Կարսի պայմանագիրը. 13 հոկտեմբեր, 1921թ.

8189

Հայկ. ԽՍՀ-ի, Ադրբ. ԽՍՀ-ի ու Վրաց. ԽՍՀ-ի միջև` մի կողմից և Թուրքիայի միջև` մյուս կողմից, ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ Կարսում կնքված բարեկամության պայմանագիրը

Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության, Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության և Վրաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության կառավարությունները` մեկ կողմից և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը` մյուս, հավատարիմ ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին, նրանց միջև մշտական սրտագին փոխհարաբերություններ ու երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխախտ ու անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբ խանդավառված, որոշեցին բարեկամության պայմանագիր կնքելու նպատակով Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության մասնակցությամբ սկսել բանակցություններ, որի համար իրենց լիազորներ նշանակեցին`

Հայաստանի կառավարությունը` Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանին, Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Պողոս Մակինցյանին.

Ադրբեջանի կառավարությունը` Պետական վերահսկողության ժողովրդական կոմիսար Բեհբուդ Շախթախթինսկուն.

Վրաստանի կառավարությունը` Ռազմական և ծովային գործերի ժողովրդական կոմիսար Շալվա Էլիավային, Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար և ֆինանսների ժողովրդական կոմիսար Ալեքսանդր Սվանիձեին.

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը` Ադրիանապոլսի կողմից Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշային, Բուրդուրի կողմից Ազգային մեծ ժողովի դեպուտատ Վելի բեյին, Հանրային աշխատանքների պետական քարտուղարի նախկին օգնական Մուխթար բեյին, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեմդուհ Շևքեթ բեյին.

Ռուսաստանի կառավարությունը` Լատվիայում լիազոր ներկայացուցիչ Յակով Գանեցկուն, որոնք իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք համարեցին պատշաճ ու  օրինական և համաձայնեցին ներքոհիշյալի շուրջը.

Հոդված 1. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի կառավարությունները վերացված և ուժից զուրկ են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայում պայմանավորվող կողմերի տարածքների մեջ մտնող, նախկինում իրենց ինքնիշխան իրավունքները կենսագործող պետությունների միջև, և որոնք վերաբերում են վերոհիշյալ տարածքներին, վերացված և ուժից զուրկ են համարվում նաև երրորդ տերությունների կնքած և  Անդրկովկասյան հանրապետություններին վերաբերող պայմանագրերը:

Սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին:

Հոդված 2. Պայմանավորվող կողմերը համաձայն են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե նրանցից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել: Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները համաձայն են չճանաչել որևէ  միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային և ճանաչված չէ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող ազգային կառավարության կողմից:

(Սույն պայմանագրում որպես Թուրքիա հասկացվում են այն տարածքները, որոնք մտած են 1920 (1336)թ. հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանյան պատգամավորների պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին):

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունն իր հերթին համաձայն է չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին և ճանաչված չէ այդ երկրների համապատասխան կառավարությունների կողմից, որոնք այսօր ներկայացնում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Խորհուրդներին:

Հոդված 3. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների կանոնակարգը անհամատեղելի է որևէ երկրի ազգային ազատ զարգացման, ինչպես նաև ինքնիշխան իրավունքների լիակատար կենսագործման հետ, գտնում են, որ այդ կանոնակարգին առնչվող բոլոր գործառություններն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը և համարվում են վերացված:

Հոդված 4. Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը (ըստ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզի` մասշտաբը 1/210000, մեկ մատնաչափում` 5 վերստ) որոշվում է այն գծով, որն սկսվում է Սեւ ծովի ափամերձ Սարպ գյուղի մոտից, անցնում է Խեդիսմթա սարի վրայով, Շավշետ սարի, Քաննիդաղ սարի ջրբաժան գծի երկարությամբ, այնուհետեւ առաջանում է Արդահանի, Կարսի սանջակների հին հյուսիսային վարչական սահմանագծերի` Արփաչայի և Արաքս գետերի հնահունի ուղղությամբ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը: (Սահմանների մանրամասն նկարագրությունը և նրանց վերաբերող հարցերը որոշված են 1-ին և 2-րդ հավելվածներում և կից քարտեզում, որն ստորագրել են երկու պայմանավորվող կողմերը: Պայմանագրի տեքստի և քարտեզի միջև անհամապատասխանություն լինելու դեպքում գերապատվությունը տրվում է տեքստին):

Բնության մեջ պետական սահմանագծի մանրամասն որոշումն ու անցկացումը, ինչպես նաև սահմանանշանների տեղադրումը կատարելու է խառը սահմանային հանձնաժողովը, որին մասնակցում են պայմանավորվող կողմերից հավասար թվով անդամներ և ՌԽՖՍՀ-ի ներկայացուցիչը (Հավելված 4` քարտեզ):

Հոդված 5. Թուրքիայի կառավարությունը և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի երրորդ հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո:

Հոդված 6. Թուրքիան համաձայն է Վրաստանին զիջել Բաթում քաղաքի ու նավահանգստի և սույն պայմանագրի 4-րդ հոդվածում նշված սահմանագծից հյուսիս ընկած ու Բաթումի մարզի բաղադրիչ մասը կազմող տարածքի սյուզերենությունը` պայմանով, որ`

1) սույն հոդվածում նշված վայրերի բնակչությունը վարչական առումով կունենա տեղական լայն ինքնավարություն, որը կապահովի յուրաքանչյուր համայնքի մշակութային և կրոնական իրավունքները եւ բնակչությանը հնարավորություն կընձեռնի հիշյալ վայրերում սահմանել իր ցանկություններին համապատասխանող հողային օրենք.

2) Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստի վրայով ներմուծվող և այնտեղից արտահանող ամեն տեսակ ապրանքների ազատ, անտուրք տեղափոխման իրավունք, տեղի չեն ունենա խափանումներ: Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստից օգտվելու իրավունք և դրա համար նրանից չեն գանձվի առանձին տուրքեր:

Այս հոդվածը կենսագործելու համար սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից կկազմվի հանձնաժողով:

Հոդված 7. Վրաստանի կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը պայմանավորվում են սահմանամերձ գոտու բնակիչների համար դյուրացնել սահմանի անցումը` պայմանով, որ պահպանվեն մաքսային, ոստիկանական եւ սանիտարական կանոնները, որոնք այդ առթիվ կսահմանվեն խառը հանձնաժողովի կողմից:

Հոդված 8. Վրաստանի կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, նկատի առնելով երկու երկրների սահմանամերձ վայրերի բնակիչների համար սահմանից անդին գտնվող ամառային ու ձմեռային արոտավայրերից օգտվելու անհրաժեշտությունը, պայմանավորվեցին այդ բնակիչներին տալ իրենց նախիրների հետ սահմանն անցնելու և սովորական արոտավայրերից օգտվելու իրավունք:

Սահմանն անցնելու մաքսային կանոնները, ինչպես նաև ոստիկանական, սանիտարական և մյուս միջոցառումները կսահմանի խառը հանձնաժողովը:

Հոդված 9. Նեղուցների բացումը և նրանցով բոլոր ժողովուրդների առևտրական նավերի ազատ անցումն ապահովելու համար Թուրքիան և Վրաստանը պայմանավորվում են Սև ծովի և նեղուցների միջազգային կարգավիճակի վերջնական մշակումը հանձնել ափամերձ պետությունների ներկայացուցիչների համաժողովին` պայմանով, որ նրա ընդունած որոշումները չեն վնասի Թուրքիայի լիակատար իշխանությունը, ինչպես նաև Թուրքիայի և նրա մայրաքաղաք Կ. Պոլսի անվտանգությունը:

Հոդված 10. Պայմանավորվող կողմերը պարտավորություն են ստանձնում իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ:

Որոշված է, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և  քաղաքացիական անմիջական իրավասության ներքո:

Հոդված 11. Երկու պայմանավորվող կողմերի այն քաղաքացիների վրա, որոնք գտնվում են մյուս կողմի տարածքում, կտարածվեն հյուրընկալող երկրի օրենքից բխող իրավունքներն ու պարտականությունները, բացառությամբ ազգային պաշտպանության պարտականությունների, որոնցից նրանք կազատվեն.

Երկու կողմերի քաղաքացիների ընտանեկան և ժառանգության իրավունքին ու գործունեության վերաբերող հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից: Դրանք կորոշվեն հատուկ համաձայնությամբ:

Հոդված 12. Կողմերը համաձայն են յուրաքանչյուրի տարածքում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կիրառել առավելագույն բարենպաստության սկզբունքը:

Սույն հոդվածը չի կիրառվում այն իրավունքների նկատմամբ, որոնք խորհրդային հանրապետությունները իրենց տարածքում փոխադարձաբար տվել են դաշնակից խորհրդային հանրապետությունների քաղաքացիներին, ինչպես նաև այն իրավունքների նկատմամբ, որոնք Թուրքիան վերապահել է Թուրքիայի դաշնակից մահմեդական պետությունների քաղաքացիներին:

Հոդված 13. Մինչև 1918թ. Ռուսաստանի մի մասը հանդիսացող և այժմ Թուրքիայի գերիշխանության ներքո գտնվող տարածքների յուրաքանչյուր բնակիչ, եթե ցանկանա, ունի թուրքական քաղաքացիությունից դուրս գալու, Թուրքիայից ազատ հեռանալու և սեփական կայքը, գույքը կամ դրանց արժեքն իր հետ տանելու իրավունք:

Հավասարապես, այն տարածքի բոլոր բնակիչները, որոնց նկատմամբ Թուրքիան սյուզերենությունը զիջել է Վրաստանին, եթե ցանկանան, ունեն վրացական քաղաքացիությունից դուրս գալու, Վրաստանի տարածքից ազատ հեռանալու և սեփական կայքը, գույքը կամ դրանց արժեքն իրենց հետ տանելու իրավունք:

Վերոհիշյալ հոդվածում հիշատակվող բնակիչները, եթե պատշաճ ձևով հայտարարեն հիշյալ տարածքներից հեռանալու իրենց ցանկության մասին, այդ պահից կստանան զինապարտությունից ազատվելու միամսյա իրավունք:

Հոդված 14. Կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված վեց ամսվա ընթացքում կնքել 1918-1920 թթ. պատերազմների հետևանքով գաղթածներին վերաբերող հատուկ համաձայնագրեր:

Հոդված 15. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցանքների և զանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից:

Հոդված 16. Կողմերը համաձայն են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված երկու ամսվա ընթացքում վերադարձնել որևէ կողմի տարածում գտնվող նախկին ռազմագերիներին և քաղաքացիական գերիներին:

Հոդված 17. Կողմերն իրենց երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու նպատակով պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պահպանվեն և որքան հնարավոր է արագ զարգանան երկաթուղային, հեռագրական և հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաև այն նպատակով, որպեսզի առանց որևէ կասեցումների ապահովվեն մարդկանց և ապրանքների ազատ փոխադրումները:

Սակայն համարվում է, որ ճանապարհորդների, ապրանքների փոխադրման, մուտքի և  ճանապարհման վերաբերյալ լիովին կգործադրվեն պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրում այդ մասին սահմանված կանոնները:

Հոդված 18. Առևտրական հարաբերություններ հաստատելու և բոլոր տնտեսական ու ֆինանսական կամ պայմանավորվող երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորելու նպատակով սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Թիֆլիսում կստեղծվի շահագրգռված երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:

Հոդված 19. Կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված երեք ամսվա ընթացքում կնքել հյուպատոսային համաձայնագրեր:

Հոդված 20. Սույն պայմանագիրը, որը կնքված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև, ենթակա է վավերացման:

Վավերագրերի փոխանակումը տեղի կունենա Երևանում, մոտակա ժամանակներում:

Սույն պայմանագիրն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից, բացառությամբ 6, 14, 15, 16, 18 եւ 19 հոդվածների, որոնք ուժի մեջ կմտնեն անմիջապես պայմանագրի ստորագրումից հետո:

Ի վավերացումն շարադրյալի, վերոհիշյալ լիազոր անձինք ստորագրեցին սույն պայմանագիրը և հաստատեցին իրենց կնիքներով:

Կազմված է հինգ օրինակով Կարսում, 1921 (1337) թվականի հոկտեմբերի 13-ին:

Ա. Մռավյան                                                                                                 Քյազիմ Կարաբեքիր

Պ. Մակինցյան                                                                                             Վելի Մուխթար

Բ. Շախթախթինսկի                                                                                    Մեմդուհ Շևքեթ

Շ. Էլիավա

Ա. Սվանիձե

Գանեցկի

Վավերագրերի փոխանակումը կատարված է Երևանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին:

Լուսանկարում՝ վագոնը, որտեղ ստորագրվել է Կարսի պայմանագիրը

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի