ՊԱԿ-ի ղեկավարը Հունաստանում գողացված մեքենան փորձել է հասցնել Ռուսաստան

7095

Վիկիլիքս – Հայաստան, թիվ 26

անգլերենը կարդալ այստեղ՝ https://www.aniarc.am/2015/09/13/robert-kocharian-sacks-kgb-chief-karlos-petrossian/

2004-11-08 07:40

S E C R E T YEREVAN 002447

SUBJECT: KOCHARIAN SACKS INTEL SERVICE CHIEF

Classified By: DCM A.F. Godfrey for reasons 1.4 (b) and (d).

Քոչարյանը հեռացնում է ՊԱԿ-ի ղեկավարին

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը 2004թ. նոյեմբերի 8-ին պետքարտուղարություն հղած հեռագրում, որը կրում է ԳԱՂՏՆԻ դասակարգումը, տեղեկացնում է, թե նոյեմբերի 5-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչու է աշխատանքից ազատել Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ, ԿԳԲ) պետ Կառլոս Պետրոսյանին:

Փաստաբան (ԱՄՆ քաղաքացի) Վահե Յակուբյանը դեսպան Էվանսին պատմել է, որ ինքը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եղել են Քոչարյանի հետ, երբ վերջինս տվել է ՊԱԿ-ի ղեկավարին աշխատանքից ազատելու հրամանագիրը:

“Կառլոսը չափերը շատ հաճախ է անցնում”,- ասել է Քոչարյանը:

Պարզվել է, որ Հունաստանում գողացված մի թանկարժեք ավտոմեքենա Ինտերպոլը հայտնաբերել է Հայաստանում: Գողացված ավտոմեքենան ոստիկանությունը առգրավել է՝ այն հեռացնելով տուգանային հրապարակից: Գողոնը Վրաստանի տարածքով՝ նավահանգիստով, հասցվել է մինչև Ռուսաստան:

Յակուբյանը պատմել է, որ Կառլոս Պետրոսյանի ենթադրյալ ներգրավման մասին Ռոբերտ Քոչարյանը տեղեկացել է մի քանի աղբյուրներից՝ տեղական Ինտերպոլի գրասենյակից, հունական ապահովագրական ընկերությունից և Հայաստանում կոալիցիոն կառավարության մաս կազմող ՀՅԴ-ից, որը Հունաստանում կապ է հաստատել գողացված մեքնայի տիրոջ հետ:

Դաշնակցականների գանգատները, ըստ Յակուբյանի, լցրել է Քոչարյանի համբերության բաժակը և նա հեռացրել է Կառլոս Պետրոսյանին:

ПЕТРОСЯН_КАРЛОС_ХАЧИКОВИЧ.

Հ. Գ. Ով է Կառլոս Պետրոսյանը

Գեներալ-լեյտենանտ Պետրոսյանը ծնվել է 1951թ. փետրվարի 3-ին Սևանի շրջանի Գոմաձոր գյուղում: 1970-1975թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 1975-1977թթ. աշխատել է կինոմեխանիկի օգնական, մոնտյոր, բանվոր։ 1977-1984թթ.՝ ՀԽՍՀ ՆԳՄ Սևանի ՆԳԲ ավագ քննիչ: 1984-1988թթ.՝ ՀԽՍՀ ՆԳՄ Հրազդանի ՆԳԲ քննչական բաժնի պետ։ 1989-1992թթ.՝ ՀԽՍՀ, ապա ՀՀ ՆԳՄ քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: 1992-1993թթ.՝ ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության պետ: 1996թ.՝ ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 6-րդ, ապա 4-րդ վարչությունների պետ։ 1997-1999թթ.՝ ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության պետ։ 1999թ. նոյեմբերի 13-ից 2002թ. դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ Ազգային անվտանգության նախարար։ 2003թ. հունվարի 1-ից 2004թ. նոյեմբերի 5-ը՝ ՀՀ Կառավարությանն առընթեր անվտանգության ծառայության տնօրեն։ Աշխատանքից ազատվելուց հետո տեղափոխվել է Ռուսաստան, զբաղեցրել «Տրանսնեֆտ» ռուսական ընկերության տնօրենի խորհրդականի պաշտոնը։