ՀՅԴ-ից բացի, 1918-1920-ին Հայաստանում կազմակերպված կուսակցություն չկար

2102

Հատված Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի։

—–

Պետք է կանգ առնել և Քաջազնունու դատողությունների վրա Հայաստանի խորհրդարանի ու կառավարության մասին: Կարծես լուսնից է իջել նա և չգիտի, թե ինչ հանգամանքներում ստեղծվեցին ու գործում էին այդ հիմնարկությունները:

Նա Հայաստանի համար այնպիսի պահանջներ է դնում, որոնք այսօր չեն գործադրվում նույնիսկ Անգլայի և Ֆրանսիայի պես առաջադեմ ու ռամկավար երկրներում: Եվ դարձյալ ես չեմ ուզում աչք գոցել և՛ խորհրդարանի, և՛ կառավարության թերությունների վրա: Շատ էին նրանք և խոշոր, բայց ո՛չ այն, որ Քաջազնունին է ցույց տալիս և ոչ էլ Դաշնակցության կամքով ստեղծված, ինչպես ճգնում է ցույց տալ նա:

Բոլորովին անճիշտ է ու անիրական Քաջազնունու այն պնդումը, թե Դաշնակցությունը դիտավորյալ կերպով աշխատել է ուրիշ կուսակցություններին քիչ տեղ տալ խորհրդարանում և բոլոր աթոռները իրեն է վերապահել: Համենայն դեպս, մեղքը Դաշնակցությանը չէր, որ «մյուս քաղաքական կուսակցություններից ներկա էր միայն սոցիալիստ-հեղափոխականը»… Հակառակը, եթե Քաջազնունին այն ժամանակ լիներ Հայաստանում կամ եթե փորձեր իրողություններին տեղյակ դառնալ, հեշտությամբ կհամոզվեր, որ Դաշնակցությունը ամեն կերպ աշխատեց, որ մյուս կուսակցությունները նկատելի չափով ներկայանան խորհրդարանում, և նույնիսկ առաջարկեց հայ ժողովրդական կուսակցությանը իր աջակցությունը, որպեսզի [այդ կուսակցությունը] կարողանա գեթ 10-15 պատգամավոր անցկացնել խորհրդարան, բայց այդ բոլոր ջանքերը ի դերև ելան: Ինչո՞ւ: Որովհետև Դաշնակցությունից զատ Հայաստանում կազմակերպված կուսակցություն չկար: Այս պարագան Քաջազնունուն շատ լավ հայտնի է և նա հենց ինքն է մատնանշել այդ փաստը «Ճակատամարտ»-ում հրատարակած իր հոդվածաշարում: Այսօր նա մոռացել է այդ հանգամանքը և գալիս է Դաշնակցության գլխին բարդելու այնպիսի մեղադրանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Այո՛, Դաշնակցությունը շատ էր ուզում, որ հայ ժողովրդական կուսակցությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին, բայց չմասնակցեց: Գիտի՞ Քաջազնունին, թե ինչու: Եվ եթե գիտի, ինչո՞ւ դատապարտության մի խոսք էլ նրանց չի ուղղում և ամբողջ պատասխանատվությունը բարդում է Դաշնակցության վզին:

Հայ ժողովրդական կուսակցությունը բոյկոտեց Հայաստանի առաջին խորհրդարանի ընտրությունները ո՛չ սկզբունքային նկատումներով. սկզբունքով նա համաձայն էր ընտրություններին: Նա նույնիսկ որոշել էր մասնակցել, և նրա Կենտրոնական կոմիտեն, որ Թիֆլիսում էր գտնվում, կազմել և Երևան էր ուղարկել ընտրելիների ցանկը: Այս էլ շատ բնորոշ է. հայ բուրժուազիայի միակ կուսակցությունը մինչև վերջ էլ չկամեցավ տեղափոխվել Հայաստան, իր կենտրոնական մարմինը պահեց Վրաստանում և այնտեղից էր վարում Հայաստանի գործերը: Ինչո՞ւ:

Բայց հենց այդ ցանկը պատճառ  դարձավ  հետագա բոյկոտի: Ուղարկված ցանկի առաջին տեղերում թիֆլիսցի թեկնածուներ էին, իսկ երևանցիներին վերապահված էին վերջին տեղերը: Երևանցիներից միայն մեկի՝ Գր. Տեր-Խաչատրյանի անունը տրված էր վեցերորդ թե յոթերորդ տեղում և հավանականություն ուներ ընտրվելու, մնացյալները շատ հեռու էին և ընտրվելու հույս չէին կարող ունենալ: Այս փաստը ահագին հուզում և դժգոհություն առաջ բերեց հայ ժողովրդական կուսակցության Երևանի կոմիտեում: «Թող իրենք գան և տանեն ընտրական գործը. մենք չկանք»,- ասում էին վրդովված երևանցիները: Եվ այնուհետև մոտ մի շաբաթ Երևանն ու Թիֆլիսը բանակցում էին՝ նամակով, հեռագրով, ուղիղ հեռագրաթելով: Երկու կողմերի հարաբերությունը սրվեց  այնպես, որ անխուսափելի էր համարվում պառակտումը: Բայց, ի վերջո, ելքը գտնվեց. Հայաստանի խորհրդարանի ընտրությունների դեմ հայտարարվեց բոյկոտ, որովհետև… դաշնակցական կառավարությունը մայիսի 28-ի հայտարարությունը հրատարակելուց առաջ չէր ստացել Պողոս փաշա Նուբարի համաձայնությունը: Այսքան էր հայ բուրժուազիայի պետական գիտակցությունը:

Քաջազնունին քաջ գիտի նույնպես, թե ինչո՞ւ խորհրդարանում չէին ներկայացված կամ քիչ էին ներկայացված մյուս հոսանքները: Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ կուսակցությունը նոր էր կազմվել, ընդամենը մի երկու տասնյակ անդամ ուներ և, բնականաբար, չէր կարող ձայներ շահել: Հայ Սոցիալիստ-հեղափոխականները անցկացրին 4 պատգամավոր և դա կատարելապես համապատասխանում էր նրանց տեսակարար կշռին երկրում:

Դաշնակցությունից հետո, միակ խոշոր զանգվածը Հայաստանում, եթե կուզեք՝ անկուսակցականներն են,  քաղաքականապես անգիտակից, եսական նեղ հաշիվներով ապրող, հաճախ բութ և հավաքական, ձեռնարկների անընդունակ, նախաձեռնություններից զուրկ մի բազմություն: Դաշնակցությո՞ւնն էր մեղավոր, որ միակ ինքն էր կազմակերպված, լայն ժողովրդական ու պետական գիտակցություն ունեցող կուսակցությունը: Դաշնակցությո՞ւնն էր պատասխանատու, որ հայ իրականությունը քիչ էր շերտավորված, և խորհրդարանում ուրիշ հոսանքների կարևոր ներկայացուցչություն չկար:

Սրանով չեմ ուզում ասել, թե ընտրությունների ժամանակ տեղի չեն ունեցել անկանոնություններ ու զեղծումներ: Իհարկե, ունեցել են: Բայց ամենավճռական  կերպով հետ եմ մղում այն անարդար մեղադրանքը, թե Դաշնակցությունը հակաօրինական միջոցներ է գործածել ընտրությունների ժամանակ: Անկանոնություններ ընտրությունների ժամանակ պատահում են և ամենաազատ ու ռամկավար երկրներում. Ամերիկան ձեզ փայլուն օրինակ, բայց դրանք կազմում են ստվերավոր կողմը պառլամենտական կարգերի: Հայաստանի պես նորակազմ ու հետամնաց երկրում, իհարկե, այդ ստվերավոր կողմերը ավելի շատ էին, բայց, վերջին հաշվով, դրանք խորհրդարանի բնույթը որոշող գործոնները չէին:

Այս առթիվ Քաջազնունին հանդիմանում է մեզ. «Չէինք հասկանում, որ այդպիսի կազմ ունեցող պառլամենտը՝ պառլամենտ չէ, այլ միայն պառլամենտի ծաղրանակար: Չէինք հասկանում, որ դա մի սոսկալի ապացույց է, թե որ աստիճանի անպատրաստ է մեր ժողովուրդը պետական կյանքի համար, որ աստիճանի տգետ է ու անփույթ՝ իր քաղաքական իրավունքների հանդեպ»: Ո՛չ, հասկանում էինք, շատ լա՛վ էինք հասկանում, բայց պատասխանում եմ  հենց Քաջազնունու խոսքերով՝ «այդքան էր հայ ժողովրդի կարողությունը, ավելին չուներ ու այսօր էլ չունի»: Չկա հայ իրականության մեջ ուրիշ գիտակից ու կազմակերպված ուժ, որ պատասխանատու դեր ստանձներ Հայաստանի քաղաքական կյանքում, և մենք ստիպված եղանք, սեղմված ատամներով, «մեր վրա վերցնել անբաժանելիորեն ամբողջ իշխանությունը, մեր վրա վերցնել նաև ամբողջ պատասխանատությունը»:

Ո՛չ, հասկանում էինք , որ «մեր սեփական դաստիարակության համար մեծ կարիք ունեինք, որ մի զորեղ ընդդիմություն կանգնած լիներ մեր կողքին, միշտ զգաստ պահեր մեզ, ի կարգ հրավիրեր և թույլ չտար, որ դուրս գայինք օրենքի ու իրավասության սահմաններից», մենք փնտրում էինք, նույնիսկ աշխատում էինք արհեստական միջոցներով ստեղծել խորհրդարանում այդպիսի ընդդիմություն, բայց չկար, և Քաջազնունին շատ լավ գիտի, ինչու չկար: Որովհետև Հայաստանի կյանքում էլ չկար կազմակերպված ընդդիմություն: Չեմ ասում՝ հայ կյանքում, որովհետև Թիֆլիսում, Պոլսում, Փարիզում ու Ամերիկայում կար, բայց Քաջազնունուն շատ լավ հայտնի է, որ Դաշնակցությունը չէր Հայաստանի դռները նրա առջև փակողը: Այդ ընդդիմությունը Հայաստան գալիս էր միայն այն ժամանակ, երբ նրան նախարարական աթոռներ էին առաջարկում. այլ պարագաներում չէր ուզում Հայաստանի երեսը տեսնել:

Իսկ Հայաստանի ընդդիմությո՞ւնը… Քաջազնունին պետք է ճանաչելիս լինի և Հայաստանի ընդդիմությունը. նրա մի մասը անհամբեր սպասում էր, թե ե՞րբ պիտի վերադառնա Հայաստանի «իսկական տերը»՝ Ռուսաստանը, իսկ մյուս մասը… այդ մյուսն էլ «ղավուրմայից» այն կողմ չգնաց… Քաջազնունին վերագրում է Դաշնակցության անհանդուրժող ոգի դեպի ուրիշ կուսակցությունները: Ավելի անարդար և ավելի անհիմն մեղադրանք դժվար է երևակայել: Ի՞նչ էր Հայաստանի Խորհուրդը սկզբից մինչև վերջ. ովքե՜ր էին այդ Հայկ Ազատյանները, Տիգրան Մուշեղյանները, Լ. Ղուլյանները, Ա. Մելիքյանները, ո՞ւմ էին ներկայացնում նրանք, ո՞վ էր նրանց ընտրել և մի՞թե Դաշնակցության լայնախոհությունը չէր, որ այդ տարօրինակ  բազմությունը դեսից-դենից հավաքված սոցիալ-դեմոկրատների, սոցիալիստ-հեղափոխականների, հայ ժողովրդականների ու բոլշևիկների բազմել էր Հայաստանի անդրանիկ օրենսդիր ժողովում: Եվ ինչո՞վ էր զբաղված այդ բազմություը: Քաջազնունին այն ժամանակ վարչապետ էր՝ գիտեր, ի՞նչ պետական իմաստություն ու շնորհք ցույց տվեց նա: Բացի կուսակցական նեղ ու ողորմելի խծբծանքներից, կրքոտ ճառերից ու մանակամիտ թոթովանքներից ուրիշ ի՞նչ դրական գործ կատարեց նա: Ինչո՞ւ են այդքան շուտ մոռացվում փաստերը, և ո՞վ է մոռացողը…

Խորհրդարանի կազմը աննորմալ պայմանների հետևանքով դարձել էր աննորմալ, բնականաբար և նրա աշխատանքներն էլ պիտի լինեին աննորմալ: Այո՛, «վստահեցուցիչ էր» Հայաստանի խորհրդարանը, բայց դրա պատճառը, տեսանք արդեն, Դաշնակլցության մենատիրության տենչը չէր,այլ Հայաստանի իրականությունը: Պարզ էր, երբ 80 անդամից 72 հոգին պատկանում էին մի կուսակցության, խորհրդարանական նորմալ աշխատանք չէր կարող կատարվել, և խորհրդարանը պիտի վերածվեր կուսակցական խմբակցության: Եվ դարձյալ Քաջազնունին չէ, որ պիտի գրեր, թե Դաշնակցությունը չէր գիտակցում դրա անպատեհությունները: Պարլամենտարիզմ Հայաստանում, իհարկե, չկար, բայց կուզեի հարցնել Քաջազնունուն. պատերազմի ու հեղափոխության շրջանում որտե՞ղ է եղել պարլամենտարիզմ: Մեր հարևան Վրաստանո՞ւմ, թե՞ Ադրբեջանում, Թուրքիայո՞ւմ, թե՞ Հունաստանում, Ֆրանսիայո՞ւմ թե՞ Իտալիայում… Ամեն տեղ ժողովրդի վստահությունը վայելող մի կուսակցություն է պետական գործերը վարողը և, անշուշտ, դրա մեջ մի իմաստ ու անհրաժեշտություն կա: Ինչո՞ւ Հայաստանի համար պահանջել այն, ինչ որ Հայաստանից շատ ավելի նպաստավոր պայմաններում գտնվող երկրներում գոյություն չունի…

Էականը այդ չէ: Էականն այն է, թե արդյոք գիտակցվո՞ւմ էր այս աննորմալ վիճակը, ձգտում նկատվո՞ւմ էր նրանից ազատվելու, արդյոք որո՞նք էին պետական սկզբունքները, ի՞նչ հիմքերի վրա էր կառուցվում հանրապետության շենքը: Եվ այստեղ Քաջազնունին չի կարող ասել, որ Դաշնակցության իդեալը մենատիրական, դիկտատորական իշխանության հաստատումն էր: Հակառակը, հազար ու մի փաստերով կարելի է ապացուցել, որ Հայաստանի պետական կյանքը զարգանում էր դեմոկրատիզմի ուղղությամբ և կամաց-կամաց ստեղծվում ու ամրանում էին ռամկավար կարգեր:

Այս բոլորից հետո, ավելորդ ու մանր խծբծանքներ են նկատվում Քաջազնունու հեգնանքները մայիս 5-ի coup d’état -ի՝ «բյուրո-կառավարության» կազմության մասին: Այո՛, այն զտարյուն դիկտատուրա էր, և իմ հասկացողությամբ՝ չարիք, ինչպես չարիք է ամեն դիկտատուրա: Բայց լինում են պատմության մեջ շրջաններ, երբ չարիքը դառնում է անհրաժեշտություն, ինչպես Քաջազնունին Հայաստանի համար այսօր անհրաժեշտ է համարում բոլշևիկյան չարիքը: Բոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում ճնշվեց միայն այդ «անհրաժեշտ չարիքի» շնորհիվ: Եթե Դաշնակցության Գերագույն մարմինը այն պահին տատանովեր, իր ձեռքը չառներ երկրի բովանդակ իշխանությունը և ամբողջ կուսակցությունը շարժման մեջ դրած չլիներ, ես չգիտեմ՝ արդյո՞ք բոլշևիկյան ապստամբությունը կարելի պիտի լիներ ճնշել: Դաշնակցության Բյուրոյի սխալը այն չէր, որ նա կյանքի հրամայական թելադրության հետևանքով հարկադրված եղավ, հակառակ Ընդհանուր ժողովի որոշման, պետության ղեկը իր ձեռքը առնել: Նա հանցավոր կլիներ, եթե այդպես չվարվեր: Սխալը եղավ այն, որ նա բոլշևիկյան շարժումը զսպելուց հետո էլ մնաց իշխանության գլուխը: Այս սխալից բխեցին և մի չարք ուրիշ սխալներ, բայց սա արդեն ուրիշ պատմություն է և դրա մասին չէ Քաջազնունու խոսքը: