Թուրքերը Արցախում` Շուշին ենթարկվեց, մինչդեռ գյուղերը կռիվ տվեցին. 1918-1919

2477

1918թ. աշնանը դաշնակիցների պահանջով Օսմանյան կայսրության բանակները թողել էին Անդրկովկասը: Պարսկաստանից անմիջապես Բաքու մտան բրիտանական զորքերը գեներալ Վիլյամ Թոմսոնի հրամանատարությամբ: Օսմանյան զորքերի մնացորդները ձուլվեցին ադրբեջանական բանակի մեջ և շարունակեցին մնալ Ելիզավետպոլի նահանգում, որի մաս էր կազմում նաև Ղարաբաղը:

Մինչև 1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում Ժամանակավոր կառավարության իշխանությունը Ղարաբաղի վրա տարածվում էր Օզակոմի միջոցով: Որպես Օզակոմի ներկայացուցիչ Թիֆլիսից գործուղվել էր շուշեցի Միքայել Ղարաբեկյանը: Երբեմն-երբեմն ավազակային հարձակումները չհաշված, հայերի և թաթարների միջև հարաբերությունները բնական էին: 1918թ. նրանք ձևավորել էին համատեղ կոմիտե, ընտրել կոմիտեի յոթական հայ և թաթար անդամներ, իսկ նախագահի պաշտոնը վստահել չեզոք մարդու:

Հայ-թաթարական անդորրը շարունակվեց մի քանի ամիս` մինչև 1918 թ. ամառը, երբ Նուրի փաշայի գլխավորությամբ Կովկաս մտան Իսլամի բանակի զորքերը: Վրացյանը գրում է, որ օսմանյան մի բրիգադ Եվլախից ուղղվեց դեպի Շուշի` ճանապարհին ռմբակոծելով ու զինաթափելով հայկական գյուղերը: Միաժամանակ հարձակման ենթարկվեց և ոչնչացվեց Շուշիից դեպի Զանգեզուր տանող ճանապարհին ընկած Ղարաղշլաղ հայկական մեծ գյուղը:

Երբ 1918թ. մայիսի վերջերին Թիֆլիսում հռչակվեցին անդրկովկասյան երեք հանրապետությունները, անմիջապես հետո թաթարական կառավարությունը Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները հայտարարեց նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ` ձգտելով օսմանյան զորքերի օգնությամբ վերահսկողություն հաստատել Ղարաբաղի ու Զանգեզուրի վրա:

Հուլիսի 22-24-ը Շուշիում տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը միաձայնությամբ որոշեց, որ Ղարաբաղը Հայաստանի մասն է: Համագումարը նաև ընտրեց տեղական կառավարություն, որը պիտի Ղարաբաղը ղեկավարեր` մինչև նրա միացումը Հայաստանին:

Այս կառավարությունը գլխավորեց դաշնակցական Եղիշե Իշխանյանը:

Սեպտեմբերի սկզբին, սակայն, օսմանյան և թաթարական ուժերը վերջնագիր ուղարկեցին Ղարաբաղի կառավարությանը` վայր դնել զենքը, դիմադրություն ցույց չտալ օսմանյան զորքին, թողնել ազատ մուտքը Շուշի և ճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը: Ղարաբաղի հայերի երկրորդ համագումարում` սեպտեմբերի կեսերին, կառավարությունը վերանվանվեց Ղարաբաղի Ազգային խորհուրդ: Վերջնագիրը մերժվեց, սակայն մի քանի օր անց Ազգային խորհուրդն առանձին նիստում որոշեց ՙճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը, քանի որ Ղարաբաղի հարցը պիտի որոշվի Պոլսի կոնֆերանսում, երեսանց զինաթափ լինել` ժողովրդի հին ու փչացած զենքերը հանձնելով, թուրքական մի վաշտի թույլ տալ մտնելու Շուշի, կառավարության կազմ հրավիրել տեղի թուրք ներկայացուցիչների՚:

Սեպտեմբերի կեսերին թուրք-թաթարական համատեղ ուժերի կազմակերպած և իրականացրած Բաքվի հայերի կոտորածների լուրը հուսահատեցրեց Ղարաբաղի շատ ղեկավարների: Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանը և առևտրական դասի ազդեցիկ ներկայացուցիչները հոկտեմբերին կայացած երրորդ համագումարին մղեցին զիջման` կոտորածը կանխելու նպատակով: Երբ 5000-անոց օսմանյան զորքը բարձրացավ Ասկերանի կիրճով, համագումարը համաձայնվեց վերջնագրին և բացեց ճանապարհը դեպի Շուշի: Օսմանյան զինվորական իշխանությունները Ղարաբաղի հայ բնակիչներին խոստացան խաղաղություն, բայց շուտով Շուշիում ձերբակալեցին 60 ղեկավարների ու մտավորականների:

Օսմանյան ուժերը պահանջեցին զենքները հանձնել և հպատակություն հայտնել Ադրբեջանին: Այդ օրերին Աղդամ եկավ Նուրի փաշան, ով իր հետ Գյանջայից բերել էր երկու ազդեցիկ մարդու` տեղի հայ ղեկավարության ներկայացուցիչ Սերգեյ Տեր-Իսրայելյանին և Լևոն վարդապետին: Նրանք պետք է հայերին հորդորեին և համոզեին զենք չբարձրացնել թուրք-թաթարական ուժերի դեմ, հարցերը կարգավորել փոխադարձ պայմանավորվածության հիմքով, որպեսզի ՙԳանձակի և նրա լեռնային շրջանի հայության կյանքն ու գույքը ևս չենթարկվեն վտանգի՚:

Վրացյանի խոսքերով` օսմանյան թուրքերն առանց կռվի մտան Շուշի և զինաթափ արին հայերին: Երբ թուրքերը տեղափոխում էին գրավված զենքերը, հայերը հարձակվեցին ու գրավեցին, որի պատճառով թուրքերը կախեցին երեք հայերի: Զինաթափությանը հաջորդեցին ձերբակալություններ. բազմաթիվ հայ գործիչներ նետվեցին բանտ: Ղարաբաղի գյուղացիությունը, վրդովված քաղաքացիների փոքրոգությունից ու դավաճանությունից, մերժեց հպատակվել թուրքերին և սկսեց պատրաստվել դիմադրության:

Թեև Շուշին ենթարկվեց, սակայն շրջանները շարունակում էին դիմադրել` մերժելով և’ թուրքերի, և’ թաթարների իրավասությունները: Խաչենի, Ջրաբերդի, Վարանդայի և Դիզակի հայերը չէին ենթարկվում թուրքերին, որոնց դեպի գյուղեր կատարած ասպատակություններին պատասխանում էին դարաններով: Հոկտեմբերին թուրքական մի զորամաս, տեղի մահմեդականների և մի քանի դավաճան հայերի առաջնորդությամբ, մտավ Վարանդայի Մսմնա գյուղը: Հայերը Սոկրատ Մելիք-Շահնազարյանի գլխավորությամբ դիմադրեցին, ջախջախեցին 300 հոգանոց թուրքական ջոկատին:

Ադրբեջանի նպատակն էր զինաթափել և գրավել Ղարաբաղը: Ադրբեջանցիներին օգնելու նպատակով 1920թ. Շուշի էր մեկնել Խալիլ փաշան:

1919-ին թեև Օսմանյան կայսրությունը տառապում էր մահվան ճիրաններում, թեև ջախջախված ու փշրված էր, բայց և այնպես իր ձեռքում էր պահում ամբողջ Արևմտյան Հայաստանը: Ճիշտ է, Բրիտանիայի պահանջով նա Անդրկովկասը դատարկել էր, բայց նրա հեղինակությունը դեռ մեծ էր Դաղստանում և մանավանդ Ադրբեջանում: Առաջին երկիրը փաստորեն կառավարվում էր Քյազիմ բեյի միջոցով, իսկ երկրորդը, թեև ուներ Մուսավաթ կառավարություն, իրականում ղեկավարվում էր Նուրի փաշայի թե բարոյական, թե ֆիզիկական ուժի ներքո: Իսկ Հայաստանի կառավարության հանդեպ ըմբոստ կամ ինքնիշխան գավառները, իրականում թուրք պատվիրակների, սպաների և չավուշների ղեկավարության տակ էին գործում, բայց ոչ թե Օսմանյան կայսրության, այլ Ադրբեջանի անունով: Պարտված Օսմանյան կայսրությունը Անդրկովկասում դեռևս ներկայացնում էր այնպիսի ուժ, որը նորաստեղծ ՀՀ-ի հետ համեմատած, գերազանցում էր նրան:

Հանդիպումներ Էնվերի և Թալեաթի հետ

1918թ. հունիսի 15-ից մինչև նոյեմբեր հայկական պատվիրակությունը Պոլսում փորձում էր բարելավել շատերի կողմից ստորացուցիչ համարվող Բաթումի պայմանագիրը: Բայց պակաս ստորացուցիչ չէին հետագա ամիսները, երբ հայկական պատվիրակությունն անցկացրեց Բոսֆորի ափերին: Ահարոնյանը, Պապաջանյանը և Խատիսյանը պիտի բանակցություններ վարեին արևմտահայության դահիճների հետ: Մինչև Առաջին աշխարհամարտի վերջն Օսմանյան կայսրությունն Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների ձեռքում էր:

Հունիսի 25-ին Պոլսում պետք է սկսվեր մի խորհրդաժողով, որին սպասվում էր Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի մասնակցությունը: Հրավիրվել էին նաև անդրկովկասյան հանրապետությունները: Հայկական կողմը տպավորություն ուներ, թե Գերմանիան ուզում է վերանայել Բաթումի պայմանագիրը` համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանների: Պոլիս մեկնած պատվիրակությանը հրահանգ էր տրվել ամեն ջանք թափել` ընդարձակելու Հայաստանի Հանրապետության սահմանները: Նրանք Պոլսում մնում են ավելի քան չորս ամիս` մինչև նոյեմբերի 1-ը, Խատիսյանի խոսքերով` փորձելով ցույց տալ ՙմեր անվիճելի իրավունքներն Ախալքալաքի, Լոռիի, Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի վրա, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին մեր կովկասյան հարևանները՚:

Օսմանյան կառավարությունը անդրկովկասյան պետություններին խոստացել էր օգնել, որպեսզի նրանք ևս հաշտություն կնքեն իր դաշնակիցների` Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի և Բուլղարիայի հետ: Թուրքերը նաև փորձելու էին լուծել անկախություն հռչակած Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները:

Խատիսյանը գրում է. ՙԹուրքերը շատ լավ ծանոթ էին մեր ծրագրերին և ձգտումներին, բայց չէին ուզում, որ գոյություն ունենա կենսունակ Հայաստան: Նրանք դեմ էին, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը կցվեն Հայաստանին, որովհետև կուզեին բաց պահել իրենց ճամփան դեպի Բաքու: Դեմ էին, որ Ախալքալաքն ու Լոռին մեզ տրվեն, որովհետև ուզում էին ազատ պահել ճամփան դեպի Ղազախ և Գանձակ: Երբ մեր քարտեզը գծված սահմաններով ներկայացրինք թուրքերին, տեսանք, որ ադրբեջանցիներն ու վրացիներն էլ մի շարք հայկական հողամասեր մտցրել էին իրենց սահմանների մեջ: Հրապարակ էր գալիս ներքին վտանգավոր հակամարտություն, որ հետո արտահայտվեց հայ-վրացական և հայ-ադրբեջանական ընդհարումներով՚:

Ավելի քան չորս ամիս սպասելուց հետո խորհրդաժողովն այդպես էլ չի կայանում, որի հիմնական պատճառը ռազմաճակատներում այդ օրերին գերմանացիների և օսմանյան թուրքերի անհաջողություններն էին: Հայկական պատվիրակության դիվանագիտական աշխատանքները Պոլսում սահմանափակվում են Թուրքիայի ղեկավար շրջանակների, օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումներով:

Ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը գրում է. ՙԱհարոնյանի, Խատիսյանի և առաքելության քարտուղարի զեկուցագրերը նկարագրում էին նվաստացուցիչ հանդիպումներն Էնվերի և Թալեաթի հետ: Աղերսարկուներն այնքան նվաստացան, որ ստիպված երախտագիտություն հայտնեցին Օսմանյան կայսրությանը` հայկական հանրապետության հիմնադրումը թույլատրելու համար: Այս քննարկումների ընթացքում Թալեաթը հայկական աղետի մեղքը գցում էր քրդերի, զինվորական իշխանությունների և տեղական անպատասխանատու պաշտոնյաների վրա, բայց նաև դատապարտում էր հայերին` օսմանյան հայրենիքի նկատմամբ անհավատարմության համար՚:

Հայերի դեմ 1918թ. սեպտեմբերի Բաքվի ջարդերի կապակցությամբ Խատիսյանը և Ահարոնյանը հանդիպում են Թալեաթին, ով Էնվերի ու այլ երիտթուրք պարագլուխների հետ Հայոց ցեղասպանության գլխավոր ծրագրողը և իրականացնողն էր: Խատիսյանը գրում է. ՙԵրբ մենք մեր բողոքը հայտնեցինք Թալեաթին, թե թուրքական զորքերը պատրաստվում են հարձակվել Ղարաբաղի վրա, Թալեաթը վերցրեց հեռախոսը և սկսեց խոսել Էնվերի հետ` ասելով, որ ՙհայերը խնդրում են Ղարաբաղի վրա հարձակվելու հրաման չտալ՚: Այս խոսակցությունից հետո Թալեաթը մեզ հայտնեց, որ ինքը երաշխավորում է՝ Ղարաբաղի վրա որևէ հարձակում չի լինի: Թալեաթից հետո մենք զգացինք մի նոր այցելության կարիք Էնվեր փաշային: Էնվերը մեզ կրկին հավաստիացրեց, որ ինքը հրաման է տվել չգրավել Ղարաբաղը՚:

Հոկտեմբերին հայկական պատվիրակությանն ընդունում է նաև սուլթանը: ՙԿրոնական արարողությունից հետո մզկիթում Էնվեր փաշան մեզ ներկայացրեց սուլթանին: Ահարոնյանը Հայաստանի անունով ճառ է ասում և հույս հայտնում, որ անկախ Հայաստանն ու Թուրքիան այսուհետ բարի դրացիներ պիտի լինեն: Սուլթանը պատասխանեց, թե ինքը շատ երջանիկ է, որ ՙդարավոր բարեկամական՚ հարաբերությունները հայերի ու թուրքերի միջև այժմ քաղաքական բարեկամության կվերածվեն Թուրքիայի և Հայաստանի միջև՚:

Մի քանի օր անց Էնվեր փաշան Հայաստանի պատվիրակներին հրավիրում է ճաշի` իր տուն: Խատիսյանը շարունակում է. ՙԱրեւելքի ամբողջ շքեղությունը բացվեց մեր առջև: Ոսկի, մետաքս, գորգ և ամեն տեսակ թանկարժեք իրերով լեցուն էր Էնվերի բնակարանը: Ճաշի հրավիրված էին նաև գերմանացի զորավար ֆոն Սեքթը, Թալեաթ և Իզզեթ փաշաները և կովկասյան երեք պատվիրակությունները: Սեղանի շուրջ խոսակցության նյութն էր կովկասյան նորակազմ հանրապետությունների ապագան՚:

Պոլսում պետք է քննարկվեր նաև անդրկովկասյան երեք հանրապետությունների սահմանային վեճերը: Հայաստանը առաջարկում էր հետևյալ տարբերակը. Ադրբեջանն ստանում է Անդրկովկասի 38 տոկոսը, Վրաստանը` 33, Հայաստանը` 29: Վրացական և ադրբեջանական պատվիրակությունները մերժում են:

Հայկական պատվիրակությունը հանդիպում է նաև Թուրքիայի վարչապետ Իզզեթ փաշայի հետ, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվում, որ Օսմանյան բանակը հետ քաշվի մինչև այն սահմաններ, որոնք որոշվել էին Բրեստ-Լիտովսկի համաձայնագրով: Փոխարենը, հայկական պատվիրակությունը խոստացավ լավ հարաբերություններ հաստատել Օսմանյան կառավարության հետ:

Աշնանը օսմանյան պաշտոնյաները տարածքային հարցում առաջարկեցին պայմանական աջակցություն: Էնվերն Ահարոնյանին և Խատիսյանին ակնարկեց, որ Թուրքիան կպաշտպաներ Հայաստանի հավակնությունները Լոռու և Փամբակի նկատմամբ և կարող է թույլատրել Հայաստանի ծավալումը մինչև Բրեստ-Լիտովսկի սահմանները: Թալեաթը հայտարարեց, որ իր կառավարությունն ավելի մեծ զիջումներ կշնորհի, քան այնպիսիք, որոնք փնտրում էր Ահարոնյանի պատվիրակությունը: Մի քանի օր անց` Դաշնակիցներին օսմանցիների անձնատուր լինելու նախօրեին, կառավարությունը  հրաժարական տվեց:

Հայ պատվիրակները վերադարձան Հայաստան:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից