1918-1919թթ. Հայաստանում սովից և տիֆից մահացել է 192 հազար մարդ. Ջամալյան

1916

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից մի հատված

Սակայն հայ ժողվուրդի բարոյական նկարագիրը շա՜տ ավելի մեծ չափով պիտի խաթարվեր, քան թե որևէ քաղաքակիրթ ժողովրդի: Նրան թալանել էին ահռելի չափերով, նրա շեն գյուղերը, քաղաքները և գավառները հիմնահատակ էին արել, նա հսկայական զանգվածներով կրել էր գաղթի և տարագրության տվայտանքները, ապրել էր մարդուն անասնացնող քաղցի և սովի սարսափները, նա զանգվածաբար կորցրել էր իր արժանապատվությունը՝ վարժվելու մուրացկանության թուք ու մուրին, նրա ընտանեկան կապերը թուլացել և պատվի զգացմունքը բթացել էին ի տես այն բազմաթիվ ու բազմապիսի առևանգումների, բռնաբարությունների և լլկանքների, որոնց ենթարկվեց հայ կինը այս ահավոր վայրիվարուների ժամանակ, նրա սիրտը քարացել էր այն աստճան, որ կարող էր անտարբերությամբ դիտել քաղցից մեռնող երեխայի տանջանքները և անցնել… Հասկանալի չէ՞, որ այս հանգամանքներում եսականությունը, անկարգությունը, թալանի մղումը, ավերելու բնազդները, մարդկաին կյանքի ստորագնահատումը և այլն, և այլն բոլորովին այլ չափերով պիտի հանդես գային հայ ժողովրդի, քան թե որևէ այլ ժողովրդի մեջ…

Ահա այս էր մեր երկրի պատկերն իր ամենաընդհանուր գծերով 1919թ. սկզբին: Եվ այս պայմաններում է, որ Դաշնակցությունը ձեռք զարկեց պետական շինարարության գործին:

Կարծեք այս բոլոր դժվարությունները քիչ էին մեր պետական աշխատանքները կասեցնելու կամ խանգարելու համար ու ահա եղածի վրա ավելացան այնպիսի ահռելի ժողովրդական աղետներ, որոնց հանդեպ ամենակորովի թևերն էլ կարող էին անդամալուծվել և կախվել: Խոսքս վերաբերում է բծավոր տիֆի համաճարակին և սովին, որոնց ուրվականները նշմարվում էին դեռ 1918թ. վերջերին, բայց 1919թ. գարնանը իրենց ամբողջ սարսափով ցցվեցին մեր առաջ:

Մի սոսկալի պատկեր էր ներկայացնում այդ ժամանակ Հայաստանը: Երևանում օրեր էին լինում, երբ մեռնողների թիվը մի քանի հարյուրից անցնում էր: Քաղաքի գերեզմանատանը հին հողաթմբեր չէին երևում այլևս. նորերը բռնել էին հների տեղը: Զինվորական երաժշտախմբի մահերգը չէր դադարում Աստաֆյան փողոցում, որովհետև նա ուղեկցում էր «կարևոր մեռելներին» մինչև այդ փողոցի ծայրը միայն՝ «բոլորին հասնելու համար»: Հիշում եմ, մի օրվա մեջ մենք ինը այնպիսի ընկեր թաղեցինք, որոնց աճյունը պետք էր կանգնեցնել Դաշնակցության տան առաջ՝ դամբանական խոսելու համար: Իսկ քանի՜, քանի՜ հարյուր ընկերներ գնացին աննկատ, առանց դամբանականի և երաժշտախմբի…

Եթե այսպես էր դրությունը երկրի մայրաքաղաքում, ուր որոշ չափով դյուրություններ կային մարդկանց ուտեստ և բժշկական օգնություն հասցնելու համար՝ կարելի է երևակայել գավառների վիճակը, ուր այդ դրությունները չկային կամ ավելի նվազ չափով կային: Ղարաքիլիսայում մեր որբերը փախչում էին որբանոցներից դաշտերը… արածելու համար: Այս կանաչ բերանով, ուռած փորով, վտիտ երեխաները որոնք ձեռն ընկած բույսը արմատախիլ էին անում և առանց հողից մաքրելու համբերությունն իսկ ունենալու կլանում՝ ուղղակի սարսափ էր ազդում մարդու վրա: Դիլիջանում, Ջալալօղլիում և Ղարաքիլիսայում զորքը հացի փոխարեն ստանում էր մի գարշելի ճումբ, որի մեջ ամեն ինչ կար, բացի ցորենից և որը մարսելու համար երկաթյա ստամոքս էր հարկավոր: Զորքը ևս իր քաղցը հագեցնում էր դաշտերում արածելով: Զինվորական հիվանդանոցները բերնեբերան լիքն էին, և հիվանդապահներն ավելի շատ դիակներ կրելով էին զբաղվում, քան հիվանդներին խնամելով: Եվ ինչո՞վ խնամեյին…

Իսկ այն, ինչ կատարվում էր այդ ժամանակ Սարդարապատում, Ղամարլուում և Իգդիրի շրջանում և գաղթականական բարակներում՝ վեր է ամեն երևակայությունից: Հարյուրավոր տների դռներ այս շրջաններում ընդմիշտ փակ մնացին, որովհետև նրանց բոլոր բնակիչները մեռել էին: Մեռելների թիվը այնքան շատ էր և նրանց տերերն այնքան ուժասպառ, որ թաղման գործողություններն էլ չէին կարողանում կատարել: Դիակները օրերով անթաղ մնալով նեխում էին և նոր համաճարակների աղետ պատրաստում: Կառավարությունը հարկադրված էր թուրքերի վրա դնել գերեզմաններ փորելու և դիակները սայլերով գերեզմանատուն փոխադրելու պարտականությունը: Շատ գյուղերում կռիվներ էին տեղի ունենում այն հարցի շուրջ, թե ո՛ւմ մեռելը պիտի շուտ թաղվեր, որովհետև թուրքերն էլ չէին կարողանում ժամանակին հասնել ամենքին… Սովահար շրջաններում կենդանի, շուն, կատու չմնաց, և մարդիկ ձեռնամերձ եղան անասունների լեշերին և մինչև իսկ մարդկային դիակներին…

Այս աղետը, որ տևեց մինչև 1919թ. ամառը, մեջքակոտոր արեց հայ ժողովրդին: Նա տարավ իր հետ, ըստ ներքին գործոց նախարարության տվյալների, 192.000 մարդկային կյանք և թողեց իր հետևից տասնյակ հազարների հասնող ֆիզիկապես քայքայված, աշխատանքի անընդունակ և մինչև իսկ կենսական բնազդները կորցրած բազմություն: 1920թ. ամառը իբրև Զենքի Կոմիսար շրջելով մեր գյուղերը, ես պատահել եմ հարյուրավոր այսպիսի խեղանդամված մարդկանց: Նրանք այնպես էին հյուծվել և ուժասպառ եղել, որ անգամ հաց ունեցած դեպքում գերադասում էին անշարժ պառկել, քան թե որևէ ֆիզիկական աշխատանքի ձեռք զարնել: Շատերը հոգնում, դժվարանում էին մինչև անգամ իմ հարցերին պատասխանել …

Շարունակելի