Հայ-թուրքական պատերազմը վերջնականապես կոտրեց մեր մեջքը. 1920թ

4439

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ 1923 թվականին ՀՅԴ  խորհրդաժողովին հղած զեկուցագրից:

Աշնան սկզբին ծագեց հայ-թուրքական պատերազմը, որ վերջնականապես կոտրեց մեր մեջքը:

Կարո՞ղ էիք արդյոք խուսափել այդ պատերազմից: Հավանականորեն՝ ոչ:

1918 թվականին ջախջախված Թուրքիան երկու տարի ձգած էր հանգիստ, առանց պարտության հետևանքները ձևակերպելու ու նոր դրություն հաստատելու համար միջոցներ ձեռնարկելու: Այդ երկու տարվա ընթացքում թուրքերը շունչ քաշեցին, կազդուրվեցին: Հանդես եկան երիտասարդ, ձեռներեց ու հայրենասեր զինվորականներ, որոնք Անատոլիայի խորքերում սկսեցին արագորեն վերակազմել բանակը: Թուրքերի մեջ ուժգնորեն արթնացել էր ազգային գիտակցությունը և ինքնապաշտպանության բնազդը: Սևրի դաշնագրին պետք է հակադրեին ռազմական ուժ, որպեսզի ապահոված լինեին իրենց ապագան գոնե Փոքր Ասիայում: Պարզ է, որ այդ հակադրությունը հանդես պիտի բերվեր ոչ այնքան հյուսիս-արևելքում, որքան հարավ-արևմուտքում: Բայց այնտեղ կենտրոնանալու և Հունաստանի դեմ ճակատ պահելու համարպետք էր կանխապես ապահովեին իրենց թիկունքը հայկական սահմանների վրա: Գուցե կարիք ունեին զենքի ու զինամթերքի, որ մենք ամբարել էինք Կարսի ու Ալեքսանդրապոլի պահեստներում: Գուցե և այն, որ պահանջ էին զգում փորձելու իրենց ուժերը նախ թույլ հակառակորդի վրա, որպեսզի ինքնավարություն ձեռք բերեին՝ ավելի մեծ ու դժվար ձեռնարկի համար…

Ոչ ոք չի կարող հաստատել, թե այդ տրամադրություններն ու մտադրությունները թուրքերը իրոք ունեին, բայց հավանական է, որ ունենային , ուստի և հավանական է, որ պատերազմը անխուսափելի էր (քանի որ այն պետք էր թուրքերին):

Այս ենթադրություններով հանդերձ՝ մեկ փաստ մնում է անհերքելի, աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ: Սա՛ է, որ չենք արել:

Ու չենք արել շատ պարզ, բայց նույնիսկ նույնչափ էլ աններելի պատճառով՝ մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ուժերի վրա:  Այստեղ էր հիմնական սխալը: Չէինք վախենում պատերազմից, որովհետև վստահ էինք, թե կհաղթենք: Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ՝ մենք տեղեկություն չունեինք, թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին և չէինք զգուշանում և չէինք զգուշանում: Հակառակը, Օլթիի հապճեպ գրավումը ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ:

Երբ սահմանի վրա զինական ընդհարումները սկսվել էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել: Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը: Եվ դա մեծ հանցանք էր: Ոչ այն մտքով, որ վստահություն կար, թե բանակցությունները հաջողվելու են անպատճառ, այլ այն մտքով, որ մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր (անհավանական, բայց ոչ անկարելի): Համենայն դեպս, մենք որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու:

Պետք է հիշել ու հաշվի առնել, որ 1920թ. աշնանը մենք բոլորովին quantité négligeable (արհամարհելի մեծություն) չէինք թուրքերի աչքում: Նախորդ երկու տարիների զուլումը անցել էր արդեն կամ անցնելու վրա էր. ժողովուրդը մի քիչ կշտացել էր արդեն, մի քիչ հանգստացել, կազդուրվել: Ունեինք բանակ, որ լավ զինված էր անգլիակն զնեքով ու մաքուր հագնված անգլիական հագուստներով: Ունեինք բավականաչափ ռազմապաշար, մեր ձեռքում էր Կարսի պես կարևոր բերդը: Վերջապես, և որ ամենից ցուցադրելին էր, հրապարակում կար Սևրի դաշնագիրը, որ այն ժամանակ վարկաբեկված մի թղթի կտոր չէր, այլ զորեղ զենք թուրքերի դեմ:

Մեր դրությունը այլևս այն չէր, ինչ էր Բաթումում 1918թ. մայիսին: Մենք կարող էինք հուսալ, թե մեր խոսքը հաշվի կառնվի, մանավանդ, որ իրենք՝ թուրքերը, դեռևս պարտված վիճակի մեջ էին:

Այդ փորձը չարինք:

Ի՞նչ պիտի առաջարկեին մեզ թուրքերը, եթե ընդունեինք բանակցելու հրավերը:

Հավանականորեն  պիտի սկսեցին Բաթումից ու Բրեստ-Լիտովսկից և ապա աստիճանաբար զիջելով՝ հասնեին մինչև 1914 թվականի սահմանները. Գուցե մի քայլ էլ ետ գնային , հրաժարվեին նաև Բայազետից ու Ալաշկերտից: Անհավանական է, որ սրանից ավելի զիջող լինեին նույնիսկ 1920թ. սեպտեմբերին: Փոխարենը, կպահանջեին, իհարկե, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվեր Սևրի դաշնագրով նախատեսված իրավունքներից:

Ի՞նչպես կընդուներ այդպիսի մի առաջարկ Հայաստանի կառավարությունը:

Կմերժեր, անկասկած: Չէր ընդունի, չէր հանդգնի ընդունելու և կգերադասեր պատերազմը: Եվ այդպես կաներ ոչ միայն դաշնակցական Բյուրո-կառավարությունը, այլև ամեն մի ուրիշ հայ կառավարություն: Ընդգծում եմ այս հանգամանքը, որովհետև սրանով զգալիորեն սահմանափակվում է մեր կուսակցության հանցանքի չափը:

Կառավարությունը չէր հանդգնի ընդունելու, որովհետև բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցությունները, ազգային բոլոր դիվանագետները, կոչված և անկոչ հայրենիք փրկողները՝ թե երկրի ներսում, թե մանավանդ երկրից դուրս, բոլորը իբրև մի մարդ կընմբոստանային, կքարկոծեին, միաբերան դավաճան կհայտարարեին այնպիսի մի կառավարությանը: Սևրի դաշնագիրը շլացրել էր բոլորիս աչքերը, կաշկանդել միտքը, մթացրել իրականության գիտակցությունը:

Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920թ. աշնանը՝ Սևրի դաշնագրի գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում:

Սոսկ ենթադրություններն էին սրանք ու կարելիություններ, որ հիշատակում եմ միայն՝ այն ժամանակվա մտայնությունը բնորոշելու համար:

Իսկ փաստը՝ պատերազմն էր:

Փաստն այն էր, աններելի փաստ, ոչինչ չարեցինք պատերազմից խուսափելու համար, հակառակը՝ ինքներս պատերազմի անմիջական առիթ տվ[եց]ինք: Աններելին այն էր, որ տեղյակ չէինք թուրքերի ռազմական կարողության մասին և չէինք ճանաչում մեր սեփական բանակը: Պատերազմը վերջացավ մեր կատարյալ պարտությամբ:

Մեր բանակ, որ կուշտ էր, լավ զինված ու լավ հագնված, չկռվեց: Զորքերը շարունակ նահանջում էին կամ դիրքերը լքում, զենքերը թափում և ցրվում գյուղերը:

Բանակը բարոյալքված էր ներքին կռիվների շրջանում, անմիտ ավերումների ու անպատիժ թալանների շնորհիվ: Բարոյալքված էր ու հոգնած: Խմբային ու խմբապետական համակարգը, որ մասնավորապես խրախուսվել էր Բյուրո-կառավարության կողմից, քանդել էր զինվորական կազմի ամբողջությունը, միությունը: Բանակի դաստիարակությունը, ռազմական ոգին, կուռ կազմակերպությունն ու կարգապահությունը, ուրեմն և ընդդիմադրական ուժը, թուլացած էին ծայր աստիճանի, ու դա անակնկալ էր կառավարության համար: Կառավարությունը և ինքը՝ զինվորական նախարարը, չէին ճանաչում բանակը:

Ապա մի ճակատագրական սխալ արեց կառավարությունը. զորքերի թիվը ավելացնելու նպատակով նոր ու նոր զինակոչներ էր անում, զենքի տակ առնում հասակավոր, հոգնած, ընտանեկան ու տնտեական հոգսեորով ծանրաբեռնված մարդկանց, հապճեպ ձգում ուսերին զինվորական վերարկուն, հրացանը ձեռն առնում ու անմիջապես ճակատ ուղարկում: Պատրաստի դասալիքներ էին սրանք, որ մի ավելորդ բարոյալքում ու կազմալուծում էին մտցնում զորական շարքերում:

Նոյեմբերի երկրորդ կեսին, երբ Կարաբեքիր փաշայի հաղթական զորքերը արդեն Ալեքսանդրապոլ էին հասել Բյուրո-կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց իր հրաժարականը: Այլևս չէր կարող մնալ իշխանության գլուխ, պարտված էր ու պարտության իսկ հետևանքով՝ վարկաբեկված: Ապա պետք էր թուրքերի հետ խաղաղության բանակցություններ սկսել և գերադասելի էր, որ բանակցողները նոր մարդիկ լինեին:

Մի փոքր տատանումներից հետո (սկզբում ծրագրվում էր ուրիշ կազմի դահլիճ) կազմվեց Ս. Վրացյանի կառավարությունը՝ դաշնակցականներից ու սոցիալիստ-հեղափոխականներից: Դաշնակցական նախարարները պատկանում էին կուսակցության «ձախ» նկատված թևին: Ինքը՝ նոր վարչապետը, ճանաչված էր իբրև ռուսական կողմնորոշման մարդ, իսկ սոցիալիստ-հեղափոխականները անձնական կապեր ունեին հայ-բոլշևիկյան շրջանակներում:

Մի հեռավոր հույս կար, թե բոլշևիկների հրապարակ գալու դեպքում (մի բան, որի անխուսափելիությունը սկսում էինք հասկանալ արդեն), այդպիսի կազմ ունեցող կառավարությունը թերևս կարողանա մի ընդհանուր լեզու գտնել նորեկների հետ:

Թուրքերը գրավել էին արդեն Ալեքսանդրապոլը:

Միաժամանակ հայ բոլշևիկները, ռուսական կարմիր զորքերի գլուխն անցած՝ մտան Աղստաֆայի կողմից Իջևան ու Դիլիջան:

Կա՞ր արդյոք որևէ համաձայնություն բոլշևիկների ու թուրքերի միջև:

Մեր շարքերում շատ տարածված է այդ համոզմունքը: Կարծում եմ, սակայն, որ սխալ է այդ: Համենայն դեպս, դրական ապացույց չկա: Հավանական է, որ բոլշևիկյան գործակալները (կամ բոլշևիկյան տրամարություն ունեցող անհատներ) աշխատել են քանդել ներսից մեր բանակը: Բայց դրա համար հարկավոր չէր որևէ համաձայնություն թուրքերի հետ. հետո, մեր պարտությունը արագացնելու համար շատ էլ կարևոր չէր բոլշևիկների միջամտությունը: Բավական էին շորագյալցի բիձաները, որոնց միակ միտքն ու միակ ցանկությունն էր՝ շուտով տուն վերադառնալ, հավաքել, կալսել ու ամբարել հացը, իսկ եթե թուրքերը գալու են՝ փախցնել ընտանիքն ու տավարը մի ապահով տեղ…

Բոլշևիկների դավադրությունը չէր մեր պարտության պատճառը, ոչ իսկ թուրքերի ուժը (որ շատ էլ մեծ չէր այն ժամանակ), այլ մեր սեփական ապիկարությունը:

Անշուշտ, բոլշևիկները օգտվեցին մեր պարտությունից և շատ բնական էր դա: Բայց դրա համար անհրաժեշտ չէր, որ կանխապես համաձայնության եկած լինեին թուրքերի հետ:

Դժվար չէ հասկանալ, որ Ռուսաստանում հաղթանակ տանելուց և Ադրբեջանում հաստատվելուց հետո, բոլշևիկների հետևյալ քայլը պիտի լիներ մտնել նաև Վրաստան ու Հայաստան: Ժամանակի ծնդիր էր սա: Պետք էր ընտրել մի բարեհաջող ժամ՝ գործողությունը առանց գլխացավանքների կատարելու համար: Հայաստանի ժամը հնչեց, ու բոլշևիկները ար[եց]ին այն, ինչ չհաջողեցան անել մայիսին: