«Մեդալ ստանալու համար չէ, որ աշխատել եմ, բայց և համարում եմ, որ արժանի եմ այս պարգևին»

1095

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեց լիբանանցի պատմաբան, գրող, թարգմանիչ, հրատարակիչ, «Նեժի Նաաման» մշակույթի կենտրոնի հիմնադիր Նեժի Նաամանը, ով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հայ-լիբանանյան մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում բոլոր այն երկրներին և անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ցեղասպանությունից վերապրածներին ընդունելու, աջակցելու և սատար կանգնելու գործում:

«Մենք երիցս երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայության կողքին էին այդ դաժան տարիներին, ովքեր մեր կողքին մնացին նաև ցեղասպանությունից հետո և անդուլ աշխատանք տարան հանցագործության ճանաչման ու դատապարտման գործում: Այդ նվիրյալներից մեկն էլ պարոն Նեժի Նաամանն է, ով որպես պատմաբան և գրող՝ իր ստեղծագործություններում մշտապես արծարծում է հայության խնդիրները: Դրա վառ վկայությունն է նրա «Շարունակվող ցեղասպանություն» գիրքը, որի շնորհանդեսն օրեր առաջ տեղի ունեցավ Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում: Եվ պատահական չէ, որ պարոն Նաամանի անունը տեղ է գտել այն անձանց ցանկում, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվեցին Երախտագիտության մեդալով»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ նախագահի կողմից լիազորված է պարոն Նաամանին հանձնել պարգևը:

Ընդունելով բարձր պարգևը՝ Նեժի Նաամանն ասաց. «Մեծ պատիվ է ինձ համար ստանալ նման պարգև: Անշուշտ, մեդալ ստանալու համար չէ, որ աշխատել եմ, բայց և համարում եմ, որ արժանի եմ այս պարգևին: Ես պատմաբան եմ, մանկությունից ծանոթ եմ եղել հայերին, նրանց դժվար ճակատագրին, տեսել եմ նրանց մարդկային հրաշալի որակները և իմ առջև նպատակ եմ դրել  խորությամբ ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը: Եվ եկել եմ այն եզրակացության, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ճանապարհ է հարթել այլ ցեղասպանությունների համար: Եվ մենք այսօր ականատես ենք, թե ինչպես վայրագությունը հարվածում է մարդկային քաղաքակրթությանը: Իմ ստեղծագործություններում և ուսումնասիրություններում ես միայն մի փոքր մասն եմ կարողացել արտահայտել այն զգացումների, որ ունեմ հայ ժողովրդի հանդեպ»:

Շնորհավորելով Նեժի Նաամանին պարգևի առթիվ՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ հանուն արդարության և ճշմարտության տարվող նրա աշխատանքը օրինակելի է հատկապես այս օրերին, երբ միջազգային հանրության աչքի առջև Սիրիայում  հազարավոր մարդիկ զոհվում են կամ դառնում փախստական, քանդվում և ավիրվում են մշակութային դարավոր արժեքներ:

Անվանի գրողին շնորհավորեցին և երախտիքի խոսք ասացին նաև միջոցառմանը ներկա սփյուռքահայ գործիչներ և նախարարության աշխատակիցներ:

http://hayernaysor.am/