Քաջազնունու դատողությունները բոլշևիզմի և բոլշևիկների մասին. Վրացյան

1768

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքի:

—–

Քաջազնունին լավ գործ չի տեսել Հայաստանում: Ինչո՞ւ: 1919-ի սկզբին նա Հայաստանից մեկնեց Ամերիկա՝ թողնելով իր հետևը «քաոս» և «ավերածություն»: Մեկ ու կես տարի արտասահմանում ապրելուց հետո, 1920-ի աշնանը վերադարձավ Հայաստան, երբ հայ-թուրքական պատերազմը արդեն հասել էր իր ճակատագրական գծին, և դարձյալ տեսա «քաոս» ու «ավերածություն»: Ի՞նչ էր կատարվել իր բացակայած մեկ ու կես տարվա ժամանակամիջոցում. նա չի տեսել, և նրա գլխում այնպես է տպավորված, որ ո՛չ մի դրական պետական գործ չի կատարվել Հայաստանում:

Բնականաբար, եթե Քաջազնունին ազատ լիներ կանխակալ գաղափարներից, նախքան իր գիրքը հրատարակության տալը աչքի կանցկացներ և ի՛ր հիշողության մեջ կթարմացներ իրական փաստերն ու իրողությունները, որի համար նյութ կգտներ թեկուզ ՀՀ Պատվիրակության արխիվներում: Բայց նա այդ չի արել: Այդ պատճառով, նրա գիրքը ստացել է զրպարտության բնույթ՝ զրպարտություն հայ ժողովրդի ու մտավորականության հասցեին:

Ես գրում եմ՝ «Հայ ժողովրդի ու մտավորականության» և ոչ Հ. Յ. Դաշնակցության, որովհետև Քաջազնունին կուսակցական տարբերություններ չի դնում և ամենքին էլ միևնույն ջրով է լվանում: Ուստի, ափազանց տարօրինակ է ցնծությունը այն տարրերի, որոնք Քաջազնունու գիրքը համարում են երկնքից իջած մի գանձ իրենց կուսակցական նպատակներին հետամուտ լինելու համար: Զարմանալի է ցինիզմը և արժանապատվության բացակայության աստիճանը այդ տարրերի մեջ, որովհետև, եթե Քաջազնունու համար Դաշնակցությունը այլևս «անպետք գործիք» է, այդ տարրերը երբե՛ք չեն էլ եղել պետքական գործիք, միշտ էլ եղել են հակապետական և արհամարհելի:

Մեր իրականությունը այնպես մռայլ ու հուսահատական գույներով նկարագրելուց հետո, Քաջազնունին հանգում է այն եզրակացության, որ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» և որ նրա գործը պետք է շարունակեն և արդեն իսկ շարունակում են հայ բոլշևիկները: Թողնենք, առայժմ, Դաշնակցությունը հանգիստ և տեսնենք Քաջազնունու դատողությունները բոլշևիզմի և բոլշևիկների մասին:

Քաջազնունին անվիճելի է համարում, որ հայկական բոլշևիզմը արտաքին ուժ է Հայաստանի համար. «Բոլշևիզմը հայկական ռեժիմ չէ… հայկական բոլշևիզմը շարունակությունն է ու մի փոքրիկ մասը ռուսական բոլշևիզմի»: «Խորհրդային իշխանությունը անհարազատ է ու անհամնապատասխան հայկական իրականությանը»: «Բոլշևիկյան սիստեմը իր ամբո՛ղջ էությամբ անընդունելի է մեզ համար»: «Բոլշևիկյան սիստեմը չի կարող վերաշինել մեր ավեր երկիրը, ապահովել նրա տնտեսական զարգացումը»: Հայկական «ազգային կազմը աննպաստ է, հակառակ է որևէ դիկտատուրայի… մեր երկրում կայուն դիկտատուրա կարող է իրականացնել միայն դրսի օտար ուժը, բայց ո՛չ երբեք տեղականը»: «Խորհրդային Հայաստանի ո՛չ քաղաքական վիճակը, ո՛չ վարչաձևը, ո՛չ էլ ներքին սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չեն կարող բավարարել մեզ»: «Կրկնել չեմ ուզում, թե որ աստճանի անհամապատասխան է խորհրդային ռեժիմը Հայաստանի իրական պահանջներին. այս խնդիրը ինձ համար չի վերցնում ո՛չ մի վեճ»:

Այս խնդիրը մեզ համար էլ չի վերցնում ո՛չ մի վեճ. բոլշևիզմը և հայ բոլշևիկները արտաքին ուժ են, իրենց բռնապետական իշխանությունը պահում են օտար սվիններով և անհարազատ են ու անպատասխան հայկական իրականության համար: Այս կետում կատարելապես համաձայն ենք Քաջազնունու հետ:

Ո՛չ այնքան վճռականությամբ, բայց և այնպես Քաջազնունու հետ համաձայն ենք և հաջորդ հարցում. այսօր, «տվյալ կոնկրետ պայմաններում», «Հայաստանը պետք ունի բոլշևիկներին»: Պետք ունի, որովհետև հայ ժողովուրդը դրված է մի ծանր երկընտրանքի առջև. «Բոլշևիկները կամ միլլիակնները՝ ուրիշ ընտրություն չունենք»: Մենք գիտենք, հակառակ Քաջազնունու կասկածների, որ այդ երկընտրանքի առջև հայ ժողովրդին դրել են հենց իրենք՝ բոլշևիկները, բայց և այնպես «ուրիշ ընտրություն չունենք»: Վերջերս ընդհանուր գործածություն է ստացել «անհրաժեշտ հարկադրանք» խոսքը. առաջ ասում էին՝ «փոքրագույն չարիք». Հայաստանը կանգնած է ճիշտ այդ անհրաժեշտ հարկադրանքի հանդեպ և ստիպված է լուռ ու անտրտունջ վիզը ճկել թշնամու առաջ, համոզված, որ այս դրությունը ժամանակավոր է և հեռու չէ իսկական ազատության րոպեն:

Մինչև այստեղ հասկանալով և հիմնական խնդրում համաձայնելով Քաջազնունու հետ՝ սրանից հետո մենք բացարձակապես դադարում ենք իրար հասկանալ: Եվ, իրոք, տարօրինակ, անտրամաբան[ական] և անհասկանալի բաներ է ասում նա:

«Ես, գրում է նա, չեմ ճանաչում հայ բոլշևիկներին, չունեմ անձնական ծանոթություններ, հեռվից էլ հնարավորություն չունեմ հետևելու նրանց գործունեությանը, չգիտեմ իշխող մտայնությունը»: Չգիտցած բանի մասին ընդունված է չխոսել, և սպասելի էր, որ Քաջազնունու պես մեկը այդպես էլ վարվեր: Բայց ահա, այսպիսի վճռական խոստովանությունից հետո, նա գալիս է ո՛չ պակաս վճռականությամբ հայտարարելու, որ «հայ բոլշևիկները դաշնակցականներ են, միակ դաշնակցականները», որ «հայ բոլշևիկները մեր ժառանգներն են, որ շարունակելու են ու արդեն շարունակում են մեր գործը… Մենք մերը ար[եց]ինք, լրացր[եց]ինք մի որոշ շրջան: Շարունակությունը նրանց է պատկանում»:

Մարդ ուղղակի մնում է շվարած: Ի՞նչպես թե: Մարդ Աստծո, ասում ես՝ «չեմ ճանաչում հայ բոլշևիկներին», էլ, ուրեմն, ինչպե՞ս կարող ես ասել, թե «հայ բոլշևիկները դաշնակցականներ են» և «շարունակում են մեր գործը»: Երկուսից մեկը՝ կամ հայ բոլշևիկներին չես ճանաչում և, ուրեմն, նրանց մասին կարծիք չես կարող հայտնել, կամ՝ եթե ասում ես, որ նրանք այժմ կատարում են Դաշնակցության դերը, ճանաչում ես, գիտես բոլշևիկներին և առաջին ասածդ հենց այնպես՝ աննպատակ արտասանված խոսքեր են: Հակասությունը ակնհայտ է, չէ՞:

Սակայն, արդար չէ Քաջազնունուց հետևողականություն պահանջել, երբ նա խոսում է բոլշևիկների մասին: Նա այնքա՜ն հավատացած է հայ բոլշևիկների փրկարար առաքելությանը, այնքա՜ն տարված է իր idee fixe-ով, որ նույնիսկ չի էլ նկատում իր հակասական և պարադոքսալ դատողությունները, չի էլ զգում, թե որքա՜ն անհիմն ու անլուրջ են իր փաստարկություններից շատերը:

Այսպես, մեկից ավելի անգամներ և առարկություն չվերցնող ոճով նա հայտարարում է, որ բոլշևիկները Հայաստանի համար օտար ռեժիմ են, դրսից եկած, «անհարազատ» ուժ, որ կմնա իշխանության գլուխ այնքան ժամանակ, որքան ժամանակ կարմիր դրոշը կծածանի Մոսկվայում: Եվ, հանկարծ, այդ օտար ու անհարազատ ուժը դառնում է ժառանգ ու գործերի շարունակողը գերազանցապես «հայկական ուժ» Դաշնակցության: Ինչպե՞ս հաշտեցնել այս աղաղակող, աչք ծակող հակասությունը:

Եթե Քաջազնունին ասեր, թե՝ թեև հայ բոլշևիկները մինչև այժմ եղել են օտար ուժ, բայց այսուհետև կմիանան հայ իրականության հետ ու կդառնան ազգային գործոն, նրան կարելի էր հասկանալ: Անկախ նրանից, թե որքան կոմունիստական վարդապետությունն ու բոլշևիկները ընդունակ են ազգային արտահայտություններ ստանալու,  Քաջազնունու այդ կարծիքը կլինէր հետևողական և կունենար որոշ իմաստ: Բայց Քաջազնունին այդպիսի բան չի ասում. հակառակը, նա գիտի, որ «բոլշևիզմը հայկական ռեժիմ չէ», բայց և այնպես, հակառակ բնության ու բանականության բոլոր օրենքներին, պնդում է, որ այդ ոչ-հայկական ռեժիմը բռնելու է հայկական ռեժիմ Դաշնակցության տեղը:

Կարելի է ենթադրել, որ օտար միջավայրում և օտար նպատակների համար ծնունդ առած մի կազմակերպություն, ընկնելով հայրենի միջավայրի մեջ, հետզհետե կերպարանափոխվի և վերածվի այդ միջավայրին համապատասխան ուժի: Շատ հեռուն չգնանաք, հենց մեր աչքերի առջև կատարվեց նման մի այլափոխություն: Վրաց սոցիալ-դեմոկրատիան, որ հեղափոխությունից առաջ ապագային-աշխարհաքաղաքացիական  կուսակցություն էր, ի վերջո դարձավ ազգային-սոցիալիստական մի կազմակերպություն՝ գրավելով առաջնակարգ դիրք Վրաստանի պետական կյանքում: Կա՞ն նման նշաններ, Քաջազնունին կարո՞ղ է ասել, որ հայ բոլշևիկներն էլ բռնել են էվոլյուցիայի ճամբան: Եթե կարող է և եթե, իրոք, հայ բոլշևիկները վերածնվեն ու դառնան հայ իրականության օրգանական մի մասնիկը, մենք էլ կփոխենք մեր վերաբերումը նրանց հանդեպ: Բայց այդպիսի նշան գոյություն չունի, և Քաջազնունին ինքն էլ ընդունում է, որ հայ բոլշևիկները շարունակում են մնալ ռուսական բոլշևիկների մի մասը:

Այդ բանը հաստատում են և իրական փաստերը: Հայ բոլշևիկները մնում են արտաքին գործոն և նրանց այս կամ այն վարքագիծը ամբողջապես պայմանավորված է Մոսկվայով: Նրանց քաղաքականության «խոհեմ» կամ «ծայրահեղ» արտահայտությունները կախված են միայն նրանից, թե ի՞նչ հրահանգ կտա Պոլիտբյուրոն Մոսկվայից, և ո՛չ մի առնչություն չունեն հայ իրականության հետ: Հայ իրականությունը՝ իրեն համար, բոլշևիկները՝ իրենց համար: Այս հանգամանքը խորապես զգում և գիտակցում է հայ աշխատավորությունը: Եվ տեսեք արդյունքը. երեք տարի է հայ բոլշևիկները իշխում են Հայաստանում, բայց օրգանական ի՞նչ կապ է ստեղծվել նրանց և ժողովրդի միջև: Հենց բոլշևիկների հրատարակած վիճակագրական տվյալները հաստատում են, որ կոմունիստների թիվը Հայաստանում 1923-ին ավելի պակաս է, քան նախկին տարիներին: Գյուղացիությունը ամբողջապես դուրս է բոլշևիկների գաղափարական շրջապատից և ընդիմադիր դիրքում է: Մտավորականության ճնշիչ մեծամասնությունը «հակահեղափոխական» է ու «մանր-բուրժուական»: Բանվորության մեջ ևս բոլշևիզմը իշխող չէ և հետզհետե կորցնում է իր հեղինակությունը: Նոր սերունդը չի ոգևորվում կոմունիստների գաղափարներով: Խորհրդային իշխանությունը, բացի կարմիր բանակից ու Չեկայից, Հայաստանում շատ քիչ հենարան ունի իր ոտքի տակ: Եվ այս իշխանությունն է, որ Քաջազնունու կարծիքով, հայ քաղաքական կյանքի միակ ղեկավարն է լինելու այսուհետև:

Բոլշևիզմը հայկական ռեժիմ չէ: Հայաստանի համար նա, ըստ էութեան, նույնն է, ինչ որ էր ցարական կառավարությունը: Եվ ինչպես որ «տվյալ կոնկրետ պայմաններում» ցարական Ռուսաստանն էլ « անհրաժեշտ» էր հայ ժողովրդին, այնպես «անհրաժեշտ է» այսօր և բոլշևիկյան իշխանությունը: Եվ ինչպես Դաշնակցությունը՝ «միշտ լինելով ու մնալով հայ քաղաքական ազատագրման մարտիկը» և ձգտելով «անկախ պետության»՝ «տվյալ կոնկրետ պայմաններում» չի կռվել ցարական ռեժիմը տապալելու նպատակով, այնպես չի կռվում և այսօր: Բայց ինչպես ցարական ռեժիմը օտար և, վերջին հաշվով, թշնամի ուժ էր հայ աշխատավորության [համար], այնպես և օտար ու թշնամի է բոլշևիզմը: Եվ ինչպես ցարական կառավարությունը չէր կարող Դաշնակցության ժառանգն ու գործերի շարունակողը լինել, այնպես չի կարող և «Մյասնիկյանի ու Լուկաշինի կառավարությունը»: Այս հողի վրա, քանի բոլշևիկները կամ ինքը՝ Քաջազնունին, ավելի լուրջ նյութ չեն ներկայացնի, վեճը պետք է համարել սպառված: Քաջազնունու ոչնչով չհիմնավորված և իր իսկ դատողություններով հերքվող հավատը բավական չէ հայ բոլշևիկներին Դաշնակցության ժառանգը դարձնելու համար:

Հարցի ծանրության կենտրոնը, իմ կարծիքով, գտնվում է ո՛չ թե բոլշևիկ-դաշնակցական ժառանգական վեճի, այլ բոլշևիկների ներկայումս ունեցող քաղաքական արժեքի մեջ: Եվ այստեղ է մեր և Քաջազնունու հասկացողությունների հիմնական տարբերությունը: Դաշնակցությունը, ինչպես և հայ ժողովուրդը, բոլշևիկյան իշխանությանը նայում է իբրև անցողական, ժամանակավոր դրություն, այն ինչ Քաջազնունին համոզված է , որ վաղն էլ նույնն է լինելու, ինչ որ այսօր՝ վաղը «շատ էլ չպիտի տարբերվի այսօրվանից», թեև իր այդ համոզումը ոչնչով չի պատճառաբանում: Քաջազնունին հավատում է, սահման չունի Քաջազնունու հավատը, որ բոլշևիկները նստել են Ռուսաստանում ու Հայաստանում և դեռ երկար ժամանակ նստած պիտի մնան: Նրան չի մտահոգում քաղաքական և, մանավանդ, տնտեսական-ֆինանսական այն սարսափելի վիճակը, որի ճանկերում գալարվում է Խորհրդային Ռուսաստանը: Նա մոռանում է ռուսական հարատև սովը, արդյունաբերության անկումը, գյուղատնտեսության քայքայումը, ՆԷՊ-ի առաջ բերած այլասերումը կոմունիստական շարքերում: Նա չի տեսնում, որ Խորհուրդների վերջին ընտրությունների ժամանակ գրեթե ամբողջ գյուղացիությունը, այսինքն Ռուսաստանի ազգաբնակչության 90 տոկոսը իր քվեն տվեց, այսպես կոչված, անկուսակցականներին: Հենց խորհրդային հանրապետությունների կենտրոնական օրգան «Իզվեստիա»-յի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Խորհրդային երկրների գյուղական խորհուրդների պատգամավորների ութ ու կես տոկոսը միայն կոմունիստներ են: Նա մոռանում է, որ մոտ միլիոնի հասնող կոմունիստական կուսակցությունը այժմ վեր է ածվել 350,000 հոգանոց սակավապետության: Ուրիշ շատ բաներ էլ մոռանում է Քաջազնունին Ռուսաստանի ներկա իրականությունից և տեսնում է միայն, որ բոլշևիկները պինդ կպած են իշխանությանը: Եվ ոչ միայն այդքան. նա այդ բոլշևիկներին համարում է նույնիսկ «իսկական ռուս մարդիկ՝ ռուս ազգային հոգեբանություններով լեցուն ու ռուս ազգային իդեալներով տարված» և դարձյալ  մոռանում է , որ այդ «ռուս ազգային իդեալներով տարված» մարդկանց Ռուսաստանը, ռուս ժողովրդի 95 տոկոսը չի ընդունում, չի ուզում ճանաչել, թշնամի է: