Քաջազնունի. 1918-ի ապրիլի 25-ին թուրքական բանակը գրավում է Կարսը և Ալեքսանդրապոլը

2635

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից

[1918] Ապրիլի 25-ին ընկավ Կարսը: Ընկավ համարյա առանց կռվի, որովհետև Թիֆլիսից ստացվել էր հրաման՝ հանձնել բերդը թուրքերին: Այս դավադրական հրամանը տրվել էր առանց մեր գիտության ու առաջ բերեց այնպիսի զայրույթ հեղինակների դեմ, որ Անդրկովկասյան դաշնակցային հանրապետության քանդումը կարող էր տեղի ունենալ այդ օրը ևեթ:

Բայց փաստը կատարված էր արդեն՝ ռազմագիտական ամենակարևոր կետը՝ մեր ճակատը պաշտպանելու միակ ամուր հենարանը՝ Կարսի բերդը թուրքերի ձեռքում էր: Տատանվելու ու դանդաղելու տեղ չէր մնացել այևս: Սեյմը որոշեց անմիջապես վերսկսել Տրապիզոնում ընդհատված բանակցությունները, համաձայնելով ընդունել իբրև ելակետ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը:

Բանակցությունները վերսկսվեցին Բաթումում (ուր թուրքերը հաստատվել էին արդեն) մայիսի առաջին օրերին:

Բայց թուրքերը փոխել էին արդեն լեզուները. Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը այլևս չէր բավականացնում նրանց: Ասում էին Տրապիզոնից հետո մենք նոր արյուն ենք թափել, պետք է հատուցում ստանանք: Ու պահանջում էին հողային նոր զիջումներ, գլխվորապես Հայաստանի հաշվին:

Վերսկսվեցին երկար ու անպտուղ խոսակցությունները:

Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որի մասին մի ամիս առաջ Տրապիզոնում լսել անգամ չէինք ուզում, այժմ դառել էր մեր միակ ու ամենամեծ իղձը: Բայց թուրքերը մնում էին անողոք, պինդ բռնել էին մեր կոկորդից, բաց չէին թողնում:

Մայիսի 15-ին թուրքական բանակը անցավ Ախուրյանը (Բրեստ-Լիտովսկում որոշված սահմանագիծը), մի քանի ժամվա մեջ տիրացավ Ալեքսանդրապոլին ու շարժվեց դեպի Ղարաքիլիսա:

Դրությունը դառնում էր ծայր աստիճան տագնապալի, վտանգի տակ էր ընկնում Թիֆլիսը՝ Վրաստանի ու Անդրկովկասի մայրաքաղաքը: Իսկ բանակցությունները Բաթումում ոչ մի ելքի չէին հանգում, մնում էին մեռած կետի վրա…

Սեյմում միշտ աճող ներքին անհամաձայնությունները այլևս չեր կարելի հաշտեցնել ոչ մի փոխզիջումով, պայթումը անխուսափելի էր ու անհապաղ:

Վրացիները տեսնում էին, որ մենք մի ավելորդ բեռ ենք իրենց համար, որ առանց մեզ նրանք ավելի հեշտ կկարգավորեն իրենց սեփական գործերը: Իսկ ադրբեջանցիների միակ հոգսն էր այժմ միանալ օր առաջ թուրքերի հետ, անցնել նրանց հովանավորության տակ ու թուրք բանակի վրա հենած, մտնել Բաքու: Թուրքական բանակի հաղթանակից հետո Անդրկովկասյան դաշնությունը այլևս պետք չէր ադրբեջանցիներին, վրացիները ավելորդ էին, իսկ հայերը՝ թշնամի:

Բաժանամն ժամը հնչել էր:

Ու ահա մայիսի 26-ին Սեյմը՝ նկատի առնելով, որ պատերազմի ու խաղաղության խնդրում արմատական տարաձայնություններ կան Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետությունը կազմող ժողովուրդների միջև, հայտարարեց Դաշնությունը լուծված և վար դրեց իր լիազորությունները:

Նույն օրը և նույն շենքում վրց Ազգային խորհուրդը մեծ հանդիսավորությամբ հայտարարեց Վրաստանի անկախությունը:

Հետևյալ օրը նույնն արեց և Ադրբեջանը:

Հերթը Հայաստանինն էր:

Պե՞տք էր արդյոք անկախություն հայտարարեցինք, ի վիճակի՞ էինք արդյոք սեփական պետություն կազմելու ու ապա պահելու այն…

Պարապ հարցեր են սրանք: 1918թ. մայիս ամսի վերջին օրերին այդպիսի հարցեր չէր կարելի դնել: Ընտրություններ անելու տեղ չէր մնացել: Պատմությունը բերել, կանգնեցրել էր մեզ մի որոշ գծի առջև: Պետք է հանդգնություն ունենայինք անցնել վրայից, եթե չէինք ուզում խորտակվել: Պետք է տեր դառնայինք մեր հայրենիքին, ապա թե ոչ՝ կկորցնեինք այն, գուցե՝ անդառնալիորեն: Եթե տատանվեինք, եթե ուշացնեինք մեր հայտարարությունը, Հայաստանը կմնար res nullius (ոչ ոքի պատկանող իր) ու իբրև այդպիսի բաժին կդառնար հարևաններին՝ թուրքերին, վրացիներին, ադրբեջանցիներին:

Մայիսի 28-ին, ուշ գիշերով, Ազգային կենտրոնական խորհուրդը վճռեց հայտարարել Հայաստանի անկախ Հանրապետություն և իրեն՝ հանրապետության գերագույն իշխանություն:

Այդպիսի լիազորություն խորհուրդը չէր ստացել Ազգային համագումարից, բայց կանգ չառավ ձևական արգելքի առջև, և հետագայում ոչ ոքի մտքով չանցկացրեց մեղադրել նրան. այնքան պարզ էր ամենքի համար, որ ուրիշ ելք չկար:

Մայիսի 22-26 տեղի ունեցան Սարդարապատի կռիվները, 25-28-ին՝ Ղարաքիլիսայի կռիվները:

Թերևս վերջին ճիգն էր, որ թափում էր հայ ժողովուրդը իր գոյությունը փրկելու համար: Եվ անկասկած է, որ այդ համառ ճակատամարտերը, այն հերոսական դիմադրությունը (մանավանդ՝ Ղարաքիլիսայինը), որ անսպասելիորեն հայտ բերեց, ոչ թե զորքը (բանակ չկար այլևս), այլ ինքը՝ ժողովրդական զանգվածը: Սա բարձրացրեց մի քիչ մեր արժեքը թուրքերի աչքում ու հնարավորություն տվեց խաղաղության դաշն կնքել:

Հայ պատվիրակները՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության անունից ու Ազգային ժողովի լիազորությունով, վերադարձան Բաթում և հունիսի 4-ին ստորագրեցին դաշնագիրը:

Մի նոր դարաշրջան էր սա հայ ժողովրդի պատմության մեջ՝ վաղուց կորցրած ինքնուրույն պետական կյանքի վերածնունդ: