Քաջազնունի. Մեր բանակը, որ կուշտ էր, լավ զինված ու հագնված, 1920-ի աշնանը չկռվեց

5530

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից

1920թ. մայիսի առաջին օրերին տեղի ունեցան բոլշևիկյան ցույցեր ու ապստամբության փորձեր:

Շարժումը խեղդվեց առանց մեծ դժվարությունների, որովհետև հենարան չուներ: Երկրի համար բոլշևիզմը միանգամայն խորթ բան էր, իսկ դրսի միջամտություն չկար այդ ժամանակ:

Բայց և այնպես, շատ բնորոշ է այն հանգամանքը, որ մի քանի տասնյակ բոլշևիկ երիտասարդներ կարողացան կազմակերպել աղմկալի ցույցեր (նույնիսկ Երևանում՝ կառավարության քթի տակ), քարոզչություն անել զորքի մեջ, Ալեքսանդրապոլում գրավել երկաթուղու կայարանը, տիրանալ զրահակիր գնացքին…

Սա ցույց է տալիս, թե որքան թույլ, որքան անտեղյակ ու որքան անփույթ է եղել կառավարությունը:

Այս շարժումների հետևանքով կամ սրանց հետ կապված՝ տեղի ունեցավ մի տեսակ coup d’Etat: Խորհրդարանական կառավարությանը փոխարինեց՝ դիկտատուրական լիազորություններով՝ Հ. Յ. Դաշնակցության Բյուրոն (այսպես անվանված Բյուրո-կառավարությունը):

Օրենքի պահանջված ձևականությունները կատարվեցին ու ամբողջ գործողությունը բեմադրվեց խորհրդարանական կարգերի շրջանակի մեջ: Այսպես, մայիսի 5-ին խորհրդարանը (Բյուրոյի հրահանգով, իհարկե) ընդունեց վարչապետ Ա. Խատիսյանի հրաժարականը (որ Բյուրոյի պահանջով էր ներկայացված), ու նոր դահլիճ կազմելը հանձնարարեց (Բյուրոյի հրահանգով) դոկտոր Հ. Օհանջանյանին: Օհանջանյանը անմիջապես, նույն նիստում, ներկայացրեց իր նախարարների պատրաստի ցուցակը՝ Հ. Յ. Դաշնակցության Բյուրոն էր սա, ամբողջ կազմով ու առանց օտարների: Խորհրդարանը իր հավանությունը տտվեց, ապա հայտարարեց ժամանակավոր ընդհատում իր նիստերի ու մինչև աշխատանքների վերսկսելը իր բոլոր իրավունքները փոխանցեց նորակազմ կառավարությանը:

Դիկտատուրական իշխանություն էր, որ տալիս էր Դաշնակցության Բյուրոն Հայաստանի խորհրդարանը (այսինքն՝ դաշնակցական խմբակցությունը, այսինքն՝ ինքը Բյուրոն):

Սա հակասում էր Դաշնակցության IX Ընդհանուր ժողովի կտրուկ որոշմանը և մի շարք անպատեհություններ ուներ: Բայց անհերքելի է մի բան. վերացվում էին տգեղ, վարկաբեկիչ քողարկումները և դրությունը պարզվում էր վերջապես, իր իսկական կերպարանքով հայտ գալիս: Շատ ավելի գերադասելի էր, որ կուսակցական բյուրոն կառավարեր երկիրը բացահայտորեն, քան քողարկված՝ խորհրդարանի կառավարության անունների տակ:

Աշնան սկզբին ծագեց հայ-թուրքական պատերազմը, որ վերջնականապես կոտրեց մեր մեջքը:

Կարո՞ղ էիք արդյոք խուսափել այդ պատերազմից: Հավանականորեն՝ ոչ:

1918 թվականին ջախջախված Թուրքիան երկու տարի ձգած էր հանգիստ, առանց պարտության հետևանքները ձևակերպելու ու նոր դրություն հաստատելու համար միջոցներ ձեռնարկելու: Այդ երկու տարվա ընթացքում թուրքերը շունչ քաշեցին, կազդուրվեցին: Հանդես եկան երիտասարդ, ձեռներեց ու հայրենասեր զինվորականներ, որոնք Անատոլիայի խորքերում սկսեցին արագորեն վերակազմել բանակը: Թուրքերի մեջ ուժգնորեն արթնացել էր ազգային գիտակցությունը և ինքնապաշտպանության բնազդը: Սևրի դաշնագրին պետք է հակադրեին ռազմական ուժ, որպեսզի ապահոված լինեին իրենց ապագան գոնե Փոքր Ասիայում: Պարզ է, որ այդ հակադրությունը հանդես պիտի բերվեր ոչ այնքան հյուսիս-արևելքում, որքան հարավ-արևմուտքում: Բայց այնտեղ կենտրոնանալու և Հունաստանի դեմ ճակատ պահելու համարպետք էր կանխապես ապահովեին իրենց թիկունքը հայկական սահմանների վրա: Գուցե կարիք ունեին զենքի ու զինամթերքի, որ մենք ամբարել էինք Կարսի ու Ալեքսանդրապոլի պահեստներում: Գուցե և այն, որ պահանջ էին զգում փորձելու իրենց ուժերը նախ թույլ հակառակորդի վրա, որպեսզի ինքնավարություն ձեռք բերեին՝ ավելի մեծ ու դժվար ձեռնարկի համար…

Ոչ ոք չի կարող հաստատել, թե այդ տրամադրություններն ու մտադրությունները թուրքերը իրոք ունեին, բայց հավանական է, որ ունենային , ուստի և հավանական է, որ պատերազմը անխուսափելի էր (քանի որ այն պետք էր թուրքերին):

Այս ենթադրություններով հանդերձ՝ մեկ փաստ մնում է անհերքելի, աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ: Սա՛ է, որ չենք արել:

Ու չենք արել շատ պարզ, բայց նույնիսկ նույնչափ էլ աններելի պատճառով՝ մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ուժերի վրա:  Այստեղ էր հիմնական սխալը: Չէինք վախենում պատերազմից, որովհետև վստահ էինք, թե կհաղթենք: Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ՝ մենք տեղեկություն չունեինք, թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին և չէինք զգուշանում և չէինք զգուշանում: Հակառակը, Օլթիի հապճեպ գրավումը ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ:

Երբ սահմանի վրա զինական ընդհարումները սկսվել էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել: Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը: Եվ դա մեծ հանցանք էր: Ոչ այն մտքով, որ վստահություն կար, թե բանակցությունները հաջողվելու են անպատճառ, այլ այն մտքով, որ մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր (անհավանական, բայց ոչ անկարելի): Համենայն դեպս, մենք որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու:

Պետք է հիշել ու հաշվի առնել, որ 1920թ. աշնանը մենք բոլորովին quantité négligeable (արհամարհելի մեծություն) չէինք թուրքերի աչքում: Նախորդ երկու տարիների զուլումը անցել էր արդեն կամ անցնելու վրա էր. ժողովուրդը մի քիչ կշտացել էր արդեն, մի քիչ հանգստացել, կազդուրվել: Ունեինք բանակ, որ լավ զինված էր անգլիական զենքով ու մաքուր հագնված անգլիական հագուստներով: Ունեինք բավականաչափ ռազմապաշար, մեր ձեռքում էր Կարսի պես կարևոր բերդը: Վերջապես, և որ ամենից ցուցադրելին էր, հրապարակում կար Սևրի դաշնագիրը, որ այն ժամանակ վարկաբեկված մի թղթի կտոր չէր, այլ զորեղ զենք թուրքերի դեմ:

Մեր դրությունը այլևս այն չէր, ինչ էր Բաթումում 1918թ. մայիսին: Մենք կարող էինք հուսալ, թե մեր խոսքը հաշվի կառնվի, մանավանդ, որ իրենք՝ թուրքերը, դեռևս պարտված վիճակի մեջ էին:

Այդ փորձը չարինք:

Ի՞նչ պիտի առաջարկեին մեզ թուրքերը, եթե ընդունեինք բանակցելու հրավերը:

Հավանականորեն  պիտի սկսեցին Բաթումից ու Բրեստ-Լիտովսկից և ապա աստիճանաբար զիջելով՝ հասնեին մինչև 1914 թվականի սահմանները. Գուցե մի քայլ էլ ետ գնային, հրաժարվեին նաև Բայազետից ու Ալաշկերտից: Անհավանական է, որ սրանից ավելի զիջող լինեին նույնիսկ 1920թ. սեպտեմբերին: Փոխարենը, կպահանջեին, իհարկե, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվեր Սևրի դաշնագրով նախատեսված իրավունքներից:

Ի՞նչպես կընդուներ այդպիսի մի առաջարկ Հայաստանի կառավարությունը:

Կմերժեր, անկասկած: Չէր ընդունի, չէր հանդգնի ընդունելու և կգերադասեր պատերազմը: Եվ այդպես կաներ ոչ միայն դաշնակցական Բյուրո-կառավարությունը, այլև ամեն մի ուրիշ հայ կառավարություն: Ընդգծում եմ այս հանգամանքը, որովհետև սրանով զգալիորեն սահմանափակվում է մեր կուսակցության հանցանքի չափը:

Կառավարությունը չէր հանդգնի ընդունելու, որովհետև բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցությունները, ազգային բոլոր դիվանագետները, կոչված և անկոչ հայրենիք փրկողները՝ թե երկրի ներսում, թե մանավանդ երկրից դուրս, բոլորը իբրև մի մարդ կըմբոստանային, կքարկոծեին, միաբերան դավաճան կհայտարարեին այնպիսի մի կառավարությանը: Սևրի դաշնագիրը շլացրել էր բոլորիս աչքերը, կաշկանդել միտքը, մթացրել իրականության գիտակցությունը:

Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920թ. աշնանը՝ Սևրի դաշնագրի գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում:

Սոսկ ենթադրություններն էին սրանք ու կարելիություններ, որ հիշատակում եմ միայն՝ այն ժամանակվա մտայնությունը բնորոշելու համար:

Իսկ փաստը՝ պատերազմն էր:

Փաստն այն էր, աններելի փաստ, ոչինչ չարեցինք պատերազմից խուսափելու համար, հակառակը՝ ինքներս պատերազմի անմիջական առիթ տվ[եց]ինք: Աններելին այն էր, որ տեղյակ չէինք թուրքերի ռազմական կարողության մասին և չէինք ճանաչում մեր սեփական բանակը:

Պատերազմը վերջացավ մեր կատարյալ պարտությամբ:

Մեր բանակը, որ կուշտ էր, լավ զինված ու լավ հագնված, չկռվեց: Զորքերը շարունակ նահանջում էին կամ դիրքերը լքում, զենքերը թափում և ցրվում գյուղերը:

Բանակը բարոյալքված էր ներքին կռիվների շրջանում, անմիտ ավերումների ու անպատիժ թալանների շնորհիվ: Բարոյալքված էր ու հոգնած: Խմբային ու խմբապետական համակարգը, որ մասնավորապես խրախուսվել էր Բյուրո-կառավարության կողմից, քանդել էր զինվորական կազմի ամբողջությունը, միությունը: Բանակի դաստիարակությունը, ռազմական ոգին, կուռ կազմակերպությունն ու կարգապահությունը, ուրեմն և ընդդիմադրական ուժը, թուլացած էին ծայր աստիճանի, ու դա անակնկալ էր կառավարության համար: Կառավարությունը և ինքը՝ զինվորական նախարարը, չէին ճանաչում բանակը:

Ապա մի ճակատագրական սխալ արեց կառավարությունը. զորքերի թիվը ավելացնելու նպատակով նոր ու նոր զինակոչներ էր անում, զենքի տակ առնում հասակավոր, հոգնած, ընտանեկան ու տնտեական հոգսեորով ծանրաբեռնված մարդկանց, հապճեպ ձգում ուսերին զինվորական վերարկուն, հրացանը ձեռն առնում ու անմիջապես ճակատ ուղարկում: Պատրաստի դասալիքներ էին սրանք, որ մի ավելորդ բարոյալքում ու կազմալուծում էին մտցնում զորական շարքերում: