Հայերը «քարշ էին գալիս վրացիների փեշից», քանի որ պետք ունեին այդ փեշին

1869

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է հատված Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից, որը պատասխան է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքի:

«Մեր կուսակցությունը, ասում է Քաջազնունին, հատկապես պետք է գիտենա ու հիշի, որ մեր ամենատագնապալի օրերին նա ապրել ու գործել է վրաց սոցիալ-դեմոկրատների հեգեմոնայի տակ, քարշ է եկել նրանց փեշը բռնած»: Ճի՛շտ է, և ինքը՝ Քաջազնունին մեկն է եղել այն գործիչներից, որոնք անհրաժեշտ են համարել, ասենք իր խոսքերով՝ «քարշ գալ վրաց սոցիալ-դեմոկրատների փեշը բռնած»:

Բայց ինչո՞ւ էր այդ այդպես: Քաջազնունին տալիս է դրա բացատրությունը, և մենք կատարելապես համաձայն ենք նրա հետ: Վրացիները ամեն տեսակետից մեզանից ավելի նպաստավոր վիճակի մեջ էին և այսօր էլ են, և բնական է, որ նրանց ազդեցությունը ավելի մեծ էր: Անբնական չէր և այն, որ մենք նրանց «փեշից էինք քարշ գալիս», որովհետև հայ ժողովուրդը պետք ուներ այդ «փեշին»: Ընկած դեպի մեզ թշնամաբար տրամադրված մահմեդական ծովի մեջ, լքված ռուսներից՝ մենք մնացել էինք մինակ և հասկանալի է, որ պիտի որոնեինք բարեկամները, մեր և նրանց բարեկամությունը օգտակար էր հայ ժողովրդի համար և, այո՛, հաճախ, նույնիսկ նվաստացուցիչ ձևերով մենք մենք «քարշ էինք գալիս նրան փեշից»: Այդ միայն կարող է պատիվ բերել Դաշնակցության խոհականության, քաղաքական տակտին և բնավ երբեք նվաստացուցիչ չէ նրա համար:

Բայց հարցնենք Քաջազնունուն. այդ տեսակետից նույնը չէ՞ և այսօր: Արդյոք հայ ժողովրդի բարեկեցությունը մեծ չափով կախված չէ՞ Թիֆլիսից ու Վրաստանից: Եվ արդյոք հայ բոլշևիկները «քարշ չե՞ն գալիս վրացի բոլշևիկների փեշից»: Կացությունը ոչ միայն տարբեր չէ, այլ նույնիսկ ավելի վատթար. վրաց հեգեմոնիան, այս անգամ կոմունիզմի անվան տակ, շարունակվում է, և վրացի բոլշևիկները «շատ վարպետորեն (ավելացնեմ նաև՝ ցինիկաբար) օգտվում» են իրենց նպաստավոր դիրքից: Եվ եթե մեր պայմաններում, ընդհանուր քաոսի ու փոթորիկի մեջ , այդ հեգեմոնիան հասկանալի էր ու տանելի, այժմ նա շատ ավելի պակաս է հասկանալի ու տանելի: Այդ փաստը և՛ առաջ, և այժմ ցույց է տալիս մի բան, որ Հայաստանի աշխարհագրական  աննպաստ դրությունը թելադրում է հայ ժողովրդին հասկացողության ընդհանուր լեզու գտնել և հաշտ ու բարեկամաբար ապրել վրացիների հետ և ոչ թե է՛լ ավելի գրգռել ու վատացնել փոխհարաբերությունները:

Համառուսական Սահմանադիր ժողովը, չգումարվեց, գրում է Քաջազնունին, բոլշևիկյան հեղափոխությունը… թույլ չտվեց, որ հավաքվի դեմոկրատական սկզբունքներով ընտրված Սահմանադիր ժողովը»: Ինչպե՞ս թե չգումարվեց: Սահմանադիր ժողովը բացվեց Պետրոգրադում 1918թ. հունվարի 5-ին: Ժողովին մասնակցեցին և բոլշևիկները: Սահմանադիր ժողովը նույնիսկ ընդունեց մի քանի օրենքներ: Առաջին օրենքով Ռուսաստանը հայտարարվեց Ռամկավար Դաշնակցական Հանրապետություն: Երկրորդ ընդունված օրենքը հողերի համայնացման օրենքն էր: Դրանից հետո էր, որ տեսնելով, թե իրենք փոքրամասնության մեջ են և չեն կարողանում իրենց տեսակետները անցկացնել՝ բոլշևիկները զինված նավաստիների ուժով ցրեցին Սահմանադիր ժողովը: Ապա Սահմանադիր ժողովը փոխադրվեց Ուֆա և մի առ ժամանակ էլ այնտեղ շարունակեց իր աշխատանքները:

«Անդրկովկասը… չուզեց ճանաչել խորհրդային կարգերն ու իշխանությունը»: Ինչո՞ւ:

Քաջազնունին երեք պատճառ է թվում: Նախ, որովհետև Կովկասի «գերիշխող կուսակցությունները կանգնած էին լայն ռամկավարական տեսակետների վրա», իսկ բոլշևիկները կողմնակից էին դիկտատուրային: Ապա, որովհետև «բոլշևիկյան Մոսկվան անջատված էր Անդրկովկասից հակաբոլշևիկյան Դոնով, Կուբանով ու Հյուսիսային Կովկասով»: Եվ, վերջապես, այն պատճառով, որ «Անդրկովկասի քաղաքականության ուղղություն տվող վրացի մենշևիկները՝ կուսակցորեն, կատաղի հակառակորդ էին իրենցից անջատված բոլշևիկներին», «Մուսավաթը… ձգտում էր օր առաջ կտրել բոլոր կապերը Ռուսաստանի հետ, իսկ Դաշնակցությանը «ոչ բոլշևիկյան իդեոլոգիական, ոչ էլ գործելակերպը չէին հրապուրում»: Քաջազնունին աչքաթող է արել այն գլխավոր պատճառը, որից բխում էր Դաշնակցության հակառակությունը բոլշևիզմին: Դա բոլշևիկների վերաբերումն էր դեպի պատերազմի շարունակությունն ընդհանրապես և Կովկասյան ճակատն ու թրքահայոց հարցը, ի մասնավորի:

Ինչպես հայտնի է, բոլշևիկները հրապարակ իջան հակապատերազմական նշանաբաններով և սկսեցին քայքայել ռազմաճակատը: Բոլշևիկյան հեղաշրջման օրերին ռուսական ճակատը գտնվում էր Երզնկայից ու Բիթլիսից այն կողմ, այսինքն՝ գրեթե ամբողջ Թուրքահայաստանը գրավված էր: Ժամանակավոր կառավարությունը 1917թ. ապրիլի 27-ի հրամանագրով Թուրքահայաստանի գրավված վայրերը «վերացրեց Կովկասի իշխանության և ռազմաճակատի զինվորական հրամանատարության տնօրինությունից և ենթարկեց անմիջապես իրեն՝ Ժամանակավոր կառավարությանը»: Ըստ այդ հրամանագրի, կառավարությունը նշանակելու էր «Թուրքահայաստանի կոմիսար», որ ունենալու էր քաղաքացիական մասի մեկ օգնական: Թուրքահայաստանի ընդհանուր կօմիսարը իր քաղաքացիական մասին զեկուցումով պիտի առաջարկէր ժամ. Կառավարության օրինագիծ «Թուրքահայաստանի  կազմութեան և վարչութեան համար»: Թուրքահայաստանի կոմիսար նշանակվեց զօրավար Ավերյանովը, իսկ քաղաքացիական մասի օգնական՝ բժ. Հ. Զավրյանը: Հայ գաղթականությունը սկսեց վերադառնալ իր տեղերը: Վան, Մուշ, Էրզրում և մյուս շրջանները նշանակվեցին կառավարիչներ հայ գործիչներից: Երկիրը կամաց-կամաց սկսեց կենդանանալ ու վերակազմվել: Բազմաթիվ հիասթափություններից ու տառապանքներից հետո հայ ժողովուրդը սկսեց հավատալ իր ապագային: Հայկական ինքնավար շրջան կազմելու առաջին գործնական քայլն էր արվում:

Ժամանակավոր կառավարությունը և, մանավանդ, Ա. Կերենսկին, բարյացկամ դիրք էին բռնել դեպի Թուրքահայկական  հարցը: «Մենք չենք կարող պարպել  Հայաստանը, որովհետև այն ժամանակ ոչինչ չի մնա. նա կկորչի թուրքերի և քրդերի դանակի տակ»,- հայտարարում էր Կերենսկին Խորհուրդների համագումարի հունիսի 8-ին նիստում բոլշևիկների քննադատությունների դեմ ուղղուած իր մի ճառում, և ներկաները փոթորկալից  ծափերով վավերացնում էին այդ խոսքերը: Բոլշևիկներին, ընդհակառակը, կատաղի հարձակումներով պահանջում էին անմիջապես պարպել Թուրքահայաստանը և ռուս բանակը հետ քաշել: Բոլշևիկները մեղադրում էին Ժամանակավոր կառաւարությանը աշխարհակալական հանցանքների մեջ և պահանջում էին հանուն «ազգերի ինքնորոշման» «պարպել ռուսական Իռլանդիան»՝ Հայաստանը:

Լենինը սոցիալիստ- հեղափոխականների և մենշևիկների դեմ մղած բանակռվում հաճախ շահագործում է Հայաստանի անունը և առանց մազաչափ իսկ ծանոթ լինելու հայկական իրականությանը՝ անվերջ կրկնում է գրավված վայրերը դատարկելու պահանջը: Նրա մտքովն իսկ չի անցնում, որ այն ժամանակվա պայմաններում հեռացնել ռուս[ական] զորքը Հայաստանից նշանակում էր անզեն հայ ժողովրդին հանձնել քրդերի և թուրքերի կամքին…

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո բոլշևիկները դիմեցին իրենց ծրագրի իրագործմանը՝ բանակի քայքայմանը: Երզնկայից , Բիթլիսից և Ռևանդուզից՝ ռուս զորքը խուժեց դեպի թիկունք:

Թուրքահայկական գավառների ժողովրդի համար սարսափելի աղետ եղավ այդ, իսկ թրքահայոց հարցի համար՝ մահացու հարված: Այդ ամենի հանդեպ Լենինը՝ ցինիկ խուժանավարությամբ հրատարակեց… Թուրքահայաստանի անկախության դեկրետը: