Թուրքիան 1993-ի աշնանը սպասում էր Հայաստան ներխուժելու հարմար պահի

11214
Azerbaijani president Haydar Aliyev (L) is welcomed by Turkish President Suleyman Demirel (R) May 5 in Ankara's Esenboga airport. At far right is a Turkish State Minister Abdullah Gul attending the welcoming ceremony for the visiting Azeri President in Ankara. TURKEY

Օզալի մահից հետո Թուրքիայում նախագահի պաշտոնը զբաղեցրեց Դեմիրելը: 1993թ. մայիսի 16-ին, խորհրդարանում ընտրությունների երրորդ փուլում իններորդ նախագահ ընտրվեց Թուրքիայի ամենաերկարակյաց քաղաքական-պետական գործիչը` Դեմիրելը: Հունիսի կեսերին ՙՃշմարիտ ուղի՚ կուսակցության նախագահ Թանսու Չիլլերին նա հանձնարարեց կազմել երկրի նոր կառավարություն: Իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան ունեցավ կին վարչապետ:

Հայ-թուրքական երկկողմ շփումները, հիմնականում` միջազգային համաժողովների շրջանակներում, շարունակվեցին:  Պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր ծավալներ էր ընդունում: Հունիսի կեսերին Ադրբեջանում նախագահ Էլչիբեյը հեռացվեց իշխանությունից: Նրա տեղը զբաղեցրեց Ալիևը:

1993թ. ամռանը, երբ արցախյան ուժերը մտան Աղդամ, նախագահ Դեմիրելի մասնակցությամբ տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ավարտին լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Չեթինն ասաց, որ հայերը` օգտվելով Ադրբեջանի ներքին անկայունությունից, նոր տարածքներ են գրավում: Հայերը չեն կարող այդ տարածքները պահել և դրա դիմաց Հայաստանը շատ թանկ գին է վճարելու, հայտարարեց նա:

1993 թ. հուլիսի 20-ին Բաքու ժամանեց թուրք կամավորների մի մեծ խումբ, որի մի մասն իսկույն ուղարկվեց Աղդամի ռազմաճակատ: Կամավորական խմբի ղեկավարներից մեկը` ԱՇԿ-ի անդամ Քեմալ Չաքըրը, ՙՀյուրիյեթ՚-ին ասել. ՙՄենք չկարողացանք համակերպվել այն մտքի հետ, որ մեր պապենական հողերը անցնում են հայերի ձեռքը: Մենք չէինք կարող տանը նստել, երբ մեր ազերի եղբայրները զոհվում են ռազմաճակատում՚:

Նախկին վարչապետ Էջևիթը պահանջում էր, որ թուրքական կազմավորումները օդային գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցք բացելու նպատակով: Էջևիթը ասել է. ՙԹուրքիան ի վիճակի է նման միջանցք բացել առանց զոհերի` օդային գործողությունների միջոցով: Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում: Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ՚:

Թուրքիայի նախագահ Դեմիրելը նշում էր. ՙԹուրքիան չի խրվի պատերազմի մեջ, որ փրկի Ադրբեջանին: Հայաստանին Ադրբեջանի ժողովուրդն ինքը պետք է հակահարված տա: Եթե Թուրքիան դիմի դրան, ապա Հայաստանի կողմում հանդես կգա Ռուսաստանը, իսկ դա բնավ չի համապատասխանում Թուրքիայի շահերին՚:

1993թ. օգոստոսին ՙՄայր հայրենիք՚ կուսակցության պատգամավորները կառավարությունից պահանջեցին ռազմական միջամտություն: ՙՀուրիյեթը՚ գրեց, որ հայկական սահմանի մոտ տեղակայվել են 50 հազար թուրքական զորքեր: ՙՌոյթերը՚ և ՙՍինհուան՚ հաղորդեցին, որ թուրքական զինված ուժերը զգաստ դրության մեջ են և պատրաստ են նետվել մարտի, իսկ թուրքական ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են կատարում Հայաստանի սահմանների մոտակայքում:

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից կրակ է բացվում Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ: Հայաստանում տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերի պետ գեներալ մայոր Ալեքսանդր Բաբենկոն հայտարարում է, որ ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարությունը մտահոգված է հայ-թուրքական սահմանում թուրքական բանակի զրահատեխնիկայով և հրետանիով լրացուցիչ ստորաբաժանումների ներկայությամբ, որոնք իրականացնում են տեղանքի ինժեներական վերակառուցումը: Սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ղեկավարությունը հետևում է սահմանում տիրող իրավիճակին և միջոցներ ձեռնարկում թույլ չտալու կոնֆլիկտային իրավիճակներ` համաձայն 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի:

Վարչապետ Չիլլերը սպառնացել է, որ այն դեպքում, երբ հայերը կպչեն Նախիջևանին, ինքը կդիմի խորհրդարանին` պատերազմի թույլտվություն ստանալու ակնկալիքով:

Հրավիրվում է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ: Սեպտեմբերի 6-ին Տեր-Պետրոսյան-Դեմիրել հեռախոսազրույցում քննարկվում է հայ-թուրքական սահմաններում նկատվող թուրքական զորքերի կուտակումների խնդիրը:

Սեպտեմբերի 13-ին թուրքական ռազմական մի ինքնաթիռ հետախուզական թռիչքներ կատարեց հայ-թուրքական սահմանի երկայնքով` Արմավիրի հատվածում: Հրազենից երկու անգամ կրակ բացվեց ՀՀ-ի ուղղությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն ապահովում էր Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանների անձեռնամխելությունն ու անվտանգությունը: Սեպտեմբերի 15-ին կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Տեր-Պետրոսյանը հանդիպեց Ելցինի հետ: Նույն օրը Հայաստանի նախագահը և պետնախարար Վազգեն Սարգսյանը հանդիպեցին Գրաչովի հետ:

Փափազյանը դժվարանում է ասել Թուրքիայի` Հայաստանի հանդեպ ձեռնարկելիք ծրագրերի ու նրանց նպատակների մասին: ՙՄեր կողմը դիտարկում էր թուրքական զինուժի տեղաշարժ ու մոտեցում Հայաստանի սահմանին: Շատ լուրջ էինք ընդունում, որ կա իրական վտանգ: Տեր-Պետրոսյանը Ելցինի հետ խոսել էր և ասել, որ Հայաստանը լուրջ վտանգ է տեսնում և ուզում ենք, որ ռուսական կողմը հստակ իր դիրքորոշումը արտահայտի:  Բացի դրանից, մինչ այդ եղել էր նաև Օզալի անզուսպ հայտարարությունը Երևանի վրա մեկ-երկու ռումբ գցելու մասին: Ես չգիտեմ, եթե չլիներ Շապոշնիկովի հայտնի հայտարարությունը, ապա թուրքերի քայլերը ինչպիսին կլինեին: Բայց մենք թուրքական վտանգը բավական լուրջ էինք ընկալում՚:

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններ է մեկնում Երևանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանս դ’ Արթինգը, որին առավելապես հետաքրքրում էր հայ-թուրքական սահմանը` ինչպես Հայաստանը Թուրքիային միացնող հաղորդակցության ուղիները, այնպես էլ Հայաստանի սահմանների ուղղությամբ թուրքական բանակի զորաշարժը:

Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսն իր հուշերում գրում է, որ 1993թ. Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Հայաստան: 1993թ. սեպտեմբերին նախագահ Ելցինը լուծարեց Ռուսաստանի խորհրդարանը: Ի պատասխան` վերջինս պաշտոնազրկեց նախագահին: Արդյունքում ստեղծված պատային իրավիճակը հոկտեմբերի 3-ին վերաճեց արյունահեղ բախման: Խորհրդարանի նախագահ Ռուսլան Խասբուլատովը նախապես գաղտնի համաձայնության էր եկել վարչապետ Չիլլերի հետ: Եթե Խասբուլատովին հաջողվեր դիմակայել Ելցինին, ապա նա ռուսական սահմանապահ զորքերին հանելու էր Կովկասից և Թուրքիային թույլ էր տալու սահմանափակ ներխուժումներ իրականացնել Հայաստանում` պատրվակելով քրդական հարցը:

Պաշտոնական Անկարան Երևանի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով շրջանառության մեջ էր դրել, թե իբր Հայաստանը համագործակցում է Քուրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) գրոհայինների հետ: Չիլլերը քրդերին օժանդակելու մեջ մեղադրել էր Իրաքին, Իրանին, Սիրիային և Հայաստանին:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները որևէ կապ չունեն ՔԲԿ-ի հետ և Երևանում այդ կազմակերպության գրասենյակ գոյություն չունի: Թուրքական լրատվամիջոցները, կառավարության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում` ներքգործնախարար Մեհմեթ Գազիօղլուն պարբերաբար անդրադարձել են Հայաստանի իշխանությունների և ՔԲԿ-ի միջև իբր գոյություն ունեցող կապերին: Նման հերյուրանքների միջոցով, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը, Թուրքիայի իշխանական որոշ շրջանակներ փորձում են հակահայ տրամադրություններ սերմանել թուրքական հասարակական կարծիքի մեջ, վարկաբեկել Հայաստանը միջազգային ասպարեզում, ինչպես նաև խոչընդոտել Հայաստանի ու Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

Խրիզանթոպուլոսը վկայակոչել է թուրքական բանակի տեղաշարժերը սահմանային գծում և Իրաքի վրա հարձակումը 1993թ. հոկտեմբերին: Հայաստանի վրա Թուրքիայի հավանական հարձակման գաղտնի տեղեկությունը նա ստացել էր Երևանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններ Ֆրանս դ’ Արտինգից ու Հարրի Գիլմորից: Զարմանալի է, որ թուրքական վտանգի մասին իր հուշերում չի հիշատակել Երևանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, ով մանրամասնորեն է ներկայացնում 1992-1994 թթ. Հայաստանը:

Խրիզանթոպուլոսը գրում է, որ Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են թուրքական սպառնալիքի մասին, և երկրի Անվտանգության խորհուրդը զորքերը բարձր մարտական պատրաստության է փոխադրել: Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչության պետ (1993-1994թթ.), գեներալ մայոր Էդուարդ Սիմոնյանցը հաստատել է Խրիզանթոպուլոսի պնդումները: ՙՏարբեր ուղղություններով Հայաստանի տարածք թուրքական զորքերի ներխուժման իրական սպառնալիք եղել է մի քանի անգամ, այդ թվում և այն դրվագում, որի մասին խոսում է Հունաստանի նախկին դեսպանը: Թուրքական զորքերի Հայաստան ներխուժման հնարավորության տեղեկատվությունը մեզ մոտ ստացվում էր ոչ միայն դիվանագիտական աղբյուրներից: Անվտանգության խորհրդի որոշմամբ ձեռնարկվեցին համապատասխան միջոցներ: Բուն ներխուժումն այդպես էլ տեղի չունեցավ: Տեղ գտան իրական սպառնալիքներ, ընդհուպ թուրքական բանակը վերատեղաբաշխվեց Հայաստանի հետ սահմանում, հիմնվեցին դաշտային շտաբներ, զորքերը համալրվեցին և’ անձնակազմով, և’ տեխնիկայով, և’ սպառազինություններով՚:

Մինչ թուրքական կողմը 1993թ. երկրորդ կեսին հարմար առիթի էր սպասում` ներխուժումներ կատարելու Հայաստան, ղարաբաղյան պատերազմում հայկական ուժերը, դուրս գալով նախկին ԼՂԻՄ սահմաններից, առաջ էին շարժվում արևելյան, հարավային և հյուսիսային ուղղություններով:

Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 24-ին հայտարարեց. ՙԱդրբեջանի ղեկավարությունը մերժեց հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր նախաձեռնությունները: Այս ամենը, ի թիվս աֆղանցի մոջահեդների և թուրք զինվորականների` մարտական գործողություններում ադրբեջանական բանակի կազմում մասնակցության փաստերի, ցույց է տալիս, որ Ադրբեջանը հույսը դնում է միայն ռազմական լուծման վրա, և նրա ղեկավարության քաղաքականությունն ուղղված է առճակատումը ընդարձակելուն և նրանում այլ պետությունների ներքաշելուն՚:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: