«Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները՝ դեպի Տավուշ և Հալեպ

1314

Նախօրեին հեռուստաընկերությունները գլխավոր լուրերի շարքում ցույց էին տալիս, որ Սերժ Սարգսյանն ընդունել է Տավուշի մարզպետին:

Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, անհանգիստ է: Հայկական շուրջ 20 գյուղերի երեխաներ դպրոց են հաճախում հակառակորդի ամեն պահ սպասելի գնդակոծության պայմաններում, նրանց ծնողները չեն կարողանում, բառիս բուն իմաստով՝ չեն կարողանում հավաքել դաշտերում մնացած բերքը, քանի որ մշակելի հողերի մեծագույն մասը հակառակորդի ուղղակի թիրախի տակ է:

Հայրենի սահմանները պաշտպանելու համար այս օրերին ընկան երեք հայորդիներ, որոնցից մեկը հինգ երեխաների հայր էր: Նրանք երեքն էլ պայմանագրային զինծառայողներ էին: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» այս իրավիճակը, որ ձգվում է ավելի քան երկու տասնամյակ՝ 1994-ի մայիսից (իսկ 1991-1994 թվականներին պատերազմ էր), Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածի շուրջ երկու տասնյակ հայկական գյուղերի համար ավելի մոտ է պատերազմին:

Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված ողջ գումարը կիսվի հայկական աշխարհի ամենից ծանր պայմաններում գոյատևող հայերի համար՝ Տավուշ և Հալեպ:

1992-ին, երբ Հայաստանի ղեկավարությունը սփյուռքյան առաջատար կազմակերպությունների և կառույցների հետ ստեղծում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը, հիմնական նպատակ էր հետապնդում օգնել ու նեցուկ կանգնել հայության այն հատվածներին, որոնք նյութական օգնության խիստ կարիք ունեն:

Անկասկած, հիմնադրամը անցնող 22 տարիներին անգնահատելի գործ է կատարել: Առաջին հերթին, և դա արդար է, ուշադրության կենտրոնում եղել է Արցախը: Եթե այսօր Արցախում պատերազմի վիզուալ հետքերը չեն երևում, ապա դրանում մեծագույն ներդրում ունեն հիմնադրամն ու այն խոշոր բարերարները, առաջին հերթին՝ ավանդական Սփյուռքից, իսկ վերջին տարիներին՝ նաև Հայաստանից ու Ռուսաստանից, որոնք ամեն տարի իրենց մասնակցությունն են բերում և հեռուստամարաթոնների ընթացքում մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի տասնյակ միլիոն դոլար նվիրաբերում:

Այսօր Արցախը, բարեբախտաբար, լավ վիճակում է: Այո, նրա սահմանների երկայնքով կանգնած են ադրբեջանական բանակները, որոնք պատրաստ են ամեն հարմար պահի նոր պատերազմ սանձազերծել: Իրադրությունը Արցախ-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, դիպուկահարների զոհ են դառնում մեր առաջնային դիրքապահները, սակայն մյուս կողմից, սահմանի այդ հատվածում չկան բնակավայրեր, որտեղ քաղաքացիական բնակչությունը ամենօրյա վտանգի տակ է գոյատևում:

Իսկ ահա Տավուշում կան այդպիսի երկու տասնյակ բնակավայրեր: Ընդհանրապես, Տավուշի մարզը և առաջին հերթին Բերդի տարածաշրջանը, ներդրումների ու նոր ենթակառուցվածքների խիստ կարիք ունի: Արդար կլինի, եթե մեկ անգամ, գոնե մեկ անգամ, համայն հայության հանգանակած գումարների մի մասը ուղղվի Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատված: Դա լուրջ ներդրում կլինի. կստեղծվեն նոր աշխատատեղեր, արտագաղթ չի լինի, իսկ ամենից կարևորը՝ այդ շրջանի բնակիչը կհամոզվի, որ պետությունն ու համայն հայությունը իր կողքին է:

Արցախի իշխանություններն ու ժողովուրդը, վստահաբար, ըմբռնումով կմոտենան, երբ հայտարարվի, որ հանգանակված գումարները ուղղվում են Տավուշ և Հալեպ: Եվ ցանկալի կլինի, որ Տավուշի ու Հալեպի դրամահավաքին ամենաակտիվ մասնակցություն ունենան նաև Արցախի քաղաքացիները:

Հայության, հետևաբար նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև Հալեպը: Հալեպում հայությանը ամեն կերպ պահելու, Հալեպից հայությանը ամեն կերպ դուրս բերելու մասին հայկական լրատվամիջոցներում շարունակվող քննարկումները էական չեն: Այդ քննարկումները, ինչ որ իմաստով արհեստական են: Պետք է ընդունել այն իրավիճակը, որ այսօր կա այնտեղ: Իսկ իրավիճակը հետևյալն է. Հալեպում ունենք հազարավոր հայեր, ունենք համայնքային կառույցներ, որոնք շարունակվող պատերազմի պայմաններում փորձում են հարմարվել իրավիճակին: Ճիշտ այնպես, ինչպես Տավուշի մարզի երկու տասնյակ գյուղերի բնակիչներ արդեն ավելի քան 20 տարի ապրում են և փորձում գոյատևել «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում:

Անշուշտ, մեկ էական տարբերություն կա: Տավուշը Հայաստան է, հայրենիք, հավերժ, իսկ Հալեպը Հայաստան չէ: Բայց նույն Հալեպն ու հալեպահայությունը մեծագույն ներդրումն է ունեցել ինչպես Հայաստանին նյութապես օգնելու հարցում, այնպես էլ տասնամյակներ շարունակ Սփյուռքին սնել է հայկականությամբ, տվել է որակյալ ուսուցիչներ, բժիշկներ, պատմաբաններ, ճարտարապետներ: Մենք պետք է հասկանանք նաև, որ երբ խոսում ենք Հալեպի մասին, ապա նկատի ունենք հայերի, որոնք զանազան պատճառներով, անգամ այս արյունահեղ պատերազմը աչքի առաջ ունենալով, կառչած են մնում իրենց տներին, համայնքային կառույցներին, շարունակում են դպրոց ու եկեղեցի պահել, իրենց երեխաներին ուղարկել դպրոց: Մենք նկատի ունենք կոնկրետ հայերի՝ հալեպահայերի, որոնք այսօր ունեն համայն հայության նյութական ու բարոյական աջակցությունը:

Թաթուլ Հակոբյան

Այս հրապարակումը նախապես տեղադրվել է ՍիվիլՆեթի կայքում՝ http://civilnet.am/2015/09/17/voices-tatul-hakobyan-armenia-all-armenian-fund-to-be-focuses-on-tavush-aleppo/#.VfrN4NKqqko