Ինչո՞ւ 1920-ի աշնանը հայերը չկռվեցին ներխուժող թուրքերի դեմ. Սիմոն Վրացյան

3988

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից՝ ի պատասխան Հովհաննես Քաջազնունու:

Քաջազնունին հարց է տալիս. «Կա՞ր արդյոք որևէ համաձայնություն բոլշևիկների և թուրքերի միջև»:

Եվ պատասխանում է. «Մեր շարքերում շատ տարածված է այդ համոզմունքը: Կարծում եմ, սակայն, որ սխալ է այդ. համենայն դեպս, դրական ապացույց չկա… Բոլշևիկների դավադրությունը չէր մեր պարտության պատճառը, ոչ իսկ թուրքերի ուժը (որ շատ էլ մեծ չէր այն ժամանակ), այլ մեր սեփական ապիկարությունը»: Այս կետում էլ Քաջազնունին սխալվում է: Ճիշտ է, սկզբում այն կարծիքը կար, որ թուրքերի ուժը շատ էլ մեծ չէ, բայց հետո պարզվեց, որ թուրքերը մեր դեմ հանել էին առնվազն 20,000 կանոնավոր զորք: Այս թվի մասին կարելի չէ ասել «շատ էլ մեծ չէր», երբ նույն ժամանակ Սարիղամիշ-Մերդենեկ գծի վրա ունեինք ընդամենը 300 զինվոր:

Որ «մեր սեփական ապիկարությունը» դեր խաղում էր, ես չէ, որ պիտի հերքեմ: Բայց որ «մեր պարտության պատճառը բոլշևիկյան դավադրությունն էր», Քաջազնունին չէ, որ պիտի հերքի: Եղել է՞ արդյոք թուրքերի ու բոլշևիկների միջև ձևական համաձայնություն Հայաստանի դեմ, այդ ո՛չ ես կարող եմ հաստատել, ոչ էլ Քաջազնունին կարող է ժխտել: Այդպիսի պաշտոնական փաստաթուղթ հրապարակի վրա չկա, բայց որ թուրք-բոլշևիկյան գործնական քայլերից շատերը ուղղվել են Հայաստանի դեմ, այդ չի կարող վեճի նյութ ծառայել:

Արձանագրենք մի քանի փաստեր:

Հայտնի է, որ Ադրբեջանը խորհրդային դարձավ քեմալականների ջանքերով: Խալիլ փաշա, Քյազիմ բեյ և ուրիշներն էին, որ բոլշևիկներին բեր[եց]ին Բաքու և այնտեղից էլ Զանգեզուրի վրայով առաջնորդեցին Նախիջևան: Խորհրդային Ադրբեջանի առաջին քայլը եղավ հեռագրական վերջնագիր ներկայացնել Հայաստանի կառավարությանը Ղարաբաղ-Զանգեզուրի շրջաններից հայկական զորքերը դուրս բերելու համար: Ադրբեջանի խորհրդայացման հետ մեկտեղ ամբողջ Հայաստանում բռնկվեցին բոլշևիկյան ապստամբություններ, և գրեթե անընդհատ, թե՛ մինչև հայ-թուրքական պատերազմը, և թե՛ պատերազմի ընթացքում կարմիր զորամասերը  պաշարման վիճակի մեջ էին պահում Հայաստանի հյուսիսային սահմանները: Թե՛ բոլշևիկյան ապստամբությունների և թե՛ հյուսիսային սահմանների վրա կատարված հարձակումների հետևանքով երկիրը ահագին նյութական ու բարոյական ուժ վատնեց ու թուլացավ: Մեր պարտության պատճառ եղող դավադրությո՞ւն է այս, թե՝ ոչ, թո՛ղ Քաջազնունին ինքը որոշի:

Թե Շուշի-Նախիջևան խճուղով և թե Սև ծովի նաահանգիստներով բոլշևիկները մեծ քանակությամբ ոսկի, ռազմամթերք, թնդանոթներ, անթել հեռագիր, փոխադրության միջոցներ և պարեն ուղարկեցին Տրապիզոն և Էրզրում: Այդ ռազմամթերքով ու դրամով Քյազիմ Կարաբեքիր փաշան զինեց ու կազմակերպեց իր բանակը և ուղղեց դեպի Հայաստանի սահմանները: Կարսն ու Ալեքսանդրապոլը նվաճվեցին բոլշևիկյան զենքերով: Մեր պարտության պատճառ եղող դավադրությո՞ւն է այս, թե՝ ոչ, թող Քաջազնունին ինքը որոշի:

Հիմա արդեն հայտնի է, որ Քյազիմ Կարաբեքիրի սպայակույտում եղել են բոլշևիկ գործակալներ, որոնք կապ են պահել Հայաստանում պահված բոլշևիկների հետ և վերջիններից տեղեկություններ են ստացել: Լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ նույնիսկ Լեգրանը հարաբերության մեջ է եղել թուրք հրամանատարության հետ: Անհերքելի է նաև այն, որ Թիֆլիսից ու չեզոք շրջանից բոլշևիկները թռուցիկներ ու պրոպագանդիստներ են ուղարկել հայկական զորքերի մեջ և աշխատել նրանց բարոյալքել: Փաստ է նաև, որ երբ թուրք[ական] բանակը մոտենում էր Ալեքսանդրապոլին, բոլշևիկյան կոմիտեն ընդառաջ է գնացել կարմիր դրոշակով և բոլշևիկ  ներկայացուցչի առաջին խոսքը եղել է . «Ողջո՛ւյն թուրք ազատարար բանակին, որ գալիս է ազատելու մեզ  դաշնակների դժոխքից»…* *Կարող եմ ճառախոսի անունը տալ. Քյազիմ Կարաբեքիրի բանակին ողջույնի ճառ խոսողը եղել է Ալեքսանդրապոլի նորակազմ հեղկոմի ներկայացուցիչ օր. Նուշիկ Զավարյանը:

Մեր պարտության պատճառ եղող դավադրությո՞ւն է այս, թե՝ ոչ, թո՛ղ Քաջազնունին ինքը որոշի:

Ահա ինչ է գրված ֆրանսիացի հայտնի պատմաբան Հանրի դը Ուենդելի խմբագրությամբ հրատարակվող «Սովետների պատմությունը» գրքում. «Ամենակարևոր փաստը, որ մենք պետք է այստեղ հիշատակենք, ռուս-թուրքական դաշինքն է: Կնքված 1920թ. հունիսին և լրացված զինվորական համաձայնությամբ, որ ստորագրվեց հոկտեմբերի 27-ին Սվազում Ռադեկի, Վոլսկիի, Էլիավայի և  Ահմեդ Մուխթարի կողմից, դաշինքը հաստատված է նախ և առաջ Սևրի դաշնագրի բացասման վրա: Նա մերժում է կատարելապես Դաշնակիցների վերահսկողությունը նեղուցների վրա, ջնջում է բոլոր անդամահատումները, ճանաչում է օսմանյան վեհապետությունը թուրքական հողերի ամբողջության վրա, վերջապես հաստատում է համերաշխություն Անկարայի կառավարության հետ արտաքին իմպերիալիզմի դեմ մղվող կռվում: Ռուսաստանը դրամ է տալիս Մուսթաֆա Քեմալի ձեռնարկի համար և նրա տրամադրության տակ է դնում Կովկասի զենքերի պահեստներ և բազմաթիվ գործարաններ ռազմամթերքի ապսպրանքներ կատարելու համար:

«Այս դաշինքի հետևանքները բազմաթիվ են և շատ կարևոր: Բացի Բաքվի արևելեան ժողովուրդների համագումարից, որի բանաձևերը կքննենք հաջորդ գլխում, մենք պետք է անմիջապես նկատենք, որ այս դաշնագրի հիման վրա էր, որ Մուստաֆա Քեմալի բանակները 1920-ի սեպտեմբերի 19-ին արշավեցին Հայաստանի դեմ: (Ընդգծումը իմն է. Ս. Վ.)»:

«Այս արշավանքը հասավ իր նպատակին, խորհրդային ռեժիմը հայտարարվեց Հայաստանի ամբողջ տարածության վրա, և Ռուսաստանի, Ադրբեջանի, Անկարայի և Հայաստանի խորհրդային կառավարությունները ստորագրեցին միության և եղբայրության դաշնագիր»:

Այս նույն փաստը հաստատվում է և մի ուրիշ աղբյուրից. «Ռըվյու դյու Մոնդ Մյուսլիման» լուրջ և շատ իրազեկ ամսագիրը հաղորդում է, որ կապ կա Կարաբեքիր փաշայի Հայաստանի դեմ սկսած պատերազմական  գործողությունների և Բաքվի Արևելյան ժողովուրդների համագումարի միջև, որին ներկա էր և Էնվէր փաշան: Նույն տեղ[ում] ասվում է նաև, որ քեմալականները ստանում էին բոլշևիկներից պատերազմը շարունակելու համար անհրաժեշտ ռազմամթերք, անթել հեռագրի գործիքներ, ծանր թնդանոթներ և այլն:

Մեր պարտության պատճառ եղող դավադրությո՞ւն է այս, թե՝ ոչ, թո՛ղ Քաջազնունին ինքը որոշի:

1920թ. հոկտեմբերի 10-ին Երևան եկավ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը և 13-ին Հայաստանի կառավարությանը ներկայացրեց մի նոտա, որով պահանջում էր.

  1. Խորհրդային Ռուսաստանին իրավունք տալ հայկական երկաթուղիներով ու խճուղիներով տեղափոխելու զորք ու ռազմամթերք թուրքական բանակին միանալու համար:
  2. Հրաժարվել Սևրի դաշնագրից:

Եվ այս արվում էր այն ժամանակ, երբ թուրքերը Բեգլի Ահմեդի տակ կանգնած՝ սպառնում էին Հայաստանին:

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի կառավարությունը պաշտոնական տեղեկություն ստացավ, որ 12 օր առաջ Տուափսեում ստացվել է Մոսկվայից 16 վագոն հրացան ու փամփուշտ և անմիջապես շոգեմակույկներով փոխադրվել Տրապիզոն, պարպվել ռուսական նավամատույցի թիվ 1 պահեստում և ապա բաժանվել է չեթեներին, որոնք ուղղվել են հայկական ճակատ: Այս մասին մեր կառավարությունը անմիջապես հայտնեց Մոսկվա և Դաշնակիցների Թիֆլիսի ներկայացուցիչներին:

Խորհրդային Ադրբեջանի պաշտոնաթերթ «Կոմունիստը» թուրքերի Հայաստանի դեմ սկսած պատերազմի առթիվ իր հոկտեմբերի թիվ 137-ում գրում է. «Հարավ-Արևմտյան Կովկասի (Կարս-Արդահան-Բաթում) հանրապետության կառավարության հինգ անդամները՝ երեք մահմեդական, մեկ հույն և մեկ ռուս, որոնք 1919 թվին անգլիացիների կողմից ձերբակալված էին Կարսում և աքսորված Մալթա կղզին , փախել են գերությունից և վերադառնում են հայրենիք, որպեսզի նորից՝ Երրորդ Կոմունիստական Ինտերնացիոնալի օգնությամբ, ձեռք առնեն երեք միլիոնանոց մահմեդական ազգաբնակչութեան ազատագրության գործը Դաշնակների և մենշևիկների ձեռքից»: Նույն թերթը գոհունակությամբ արձանագրում է, որ Մուստաֆա Քեմալի զորքերը գրավել են Կարսի ու Բաթումի նահանգները, Ախալցխան, Սուրմալուն ու Շարուրը:

1920թ. օգոստոսի 6-ին Հայաստանի հետախուզական մասի վարիչը հաղորդում է Թիֆլիսից. «Բաթումում ու Բաքվում երիտասարդ թուրքերը բանակցել են բոլշևիկների հետ և համաձայնության են եկել միասին դուրս գալու Եվրոպական իմպերիալիստների դեմ: Քեմալականները բավական մեծ գումար են ստացել բոլշևիկներից այդ ուղղությամբ աշխատելու համար: Հայաստանը ճանաչված է անվստահելի, Անտանտի կողմնակից: Թուրքերի նպատակն է պահպանել Թուրքիայի ամբողջությունը և ամեն ջանք գործ[ի] դնել անկախ Հայաստանի ստեղծումը խանգարելու»:

1920թ. սեպտեմբերի 20-ին Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը տեսնվում է Լեգրանի հետ և հարցնում, թե արդյոք Խորհրդային Ռուսաստանը հարկ չի՞ համարում ճնշում գործ[ադրել]  իր դաշնակից թուրքերի վրա սկսված հարձակումը կասեցնելու նպատակով: Լեգրանը խոստանում է հեռագրել Մոսկվա: «Բայց, նկատում է Հայաստանի ներկայացուցիչը իր զեկուցման մեջ, ինձ թվաց, որ սա սոսկ դիվանագիտական պատասխան էր: Ես կարծում եմ, որ այս խաղը սկսված է ո՛չ առանց Սովետական Ռուսաստանի օգնության՝ մեզ նեղ պայմանների մեջ դնելու դիտավորությամբ»:

Մեր պարտության պատճառ եղող դավադրություննե՞ր են սրանք, թե՝ ոչ, թո՛ղ Քաջազնունին ինքը որոշի:

Քաջազնունին համոզված է , որ «բոլշևիկների դաւադրությունը չէր մեր պարտութեան պատճառը». թո՛ղ նա ինքը խօսի իր խղճի հետ: Իմ խիղճը և իմ ունեցած փաստերը հակառակն են ասում: Իսկ երբ բացուին Մոսկուային արտաքին աշխարհի համար գոցուած արխիւնները և հրատարակութեան տրուին գաղտնի վաւերագրերը, անշուշտ Քաջազնունին էլ կը համոզուի, թե ի՜նչ մեղք է վերցնում նա իր հոգու վրա հանդէպ պատմութեան ու հանդէպ հայ ժողովրդի իր այս ո՛չ մի իրական տուեալի վրա չհիմնուած կարծիքներով:

Այս նյութը վերջացնելուց առաջ հիշեմ ևս մի դեպք: 1919 թվի աշնանը Երևանում ստացվեց Դաշնակցության Պոլսի Պատասխանատու մարմնի ուղարկած բոլշևիկ-քեմալական գաղտնի դաշնագրի պատճենը: Դաշնագիրը ստորագրված էր, լավ չեմ հիշում՝ Սամսոնում կամ Տրապիզոնում, և պատճենը ձեռք էր բերված շատ վստահելի աղբյուրից: Երևանում այդ թուղթը ահագին հուզում առաջ բերեց, և ընկ. Ա[րշակ] Ջամալյանը, Ռ[ուբեն] Տեր-Մինասյանը ու ես Հ. Յ. Դաշնակցության Բյուրոյի կողմից մեկնեցինք Թիֆլիս, որպեսզի բոլշևիկյան աղբյուրից իմանանք ճշմարտությունը: 1920թ. հունվարի սկզբին Ռ[ուբեն] Տեր-Մինասյանը, Թիֆլիսի մեր Կենտրոնական կոմիտեի մի անգամ և ես տեսնվեցինք Համառուսական կոմունիստական կովկասյան բյուրոյի ընդհանուր քարտուղար Հ. Նազարեթյանի հետ, ով գաղտնի ապրում էր Վրաստանի մայրաքաղաքում և վարում իրենց կուսակցության գործերը: Մենք հարցրինք. 1. ճի՞շտ է արդյոք, որ բոլշևիկների և քեմալականների միջև կնքված է գաղտնի համաձայնություն և 2. ճի՞շտ է, որ այդ համաձայնությունը ուղղված է նաև Հայաստանի դեմ: Նազարեթյանը բոլշևիկ-քեմալական համաձայնության փաստը չհերքեց և կմկմալով ու շփոթվելով շատ երկար խոսում էր այն մասին, որ խորհրդային իշխանությունը ճնշված ժողովուրդների պաշտպան է և, հետևաբար, չի կարող չպաշտպանել նաև հայ ժողովրդին: Մեր դրած պարզ հարցին պարզ պատասխան չստացանք, և Նազարեթյանի խոսքերից այն համոզումը գոյացրինք, որ, իրոք, բոլշևիկ-քեմալական գաղտնի համաձայնությունը կարող է ուղղել նաև Հայաստանի դեմ…