Ինձ համար թանկագին է անձնական բարեկամ և կուսակցական ընկեր Քաջազնունին

880

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի:

—–

Դու գտնում ես, որ Դաշնակցությունը չի կարող ապրել նոր պայմաններում. «Մի կարծեր, թե մենք, իբրև կուսակցություն, կարող ենք հարմարվել նոր պայմաններին»: Ինչո՞ւ չենք կարող: Որ մենք Սասնո լեռներից Արարատյան դա՞շտն ենք իջել: Բայց չէ՞ որ բոլշևիկներն էլ «լեռներից», «դաշտ» են իջել և այն ի՞նչ «լեռներից»՝ ի՜նչ «դաշտ»: Եվ դեռ շարունակում են իջնել: Ինչո՞ւ նրանք կարող են հարմարվել նոր պայմաններին, յուրացնել նոր մեթոդներ և օգտակար լինել հայ կյանքի համար, իսկ մենք չենք կարող: Ինչո՞ւ նրանք կարող են ազատագրվել իրենց անցյալից և դառնալ շինարար ուժ, իսկ մենք չենք կարող: Երկուս ու կես տարվա փո՞րձը… Բայց, սիրելի Ռուբեն Իվանովիչ, դու ինքդ էլ շատ լավ գիտես, որ այդ փորձը ոչինչ չի ապացուցում: Երկու և կես տարվա մեր գործունեության ընթացքում մենք ամբողջապես կախված ենք եղել արտաքին պայմաններից և հնարավորություն չենք ունեցել մեր անհատականությունը երևան բերելու: Այդ արտաքին պայմանները մեր կամքից դուրս են եղել:

Մի՞թե, իրոք, դու հավատացած ես, որ մենք, իսկապես, անձեռնհաս ու ողորմելի մարդիկ ենք, մենք՝ այսինքն հայ մտավորականության ութսուն տոկոսը, եթե ոչ ավելին: Երեսուն տարվա կուսակցական անցյալը, այո՛, դրել է մեր վրա իր դրոշմը, հաստատել է ուրույն սովորություններ ու հակումններ, բայց չպետք է մոռանաս, որ ամեն ժամանակ իր սերունդն է արտադրում, և Դաշնակցության այսօրվա սերունդը այն չէ, ինչ որ էր երեկ, և երեկվանը այն չէր, որ էր 30 տարի առաջ: «Վռշիկն» ու «տասնոցը» տեղի կտան ինքնաշարժի ու գնդացրի առջև: Ասել, թե այսօրվա դաշնակցականն էլ անպատճառ պետք է «վռշիկով» պտտի ու կապված մնա «տասնոցին», նշանակում է մեղանչել կյանքի օրենքների դեմ և ժխտել բարեշրջումի գաղափարը: «Վռշիկն» ու «տասնոցը» Դաշնակցության էական հատկանիշը չեն կազմում. նրանք բնորոշում են միայն Դաշնակցության կյանքի մի որոշ շրջան:

«Ամենից գլխավորն այն է, որ այսօր մենք գործ ունենք Խորհրդային Ռուսաստանի հետ. ռուս[ական] ամենամեծ ու վճռական ուժն է մեր հանդեպ կամ մեր շուրջը»: Շատ բարի. ասենք թե, իրոք, այսօր Խորհրդային Ռուսաստանի հետ մենք չենք կարող ընդհանուր լեզու ունենալ ու այդ դերը ավելի լավ կարող են կատարել հայ բոլշևիկները, բայց ես արդեն հարցրի վերևում՝ ի՞նչ երաշխիք, որ վաղը Խորհրդային Ռուսաստանի տեղ չպիտի լինի  մի ուրիշ Ռուսաստան, որի հետ հայ բոլշևիկները չեն ունենա ընդհանուր լեզու, և, հակառակը, մենք ավելի հարմարություններ կունենանք այդ տեսակետից: Եվ մի՞թե կարելի է մահվան դատավճիռ արձակել մի կուսակցության նկատմամբ միայն նրա համար, որ այսօր, շնորհիվ արհեստական ու անցողական պայմանների , չունի քաղաքական գործունեության անմիջական առարկայ: Շատ ավելի ծանրակշիռ կլիներ, եթե դու ապացուցեիր, որ հայ իրականության մեջ այսօր բոլշևիկներից զատ ուրիշ ո՛չ մի կուսակցություն ո՛չ մի դեր չունի, բայց չեմ կարծում, որ այդպիսի բան կարողանաս ապացուցել: Դու էլ ընդունում ես, որ քաղաքական շերտավորումը անհրաժեշտ է, ուրեմն՝ դեմ չես և ոչ-բոլշևիկ, որ անխուսափելի կերպով պիտի դառնա հակաբոլշևիկ, կազմակերպության կամ կազմակերպությունների գոյությանը: Եթե այդ բանը ընդունում ես, քո՝ Դաշնակցության մերժումը, դառնում է իրական տվյալներով չհիմնավորված ու խիստ ենթակայական:

Այո՛, ենթակայական: Վատ մտքով չեմ ասում այս: Դու չափազանց շատ ես դառնացած մեր «երկուս ու կես տարվա անցյալից» և դրանից մեկնելով՝ եզրակացնում ես, որ, առհասարակ, մենք անպետք ենք իբրև պետական տարր: Մինչդեռ մեր այդ երկուս ու կես տարվա վաղանցուկ կյանքի մեջ էլ, եթե առարկայորեն նայենք, կան շատ լուսավոր կետեր, որոնք արդյունավետ ապագայի բավարար գրավական են: Մենք՝ հայ մտավորականությունը, հանցավոր չէինք, անշուշտ, որ պետական դաստիարակություն չէինք ստացել: «Վռշիկն» ու «տասնոցն» էլ մեղավոր չեն, որ ինժեներ Քաջազնունին ստիպված էր դառնալ նախարարապետ, լրագրող Վրացյանը վարել երկրի գյուղատնտեսության գործը կամ քիմիկոս Արարատյանը՝ ստեղծել պետական ֆինանսներ: Հայ կյանքը այդքանն էր տվել: Դաշնակցության տեղը եթե ուրիշը լիներ, ավելի կամ պակաս չափով նման մարդիկ պիտի դներ գործի գլուխ: Եվ նույնը չե՞ն անում այսօր բոլշևիկները՝ ավելի գռեհիկ ձևերով: Էականն այդ չէ. էականն այն է, թե այդ մարդկանց գործունեության մեջ պետական առողջ սաղմ կա՞ր, առաջադիմություն նկատվում էր: Ըստ իս՝ այո՛, անպայման: Իր բոլոր աչք ծակող թերություններով ու սխալներով հանդերձ, «մեր երկուս ու կես տարվա անցյալը» դրական, հուսատու երևույթ է և ապացուցում է, որ մենք կարող կլինեինք պետություն ստեղծել, եթե մեզ հանգիստ թողնեին… հենց նույն բոլշևիկները:

Անձնական ու կուսակցական կիրքը չէ, որ խոսում է իմ մեջ. ամեն անաչառ դիտող նույնը կհաստատի: Հենց մեր մոլորություններից մեկն էլ այդ է՝ մենք անպատճառ վատ ենք, ուրիշը՝ անպատճառ լավ: Մեզ խարազանում ենք անխնա, ուրիշին՝ նայում ներողամիտ ժպիտով: Մեր մեղքը չափում ենք փթերով, ուրիշինը՝ շատ անգամ չենք էլ նկատում: Այդ ինքնախարազանման մեջ, կարծես ինչ որ հաճույք ենք ստանում: Այդ տեսակետից՝ քո հոդվածաշարքն էլ «Ճակատամարտ»-ում անթերի չէր: Դու այնտեղ շատ մռայլ, չափազանցված խոսքերով ես արտահայտվում մեր պակասությունների ու սխալների մասին և շատ համեստ ես, երբ պետք է արժեքավորել մեր դրական կողմը: Հասկանալի է, որ այդ հոդվածաշարը առատ նյութ պիտի տար հակադաշնակցականներին, թեև այնտեղ քո տեսակետը Դաշնակցության մասին անհամեմատ ավելի իրական էր, քան Խորհրդաժողովին ուղարկած զեկուցումիդ մեջ: Այնտեղ դու ընդունում էիր, որ լավ-վատ, էլի Դաշնակցություն է մեր կյանքում միակ կենդանի կուսակցությունը, այժմ արդեն այդ Դաշնակցությունը մեռած է…

Գրությունս շատ երկարեց, բայց նամակիդ մեջ հարուցված հարցերի մեծ մասը դեռ մնում է չշոշափված: Այդ հարցերը շատ հետաքրքրական են ու կենսական, բայց, դժբախտաբար, հնար չկա բոլորի մասին խոսելու. պետք կլիներ առնվազն մի քանի անգամ երկարացնել նամակս: Սակայն, վերջացնելուց առաջ անհրաժեշտ եմ համարում կանգ առնել նաև հետևյալ կետերի վրա:

Դու դառնացած դատապարտում ես Խորհրդաժողովը, որ չի զբաղվել քո զեկուցման քննությամբ և խոսք չես խնայում այդ դատապարտության համար. «Ժողովի անդամները տարվել են կուսակցական նեղսրտությունով», իսկ ինքդ «ազատ ես այդ կարգի թուլությունից»: Ավելին դեռ. «Հռոմը ինձ համար շատ ավելի թանկ է, քան Կեսարը», իսկ մենք՝ ժողովի անդամներս, Հռոմը զոհել ենք Կեսարին: Մենք կուսակցական գործունեությունը դարձրել ենք «փեշակ» և անընդունակ ենք ընդհանուր, ժողովրդական գործը տարբերել կուսակցականից և առաջինը ստորադասում ենք երկրորդին: Նույնիսկ անձնական վիճակի հարց էլ ես հարուցանում՝ «հապա մենք ի՞նչ անենք», մենք՝ «վերջին հաշվով՝ մի քանի տասնյակ, առ առավելն՝ մի քանի հարյուրյակ մարդ»: Այսինքն, պարզ ասած՝ մենք, առ առավելն մի քանի հարյուր մարդս, դաշնակցական լինելը դարձել ենք արհեստ և մեր գոյությունը պահելու նպատակով՝ ամուր կառչել ենք ու պոկ չենք գալիս Դաշնակցության դիակից…

Հին երգ է այս: Դեռ Լևոն Աթաբեկյանը 1907-ին և նրանից առաջ ուրիշներն էին երգում այդ երգը: Հիմա էլ բոլշևիկներն ու ռամկավարներն են կրկնում… Իհարկե, դու այդպես գռեհիկ իմաստով չես մտածում և մեր գոյության խնդիրը, երևի, չես նյութականացնում, բայց դրանից էությունը չի փոխվում՝ մենք պահում ենք Դաշնակցությունը անձնական նկատառումներով:

Ոչ, սիրելի Ռուբեն Իվանովիչ, դու սխալվում ես չարաչար: Հռոմի ու Կեսարի պատմությունը մենք էլ գիտենք: Ենթադրել, թե ինչ որ եսական ու շահամոլ հաշիվների վրա է հիմնված Դաշնակցության գործիչների այսօրվա ընթացքը՝ նշանակում է շատ վատ, չափազանց վիրավորական կարծիք ունենալ այդ մարդկանց մասին: Ի՞նչ է տվել ու տալիս Դաշնակցությունը իր գործիչներին անձնական տեսակետից: Բացի բարոյական ու նյութական զրկանքից, անվերջ նեղություններից ու վաղաժամ ծերութիւնից՝ ի՞նչ ենք տեսել մենք… Երբե՛ք կուսակցությունը ինձ, և անշուշտ շատերի համար, չի եղել փեշակ կամ ինքնանպատակ: Կուսակցությունը մի գործիք է միայն հայ ժողովրդի երջանկությունն ապահովելու համար, և հասկացողության հարց է, թե այդ գործիքը տակավին ընդունա՞կ է կատարելու իր դերը, թե այլևս անպետք է: Մենք կարծում ենք՝ ընդունակ է: Դու պնդում ես հակառակը: Ի՞նչ գործ ունի այստեղ «փեշակը» կամ «մենք ի՞նչ անենք»-ը…

Այո՛, մեր վերաբերմունքը դեպի կուսակցությունը մի քիչ այլ է, քան քոնը, մի քիչ ավելի ջերմ ու սրտացավ, ավելի ինտիմ, բայց այդ բնական է, որովհետև մենք նրա հետ կապված ենք օրգանապես, իսկ քո կապակցությունը կուսակցության հետ, եթե կարելի է այսպես ասել, մեքենայական է: Բայց դրանից չի հետևում բնավ այն, ինչ որ դու ես ասում:

Իսկ ինչո՞ւ Խորհրդաժողովը չի քննել քո զեկուցումը: Խորհրդաժողովում չկար ո՛չ մի մարդ, որ համամիտ լիներ քո թեզերին: Գուցէ նրանք սխալվում էին. գուցե, իրոք, դու ավելի ճիշտ էիր տեսնում իրականությունը: Գուցե: Բայց Խորհրդաժողովի համար Դաշնակցության գոյությունն ու անհրաժեշտությունը կասկածի, ուրեմն և քննության նյութ չէր: Էլ չեմ խոսում այն մասին, որ օրակարգի մեջ էլ չկար այդ հարցը, ո՛չ էլ նրա իրավատեսության սահմանի մեջ էր մտնում: Այլ բան է, եթե դու ինքդ ներկա լինեիր կամ ժողովականներից գոնե մեկը համամիտ լիներ քեզ հետ և հիմնավորեր ու պնդեր հարցի քննության վրա, բայց համաձայնվիր, որ տվյալ պայմաններում, երբ ոչ ոք կողմնակից չէր քո մտքերին, ժողովի համար զուր ժամավաճառություն պիտի լիներ նրանով զբաղվելը: Եթե քեզ համար այդ խնդիրը այդքա՜ն կենսական էր, դու պարտական էիր ամեն զոհողություն հանձն առնել, ներկա գտնվել ժողովին և պաշտպանել քո հայացքները:

Սխալ եզրակացություններ ես հանել և իմ այդ դիտողության առթիվ, թե՝ «ես կուզեի, որ զեկուցումդ շուտ մոռացվեր»… Թերևս ես պարզ չեմ արտահայտվել: Ես կուզեի, որ զեկուցումդ կատարված չլիներ ո՛չ թե նրա համար, որ քո ասածները «ad hominem շարժառիթների արդյունք են կամ հիվանդ ուղեղի զառանցանք», ո՛չ էլ այն պատճառով, որ մենք «վախկոտներ» ենք ու «ջայլամներ» կամ «խիստ ցենզուրայի տակ ենք առնում մտքերը, կողպեքներ ենք դնում բերանների վրա, թաքցնում ենք ասված խոսքերը, որովհետև վստահություն չունենք մեր վրա: Վախն ու կասկածը բույն են դրել մեր իսկ սրտերի մեջ»… Սա կոչվում է՝ «զուր տեղը մեծ աղմուկ». ես ո՛չ ցենզուրայի մասին եմ մտածել, ո՛չ էլ՝ կողպեքների, սարսափելու էլ բնավ պատճառ չեմ տեսնում: Եվ խորհրդաժողովի անդամների մասին շատ ավելի բարձր կարծիք ունեմ և ամենևին չէի վախենում, որ քո զեկուցման քննությունը ինչ որ ահաբեկիչ կամ քայքայիչ ազդեցություն պիտի ունենար: Դաշնակցությունը այդպիսի ահավոր դատավճիռներ շատ է տեսել, բայց և այնպես մնացել է կայուն: Նույնը կլինի և այժմ. կարող ես հաստատ համոզված լինել:

Բայց ես վախենում էի և այժմ, քո վերջին նամակից հետո, ավելի եմ վախենում այն հետևանքներից, որ քո զեկուցումը կարող էր և կարող է ունենալ անձնապես քեզ համար, որովհետև եթե քո զեկուցումից ուզենանք տրամաբանական եզրակացություններ հանել, դու, բնականաբար, չես կամենա քո կենդանի մարմինը կապել մի դիակի հետ («Դաշնակցությունը արդեն իսկ մեռած է»): Եթե այս եզրակացությունը ճիշտ է, ապա և անխուսափելի են դրանից բխող բոլոր հետևանքները՝ հետևանքներ, որոնց պատկերը մեր կյանքում, մեր բարքերը նկատի ունենալով, իմ աչքին ներկայանում է շատ մռայլ գույներով:

Եվ դու արդեն որոշել ես. «Հակառակ խորհրդաժողովի բռնած դիրքի լսելի կանեմ իմ ձայնը». «համառություն մի համարեք, որ այսօր ես ըմբոստանում եմ ձեր դեմ»: Խորհրդաժողովը, սիրելի Ռուբեն Իվանովիչ, քո զեկուցման  մասին ո՛չ մի որոշում չի արել, ո՛չ ընդունել է, ո՛չ՝ մերժել, ուրեմն՝ և խոսք չի կարող լինել «ցենզուրայի» ու «կողպեքների» մասին, որոնց դեմ դու պետք ես զգում ըմբոստանալու և քո ձայնը լսելի անելու: Ըմբոստանալ կարելի է մի հակադիր , բռնացող ուժի դեմ՝ ո՛չ խորհրդաժողովը, ո՛չ էլ որևէ դաշնակցական որևէ փորձ է արել քո բերանը գոցելու: Եղել են մարդիկ, որոնք ad hominem մոտիվնե՞ր են փնտրել. ամեն բերան չի փակվի: Դրանք, սակայն, հատիկներ են, իսկ դաշնակցական անհատների 99 տոկոսի՝ դեպի քեզ տածած անկեղծ ու ջերմ զգացումնների մասին կասկածելու ամենաևին հիմք չունես: Այդ պատճառով, ես չեմ կարողանում ըմբռնել. ու՞մ դեմ ես ուզում «ըմբոստանալ» և ի՞նչ անել:

Դու ուզում ես «կատարել քո պարտքը», այսի՞նքն: Ջանալ համոզել մարդկանց, որ Դաշնակցությունը մեռա՞ծ է: Այդ աշխատանքը արդեն վաղուց ի վեր շատ եռանդով կատարվում է: Այդ դերը քեզ չի սազում: Եվ ի՞նչ ձևով պիտի կատարես այդ աշխատանքը. կուսակցական ներքին ճանապարհո՞վ, ընդհանուր ժողովո՞ւմ: Դրա դեմ, իհարկե, ոչինչ չի կարելի առարկել: Այդ քո իրավունքն է, նաև՝ պարտականությունը: Բայց այդ ի՞նչ «ըմբոստացում» է:

Չէ՛, ըստ երևույթին, քո «ըմբոստացումը» այլ բան է նշանակում, և դու ավելի գործնական դիտավորություններ ունես: Մամուլ դուրս պիտի գա՞ս, գի՞րք պիտի գրես՝ Դաշնակցության մահը ապացուցելու համար: Ասա՛, խնդրեմ, դրանով ի՞նչ պիտի ավելանա այն նյութի վրա, որ ասում ու գրում են բոլոր հակադաշնակցականները, բացի քո բարոյական հեղինակությունից, որով դու, ամենահաջող դեպքում, մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդ անխուսափելի կերպով պիտի հեռացնես Դաշնակցությունից դեպի ռամկավարներն ու բոլշևիկները կամ չեզոքության ճահիճ: Ավելին դժվար է սպասել, որովհետև դու ո՛չ պայքարող մարդ ես, ո՛չ նոր կուսակցություն կազմող ու վարող, ո՛չ էլ օրգանապես կարող ես հանդուրժել պայքարի այն ձևերին, որոնք ընդունված են մեր կյանքում: Հետո՞, արդյո՞ւնքը: Իհարկե, զանգվածն էլի կգնա իր ճանապարհով, որ առայժմ Դաշնակցության ճանապարհն է, և քեզ էլ կդասի՝ ոմանք սրտի կսկիծով, ոմանք, գուցեև չարախնդությամբ ուրիշ հեռացողների, նեղ օրերի լքողների շարքը: Քո խոսքերից ու գրածներից կօգտվեն վատ մարդիկ, ինչպես մինչև օրս էլ օգտվում են «Ճակատամարտ»-ում գրածներիցդ, քո խոսքերը զենք կդառնա չարամիտների ձեռքին, քո գրածների շուրջ կհարուցվի աղմուկ ու կիրք սենսացիա սիրող գաղութահայ մամուլում, մի քանի հոդված կգրեն հայ բոլշևիկները «Դաշնակցության քայքայման» մասին: Եվ դրանով խնդիրը կփակվի: Կփակվի հասարակական տեսակետից, բայց Քաջազնունու անձնավորության համար միշտ կմնա բաց… Այս է ահա, որ ինձ անկեղծ վախ ու ցավ է պատճառում, որովհետև հայ կյանքը Քաջազնունիներ շատ չունի…

Բայց դու կարող ես ասել և ասում ես արդեն, որ «պարտք» ունես կատարելիք: Իսկ ի՞նչ նշանակություն ունի անձնական նման նկատումնները այստեղ, ուր հասարակաց գերագույն շահն է դրված: «Երբ ես համոզված եմ, որ սխալվողը ես չեմ, դիմացինս է, այդտեղ արդեն անընդունակ եմ զիջելու կամ հարմարվելու»: Համոզված եմ՝ շատ խիստ է ասված: Բայց դու համոզվա՞ծ ես, որ համոզված ես: Չի՞ կարող պատահել, որ սխալված լինես: Չե՞ն եղել անցյալում դեպքեր, երբ եղել ես համոզված, բայց սխալ է դուրս եկել: Հապա եթե այս անգամ էլ գան պահեր, որ չես նախատեսել քո համոզումը գոյացնելիս: Եվ մի՞թե կարելի է Բուխարեստում կամ Փարիզում մեկուսացած, պատահական տեղեկությունների վրա հիմնված, միայն վերացական դատողություններով անխախտ համոզում գոյացնել Հայաստանի դեպքերի ու Հայաստանի դրության մասին: Սա հո մաթեմատիկական հաշիվ կամ բնագիտական փորձ չէ. այստեղ մենք գործ ունենք ընկերային հարափոփոխ ու բարդ երևույթների ու շարժանկարի արագությամբ զարգացող քաղաքական դեպքերի հետ: 1914-ից մինչև 1923 թվականը ինչպիսի՞ գլխապտույտ, իրար ժխտող դեպքեր տեղի ունեցան և ո՞վ կարողացավ նախատեսել այդ դեպքերը, ո՞վ կարող է այսօր էլ, առանց վերապահության ասել, որ ինքը վերջնականապես համոզված է: Իսկ մահվան վճիռ արձակելու համար հարկավոր է վերջնական համոզում…

Բայց, գուցե, իմ այս բոլոր մտահոգություններն ու վախերը ավելո՞րդ են: Գուցե ես սխա՞լ եզրակացություններ եմ հանում նամակիցդ: Գուցե «պատրանքն» ու «ըմբոստացումը» բոլորովին ա՞յլ նշանակություն ունեն: Այն ժամանակ ինձ մնում է սրտանց ուրախանալ, որովհետև ինձ համար թանկագին է ո՛չ միայն անձնական բարեկամ Քաջազնունին, այլև կուսակցական ընկեր Քաջազնունին:

Ս. ՎՐԱՑՅԱՆ

ՎԵՐՋ