Քաջազնունու նամակը կուսակցական ընկեր ու անձնական բարեկամ NN-ին՝ Վրացյանին

2770

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախորդ շաբաթներին ներկայացրեց Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագիրը, որը ավելի հայտնի է Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքով: Զուգահեռաբար մենք արդեն ներկայացրել ենք հատվածներ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ և Արշակ Ջամալյանի ՔԱՋԱԶՆՈՒՆԻՆ և Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ հատորներից, որոնք պատասխան են Քաջազնունու պնդումներին և մեղադրանքներին: Մինչև տարեվերջ, ԱՆԻ-ն մեկ հատորում ընթերցողի սեղանին կդնի վերոնշյալ երեք գործերը: Իսկ այսօր ներկայացնում ենք Քաջազնունու նամակը Վրացյանին:

 

[Զեկուցագրիս առիթով մի քննադատական նամակ եմ ստացել իմ կուսակցական ընկեր ու անձնական բարեկամ NN-ից, որին և պատասխանում եմ երկարորեն:

Ավելորդ չհամարեցի ներկայացնել ընթերցողին, մի քանի կրճատումներով, նաև այդ իմ նամակ-պատասխանը, քանի որ սա նույն հիմնական մտքերի զարգացումն է, լրացումը ու լուսաբանությունը- Հ. Քաջ.]:

Սիրելի NN

Ստացա հունիս 2 թվակիրդ:

Մխիթարական է ինձ համար, որ դու, ինչպես գրում ես, չես հետևել ուրիշների օրինակին և իմ զեկուցմանը չես տվել ad hominem մեկնություններ:

Գլխի եմ ընկնում, թե որոնք են այդ մեկնությունները…

Ո՞վ գիտի, գուցեև իրավացի են մեկնաբանողները. չէ՞ որ homo sum et humani nihil… մնացածը գիտես (շատ էլ վստահ չեմ իմ լատիներենի վրա):

Դու ինքդ բավականացել ես նրանով միայն, որ կասկածել ես իմ մտավոր առողջության մասին:

Գուցե դու էլ իրավունք ունես, ինչպես կասեր այդպիսի դեպքերում Նասրեդդին Հոջան. մեր ապրումներից հետո ո՞վ հանդգնություն կունենա պարծենալու, թե պահել է անխախտ իր մտքի կատարյալ հավասարակշռությունը:

Բայց, բարոյական սնանկություն, թե մտքի տկարություն, մի՞թե արգումնետներ են սրանք իմ թեզերի դեմ:

Գրում ես, թե իմ «դամբանականը» կազմված է «այնպիսի խնամքով ու այնքան տրամաբանական հիմնավորումներով»…

Գիտե՞ս ինչն է պատճառը:

Այն, որ «պարապ վախտի խաղալիք» չի եղել իմ զեկուցումը, «взгляд и ничто», որ այդ երկար գրության մեջ չկա մի միտք, որ տասն անգամ վերաքննած չլինեմ և չկա մի խոսք, որ տասն անգամ կշռած չլինեմ գրելուց առաջ:

Համաձայնիր, որ, ինչպես ասում էր խորիմաստ Պոլոնիուսը Համլետի մասին՝ եթե սա խելագարություն է, համենայն դեպս, այստեղ կա ինչ որ սիստեմ…

Իրավունք չունե՞ի սպասելու, որ իմ «տրամաբանական հիմնավորումներին» հակադրվեն նույնպես տրամաբանական կամ, առհասարակ, որևէ կարգի հիմնավորումներ և ո՛չ սոսկ գուշակություններ իմ բարոյական ու մտավոր վիճակի մասին:

Բայց դու գրում ես, որ «խորհրդաժողովում ոչ ոք չփորձեց գնահատության ենթարկել» իմ տեսակետները:

Ինչո՞ւ:

…………………….

Ես մի քիչ ավելի լավ կարծիք ունեմ իմ ընկերների մասին, քան նրանք՝ իմ մասին, և չեմ ուզում ենթադրել ոչ թուլություններ ad hominem, ոչ իսկ մտային վատառողջություն, բայց կարծում եմ, որ շատ էլ հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե մտածեմ, թե ժողովի անդամները տարված են եղել կուսակցական նեղսրտությամբ և նեղմտությամբ:

Անհամեստություն մի համարի, եթե ասեմ, որ ինքս ազատ եմ այդ կարգի թուլություններից:

Ես կուսակցական մարդ չեմ (բառի նեղ իմաստով) ու երբեք էլ չեմ եղել: Եվ այդ է պատճառը, որ այնքան տարի մեկուսի եմ մնացել կուսակցության մեջ: Պարզապես մի հայ մարդ եմ եղել ես, հայ հայրենասեր… Ահա մի վարկաբեկված բառ, որ ենթարկված է եղել ա՛յնքան անարգանքի, ա՛յնքան ծաղրանքի: բայց ճշմարտությունն այն է, որ այդ է իմ էությունը: Ես սիրում եմ հայ-հայրենիքն ու հայ-ժողովուրդը՝ այդ աղքատ, ավեր, անհամբույր, դաժան երկիրն ու այդ տգետ, կեղտոտ, ծածկամիտ, եսամոլ ու շահասեր ժողովուրդը: Սիրում եմ ոչ թե առաքինությունների համար, այլ իր արատներով ու ախտերով հանդերձ:

C’est plus fort que moi, կասեր ֆրանսիացին:

Սիրում եմ, որովհետև ինքս նրա անբաժան մասն եմ զգում ինձ՝ ոսկրը. ոսկրից և արյունը՝ արյունից, կապել եմ իմ անձնական բախտը նրա հավաքական բախտի հետ:

Հիշո՞ւմ ես մի խոսակցություն, որ ունեցանք դու ու ես մեր երկար ճամբին:

Դու աս[աց]իր, որ քո կապակցությունը հայ ժողովրդի հետ զուտ ուղեղային է, որ գիտակցությունն է ու պարտաճանաչությունը, որ լծել են քեզ՝ նախ կուսակցական, ապա և պետական աշխատանքին: Իսկ ես, դրան հակառակ, աս[աց]ի, որ իմ կապը օրգանական է:

Չգիտեմ, թե դու ո՞րքան ճիշտ ես վերլուծել քո հոգին, բայց իմ վերաբերմամբ՝ ճիշտ է իմ ասածը:

Հայ մարդն է, որ խոսում է իմ մեջ. ահա ամբողջ բացատրությունը իմ մտքի ուղղության, ուրիշ գաղտնիք մի որոնի, կսխալվեք: Հայ մարդն է, որ դատում է իմ մեջ, կշռում, համեմատում ու ընտրություն անում:

Կուսակցությունըինձ համար արժեք է ունեցել այնչափ միայն, որչափ ընդունակ է եղել վարելու մի որոշ դատ՝ ո՛չ ավելին: Ինքնըստինքյան, իմ պաշտամունքի առարկա չի եղել կուսակցությունը:  Ես միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ շաբաթն է հիմնադրված մարդու համար և ո՛չ մարդը՝ ստեղծված շաբաթի համար:

Շատ banal խոսք է ասածս ու ոչ ոք հակառակը չի ասի, իհարկե: Չի ասի, այո՛, բայց արդյո՞ք չի անի (անգիտակցորեն ու ակամայից):

Այնքան էլ հեշտ բան չէ ազատ մնալ կուսակցական կաշկանդումներից: Երկարամյա կուսակցական կյանքը կաղապարում է մարդու հոգին կուսակցական կաղապարով, մարդ կուսակցորեն է մոտենում, կուսակցորեն ըմբռնում ու կուսակցորեն լուծում բոլոր խնդիրները:

Ավելին ևս՝ կուսակցությունը սոսկ միջոց լինելու փոխարեն կամակ-կամաց դառնում է ինքնանպատակ, դատը ստորադրվում է իրեն ծառայելու կոչված օրգանին ու կուսակցական գործունեությունը դառնում է կուսակցականի համար մի տեսակ փեշակ (ներիր այս կոպիտ արտահայտությունը, ուրիշ բառ չեմ գտնում):

Հիշում եմ մի խոսակցություն, որ տարիներ առաջ ունեցել եմ լուսահոգի Ռոստոմի հետ: Պարսկական հեղափոխության սկզբներին էր: Խոսում էինք մեր մասնակցության մասին այդ հեղափոխության մեջ: Եվ պնդում էի, որ Պարսկաստանում Դաշնակցությունը բան չունի անելու և որ մեր հրապարակ գալն այնտեղ պարզ ավանյուրա է…

– Լա՛վ, վրա բերեց հանկարծ Ռոստոմը, Ռուսաստանում հեղափոխությունը խեղդված է, Թուրքիայում համաձայնության ենք եկել Իթթիհատականների հետ, Պարսկաստանում էլ՝ ասում ես, չպիտի խառնվենք կռիվներին… Հապա մենք ի՞նչ անենք:

Հարցը դրեց կատակի ձևով, իրեն հատուկ անուշ ժպիտը երեսին: Բայց դու հասկանում ես, որ այդ կատակի տակ թաքնված էր մի խոր հոգեբանական իմաստ և որ Ռոստոմը, գերազանցապես կուսակցական մարդ, իր հոգու անթափանցելի խորքերում իրոք ուներ այդ անհանգստացուցիչ հարցը:

Անհատապես, ինձ համար այդպիսի [հարց] երբեք գոյություն չի ունեցել ու այսօր էլ չունի: Հռոմը ինձ համար շատ ավելի թանկ է, քան Կեսարը, ավելի ճիշտ՝ Կեսարը թանկ է այնչափ միայն, որչափ նա պետք է Հռոմին:

Երբ ես տեսնում եմ, որ տվյալ պայմաններում Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք ունեն բոլշևիկներին, ես ասում եմ առանց տատանումների. տե՛ղ տանք բոլշևիկներին, այսօր նրանց է պատկանում իրավունքը, որովհետև նրանք միայն կարող են փրկել դրությունը:

Խորհրդաժողովը չի ուզեցել նույնիսկ քննության առնել այդ առաջարկը:

Ինչո՞ւ:

Որովհետև, սիրելի NN, ժողովականները, ամեն մեկը առանձին, լռելյայն ու թերևս անգիտակցորեն, հարց են տվել հոգիների խորքերում. հապա մե՞նք ինչ անենք…

Այդ զահրումար «մենքն» է, որ, ըստ իս, կաշկանդել է խորհրդաժողովի միտքը:

Եվ ովքեր ենք «մենք», այսինքն նրանք, որոնք իրոք ապրել են անցյալում կուսակցական կյանքով և այժմ իրոք բան չեն ունենա անելու…

Վերջին հաշվով՝ մի քանի տասնյակ, առ ավելին՝ մի քանի հարյուր մարդ:

Ինչու համար եմ գրում այս նամակը:

Եթե իմ ախտորոշումը ճիշտ է, ապա ուրեմն ոչ մի կոչ, ոչ մի դատողություն չեն կարող հաղթել ինքնագոյությունը պաշտպանելու անխորտակելի բնազդին: Ես չեմ կարող համոզել քեզ, քանի որ այստեղ համոզումները չեն, որ բախվել են իրար, այլ մի ուրիշ, ավելի զորեղ բան:

Եվ համոզելու համար չէ, որ գրում եմ, այլ պարզապես ուզում եմ, որ ճիշտ հասկացած լինես ինձ:

Իհարկե, կարելի է հարցնել դարձյալ, թե ո՞ւմ կամ ինչի՞ համար հարկավոր է, որ դու ինձ ճիշտ հասկացած լինես և ի՞նչ վնաս, եթե սխալ մեկնություններ տված լինես զեկուցագրիս… Ահա այ դեպքում տեղին կլիներ հիշել ad hominem շարժառիթները. այն խիստ-ընկերական ու խիստ-բարեկամական կապերը, որ կապում են ինձ քեզ հետ, բացատրելու պահանջ են առաջադրում: Իմ այս գրությունը նույնքան «աննպատակ» է, որքան և քո հունիսի 2-ի նամակը: Նպատակ չկա, կա միայն որոշ հոգեկան պահանջ…

Գուցեև մի ուրիշ բան. գրելով քեզ, ես այն զգացումն ունեմ, որ կարծես դիմում եմ՝ քո գլխի վրայով, մի բազմամարդ լսարանի, որ կարիք ունի լուսաբանությունների:

——

Նորից եմ կարդում նամակդ:

Հասկանում եմ, որ մի նամակում չէիր կարող սպառել այն բոլոր խնդիրները, որ ես շոշափել եմ իմ ընդարձակ զեկուցագրում: Հասկանում եմ նաև, որ գրածդ քիչ բանն էլ չէիր կարող պատճառաբանել հանգամանորեն:

Բայց չէ՞ որ գլխավորը, էականը ասել ես արդեն, գործի ես դրել ամենից զորավոր արգումանտացիադ իմ հիմնական թեզի դեմ…

Եվ ահա մտածում եմ տարակուսած. միթե այդ մարդը չի՞ տեսնում, թե որքան խախուտ, որքան թույլ ու անհամոզեցուցիչ են իր արգումնետները:

Դու համաձայն չես ինձ հետ, թե Հ. Յ. Դաշնակցությունը «որոշ քաղաքական վիճակ ստեղծելու համար ծնված մի կազմակերպություն է և ոչ հեռավոր սոցիալական ձգտումների տեր կուսակցություն», բայց, կանգնելով նույնիսկ իմ տեսակետի վրա, հարց ես տալիս ինձ. ի՞նչ հիմքեր ունեմ պնդելու, թե Դաշնակցությունը վերջացրել է արդեն իր առաքելությունը. չէ՞ որ Հայաստանն այսօր էլ անկախ պետություն չէ:

Հարցդ ցույց է տալիս, որ հարկավոր ուշադրությամբ չես լսել զեկուցումս կամ ես չեմ կարողացել լրիվ արտահայտվել: Քո հարցը ես դրել եմ ու պատասխանն էլ տվել (ճիշտ է, որ զեկուցագիրս խորհրդաժողովում ընթերցանելի անելու համար հարկադրված եմ եղել առհասարակ կարճ կտրել, սեղմ արտահայտվել):

Ասեմ նորից:

Դաշնակցությունը սպառել է իր անելիքը ո՛չ այն մտքով, որ հասել է արդեն նպատակին, իրականացրել է իրեն ծնունդ տվող իդեալը (իդեալը, ինչպես և մաթեմատիկական «սահմանը» փոփոխական մեծությունների համար, միշտ մնում է առաջը. նրան կարելի է մոտենալ, բայց երբեք՝ հասնել), այլ այն մտքով, որ Դաշնակցությունը անցել է մի որոշ ճամբա, բերել է իր կյանքի դատը մինչև մի որոշ կայան, որից այն կողմ ինքն անզոր է առաջնորդելու:

Թույլ տուր մի պատկերավոր լուսաբանություն:

Սասունի լեռներից ու Վարագի բարձունքներից մենք իջել ենք Արարտյան դաշտը: Մենք անցել ենք այնպիսի ճամբաներ, ուր կարող էր մագլցել միայն լեռնեցու «վըռըշիկը», անցել ենք հայդուկային փոքրիկ խմբերով, գիշերային խորհրդավոր մթության մեջ, թաքնվելով ձյուների մեջ ու ժայռերի տակ, նահատակվել ենք այդ դաժան ճամբու վրա, նահատակել ենք մեզ հետ և հայ ժողովուրդը, բայց միշտ առաջ ենք գնացել՝ սերմանելով մեր շուրջը ազատության կենսարար ferment-ը:

Արյունաքամ և ուժասպառ, բայց վերջապես իջել ենք լայն դաշտը ու նոր հորիզոններ ենք տեսել մեր առջև:

Արարատյան դաշտը առաջին մեծ կայանն է մեր երկար ճանապարհին:

Բայց այստեղ բախվում ենք նոր կարգի ուժերի հետ և պայքարի պայմանները միանգամայն տարբեր են այստեղ:

Հետևակի «վըռըշիկը», հայդուկների «խումբը» և մեր տղաների «տասնոցը» անզոր են այնտեղ, ուր բանում է երկաթուղին, շարժվում են բանակներ ու խոսում է արագաձիգ թնդանոթը: Ուրիշ է обстановка-ն, ուրիշ է մասշտաբը, ուրիշ պիտի լինեն և կռվի մեթոդները:

Մի կարծիր, թե մենք, իբրև կուսակցություն, կարող ենք հարմարվել նոր պայմաններին ու փոխել հին մեթոդները: Պետություն վարելու մեր երկուսուկես տարվա փորձը ցույց տվեց, թե որքան կաշկանդված ենք անցյալով և որքան անզոր ենք մեր իսկ դեմ: Երեսուն տարվա կուսակցական կյանքը դրել էր մեր վրա իր անջնջելի դրոշմը, հաստատել է ավանդների սովորություններ, մտածելու ու գորխելու եղանակներ, որոնցից մենք չենք կարող ազատվել:

Իսկ ամենից գլխավորն այն է, որ այսօր մենք գործ ունենք Խորհրդային Ռուսաստանի հետ: Սա ամենամեծ ու վճռական ուժն է մեր հանդեպ կամ մեր կողքին:

Անցյալում մենք մի րոպե միամտություն ունեցանք կարծելու, թե կարող ենք ազատագրվել ռուսական հեգեմոնիայից ու հենարան գտնել Արևմուտքում: Այսօր այդպիսի հույսերով տարվելու իրավունք չունենք այլևս: Մեր միակ հենարանն այսօր Խորհրդային Ռուսաստանն է: Կռվել նրա դեմ չենք կարող ու, եթե կարողանայինք էլ, չպիտի կռվեինք, որովհետև նա պետք է մեզ, պետք է ո՛չ իբրև սոցիալական կամ պետական ռեժիմ (կոմունիզմ ու դասակարգային դիկտատուրա), այլ իբրև քաղաքական ուժ:

Հայաստանը պիտի դաշնակցի Խորհրդային Ռուսաստանի հետ, ուրիշ ելք չունի այլևս:

Իսկ դու գիտե, որ մեր կուսակցությունը չի կարող դաշնակցել բոլշևիկյան իշխանության հետ, թեկուզ այն մի հատիկ պատճառով, որ բոլշևիկները չեն ուզում ճանաչել մեզ, իսկ մենք կարողություն չունենք ճնշում գործ դնելու նրանց վրա՝ ճանաչել տալու մեր արժեքը, որոնել տալու մեր բարեկամությունը:

Հայ բոլշևիկներն են, որ պիտի դաշնակցեն Ռուսաստանի հետ, իսկ Հ. Յ. Դաշնակցությունը պետք չէ այլևս Հայաստանին:

Ահա թե ինչ մտքով մեր կուսակցությունը վերջացրել է իր առաքելությունը, անելիք չունի այլևս ու վերջ պիտի դնի իր գոյությանը:

Ծիծաղելի է թվում քեզ իմ այն խոսքը, թե հայ բոլշևիկները մեր ժառանգներն են (անշուշտ, իրենք բոլշևիկները էլ ավելի կծիծաղեն, եթե լսեն այդ խոսքը):

Իսկ ինձ, չեմ ասում ծիծաղեցնում է, այլ զարմացնում է ձեր երկուսի անհասկացողությունը, որովհետև մի պարզ ճշմարտություն է իմ ասածը:

– Հրաժարիմք ի սատանայե,- բացականչում է դաշնակցականը՝ լսելով բոլշևիկի անունը:

– Հրաժարիմք ի սատանայե,- բացականչում է բոլշևիկը՝ լսելով դաշնակցականի անունը:

Զո՜ւր բացականչություններ, ընկերնե՛ր, հրաժարվել չեք կարող, դա ձեր ցանկության կամ ընտրության խնդիրը չէ:

Դաշնակցությունը վարել է հայ քաղաքական դատը ու բերել է քաղաքականապես ազատագրվող հայ ժողովուրդը, հասցրել մինչև մի որոշ տեղ: Այստեղ իրեն փոխարինելու է, մինչև հետևյալ կայանը, հայ բոլշևիկը:

Այս է պատմության ընթացքը:

Հասկացի՛ր ինձ. դաշնակցական կազմակերպությունն է, որ դատապարտված է մահվան (ավելի ճիշտը՝ մեռած է արդեն), բայց գործը մնում է կենդանի:

—-

Ասում ես՝ Հայաստանն անկախ չէ:

Իհարկե, անկախ չէ: Բայց համեմատիր (անկախության տեսակետից) իրերի այսօրվա դրությունը նախապատերազմական դրության հետ և տես, թե ի՛նչ մեծ թռիչք է կատարված:

Հիշի՛ր, թե պատերազմի նախօրյակին ինչ ոգևորությունով ողջունում էինք եվրոպական «կոնտրոլյորներ» հաստատելու ծրագիրը թուրքահայ վիլայեթներում և թե ինչպես երազում էինք զեմստվոյական ինքնավարություններ ստանալ Անդրկովկասյան Հայաստանի համար… բայց չէ՞ որ Մյասնիկյանի կամ Լուկաշինի կառավարությունը մի քիչ ավելի է, քան եվրոպացիների վերահսկողությունը թուրքահայ վիլայեթների վրա կամ զեմստվոյական հաստատությունները Անդրկովկասում:

Տարբեր խնդիր է, թե այդ «ավելին» չի համապատասխանում մեր կորուստների ու զոհաբերությունների չափին: Դրա մասին մենք պիտի մտածեինք 1914 թվին, երբ կազմում էինք կամավորական խմբեր. ավելի առաջ, երբ հիմնադրում էինք Դաշնակցությունը, է՛լ ավելի առաջ, երբ ոգևորվում էինք Րաֆֆիի վեպերով ու Գամառ-Քատիպայի «ազատ երգերով»…

Անկախ չէ Հայաստանը, այո՛, բայց մի շատ մեծ քայլ է արել դեպի անկախություն և հետևյալ քայլը անելու համար պետք է ամրացնի արդեն նվաճած դիրքերը:

Այդ ամրացումը կատարվելու է (ու կատարվում է) բոլշևիկյան դրոշաի տակ. ահա թէ ինչու հայ բոլշևիկները մեր ժառանգներն են:

Ես չեմ ճանաչում հայ բոլշևիկներին, չունեմ անձնական ծանոթություններ, հեռվից էլ հնարավորություն չունեմ հետևելու նրանց գործունեությանը, չգիտեմ իշխող մտայնությունը: Սրտիս խորքում մի համառ հավատ ունեմ, թե նրանք էլ ինձ պես ու իմ չափ հայ մարդիկ են… Կոմունիզմը ինքնըստինքյան արգելք չէ հայերեն զգալու ու հայերեն մտածելու համար: Չէ՞ որ ես էլ հավատացյալ կոմունիստ եմ, դավանում եմ Կրապոտկինի ավատարանը, բայց այդ ավետարանը ոչ միայն չի արգելում ինձ հայ լինել, այլև նոր ու զորեղ հիմնավորումներ է տալիս իմ ազգային անհատականությունը հաստատելու համար: Գիտեմ, որ իմ դավանած կոմունիզմը բոլշևիկների պետական կոմունիզմը չէ և որ բոլշևիկները հաճույքով կտրում են ինձ նման արատավոր կոմունիստների գլուխը:  Բայց սա կապ չունի նրանց «հայ» լինելու աստիճանի հետ: Պակա՞ս «ռուս» մարդիկ են ռուս բոլշևիկները: Ոչ միայն «պակաս» չեն, այլ իսկական ռուս մարդիկ են, ռուս[ական] ազգային հոգեբանությամբ լեցուն ու ռուս[ական] ազգային իդեալներով տարված:

Բայց թո՛ղ որ ես սխալված լինեմ հայ բոլշևիկների մտայնության մասին, թող որ նրանց հոգում միանգամայն խորթ լինի հայ ժողովրդի քաղաքական անկախությունը հայրենի հողի վրա: Նրանք այնուամենայնիվ շարունակելու են մեր գործը, կամա-ակամա ամրացնելու են մեր գրաված դիրքերը, նեցուկ են դառնալու հետագա նվաճումների համար:

Դա նրանք անելու են (ու արդեն անում են) նույնիսկ հակառակ իրենց ցանկության (ենթադրելով, թե իրոք հակառակ ցանկություն ունեն)…

Ուզո՞ւմ ես մի խոսք էլ ասեմ, որպեսզի վերջնականապես համոզվես, որ ես խելառել եմ: Ահա՛ այդ խոսքը. հայ բոլշևիկները դաշնակցականներ են, միակ դաշնակցականները այսօր, ավելի դաշնակցական, քան դու և ես:

Որովհետև այնտեղ, որտեղ ես ու դու անզոր ենք այլևս, նրանք փոխարինել են մեզ ու կատարում են մեր կյանքի գործը:

Անկախ չէ Հայաստանը…

Բայց մի՞թե մենք երբևիցե կարծել ենք, թե կարող ենք կազմել իսկապես անկախ  պետություն: Մի՞թե չգիտեինք նույնիսկ մեր ոգևորության ու արբեցման գագաթնակետին, որ անկախ չենք կարող լինել, որ անխուսափելիորեն «կախված» պիտի լինենք մեկից…

Իհարկե, գիտեինք և այդ գիտակցության հետևանքով էր, որ պետություն կազմելու առաջին իսկ օրից այնքա՜ն որոնեցինք մի «մանդատյոր»:

Հարցը նրանում էր միայն, թե ո՞ր աստիճանի կախված պիտի լինենք և ումի՞ց:

Հարցը լուծվեց հօգուտ Ռուսաստանի, և Հայաստանի պետական անկախությունը սահմանափակվեց Մոսկվայի շատ ակտիվ վերահսկողությամբ: Գուցե մեզ համար գերադասելի էր Ամերիկան… Բայց պատմությունն ունի իր լոգիկան, որ մենք անկարող ենք փոխել: Ամենաշատը, որ կարող ենք անել (ու պետք է անենք), դա այն է, որ հասկանանք, հաշվի առնենք ու օգտագործենք կարելին:

Խորհրդային Հանրապետությունը անկախության այն maximumն է, որ ընդունակ է Հայաստանը այսօրվա պայմաններում:

Եվ սա քիչ բան չէ:

Համենայն դեպս, այսօր Հայաստանի ներկան ու ապագան ապահովված է շա՛տ ավելի, քան էր 1920թ. նոյեմբերին, երբ մենք նստած էինք Երևանում և ինքներս էինք վարում պետությունը:

Հիշի՛ր այն օրերը:

Հիշի՛ր, որ օրհասական ժամին, երբ մենք սպառել էինք արդեն մեր վերջին ուժերը, բոլշևիկները ասպարեզ իջան, խորտակեցին մեզ, բայց երկրին պաշպան կանգնեցին:

Սա իրողություն է:

Իրողություն էև այն, որ այսօր չկա ոչ մի ուժ, որ կարողանար փոխարինել Հայաստանում բոլշևիկներին: Բոլշևիկները պետք են Հայաստանին:

——

Որքան հասկանում եմ, դու ևս չես հերքում այս շատ պարզ ճշմարտությունը, բայց պահանջներ ունես, որոնք բավարարված չեն, և ահա այստե՛ղ է, որ հակադրում ես բոլշևիկներին Հ. Յ. Դաշնակցությանը:

Ո՞ւր է «միացյալ» Հայաստանը, հարցնում ես դու: Ունե՞ն բոլշևիկները այդ պահանջը իրենց դրոշակի վրա:

Չունեն:

Իսկ մենք, որ շարունակում ենք կրկնել այդ պահանջը մեր կուսակցական որոշումներում՝ ի՞նչ հեռանկարներ ունենք առջևներս: Քաղաքական լուրջ պահա՞նջ է դա, թե մի անբովանդակ ֆորմուլ, որ կրկնում ենք միայն մեզ մխիթարելու , մեր սիրտը հովացնելու համար: Ի՞նչ իրական բովանդակություն ունի այդ պահանջն այսօր՝ 1923 թվականի հունիսին՝ բնաջնջված թուրքահայության ու հաղթական Թուրքիայի հանդեպ:

Ո՞ր «երկու» Հայաստաններն են, որ պիտի միացվեն:

Փորձենք մի քիչ զգաստ լինել. չէ՞ որ պետական մարդու առաջին պարտականությունն է դա:

«Երկրորդ» Հայաստանը գոյություն չունի այլևս:

Սոսկալի է այս խոսքը: Բայց խոսքը չարտասանելով կարելի՞ է փոխել իրականությունը:

Սևրի դաշնագիրը ստորագրելու շրջանում մենք դեռ ունեինք որոշ հույսեր: Կարո՞ղ ենք ասել նույնը այսօր: Ո՞վ պիտի խլի Թուրքիայի ձեռքից հայկական վիլայեթները, ուր մի հատիկ հայ չի մնացել այլևս: Ո՞վ պիտի դուրս քշի այնտեղից թուրքական բանակը և քրդական աշիրաթները: Ո՞վ պիտի պիտի հավաքի աշխարհի չորս կողմը ցրված թրքահայության բեկորները, բերի տուն, շենացնի ավերված երկիրը, ապրելու ու աշխատելու հնարավորություն տա: Ո՞վ պիտի պաշտպանի երկարաձիգ սահմանները ու արգելի թուրքերին ներս խուժելու երկիր…

Այդ բարդ ու շատ դժվար գործողությունները կատարելու համար ո՞վ պիտի մատակարարի Հայաստանին քաղաքական օգնույթուն, ռազմական ուժ ու վագոններով ոսկի:

Բոլշևիկները «միացյալի» պահանջ չեն դնում…

Այո՛. իսկ Հ. Յ. Դաշնակցությունը կարո՞ղ է լրացնել բոլշևիկների այդ պակասը: Ո՞ւմ և ի՞նչ ուժի վրա հենված պիտի կատարի նա այդ հսկայական աշխատանքը: Դրսի ուժի, հարկավ, որովհետև ներսում թուրքն է նստած:

Կրկնում եմ. 1919-1920 թվականներին մենք դեռ կարող էինք տարվել խաբուսիկ հույսերով, բայց այսօր, երբ ողորմելի Homeն անգամ չգտավ պաշտպանություն, իրավունք ունե՞նք կույր ու խուլ մնալու իրականության առջև:

Ասում ես, որ պայմանները կարող են փոխվել ու Թուրքիայի անդամահատման խնդիրը կարող է նորից դրվել դիվանագիտական սեղանի վրա…

Մոտիկ ապագայի համար այդպիսի հավանականություն ես չեմ նախատեսում (դու նույնպես): Ավելի հեռավոր ապագայում անկարելի չէ և այդ: Բայց ինչո՞ւ չենթադրել միաժամանակ, թե փոփոխված քաղաքական պայմաններում բոլշևիկներն էլ կփոխեն իրենց այսօրվա ընթացքը և կպահանջեն ոչ միայն «միացյալ», այլ նաև «ծովից-ծով» Հայաստան:

Եթե Օսմանյան կայսրության կազմալուծումը պատմական գործընթաց է, չէ՞ որ նույնքան պատմական գործընթաց է նաև ռուսների առաջխաղացումը դեպի տաք ծովերը:

Այդպիսի ենթադրություններով չէ, որ պիտի ղեկավարվի մի քաղաքական կուսակցություն, այլ իրական կացությունով:

Իսկ իրականությունն այն է, որ «միացյալ Հայաստանը» մի անբովանդակ խոսք է, ուրիշ ոչինչ:

Այսօր կարելի է խոսել ոչ թե երկու Հայաստանները միացնելու, այլ միայն Հանրապետության սահմանները մի քիչ լայնացնելու մասին, թեկուզ մինչև 1914 թվականի գիծը: Եվ այս խնդիրը թերևս կարողանա լուծել խորհրդային կառավարությունը՝ հենված Ռուսաստանի վրա, բայց ո՛չ Հ. Յ. Դաշնակցությունը, հենված … չգիտեմ ո՞ւմ վրա (արդյոք հայասեր պաստորների՞ ու փիլիսոփայության դոկտորների՞ վրա):

___________

Լսել եմ ու գիտեմ հետևյալ առարրկությունները:

Թուրքերը վախենում են Ռուսաստանից և քանի որ Հայաստանը ռուսական ուղեծիրի մեջ է , երբեք չեն զիջի գրաված գրաված դիրքերը, օրինակ՝ չեն դատարկի Կարսը, որովհետև սա անհրաժեշտ է իրենց սեփական ապահովության համար: Իսկ եթե Հայաստանը կտրվի Ռուսաստանից (այսինքն՝ ներկա խորհրդային իշխանությունը տեղի տա մի ուրիշ իշխանության, ասենք մեզ՝ դաշնակցականներիս), Թուրքիան ապահովված կզգա իրեն ու ավելի զիջող կլինի սահմանային վեճերում, կհամաձայնի վերադարձնել մեզ ոչ միայն Կարսն ու Սուրմալուն, այլ գուցե ավելացնի վրան նաև Բասենն ու Ալաշկերտը…

Վայե՞լ է քաղաքական կուսակցությանը այսպիսի маниловщина: [ռուսերենից թարգմանաբար՝ անպտուղ երևակայություն, անհոգություն]:

Թե թուրքերը վախ ունեն Ռուսաստանից, նախատեսվում են ընդհարումներ ապագայում (գուցե և ոչ հեռավոր) ու ամեն ինչ կաշխատեն ամուր պահել իրենց սահմանները (օրինակ՝ պահել իրենց ձեռքում Կարսը), դրա վար ես չեմ կասկածում: Է՛լ ավելի չեմ կասկածում, որ Ռուսաստանից անջատված Հայաստանը ոչ մի երկյուղ չի ներշնչի Թուրքիային:

Բայց, հարցնում եմ, ինչո՞ւ թուրքերը հողային զիջումներ պիտի անեն այդ անվտանգ Հայաստանին:

Ե՞րբ և ո՞ր պետությունը այդպիսի մեծահոգություն է ցույց տվել իր թույլ հարևանի հանդեպ, որ մենք իրավունք ունենայինք թուրքերից սպասել այդ: Ինչո՞ւ, ինչի՞ց ստիպված կամ ինչի՞ց դրդված թուրքը պիտի վերադարձնի մեզ Կարսը: Ավելի հավանական չէ՞, որ երբ իր դեմը այլևս չունենա ռուսական բանակը, ձգտի միանալու, Հայաստանի վրայով, ազգակից ու կրոնակից Ադրբեջանի հետ, այսինքն՝ ձգտի նոր նվաճումների և ո՛չ զիջումների…

Մեր սահմանների ընդլայնման խնդիրը կարելի է լուծել միմիայն Ռուսաստանի վրա հենված, որովհետև միակ Ռուսաստանը կարող է ստիպել թուրքերին ետ քաշվել և սա միակ գործնական միջոցն է հողեր գրավելու համար. մնացածը միամտություն է, կամ՝ ինքնախաբեություն: Այսինքն, այստեղ ևս ոչ թե կա որևէ հույս, դարձյա՛լ բոլշևիկների վրա է և Հ. Յ. Դաշնակցությունը բան չունի անելու:

Բոլշևիկների, ասում եմ, որովհետև խոսքս այսօրվա մասին է և ոչ անհայտ ու անորոշ ապագայի մասին:

Իսկ դու մասնավորապես շեշտում ես այդ անհայտ ու անորոշ ապագայի վրա ու այդտեղ կենտրոնացնում քո արգումենտացիայի ծանրությունը:

Ներկա դրությունը կարող է փոխվել, ասում ես դու: Ռուսները կարող են թողնել մի օր Հայաստան ու տուն վերադառնալ՝ իրենց սեփական գործերը կարգավորելու, ինչպես ար[եց]ին 1918 թվականին: Կարող են նորից թողնել մեզ երես առ երես թուրքերի դեմ ու նորից հարկադրել մի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ… և ահա այդ օրվա համար է, ասում ես, որ Դաշնակցությունը պետք է պահի իր գոյությունը:

Ե՞րբ է գալու այդ օրը և գալո՞ւ է արդյոք երբևիցե: Այդ մենք չգիտենք՝ ոչ ես, ոչ՝ դու: Գիտենք միայն, որ այսօր այդ օրը չէ:

Հարցնում եմ քեզ. կարող է՞ մի քաղաքական կուսակցություն պահել իր գոյությունը մի անհայտ ապագայի համար, երբ ներկայում բան չունի անելու… չէ՞ որ այսօրվա անգործությունը արդեն սպանելու է իրեն՝ առանց գործի ի՞նչ գոյություն:

Հետո, ո՞վ քեզ ասաց, թե քո նախատեսած դեպքում Հ. Յ. Դաշնակցությունն է փրկելու Հայաստանը:

Երևակայիր, թե օրը եկել է արդեն, ռուսները չկան, թուրքերը տեր են դրության, անհրաժեշտ է հասկացողության գալ նրանց հետ, անուշի կապել: Վստա՞հ ես, որ մենք, իբրև կուսակցություն, ձեռնհաս դերակատարներ ենք այդ դերի համար:

Ի՞նչ նկատումներով թուրքերի աչքում մենք հաճելի կամ ընդունելի բանախոսներ պիտի լինենք:

Որովհետև խռո՞վ ենք եղել բոլշևիկների հետ… բայց չէ՞ որ մենք խռով ենք եղել այն ժամանակ, երբ իրենք՝ թուրքերը, բարեկամ են եղել բոլշևիկների, վարել են նրանք հետ ընդհանուր քաղաքականություն: Մենք ըմբոստացել ենք բոլշևիկների դեմ, երբ նրանք դաշն են կապել թուրքերի հետ Բրեստ-Լիտովսկում և այդ դաշնը քանդելու համար պատերազմել ենք մենք: Չէ՞ որ հակառակ ենք եղել բոլշևիկներին ո՛չ թե թուրքերին սիրելու պատճառով, այլ որովհետև թուրքերին ու բոլշևիկներին հակառակ բանակում ենք եղել Անտանտի հետ: Չէ՞ որ մենք ենք եղել, որ պահանջել ենք Թուրքիայից «ծովից-ծով» Հայաստան՝ և՛ Կիլիկիա, և՛ Խարբերդ, և՛ Սվազ, և՛ Տրապիզոն: Չէ՞ որ մենք ենք եղել, որ ստորագրել ենք Սևրի դաշնագիրը, մի դաշնագիր, որ գալիս էր կտրելու թուրքերի գլուխը: Չէ՞ որ մենք ենք եղել, որ կոչ ենք արել Եվրոպային և Ամերիկային՝ բանակներ բերել Թուրքիա ու հաստատել մեր իշխանությունը այն երկրներում, որ թուրքերն անվիճելիորեն իրենցն են համարում: Վերջապես, չէ՞ որ մենք ենք եղել, որ մեր գոյության ամբողջ ընթացքում անըհդհատ կռվել ենք թուրքերի դեմ…

Ի՞նչ վստահություն կարող ենք մենք ներշնչել թուրքերին, ինչո՞ւ նրանք ավելի պիտի սիրեն բանակցել մեզ հետ, քան որևէ ուրիշի հետ:

Թերևս հաշվի առնելով մեր ուժը՞…

Բայց թուրքերը տեսան արդեն այդ ուժը իր գագաթնակետին, այն ժամանակ, երբ մենք մեր երկրի տերն էինք և կարծում եմ, պատկառելու առանձին պատճառներ չունեն:

Եթե մենք ուրիշ ոչ մի մտահոգություն չունենայինք, բացի թուրքերի հետ հասկացողության գալու անհրաժեշտությունը, այդ մեկը բավական էր արդեն, որ ասեինք, թե Դաշնակցությունը պիտի վերանա ասպարեզից: Երբ ինքը՝ Թուրքիան, հարկադրվեցավ հրաժարվել Գերմանիայից և համաձայնության եզր որոնել Անտանտի հետ, նա ամենից առաջ կազմալուծեց Իթթիհատը:

Բնականորեն, կհարցնես՝ բոլշևիկները չկան, Դաշնակցությունը չկա. հապա ո՞վ պիտի խոսի թուրքերի հետ…

Դա տարբեր խնդիր է, որին կվերադառնամ ու թերևս կարողանամ բավարար բավարար պատասխան տալ: Առայժմ կարևոր է միայն հաստատել, որ, համենայն դեպս, Դաշնակցությունը չէ՛, որ պիտի խոսի թուրքերի հետ:

__________

Կենակցություն մյուս հարևանների՝ վրացիների ու ադրբեջանցիների հետ…

Ասում ես, որ այդ կենակցության խնդիրը լուծելու համարհարկավոր է Դաշնակցության գոյությունը:

Բայց, սիրելի NN, դու մոռանում ես, որ այդ կենակցությունը կա արդեն Անդրկովկասյան պետություններում, ոչ միայն խաղաղ կենկցություն, այլ նույնիսկ շատ սերտ դաշնակցություն:

Կասես, որ Մոսկվայի վախն է, որ պահում է ներկա modusը…

Թո՛ղ այդպես լինի: Փաստն այն է, որ հայ, թաթար [ադրբեջանցի] ու վրացի բոլշևիկները հաջողեցրին այն, ինչը չկարողացանք անել մենք՝ դաշնակցականներս, մենշևիկներն ու մուսավաթականները:

Համաձայնիր, որ դրությունը Անդրկովկասում, դրացիական համակեցության տեսակետից, այսօր շա՛տ ավելի լավ է (կամ շա՛տ պակաս վատ), քան էր մեր ժամանակ: Մարդիկ այլևս չեն մորթոտում իրար, չեն ավերում գյուղերն ու քաղաքները, չեն մնում օր-գիշեր զենքի տակ: Մարդիկ ազատորեն գնում-գալիս են, անցնում են սահմանները, առևտուր են անում, գուցե և քեֆի են նստում իրար հետ…

Ինչո՞ւ այդպիսի վիճակ չկարողացանք ստեղծել մենք: Չէի՞նք ուզում, չէի՞նք հասկանում անհրաժեշտությունը: Հասկանում էինք, ուզում էինք ու շատ էլ աշխատեցինք, անկեղծորեն աշխատեցինք, բայց հաջողություն չունեցանք:

Ինչո՞ւ չկարողացանք և ի՞նչ երաշխիք, թե ապագայում ավելի շնորհալի կլինենք, քան էինք անցյալում:

Կան վեճեր, որ մենք՝ անդրկովկասցիներս, փոխադարձ համաձայնությամբ, առանց դրսի միջամտության, չենք կարողացել և այսօր էլ չենք կարողանում լուծել (հիշի՛ր մեր արտասահմանյան բանակցությունները…):

Վրաստանն ուզում է ապահովեցնել իր գերիշխող դիրքը Անդրկովկասում, ձգտում է ամբողջացնել իր «պատմական» կոչված սահմանները, չի ուզում հրաժարվել ոչ միայն Ախալքալաքից ու Արդահանից, այլ նաև Լոռիից: Դեռ Փամբակի վրա էլ աչք ունի: Ադրբեջանը բնականորեն ուզում է մերձենալ, կապվել Թուրքիայի հետ, տնտեսական ու ռազմագիտական նկատումներով չի կարող հրաժարվել հայկական Ղարաբաղից, իսկ ազգային նկատումներով՝ Շարուր-Նախիջևանից: Հայաստանը, որ ամենից համեստն է (որովհետև ամենից թույլն է), այնուամենայնիվ պիտի ապահովի մի minimum minimorum՝ իր պետական գոյությունըկարելի անելու համար: Նա չի կարող պարփակվել երեքուկես գավառի մեջ (Երևան, Նոր Բայազետ, Էջմիածին ու Շիրակի կեսը): Եթե հրաժարվի Ախալքալաքից հօգուտ վրացիների, Լոռին, այնուամենայնիվ պիտի պահանջի իրեն: Եթե հրաժարվի Լեռնային Ղարաբաղից հօգուտ Ադրբեջանի, Շարուրն ու Նախիջևանը, այնուամենայնիվ, պիտի պահանջի իրեն: Եթե հօգուտ հաղթական Թուրքիայի հրաժարվի Կարսից, այնուամենայնիվ, չի կարող հրաժարվել Սուրմալուից և Կաղզվանից… Հետո, Հայաստանը ելք չունի դեպի լույս աշխարհ: Եվրոպայի հետ նա պիտի հաղորդակցվի Վրաստանի վրայով, ուրեմն՝ Վրաստանը պիտի տա նրան եթե ոչ տարածքային ելք, գոնե լրջորեն ապահովված տրանզիտ:

Բայց ոչ Թուրքիան, ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չեն համաձայնում բավարարել, նույնիսկ այդ minimal չափերով:

Ի՞նչ երաշխիք, որ եթե վաղը հավաքվենք մի կանաչ սեղանի շուրջ մենք՝ դաշնակցակններս, անկարացիների, վրացի մենշևիկների ու թաթար մուսավաթականների հետ, ավելի զիջող ու խոհեմ կլինենք, քան էինք 1918-ին, 1919-ին, 1920-ին և մինչև այսօր էլ նույնիսկ այստեղ՝ արտասահմանում, ուր միայն պարապ, զուտ տեսական զրույցներ կարող ենք անել…

Ցավալի ու ամոթալի է, բայց փաստն այն է, որ մենք դեռ չենք հասունացած մեր վեճերը ինքներս հարթելու համար, որ դեռևս հարկավոր է մի դրսի ուժ, մի արտաքին հեղինակություն Անդրկովկասում՝ միջազգային խաղաղություն ապահովելու համար:

Այսօր այդ արտաքին ուժը խորհրդային Մոսկվան է:

Մի բան շահած կլինե՞նք մենք՝ հայերս, եթե Մոսկվային փոխարինի Անկարան:

Ես հասկանում եմ վրացի մենշևիկներին, ավելի ևս հասկանում եմ ադրբեջանցի մուսավաթականներին, երբ նրանք պահանջում են, որ կարմիր բանակը քաշվի Անդրկովկասից: Նրանք ինձ չափ խելք ունեն իհարկե ու գիտեն, որ այդպիսի դեպքում խոսքը պատկանելու է Թուրքիային: Գիտեն, բայց չեն վախենում, պատճառ չունեն վախենալու:

Ազգայնական Ադրբեջանի համար թուրքական հեգեմոնիան Անդրկովկասում ամենից ցանկալի բանն է, ամենից հրապուրիչ հեռանկարը: Վրաստանը, թերևս հրաժարվելով Զաքաթալայից հօգուտ Ադրբեջանի ու Աջարիայից՝ հօգուտ Թուրքիայի, բայց միաժամանակ կլորացնելով իր սահմանները Հայաստանի հաշվին, կարող է մի շատ կոկիկ պետություն կազմել և շնորհիվ հաջող աշխարհագրական դիրքի, հենված լեռներին ու ծովին, ազգայնորեն ամփափված իր մեջ, կարող է ապրել ու զարգանալ Թուրքիայի կողքին, առանց սրան վնասելու կամ նեղելու, հետևապես և առանց լրջորեն վտանգված լինելու:

Իսկ Հայաստա՞նը: Կարելի է՞ ասել նույնը և Հայաստանի մասին, որ խրված է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, խանգարում է թե մեկին, թե մյուսին և որ այնքա՜ն հեշտությամբ կարող է վերացվել մեջտեղից…

Գիտե՞ս ինչ է. այն օրը, երբ կարմիր բանակը հեռանա Անդրկովկասից ու մենք մնանք մենակ (մենակ, որովհետև ռուսներին փոխարինող ուժ ես չեմ տեսնում մեր հորիզնների վրա) թուրք-թաթար-

Վրացական բլոկի հանդեպ, այն օր Հայաստանի գոյությունը վտանգված կլինի մեծապես:

Ահա թե ինչու ես ուզում եմ, որ Հայաստանը պինդ բռնի բոլշևիկների փեշից (այնքան ժամանակ, իհարկե, որքան բոլշևիկները իշխում են Ռուսաստանում):

Բայց դու ասում ես, որ ներկա դրությունը կարող է փոխվել հակառակ մեր ցանկության՝ բոլշևիկների իշխանությունը կարող է խորտակվել Ռուսաստանում կամ բոլշևիկները, ինչ-ինչ պատճառներով, կարող են լքել Անդրկովկասը:

Կարող է պատահել և այդ: Ու մենք չենք, իարկե, որ պիտի հավերժացնենք բոլշևիկների գոյությունը, որքան էլ ցանկանանք:

Բայց, կրկնում եմ. այդ դեպքում էլ Դաշնակցությունը անկարող պիտի լինի ներկայացնել Հայաստանը և փրկել դրությունը: Հարկավոր կլինեն ուրիշ մարդիկ, ուրիշ անունով, ուրիշ հոգեբանությամբ, ուրիշ անցյալով (կամ առանց անցյալի):                                                                  ————

Երկարացնում եմ նամակս, բայց այնքա՜ն բան ունեմ ասելու…

Գրում ես՝  «այդպես չենք մտածել մենք Թիֆլիսում, Երևանում, Զանգեզուրում ու նույնիսկ Թավրիզում»:

Այո՛, այդպես չենք մտածել: Բայց միթե դա պատճառ է, որ այդպես չմտածենք նաև այսօր Փարիզում ու Բուխարեստում: Մի ե՛տ նայիր ու տես, թե ինչ երկար ճամբա ենք անցել՝ մինչև Թիֆլիսից Երևան ենք եկել, Երևանից՝ Զանգեզուր, Զնգեզուրից՝ Թավրիզ ու Թավրիզից … չգիտեմ՝ ուր հասել:

Այդ երկար ճամբան մի բան պիտի սովորեցնե՞ր մեզ, թե ո՞չ:

Թեթևամտություն կամ փոփոխամտությո՞ւն է արդյոք խրատվել, դասեր առնել անցյալից, ճանաչել իրականությունը ու ըստ այնմ վարվել: Եվ առաքինությո՞ւն է, թե ուրիշ բան ասել, թե այսօր իրավունք չունենք այսպես մտածելու, որովհետև Երևանում կամ Զանգեզուրում ա՛յլ կերպ ենք մտածել…

Այդ ի՞նչ անձեռնմխելի ու սրբազան արժեք է մեր «մտածած»ը, որ չի կարող վերագնահատել կամ տեղի տալ նոր մտածումների:

Բայց ո՞րն է այն «նորը» իմ մտածումներում, որ այդ աստիճանի վրդովեցրել է ձեզ՝ իսկապե՞ս որ նա նոր է ու հակառակ հնին:

Թերևս ինքնախաբեություն է սա, մտքի տկարություն կամ անգիտակցական կեղծիք: Բայց ճշմարտությունն այն է, որ ես՝ իմ վերաբերմամբ ու ինձ համար այդ «նորը», այդ «այլը» չեմ տեսնում: Ես ունեմ այն հաստատ գիտակցությունը , թե այսօր մտածում եմ. խոսքս հիմնական մտածումի մասին է, ճիշտ այնպես, ինչպես մտածել եմ 1920 թվականին, 1918-ին, 1914-ին ու իմ ամբողջ կյանքը: Այն հիմնական միտքը, որ ղեկավարել է ինձ համար երկար տարիների ընթացքում ղեկավարում է և այսօր: Ես չունեմ նոր պաշտամունք, չեմ կառուցել նոր կուռքեր, մնում եմ հավատարիմ իմ դավանած հին աստվածներին: Այն, որ «նոր» է թվում քեզ, ինձ համար նույն «հինն» է, հնի շարունակությունն ու զարգացումը:

Ինձ արդարացնելու համար չէ, որ շարադրում եմ այս տողերը: Մեղք բան չէ և ոչ էլ ամոթալի, եթե մեկը բարեխղճորեն ու անկեղծորեն վերաքննելով իր հավատը, տեսնում է, որ սնահավատություն է եղել այն, որ իր պաշտած աստվածները անկենդան կուռքեր են եղել միայն ու գնում է երկրպագելու նոր աստվածների:

Եթե ինձ հետ պատահեր այդպիսի մի բան, ես չէի վախենա կրոնափոխի անունից իսկ ու բացահայտորեն կգնայի աղոթելու իմ նոր եկեղեցում: Բայց եկեղեցին չէ, որ ես փոխում եմ այսօր, այլ միայն քահանան ու ժամկոչը, որ եկեղեցու պարզ սպասավորներ են և ուրիշ ոչինչ:

Ի՞նչ եմ ասում ես:

Ասում եմ՝ Հ. Յ. Դաշնակցությունը այլևս անզոր ու անպետք գործիք է իր կյանքի դատը՝ հայ ժողովրդի քաղաքական ազատագրության գործը վարելու համար: Նա պետք է վերանա ասպարեզից ու տեղ տա հայ բոլշևիկներին, որոնք միակ, ներկա պայմաններում, կարող են շարունակել նույն գործը ու արդեն անում են այդ:

Այսպես մտածելով ու այսպիսի առաջարկ անելով դավաճանո՞ւմ եմ ես ինձ, իմ անցյալը:

Ոչ, չեմ դավաճանում: Դավաճանում եք դուք, որովհետև գործիքը սիրում եք ավելի, քան գործը:

Աստված հեռու պահի ինձ այն մտքից, թե դուք անում ես այդ գիտակցաբար: Ոչ իրավունք ունեմ, ոչ էլ պատճառ մի հեռավոր կասկած անգամ ունենալու ձեր բարի ցանկությունների մասին: Բայց փաստը մնում է փաստ:

Փորձիր մոռանալ մի րոպե, թե այս խոսքերը խենթացած ծերուկի զառանցանքներ են (չէ՞ որ այդպիսի ենթադրություններով հարցերը չեն լուծվում, այլ միայն փակվուն են բռնի [կերպով]) ու մի անգամ էլ մտածիր… թերևս տեսնես, որ իմ ասածը այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից:

Երիտասա՛րդ ընկերներ, գիտե՞ք, որ հաճախ թվում է ինձ, թե ձեր մեջ մենակ ես եմ մնացել երիտասարդ, իսկ դուք բոլորդ վաղաժամ ծերեր եք, ծերության sclerosը քարացրել է ձեր միտքը…

————–

Հարցնում ես՝ «Անկախ Հայաստանը ցնորք ու խելագարությո՞ւն է արդյոք»:

Ոչ ցնորք, ոչ խելագարություն, այլ շատ առողջ, առաջադիմական, կենսունակ ու կենսատու գաղափար, մի հասունացած պահանջ, որ իրականանալու է անխուսափելիորեն ու արդեն իսկ իրականացած է խոշոր չափերով:

Բառերով չխաղանք:

«Անկախություն» ասվածը մի absolu չէ, որ արժեք ունի միայն որոշ ձևերի մեջ ու ամբողջական չափերով, իսկ դրանից դուրս՝ զերծ է: Եթե պահանջենք absolu-ն, դա իրավ որ խելագարություն կլինի: Հայաստանը Անգլիա չէ, ոչ էլ՝ Շվեյցարիա: Չէ ու չի կարող լինել (այսօրվա մեր մտքի համար մատչելի ապագայում): Նրա անկախությունը անհրաժեշտորեն պայմանավորված պիտի լինի որոշ սահմանափակումներով: Մեր գործն է՝ գնալ այդ ճամփով այնքան հեռու, որքան թույլ են տալիս արտաքին պայմաններն ու մեր սեփական կարողության չափը, օգտագործել բոլոր հնարավորությունները, ասպարեզ տալ բոլոր ուժերին և, համենայն դեպս, խոչընդոտ չլինել, եթե մեկը գալիս է անելու այն, ինչ որ չենք կարողացել ու չենք կարողանում անել ինքներս:

Բոլշևիկները զրկեցին մեր հայրենիքը անկախությունից, նորից կապեցին Ռուսաստանի հետ…

Իրո՞ք այդպես է, թե հակառակը, կապելով մեզ Ռուսաստանի հետ, բոլշևիկները ապահովեցին անկախության այն աստիճանն ու այն ձևը, որոնք միակ հնարին են այսօրվա պայմաններում ու դրանով իսկ փրկեցին ապագան:

————–

Գրում ես՝ բոլշևիկները «կատարում են ոչ թե ազգահավաքման, այլ ազգացրման աշխատանք»:

Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ի՞նչ ազգացրման գործ են կատարել բոլշևիկները, բացի այն, որ մեզ՝ մի քանի հարյուր դաշնակցականներիս, դուրս են ձգել հայրենիքից ու դռները փակել առաջներս: Համաձայնիր, սակայն, որ դա դեռ «ազգացրում» չէ:

Ճիշտ է, որ բոլշևիկները չեն «հավաքում» ազգը:

Իսկ եթե մենք մնացած լինեինք նրանց տեղը՝ կհավաքեի՞նք:

Հայաստանի սահմանների նեղությունը ու տնտեսական վիճակը թույլ չեն տալիս ներգաղթ՝ ահա հիմնական արգելքը «ազգահավաքման» գործի համար:

Բոլշևիկները չկարողացան (ասենք՝ չցանկացան) ոչ սահմանները լայնացնել, ոչ էլ զգալիորեն բարելավել երկրի տնտեսական վիճակը. դա ճիշտ է:

Իսկ մենք կկարողանայի՞նք, մեր բոլոր ցանկություններով հանդերձ:

Բոլշևիկները, եթե չընդլայնացրին սահմանները, գոնե պաշտպան կանգնեցին եղածին: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական վիճակին, իմ ունեցած հատ ու կտոր տեղեկությունները ցույց են տալիս, որ դրությունը այսօր, այնուամենայնիվ, մի քիչ պակաս վատ է, քան եղել է մեր ժամանակ:

Բոլշևիկների տնտեսական սիստեմը՝ մասնավոր սեփականության իրավունքի բացասումը, անվիճելիորեն կործանարար է այսօրվա Հայաստանի համար, և սա, կուսակցական դիկտատուրայի հետ միասին, ներկա կացության սև երեսն է: Բայց չէ՞ որ դրա փոխարեն բոլշևիկները խաղաղացրին երկիրը, ազատեցին աշխատավոր ձեռքերը շինարարության համար… բայց սրա մասին գրել եմ արդեն:

Բոլշևիկյան սիստեմը չի կարող վերաշինել մեր ավեր երկիրը, ապահովել նրա տնտեսական զարգացումը:

Բայց սա պատճառ չէ, որ չընդունենք խորհրդային իշխանության կարևորությունն ու օգտակարությունը, քանի որ կան ուրիշ վտանգներ, ուրիշ սպառնալիքներ, որոնք շատ ավելի մեծ են, քան սոցիալական կարգեր հաստատելու վաղաժամ ու անհաջող փորձերի վտանգը:

———–

Արդեն երկու անգամ ընդհատել եմ նամակս ու երկու անգամ վերսկսել: Նկատում եմ, որ կրկնությունների մեջ եմ ընկնում: Բայց ինչպե՞ս անեմ, եթե դու ինքդ մոռացության մեջ ես ընկնում ու կրկին վերադառնում՝ արդեն ծեծված հարցերին…

Շարունակում եմ:

«Պետք է ողջունել այն երևույթը,- գրում ես դու,- ու վերջապես մեր կյանքում էլ առաջ է գալիս քաղաքական լուրջ շերտավորում, ստեղծվում են տարբեր ուղղություններ»:

Եթե հիշում ես, նույն այդ պահանջը դնում էի ես, երբ Հ. Յ. Դաշնակցությունը միահեծան տերն էր դրության, աշխատում էի համոզել կուսակցական հաղթանակներով արբածներին, թե որքան վտանգավոր բան է դա երկրի ու իր՝ կուսակցության համար:

Այո՛, շերտավորումներ պետք են: Բայց երկու պայմանով:

Առաջին, շերտավորումները պետք է բխեն կյանքի պահանջներից, համապատասխանեն իրական դրությանը, գան լրացնելու որևէ հասունացած ու լուրջ կարիք: Բոլշևիկյան շերտավորումը կամ, ավելի ճիշտ, равнение фронта по большевизму, կենսական կարիք է այսօր ու պետք է, որ գոյություն ունենա: Նույնը չենք կարող ասել մեր մասին: Դաշնակցությունը (իբրև կազմակերպություն, լավ հասկացիր խոսքս) անցյալի մնացորդ է, մի ավելորդ օրգան, որին կարիք չունի այլևս օրգանիզմը: Այն կարիքը, որ մատնանիշ ես անում դու, իրական կարիք չէ, այլ սոսկ ենթադրություն: Իսկ մի քաղաքական կուսակցություն չի կարող արդարացնել իր գոյությունը ներկայում՝ ենթադրյալ ապագայում գործելու համար: Երբ գործը գա, հանդես կգան նաև գործողներ: Հետո՝ Դաշնակցությունը չի կարող լրացնել քո ենթադրած կարիքը, չի կարող ներկայացնել թուրքոֆիլական ուղղություն… բայց սրա մասին գրել եմ արդեն:

Երկրորդ. շերտավորումը պետք է լինի երկրի ներսը և ոչ երկրից դուրս: Դրսի ուժերը, լավագույն դեպքում, կարող են միայն օժանդակել, բայց ոչ երբեք՝ ղեկավարել երկրի գործերը: Դու ինքդ հակառակ ես գաղութային կուսակցություններին: Միայն չես ուզում տեսնել, որ ուրիշ ապագա չունի Դաշնակցությունը, որ նա արդեն գաղութային է:

Այստեղ ես հանդիպում եմ մի ուրիշ լուրջ դժվարության:

Դու իրավացիորեն հարցնում ես՝ ի՞նչ «օբյեկտիվ տվյալներ» ունեմ ես պնդելու, թե Դաշնակցությունը մեռած է երկրում: Ես կտրված եմ երկրից, տեղեկություն չունեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Դու ասում ես, որ տեղեկություններ ունես, ունես նույնիսկ … ամերիկացի Մ-ի վկայությունը:

Քո դիրքը շատ ավելի ուժեղ է, քան իմը և իրավունք է տալիս քեզ ասելու, որ ես ուզում եմ «մեր հիվանդ էմիգրանտական ապրումները փաթաթել ժողովրդի գլխին…»:

Ճշմարիտ եմ ասում քեզ, շատ լուրջ ուշադրության առնում եմ այս հանգամանքը և կրկին ու կրկին հարց եմ տալիս ինձ՝ չլինի՞ թե իրոք իմ մտածումները «վերացական սիլլոգիզմներ» են միայն, իսկ կյանքը բոլորովին տարբեր թելադրություններ է անում:

Որոնում եմ և ուզում եմ գտնել իմ սխալը, բայց չեմ գտնում:

Գիտե՞ս ինչ՝ ես չեմ հավատում քո ունեցած տեղեկություններին, նրանց լրջությանն ու օբյեկտիվությանը: Իսկ Մ-ի վկայությունը համարում եմ միանգամայն անարժեք, ինչպես անարժեք են բոլոր знатный иностранецների անպատասխանատու խոսքերը, վայրիվերո, պատահական տպավորությունները:

Ինչո՞ւ չեմ հավատում:

Որովհետև այդ տեղեկությունները հակասում են իմ գիտեցածին ու տեսածին, հակասում են իրերի դրությանը և տրամաբանությանը: Ես տեսել եմ մեր կուսակցությունը Հայաստանում, երբ մենք դեռ այնտեղ էինք: Տեսել եմ մեր երկար ճամբին՝ Պարսկաստանում, Եգիպտոսում, տեսնում եմ՝ այստեղ, Բալկաններում ներկա եմ եղել և հետևել զանազան ժողովների, խոսակցություններ եմ ունեցել անհատ ընկերների հետ, կարդում եմ մամուլը… և եզրակացություններս միշտ նույնն են՝ կուսակցություն չկա այլևս: Կան միայն նախկին կազմակերպությանբեկորներ, որ իներցիայի ուժով շարունակում են կրել զանազան զնուններ ու իրար թղթեր գրել: Բայց կյանք չկա, որովհետև չկա գործ, չկա հավատ ու ոգևորություն:

Եվ ես չեմ զարմանում, որ այդպես է, որովհետև տեսնում եմ ու հասկանում պատճառները:

Հակառակին հավատալու համար ես փաստ պիտի ունենամ, դրական ու շոշափելի: Քո ստացած տեղեկությունները համոզիչ չեն ինձ համար, որովհետև գիտեմ, թե ո՛րքան անձեռնհաս են տեղեկատուները՝ իրականությունը ճշտորեն ըմբռնելու և ճշտորեն արձանագրելու համար:

Փաստերը՝ իսկական, անհերքելի փաստերը, բոլորովին այլ բան չեն ասում:

Հետևիր, վերլուծիր, թե ինչ փոխհարաբերություններ են ստեղծված դաշնակցական պատասխանատու ընկերների, մարմինների ու խմբակների միջև և ապա ասա ինձ՝ այդ փոխադարձ անվստահության, անհավանության, կասկածների ու մեղադրանքների մթնոլորտում կարո՞ղ է ապրել կուսակցությունը… Մի՛ ասա, թե սա գաղութային երևույթ է միայն, ո՛չ, երկրում էլ նույնն էր: Այն օրվանից, երբ մենք իշխանության գլուխ անցանք, կուսակցական մթնոլորտը թունավորվեց:

Հիշիր, որ երկու տարի աշխատեցինք ու չկարողացանք գումարել, քեզ հայտնի պատճառներով, Ընդհանուր ժողով, որին այնքա՜ն կարիք ուներ կուսակցությունը: Այս անկարողությունն ու նրա պատճառները ապացույց են արդեն, որ կուսակցություն չկա այլևս:

Իսկ ամենից պերճախոս ապացույցը գիտե՞ս որն է. խորհրդաժողովում ընդունած բանաձևերը: Միմիայն ոտի տակ հողը կորցրած կուսակցությունը կարող էր հանել այնպիսի անբովանդակ, հակասական, ոչինչ չասող, ոչնչի չպարտադրող ու ամեն բան պարունակող որոշումներ: Գործ ծրագրող ու գործի ընդունակ կուսակցությունը այդպիսի որոշումներ չէր հանի: Որոշումները ցույց են տալիս , որ կուսակցությունը չգիտի իր անելիքը, չունի անելիք և զուր փորձեր է անում բառային ֆորմուլների տակ քաղարկել իր անկենդանությունը:

Այսօրվա իրականության մեջ մի բան միայն կարող էր փրկել Դաշնակցությունը, կռիվ բոլշևիզմի դեմ, կռիվ անվերապահ, ամեն տեղ, ամեն միջոցներով, ամեն կարգի զենքերով… Բայց որովհետև Դաշնակցությունը չի կարող ու եթե կարողանար էլ, չպիտի անի այդ, նրան մնում է մի բան միայն՝ մեռնել:

Իսկ ասել՝  «Նկատի ունենալով որ… ու ապա նկատի առնելով… բայց որովհետև… ու քանի որ… ուստի ո՛չ այս, ոչ այն… կամ ՝ և՛ այս, և՛ այն»…. այսպիսի բանաձևերով կուսակցությունները չեն ապրում:

Սա նույնպես «դամբանական» է, միայն թե զուրկ շիտակությունից ու տղամարդությունից:

———–

Գրում ես՝ խորհրդաժողովը իրավունք չունի լուծելու կուսակցությունը… իհարկե, չունի: Բայց չէ՞ որ ես նկատի եմ առել այդ կարևոր հանգամանքը ու զեկուցագիրս վերջացրել եմ այնպիսի առաջարկներով, որոնք խորհրդաժողովի իրավաության սահմաններից դուրս չեն գալիս… Չեմ ուզում կրկնել: Կարդա զեկուցագրիս վերջին էջերը, եթե հետաքրքրվում ես:

————-

Գրում ես՝ «Չեմ հերքում, կարող է գալ մի ժամանակ, երբ աշխարհը խաղաղի և մի առ ժամանակի համար մեր հարցն էլ փակվի, այդ դեպքում գուցե անհրաժեշտ լինի հետևել ոք բռնած ճանապարհին, իսկ այսօր դեռ շուտ է»:

Գիտե՞ս, որ այս մի քանի տողով դու արդեն թափեցիր զենքերդ ու անձնատուր եղար…

Աշխարհը դեռ չի խաղաղել (ու երբեք էլ չի խաղաղի), բայց «մի առ ժամանակի համար մեր հարցը» փակված է ու մեր օրը եկել է արդեն՝ ահա՛ իրականությունը:

————–

Գրում ես. «Ես կուզեի, որ զեկուցումդ շուտ մոռացվեր, եթե կարելի չէր եղել նրա ընթերցման առաջն առնել: Եվ միանգամայն ավելորդ ու վնասակար եմ համարում, որ այդ հարցը դարձվի դիսկուսիայի առարկա…»:

Ինչո՞ւ այդպես, ո՞ւմ են պետք այդ զգուշությունները, ո՞ւմ համար է այդ մտքի dièteն…

Ինչո՞ւ «ավելորդ ու վնասակար» կլիներ, եթե կուսակցական շարքերը ծանոթանային իմ զեկուցման հետ: Այդ ո՞ր օրվանից Դաշնակցությունը դարձել է այդքան մտավախ: Ինչի՞ համար եք փակում մի ընկերոջ և մյուս ընկերների ականջները…

Եթե իմ ասածները ad hominem շարժառիթների արդյունք են կամ հիվանդ ուղեղի զառանցանք, կամ վերացական սիլլոգիզմներ՝ զուրկ կենսական հիմնավորումներից , թողե՛ք, որ ընկերները տեսնեն այդ: Իսկ եթե ընկերները այնքան միամիտ ու կարճատես են, որ թերևս չտեսնեն իմ սխալը, դու հո այստեղ ես, դու հո կարող ես բանալ աչքերը, ցույց տալ ճշմարտությունը…

Դա ոչ միայն չէր լինի «ավելորդ ու վնասակար» , այլ հակառակը՝ կլիներ շատ կարևոր և օգտակար գործ:

Կարո՞ղ ես ասել, որ միայն ես եմ ենթակա «էմիգրանտական հիվանդ ապրումների» ու բացի ինձանից ուրիշ հիվանդներ չկան կուսակցության մեջ: Եվ եթե ես անբուժելի եմ, կարո՞ղ ես ասել, իրավունք ունե՞ս ասելու, թե նույնքան անբուժելի են և մյուս հիվանդները կամ կես-հիվանդները… ի՜նչ լավ առիթ ու միջոց էր՝ սթափեցնելու վարակվածներին և предохранительную прививку անելու առողջներին (համաճարակի առաջն առնելու համար):

Ինչո՞ւ չօգտագործեցիք առիթն ու միջոցը:

Միանգամայն լուրջ եմ ասում՝ դու և քեզ պես մտածողները ոչ միայն չպիտի դնեիք պապանձման կնիք իմ խեղճ զեկուցագրի վրա, այլ ինքներդ պիտի կոխեիք այն ամեն մի դաշնակցականի աչքը, զոռով ստիպեիք կարդալ , ասեիք՝ տեսե՜ք, թե ո՜ւր է հասել ձեր ավագ ընկերներից մեկը…

Սա կցնցեր կուսակցությունը, բողոք ու զայրույթ առաջ կբերեր, կարթնացներ թմրածներին, աշխատանքի կկանչեր ծույլերին ու անփույթներին, եռանդ կներշնչեր, կստիպեր սեղմել շարքերը, ամրացնել, մի խոսքով՝ զորեղ հակաթույն կլիներ քայքայման թույնի դեմ, շարժման մեջ կդներ բոլոր կենսական potencia-ները (եթե սրանք դեռևս կան կուսակցության մեջ):

Դուք այդ չար[եց]իք:

Ինչո՞ւ:

Որովհետև վախկոտներ եք, սիրելի NN, վախկոտներ:

Դուք աշխատում եք խիստ ցենզուրայի տակ առնել որոնող մտքերը, կողպեքներ դնել բերանների վրա, թաքցնել ասված խոսքերը, որովհետև վստահություն չունեք ձեզ վրա:

Վախն ու կասկածը բույն են դրել ձե՛ր իսկ սրտերում:

Եթե դու իրոք համոզված լինեիր, թե կուսակցությունը կենսունակ է, երբեք վնասակար չպիտի համարեիր իմ զեկուցումը, չպիտի դժգոհեիր, որ այն կարդացվել է խորհրդաժողովում և չպիտի ցանկանայիր , որ մոռացվի որքան կարելի է շուտ:

Հիմա լսիր, թե ե՛ս ինչ եմ ասում:

Ես իմ պարտքը  համարեցի գրել այն զեկուցումը, հոգուս պարտքը  հանդեպ հայ դատի ու իմ կուսակցության: Մեծ մեղք արած կլինեի, եթե չգրեի: Պարտք համարեցի ներկայացնել զեկուցագիրս կուսակցության գերագույն մարմնին՝ խորհրդաժողովին (քանի որ ընդհանուր ժողով անկարելի եղավ գումարել) ու սպասել նրա որոշումներին: Որոշումը տեղի ունեցավ՝ փակի՛ր բերանդ, լռիր:

Լուծվե՞ց սրանով խնդիրը:

Ինձ համար՝ ոչ:

Այժմ մի ուրիշ պարտք ունեմ կատարելու, այն է՝ հակառակ խորհրդաժողովի հրամանին լսելի անել իմ ձայնը:

Պիտի աշխատեմ կատարել այդ պարտքը, ինչպես ու որքան կարողանամ:

Համառություն մի համարեք, որ ես այսօր ըմբոստանում եմ ձեր դեմ:

Իսկապես, շատ ծանր է ինձ համար, որ դուք զանազան մեկնություններ եք տվել (հավանականորեն՝ ապագայում է՛լ ավելի պիտի տաք) իմ բռնած ընթացքին: Չէ՞ք ամաչում…

Երբ ես լսում եմ շուրջս զանազան ad hominem բացատրություններ, թե ինչո՞ւ այս մեկը սա արեց ու այն մյուսը այն չարեց (գիտես, որ այդպիսի զրույցներ պակաս չեն), վրդովվում եմ ամբողջ հոգով, սարսափում, թե ինչպե՞ս ապրել մի մթնոլորտում, ուր չի մնացել ոչ փոխադարձ հավատ, ոչ փոխադարձ հարգանք…

Համենայն դեպս, սիրելի NN, ես ուզում եմ մնալ իմ այն «հին հավատին», թե անկախ ու նույնիսկ հակառակ մարդկային բոլոր կարգի թուլությունների, կա նաև մի բան, մի սրբություն, որ վեր է այդ թուլություններից ու կարող է ղեկավարել մարդու միտքն ու գործերը. և թէ ոչ արդարություն է, ոչ էլ իմաստություն՝ մարդու ամեն մի քայլի մեջ որոնել թաքցրած, քողարկած կամ կեղծած շարժառիթներ, հետին մտքեր:

Համբույրներով՝

ՔՈ

ՀՈՎ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

Բուխարեստ, 17 հունիսի, 1923:

ՎԵՐՋ