Սեպտեմբերի 21-ից 25-ը անցկացրի Իրանում, եթե ավելի ճիշտ ասեմ՝ Երևան-Թեհրան-Երևան ավտոբուսում, իսկ երկու գիշեր ու երեք օր՝ հարևան իսլամական հանրապետության մայրաքաղաքում՝ 15 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանում:
Ավելի քան քսան անգամ եղել եմ հարավային հարևան երկրում, լուսաբանել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, Հայաստանի նախագահի և արտգործնախարարի այցեր: Ես լրագրողական ճամփորդությունների սիրահար եմ, քանի որ առաջին հերթին անմիջական շփումների, շարքային քաղաքացիների հետ հանդիպումների ու զրույցների միջոցով է նաև հնարավոր ամբողջական պատկերացում կազմել դրացի երկրի, նրա ժողովրդի, հարևան պետությունների հետ հարաբերությունների, ներքաղաքական կյանքի, ավանդությունների ու նիստուկացի մասին:
Այս անգամ Թեհրան էի մեկնում իրանահայ մի քանի կազմակերպությունների հրավերով՝ ներկայացնելու միանգամից մի քանի գրքեր և պատասխանելու շնորհանդես-երեկոյին ներկաների հարցերին: Վերջին անգամ ավտոբուսով Թեհրան էի մեկնել ու վերադարձել 1990-ականների կեսերին, երբ նոր էր շահագործման հանձնվել Արաքսի կամուրջը: Դա նաև իմ առաջին այցն էր ոչ միայն Իրան, այլ նախկին Խորհրդային Միության սահմաններից դուրս:
Երևանից Թեհրան հեռավորությունը մոտ 1200 կիլոմետր է: Ավստրալիայի հայերի հանգանակած գումարներով Արաքս գետի վրա կառուցված նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող կամուրջը հայ-իրանական շփումները, առաջին հերթին` մարդկային, ավելի ընդլայնվեցին: Ամեն տարի հազարավոր իրանցիներ, այդ թվում` իրանահայեր, իրենց արձակուրդն անց են կացնում Հայաստանում: Նրանց մեծագույն մասը Հայաստան հասնելու համար օգտվում է ավտոբուսներից կամ անձնական ավտոմեքենաներից: Շատերը հենց ցամաքային ուղին են նախընտրում, քանի որ այն մի քանի անգամ էժան է օդանավից: Երևան-Թեհրան-Երևան ավտոբուսի տոմսն արժե 100 դոլար:
Քսան տարի է անցել ավտոբուսով իմ առաջին և վերջին այցելությունից, սակայն ճանապարհները չեն փոխվել. Հայաստանում ճանապարհ չկա բառիս բուն, ուղղակի և անուղղակի իմաստներով, Իրանում ճանապարհները գերազանց վիճակում են: Հայաստանի այս իշխանություննե՞րը պետք է Հայաստան-Իրան երկաթուղի կառուցեն: Այս իշխանությունները համապատասխան գումարների առկայության պայմաններում անգամ չեն կարողանում Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցել: Ավելին, այս իշխանությունները չեն կարողանում անգամ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի փոսերը լցնել, իսկ ասֆալտը՝ նորմալ կարկատել:
Երևանից Թեհրան ավտոբուսը հասնում է ուղիղ մեկ օրում: Ես, հերթական անգամ հյուրընկալվեցի Ջոմհորիյե Էսլամի պողոտայի հարևանությամբ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու “Վաչե Հովսեփյան” հյուրատանը: Եկեղեցու հարևանությամբ է գտնվում Քուշեշ-Դավթյան հայկական հայտնի դպրոցը, այսօր՝ դպրոցի շենքը, որը վարձով տրվել է պարսկական մի մասնավոր դպրոցի, քանի որ քաղաքի այս հատվածում հայեր ու հայ դպրոցականներ գրեթե չեն մնացել:
Արտագաղթը իրանահայ համայնքի թիվ մեկ խնդիրն է: Իր ամենաբարեկեցիկ շրջանում՝ 1970-ականների կեսերին, Թեհրանում և ողջ Իրանում հայության թիվը անցնում էր 200 հազարից: Թեհրանում այն տարիներին հայ աշակերտների թիվը հասնում էր 12-13 հազարի: Այսօր երեք հազարից պակաս է: Բարեբախտաբար, Իրանի հայության արտագաղթող մի հատվածը ժամանակավոր կամ մշտապես հաստատվում է Հայաստանում: Իսկ հիմնական հատվածը արտագաղթում և հաստատվում է Գլենդեյլում:
Իրանի հայությունը, սակայն, անգամ այսօր, երբ թվաքանակը կրճատվել է չորս անգամ, ապրում է եռուն մշակութային, մարզական ու քաղաքական կյանքով: Ըստ գործող Սահմանադրության, խորհրդարանի 290 աթոռներից երկուսը պատկանում է հայերին: Այսպիսով, խորհրդարանական ընտրություններում իրանահայությունը քվե տալիս է մրցակցող հայ թեկնածուներին: Վերջին ընտրություններում խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Ռոբերտ Բեգլարյանն ու Կարեն Խանլարյանը:
ՀՅԴ անդամ Խանլարյանը սեպտեմբերի 23-ի երեկոյան միացել էր համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներին և եկել էր Թեհրանի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնատեսի՝ ունկնդրելու իմ ելույթը: Դա ոչ այնքան ելույթ էր կամ դասախոսություն, որքան միանգամից չորս գրքերի շնորհանդես, որին հետևեց հարց ու պատասխան բաժինը:
Միջոցառումը կազմակերպել էին Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիրը, Իրանահայ ազգային և մշակութային միությունը, Աշխարհատեսների հայկական կենտրոնը եւ «Արաքս» շաբաթաթերթը: Ես ներկայացրեցի վերջերս հրատարակված «Զօրավար Անդրանիկ» գիրքը, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» հուշագրությունը, ինչպես նաև՝ իմ հեղինակած երկու հատորները` «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»: Քանի որ իմ հեղինակած գրքերը երկու տարի առաջ ևս, այն ժամանակ՝ Թեհրանի Հայկական ուսումնասիրությունների “Հուսկ” կենտրոնում, ներկայացնելու հնարավորություն էի ստացել, այս անգամ ավելի շատ կանգ առա «Զօրավար Անդրանիկ»-ի և Օսկանյանի հուշագրության վրա: Երկու գրքերն էլ կարդացվում են մեկ շնչով:
Ձեռնարկի երկրորդ՝ ավելի երկար հատվածում, ես պատասխանեցի ներկաների հարցերին և լսեցի նրանց մեկնաբանությունները: Ներկաները՝ Թեհրանահայ համայնքի քաղաքական, ազգային, կրոնական ու միութեանական տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թեմական խորհդից, ինչպես նաև համատեղ միջոցառումը կազմակերպած կառույցների պատասխանատուները, հարցեր էին ուղղում ինչպես ներկայացված չորս հատորների մասին, այնպես էլ, և առաջին հերթին՝ հետաքրքրվում Հայաստանով:
Իմ լրագրողական երկու տասնամյակների գործունեության ընթացքում այցելել եմ շուրջ չորս տասնյակ երկրներ, բազմաթիվ դասախոսություններ ու ելույթներ ունեցել հայ համայնքների ներկայացուցիչների համար և կարող եմ ասել, որ բոլոր այդ համայնքները մեկ հարցում նման, շատ նման են միմյանց: Նրանք բոլորը ապրում են Հայաստանով ու Արցախով:
ՀԲԸՄ-ի սրահում հավաքվածների հարցերը վերաբերում էին Արցախյան հակամարտությանն ու Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, արտաքին քաղաքականությանն ընդհանրապես, ներքին քաղաքականությանը, Սահմանադրական բարեփոխումներին, Հայաստանը արյունաքամ անող արտագաղթին, անգամ Մարտի 1-ին ու Հոկտեմբերի 27-ին:
Հարցերը հետաքրքրական էին: Հարց տալուց իսկ հասկանալի էր դառնում, թե ինչքան լավ տեղյակ են նրանք Հայաստանի ներքաղաքական անցուդարձին, որքան լավ են պատկերացնում հայրենիքի խնդիրներն ու դժվարությունները: Քաղաքականապես և մտածողության առումով Իրանի հայ համայնքը մեր ամենից հասուն գաղութներից է և կարող է մրցել Լիբանանի հետ:
Ժամանակի սղության պատճառով հնարավորություն չունեցա շփվելու իրանցի լրագրողների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հետ: Այս տարի մեր տարածաշրջանում և աշխարհում կարևորագույն զարգացումներից մեկը արձանագրվել է հենց Իրանում կամ Իրանի հետ: Երկար տարիների տնտեսական ու առևտրային շրջափակումից և պատժամիջոցներից հետո Իրանը Արևմուտքի հետ ամիսներ առաջ ստորագրեց համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս մեր հարևան պետությանը հաղթահարելու երկար տարիներ շարունակվող տնտեսական ճգնաժամն ու քաղաքական մեկուսացումը:
Թաթուլ Հակոբյան