Փերինչեքը հաղթեց, սակայն Հայաստանի Գլխավոր դատախազության պահանջները բավարարվել են

725

Հայաստանի Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացված վճռի առնչությամբ հայտարարությամբ, որում նշում է, որ Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են: Դատախազությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը, այդ գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում, ակնկալում էր, որ Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:

«Հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից: Այնուհետև, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որևէ իրավասություն` անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում:

Դատարանը վճռում նաև արձանագրեց, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաև դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները և դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում:

Եվ վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ  նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում»,- ասված է դատախազության հայտարարության մեջ: