Ցարական Ռուսաստանը և հայ կամավորական ջոկատները. 1914-1915

3022

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ 1923-ին ՀՅԴ խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից 

—-

Մի զեկուցագիր է սա, որ ներկայացրել եմ Հ. Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին, սույն 1923թ ապրիլ ամսին:

Խորապես համոզված լինելով, որ այստեղ արծարծված խնդիրները ամենալուրջ մտածումնների առարկա պիտի լինեն ոչ միայն կուսակցականների, այլև ամեն մի հայ մարդու համար, պարտք համարեցի տպագրության տալ ու հանրային սեփականություն դարձնել զեկուցագիրս:

Տպագրում եմ անփոփոխ ու ամբողջովին, բացի վերջին երեք-չորս էջերից, որ պարունակում է կոնկրետ առաջարկներ ու վերապահվելու են միայն կուսակցական շրջանների համար:

Բուխարեստ, հուլիս 1923թ

Հ. Ք.

ԸՆԿԵՐՆԵ՛Ր

Ինձ համար շատ շատ երկար ու ծանր մտածումների առարկա են եղել այս խնդիրները: Տարակույս չունեմ, որ նույնը և ձեզ համար է: Չգիտեմ միայն, թէ արդյոք դուք էլ հանգել եք նույն եզրակացություններին: Վախենում եմ, թե՝ ոչ: Ավելին ասեմ վախենում եմ, թե իմ վերջին եզրակացությունը՝ այն շատ դժվար արտասանելի խոսքը, որ ես խղճի մտոք պիտի ասեմ այստեղ, վախենում եմ, թե այդ խոսքը ընդհանուր վրդովմունք, գուցե և զայրույթ առաջ բերի խորհրդաժողովում:

Դրան պատրաստ եմ ես:

Խնդրում եմ միայն հավատաք՝ ա) որ ինձ համար ավելի ծանր էր գրել ու ստորագրել այդ խոսքը, քան ձեզ համար՝ լսել այն իմ բերանից, բ) որ թեթևամտության կամ փոքրոգության, անցողակի տրամադրությունների կամ հապճեպ եզրակացությունների արդյունքը չէ այդ խոսքը, այլ խոր համոզմունքի ու խոր գիտակցության, այնչափ, իհարկե, որչափ ընդունակ եմ գիտակցելու և ըմբռնելու դրությունը, դատելու, գնահատելու և ընտրություն անելու:

Ապա շատ խնդրում եմ՝ մի քիչ համբերատար լինեք ու աշխատեք մոտենալ հարցերին անկաշկանդ մտքով, մի բան, որ այնքան էլ հեշտ չէ կուսակցական կյանքով ապրող և կուսակցորեն մտածող մարդկանց համար:

Ներեցեք խնդրիս անվայելչությունը: Ուրիշ պարագաներում այս կարգի խոսքերը կլինեին ավելորդ ու անտեղի, բայց զեկուցմանս բացառիկ բովանդակությունը հարկադրում է ինձ և իրավունք տալիս՝ կոչ անելու ձեր կատարյալ լայնամտության և պարտաճանաչության գերագույն գիտակցությանը:

Անցնում եմ նյութիս:

Եզրակացություններս լայնորեն հիմնավորելու համար մեծ կարիք եմ զգում թարմացնելու ձեր հիշողության մեջ մի քիչ հանգամանքորեն՝ հայ քաղաքական դաշտի ապրած փուլերը՝ Մեծ պատերազմից սկսած մինչև Լոզանի կոնֆերանսը ու Հ. Յ. Դաշնակցության կատարած դերը այդ շրջանում: Բայց վախենում եմ, թե ի չարը գործադրած լինեմ ձեր ուշադրությունը: Ուստի կրճատում եմ խոսքս ու ներկայացնում եմ ձեզ մի շատ սեղմ, ամփոփ ու չոր տեսություն միայն: Թերևս սա էլ ծանրաբեռնի ժողովը, բայց այլ կերպ չեմ կարող մոտենալ ասելիքիս:

Ուրեմն՝ ի՞նչ աստիճաններ է անցել հայ քաղաքական դաշտը 1914 թվականից սկսած, ի՞նչպես են զարգացել, դասավորվել ու միմյանց հաջորդել դեպքերը և ո՞ւր են բերել, մանավորապես՝ ինչ է արել  մեր կուսակցությունը և ինչ ունի անելու սրանից հետո:

Երբ կենտրոնանում եմ այս հարցերի վրա, վերհիշում եմ մոտավոր անցյալը, զտում եմ էականը ոչ էականից, անջատում եմ հիմնական գծերը երկրորդական կամ պատահական մանրամասնություններից ու դասավորում եմ անցքերը ժամանակագրական կարգով՝ մտքիս մեջ պատկերանում է հետևյալը:

 

  1. 1914 թվականի աշնան սկիզբներին, երբ Թուրքիան դեռ չէր մտել պատերազմի մեջ, բայց արդեն պատրաստություններ էր անում մտնելու, Անդրկովկասում սկսվեցին կազմակերպվել՝ մեծ եռանդով ու մանավանդ մեծ աղմուկով՝ հայ կամավորական խմբեր:

Հ. Յ. Դաշնակցությունը, հակառակ իր ընդհանուր ժողովին, որ հազիվ մի քանի շաբաթ առաջ՝ Էրզրումում՝ բացասական որոշում էր տվել, գործուն մասնակցություն ունեցավ թե խմբերի կազմակերպման և թե նրանց հետագա գործողությունների մեջ, Թուրքիայի դեմ:

Այսպիսի մի ծանրակշիռ ու ամենալուրջ հետևանքներով ու ամնալուրջ հետևանքներով հղի ձեռնարկության մեջ, Հ. Յ. Դաշնակցության Անդրկովկասի մարմիններն ու անհատ գործիչները հակառակ գնացին կուսակցության գերագույն մարմնի՝ ընդհանուր ժողովի կամքին:

Ինչո՞ւ:

Ի միջի այլոց (ու մասնավորապես) այն պատճառով, որ վարակվել էին զանգվածային տրամադրություններից, տարվել էին տարերային հոսանքով:

Այս օրինակը պարտադրում է հիշելու և հիշեցնելու, որ Դաշնակցությունը Անդրկովկասի մեջ անցյալներումն էլ եղել է ոչ այնքան հեղինակ ու նախաձեռնող, որքան հետևող այն շարժումների, որոնք առաջ են եկել իրենից անկախ: Այսպես էր 1903 թվականին (ըմբոստացում և ցույցեր եկեղեցական կալվածքների գրավման առթիվ), այսպես էր 1905-1906 թվականներին (հայ-թաթարական արյունահեղ ընդհարումներ), այսպես էր նաև բանվորական առաջին մեծ շարժումների ժամանակ (1903-1906 թվականներին), երբ Դաշնակցությունը ղեկավարվում էր Բաքվում, Թիֆլիսում ու Բաթումում՝ օտար սոցիալիստական կուսակցությունների քաղաքականությունով ու գործելու եղանակներով:

Նույն բնորոշ գիծը արտահայտվել է, ինչպես կտեսնենք մի քիչ հետո՝ նաև մեր հետագա գործունեության մեջ:

Պարապ բան կլիներ հարց դնել այսօր, թէ պե՞տք էր արդյոք ասպարեզ գային մեր կամավորները: Պատմական երևույթները ունեն իրենց սեփական ու անխորտակելի տրամաբանությունը: 1914 թվականի աշնանը հայ կամավորական խմբերը կազմվեցին ու կռվեցին թուրքերի դեմ, որովհետև չէին կարող չկազմել ու չկռվել: Սա բնական ու անխուսափելի հետևանք էր մի հոգեբանության, որով սնվել էր հայ ժողովուրդը առնվազն մեկ քառորդ դար, մի ամբողջ սերունդ, այդ հոգեբանությունը պետք է գտներ իր արտահայտությունը ու գտավ:

Եվ Դաշնակցությունը չէր, որ պիտի կասեցներ շարժումը, եթե նույնիսկ ցանկանար: Նա կարող էր օգտագործել եղած տրամադրությունը, ընթացք ու ելք տալ կուտակված ցանկություններին, հույսերին ու հույզերին, կազմակերպել պատրաստի ուժը՝ այդքան կարողություն ու հեղինակություն ուներ: Բայց հակառակել հոսանքին ու իր սեփական գիծը տանել՝ անընդունակ էր, անընդունակ էր թեկուզ այն միակ պատճառով, որ Դաշնակցությունը ինքը մասսա է, բնազդներով՝ ուժեղ, բայց գիտակցությամբ՝ թույլ:

Էլ ավելի պարապ բան կլիներ հարց դնել այսօր, թե ով է անհատապես պատասխանատու եղածին (եթե առհասարակ դրվելու լինի պատասխանատվության խնդիր): Եթե չլինեին Մեսրովբ եպիսկոպոսը, Ալ. Խատիսյանը, դոկտոր Զավրյանը ու Ս. Հարությունյանը, Դրոն ու Անդրանիկը, նրանց փոխարեն հանդես կգային ուրիշ մարդիկ ու կանեին նույն բանը:

Եթե կամավորական խմբեր կազմելը սխալ քայլ էր,- այդ սխալի անխուսափելի հետևանք էր ու բնական շարունակություն մի քաղաքական ուղղության, որի արմատները պետք էր որոնել շատ ավելի հեռուն ու շատ ավելի խորը: Այժմ կարևոր է արձանագրել այն սոսկ փաստը միայն, որ մենք ամենամեծ չափերով մասնակից ենք եղել կամավորական շարժման և որ այդ արել ենք հակառակ կուսակցական կամքը արտահայտող ընդհանուր ժողովի որոշման:

  1. 1914 թվականի ձմեռը ու 15-ի գարնան առաջին ամիսները ոգևորության ու հույսերի շրջան էր ամբողջ ռուսահայության համար, մեջն առնելով իհարկե և Հ. Յ. Դաշնակցությունը:

Չէինք կասկածում, որ պատերազմը պիտի վերջանա դաշնակիցների կատարյալ հաղթությունով, Թուրքիան պիտի պարտվի, անդամահատ լինի և որ այնտեղի հայությունը պիտի ազատագրվի վերջապես:

Փարվել էինք Ռուսաստանին անվերապահորեն:

Առանց որևէ դրական հիմք ունենալու, տարված էինք այն հավատով, որ ցարական կառավարությունը՝ ի վարձատրություն մեր հավատարմության, մեր ջանքերի ու օգնության՝ պիտի շնորհի ավելի կամ պակաս լայն ինքնավարություն թե՛ Թուրքիայից ազատագրված հայկական վիլայեթներին, թե Անդրկովկասյան Հայաստանին:

Իլյուզիային մի անթափանցիկ մթնոլորտ էինք ստեղծել մեր […] շուրջը: Մեր սեփական ցանկությունները դրել էինք ուրիշների մեջ, մեզ հաճելի իմաստ էինք տալիս անպատասխանատու մարդկանց անբովանդակ խոսքերին, ինքնաներշնչման հիպնոսի տակ կորցրել էինք իրականության գիտակցությունը և տարվել երազանքներով:

Բերանից բերան, ականջից ականջ անցնում էին ինչ-որ խորհրդավոր խոսքեր, որ իբր թե ասվել են փոխարքայի պալատում, շարունակ մատնանիշ էր արվում ինչ որ գրություն (Վորոնցով-Դաշկովի նամակը կաթողիկոսին), որ իբր թե զորեղ փաստաթուղթ էր մեր ձեռքում՝ ապագայում մեր պահանջները ներկայացնելու և իրավունքները պաշտպանելու համար,- վարպետորեն կազմված մի չնչին նամակ, որ ոչինչ չէր պարունակում, բացի ընդհանուր և շատ անորոշ նախադասություններից, որոնց մեջ կարելի էր դնել, ըստ ցանկության, ամեն տեսակ բովանդակություն:

Գերագնահատում էինք հայ ժողովրդի կարողության չափը, քաղաքական և ռազմական արժեքը, ռուսներին մատուցած մեր օժանդակության կարևորությունը: Ու, գերագնահատելով մեր շատ համեստ արժանիքները, բնականորեն չափազանցնում էինք մեր հույսերն ու սպասելիքները:

  1. 1915 թվականի ամռանն ու աշնանը տեղի ունեցան թրքահայերի բռնի տեղահանությունը, զանգվածային աքսորներն ու ջարդերը – մահացու հարված հայ քաղաքական դաշտի համար:

Պատմական Հայաստանի մի կեսը – այն կեսը, ուր՝ 80-ական թվականներից ժառանգած ավանդություններով ու եվրոպական դիվանագիտության որդեգրած ընթացքով՝ մեր անկախության հիմքը պիտի գրվեր – այդ կեսը դատարկվել էր հայ ազգաբնակչությունից, հայկական վիլայեթները մնացել էին առանց հայության:

Թուրքերը գիտեին, թե ինչ են անում ու զղջալու պատճառ չունեն այսօր: Թուրքիայում հայկական խնդիրը արմատապես լուծելու համար սա ամենից կտրուկ և, ինչպես ցույց տվեց ապագան, ամենից նպատակահարմար միջոցն է եղել:

Եվ դարձյալ՝ պարապ բան կլիներ հարց դնել այսօր, թէ ո՞ր չափով անդրադարձել է մեր կամավորների մասնակցությունը պատերազմի մեջ՝ թուրքահայերի աղետալի վիճակի վրա: Ոչ ոք չի կարող ասել, թե վայրագ հալածանքները տեղի չէին ունենա, եթե սահմանի այս կողմը մենք ուրիշ ընթացք բռնած լինեինք, ինչպես դրան հակառակ, ոչ ոք չի կարող ասել, թե հալածանքները կունենային նույն բնույթն ու նույն ծավալը, եթե նույնիսկ ցուցադրած չլինեինք մեր թշնամությունը թուրքերի հանդեպ:

Սա մի խնդիր է, որի մասին կարելի է ունենալ շատ տարբեր կարծիքներ:

Փաստը այն է սակայն, ու սա է էականը, որ թուրքական տիրապետության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսած պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի տարագրության կամ բնաջնջման և Թուրքահայաստանի ամայացման:

Այս էր ահռելի իրականությունը:

Թո՛ղ այնուհետև ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը ցնցվեր զայրույթից անորակելի ոճիրի առաջ: Թո՛ղ պարլամենտների մեջ ու հրապարակային ժողովներում պետական մարդիկ սպառնական խոսքեր արտասանեին մարդասպան թուրքերի դեմ: Թո՛ղ «կապույտ», «դեղին», «նարնջի» ու անեն ուրիշ գույնի գրքեր, ամբաստանող թղթեր հրապարակեին: Թո՛ղ եկեղեցիներում ամեն դավանանքի քահանաներ երկնային բարկություն ու աստվածային պատիժ կանչեին չարագործների գլխին: Թո՛ղ համաշխարհային մամուլը լցներ իր էջերը սարսափեցուցիչ նկարագրություններով ու ականատեսների վկայություններով…

Թո՛ղ… Գործը կատարված էր արդեն և խոսքերը չէին, որ կենդանություն պիտի տային արաբական անապատներում ընկած դիակներին, վերաշինեին ավերված օջախները ու շենացնեին ամայացած երկիրը:

Թուրքերը գիտեին իրենց անելիքն ու արեցին: