Հայ-ադրբեջանական/թաթարական բախումները. 1905-1906 թթ

6890

1905թ. սեպտեմբերին բրիտանացի հեղինակ Լուիջի Վիլլարին Վրաստանում հրատարակվող թերթերից տեղեկանում է Բաքվի ջարդերից. ամեն օր գրվում էին նավթի քաղաքից ստացվող թարմ սարսափների մասին` մի մասը ճշմարիտ, մյուս մասը` չափազանցված, երրորդը` պարզապես հնարովի: Անձամբ տեսնելու և տեղեկություններ հավաքելու նպատակով Վիլլարին շտապում է Բաքու, որտեղ փետրվարից սկսվել էին հայ-թաթարական բախումներն ու ջարդերը: ՙԻմ գնացքը (Թիֆլիս-Բաքու) գրեթե դատարկ էր, բայց յուրաքանչյուր գնացք, որը գալիս էր դիմացից, լիքն էր քաղաքից փախչող փախստականներով՚:

Հայ-թաթարական բախումները 1905-06թթ. ընդգրկում են Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի նահանգները, ինչպես նաև` Թիֆլիսը: 1991-94թթ. ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը նորություն չէր հայ-ադրբեջանական հարաբերություններում: Անկասկած, 1905-06թթ. բախումները իրենց չափերով չէին կարող համեմատվել հայ-ադրբեջանական ո’չ վերջին և ո’չ էլ առավել եւս՝ 1918-20թթ. արյունահեղությունների հետ:

Մյուս կողմից, եթե հայ-ադրբեջանական վերջին երկու բախումները, որոնք անմիջապես հաջորդեցին Ռուսական կայսրության ու Խորհրդային Միության փլուզմանը և համապատասխանաբար Հայաստանի ու Ադրբեջանի առաջին և երրորդ հանրապետությունների ծնունդի հետ և ակնհայտորեն կրում էին տարածքային վեճի բնույթ, ապա հայ-թաթարական առաջին բախումներն էությամբ այլ էին:

Վիլլարին 1905թ. ամռանը և աշնանը մի քանի ամիս անց է կացրել Կովկասում, այցելել հայ-թաթարական բախումների հիմնական վայրերը: Նա գրում է, որ բռնությունների և արյունահեղության հարցում ինչպես թաթարները, այնպես էլ ռուսներն ու անգլիացիները մեղադրում էին միմիայն հայերին: Ամերիկացի թուրքագետ-ադրբեջանագետ Թադեուշ Սվյատոխովսկին այլ եզրակացության է եկել. 20-րդ դարի սկզբին համաշխարհային մամուլը համակրանքով էր վերաբերվում հայերին և ավելի շատ էր գրում հայերի, քան թաթարների սպանությունների մասին:

Անկասկած, ազգամիջյան թշնամանք հրահրելու հարցում նպաստում էր կրոնի գործոնը` հայերի քրիստոնյա և թաթարների մահմեդական լինելու իրողությունը, բայց անհիմն է հայ-թաթարական բախումներին տալ կրոնական բնույթ: Վիլլարին առաջին հերթին մեղադրում է ցարական իշխանություններին, որոնք կայսրության հպատակ ժողովուրդներին առավել հեշտ ղեկավարելու նպատակով դիմում էին ՙբաժանի’ր, որ տիրես՚ սկզբունքին: Թաթարներին ոգևորում է նաև կայսրության հայատյաց քաղաքականությունը, և նրանք դրանից օգտվում էին` զգալով, որ անպատիժ մնալու հավանականությունը մեծ է: Վիլլարին հայ-թաթարական արյունահեղությունը դիտում է ավելի լայն ենթատեքստում՝ ՙթշնամություն ժամանակակից գաղափարների և ասիական բարբարոսության միջեւ՚:

Ժամանակի եվրոպական մամուլը ևս առաջին հերթին ընդգծում էր ցարական իշխանությունների հրահրիչ դերակատարությունը և 1905թ. հեղափոխության նկատմամբ հայերի ու թաթարների տարբեր դիրքորոշումները. հեղափոխական ոգով համակված հայերը վտանգ էին ներկայացնում ցարական իշխանություններին:

Հայ-թաթարական բախումներն ունեին ներքին և արտաքին պատճառներ, սակայն, ինչպես գրում է Վիլլարին, կար մեկ այլ տեսակետ ևս, որին հակված էին շատ հայեր. նրանք համոզված էին, թե ջարդերը համաիսլամական շարժման մաս էին կազմում, իսկ թաթարների թիկունքում կանգնած էին և բախումները կազմակերպել էին Պոլիսը և Թեհրանը: Հակահայ քարոզչության և հայկական կոտորածների կազմակերպման կենտրոնը համարվում էր Բաքվի ՙպանիսլամական կոմիտեն՚` պանթուրքական հակումներով թաթարական մտավորականության ներկայացուցիչները, որոնց ղեկավարում էին Ահմեդ Աղաևը և Ալի Մարդան բեկ Թոփչիբաշիևը:

Հայերի շրջանում տարածված էր, որ բախումները ոգեշնչված էին այն կոտորածներով, որոնք կատարվել էին 19-րդ դարի վերջերին` Սուլթան Աբդուլ Համիդի օրոք, և ընդհանրապես Օսմանյան կայսրության տարածքում վարվող հայահալած քաղաքականությունով:

Դաշնակցական գործիչ Միքայել Վարանդյանը հաստատում է, որ ռուսական տիրապետության տակ հայերն ու թաթարները ՙհաշտ ու խաղաղ՚ էին ապրում, իսկ գավառներում` պահպանում ՙբարեկամական պարզ, անկեղծ հարաբերություններ՚: ՙԱնակնկալ հրդեհի բռնկումը՚ նա բացատրում էր ՙտնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական՚ պատճառներով: ՙԲաքուն ռուսական և  համաշխարհային նավթարդյունաբերության մեծագույն կենտրոններից էր: Բաքվում էր կենտրոնացած թաթար ընտրանին, այնտեղ էր ոչ միայն թուրք բուրժուազիան, հանքատերերի դասակարգն իր վիթխարի հարստություններով, այնտեղ էր թաթար ազդեցիկ կղերը, մոլեռանդ և հայատյաց, որ իր կարգախոսներն ստանում էր Ստամբուլից. այնտեղ էր համաիսլամական շնչով վարակված թուրք մտավորականությունը: 19-րդ 80-ական թթ. ծայր առավ հայերի հոսքը դեպի Բաքու, որտեղ նոր-նոր կսկսեր նավթի մշակությունն արեւմտյան ձևերով: Ռուսների, հրեաների, եվրոպացիների հետ հայ վաճառականները ևս թաթարներից սկսեցին գնել նավթահանքերը… և ընդամենը երեսուն տարվա ընթացքում հայ տարրը ոչ միայն դիզեց պատկառելի հարստություն, այլև իր մտավորականներով, ճարտարագետներով և ամեն տեսակ մասնագետներով լցրեց նավթաշխարհը, տեր դարձավ փայլուն, առաջնակարգ պաշտոնների: Ահա այս հանգամանքն էր, որ կգրգռեր բնիկ տարրը՚:

Վարանդյանը բերում է մեկ այլ ՙծանրակշիռ պարագա՚. անդրկովկասյան գիտակից թաթարների աչքին հայն անհաշտ հակառակորդ էր նաև այն պատճառով, որ նա տասնյակ տարիներ ի վեր կռիվ էր մղում ցեղակից թուրքական կայսրության դեմ` ձգտելով Եվրոպայի օգնությամբ ստեղծել ՙազատ, ինքնավար Հայաստան՚:

Թաթարներն իրենց հերթին, բախումներ հրահրելու և արյունահեղության հարցում պատասխանատվությունը դնում էին Դաշնակցության վրա: Թաթար հրապարակախոս Մամեդ Սաիդ Օրդուբադին նշել է ջարդերի մի քանի պատճառներ. բախումների ընթացքում, հայերի գործողություններից սարսափահար՝ կառավարական չինովնիկները դրսեւորեցին լիակատար անտարբերություն, թաթարների հետամնացությունը հնարավորություն չտվեց համարժեք պատասխան տալ հայկական սադրանքներին, և վերջապես` հայերը երազում էին ինքնավարության մասին:

Դաշնակցական Վահան Փափազյանը, ով մոտ 8 ամիս մնացել է Նախիջևանում` ինքնապաշտպանություն ապահովելու նպատակով, գրում է, որ ՙՀՅԴ խորհուրդը պատրաստեց ինքնապաշտպանության ծրագիր, տրամադրեց միջոցներ և դասավորեց ուժերը՚: ՙԳանձակի գավառ ուղարկվեցին Աբրահամ Գյուլխանդանյանը, Սեպուհը և Մարտիրոս վարժապետը: Թիֆլիսի շրջանը հանձնվեց Գարո Փաստրմաջյանին, Ղարաբաղի պաշտպանությունը` Խանասորի Վարդանին ու Համազասպին, իսկ Երևանի ընդարձակ շրջանը` Նիկոլ Դումանին: Թաթարները և ռուս կառավարությունը շատ շուտ զգացին ՀՅԴ ուժերի ծանր հարվածները՚:

Վիլլարին գրում է, որ հայերը տնտեսապես և քաղաքական իմաստով գերիշխող դիրք էին գրավում ինչպես Թիֆլիսում, այնպես էլ` Բաքվի նավթարդյունաբերության մեջ: Նահանգապետ Նակաշիձեն վայելում էր հայատյացի համբավ և կանխավ խոսում էր հայ-թաթարական ջարդերի անխուսափելիությունից, բացահայտ աջակցում թաթարներին, իսկ հայերին վերաբերվում ակնհայտ սառնությամբ:

Բաքվի ջարդերը սկսվել են Ռուսաստանում հեղափոխական շարժման վերելքի շրջանում: ՙՍանկտ պետերբուրգսկիե վեդոմոստի՚ թերթը 1905թ. մարտի 4-ի համարում գրում է, որ ոստիկանությունը միտումնավոր սադրել է ջարդեր` թաթարներին թունավորելով հայերի դեմ: Ոստիկանները թաթարներին ասել են, թե հայերը պատրաստվում են ջարդեր սկսել, ապա խորհուրդ տվել հայերից առաջ անցնել: Այս մասին գրել է նաև Վարանդյանը:

1905թ. փետրվարի 19-ին թաթարները սպանում են պատահած հայերին: Չնայած Նաղաշիձեն իր տրամադրության տակ ուներ 2000 զինվոր, սակայն որևէ միջամտություն ցույց չի տալիս` կանխելու հայ-թաթարական արյունալի բախումները: Դրանք շարունակվում են երեք օր, սպանվում են 218 հայեր և 126 թաթարներ:

Բաքվում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպում է ՀՅԴ-ն` Նիկոլ Դումանի գլխավորությամբ. ՙԴաշնակցության հակահարվածն ազդու էր, շշմեցուցիչ: Անակնկալ էր և’ թուրքերի, և’ ռուս իշխանությունների համար: Դեռ նոր էր ասպարեզ մտել ՀՅԴ-ն, և արդեն փողոցներում փռված էին հարյուրի չափ թշնամի դիակներ և հարյուրավոր վիրավորներ՚:

Թաթարների և հայերի հոգեւորականներն ազգամիջյան բախումներին վերջ տալու ակնկալիքով փոխադարձաբար եկեղեցում և մզկիթում աղոթում են հանուն խաղաղության: Դաշնակցությունը ՙԲաքվի թուրքերին՚ ուղղված թռուցիկ է տարածում. ՙՄեր քաղաքն արյունալի, ամոթաբեր գործողությունների ասպարեզ էր դարձել: Չորս օր ականատես և ակամա մեղսակից էինք անմիտ, զզվելի եղբայրասպանության… Թե ո՞ւմ վրա է ընկնում այդ սարսափելի օրերի պատասխանատվությունը, մենք դեռ հետո կվերադառնանք դրան… Մենք այդ արյունին ծարավ չէինք… Մենք զզվանքով ենք հիշում դեռ նոր անցած օրերը և գործի կդնենք մեր ուժերը, որ նրանք այլևսչկրկնվեն: Նույն հաշտությանն ենք հրավիրում ձեզ, մահմեդականնե’ր, մի’ փնտրեք թշնամուն այնտեղ, ուր նա չկա՚:

Սակայն ազգամիջյան թշնամանքն այն աստիճան էր խորացել, որ անհնար էր հարատեւ հաշտեցում: Հայերը հատկապես տուժում են Նախիջևանի գավառում: Այստեղ ևս բախումները հրահրվում են Բաքվի օրինակով: 1905թ. մայիսի սկզբին գտնվում է մի թաթարի մարմին, որին, հետագայում պարզվում է, սպանել էին երկու այլ թաթարներ: Այս պանությունը դարձավ վաղուց սպասելի առիթ: Առաջինը կոտորածների զոհ է դառնում Բաբայանների ընտանիքը: Նախիջևան ժամանած Երևանի փոխնահանգապետ Տարանովսկին հայերին հանգստացնում է և խորհուրդ տալիս կրկին դուրս գալ շուկա, բացել խանութները:

Կարճ ժամանակ անց թաթարական զինված խմբերը հանկարծակի ներխուժում են շուկա, հրդեհում և թալանում հայերի խանութները: Երեք ժամ շարունակված արյունահեղությանը զոհ է գնում հինգ տասնյակ հայ, շատերը վիրավորվում են: Հարձակումը լավ նախապատրաստված էր, ըստ Վիլլարիի` ՙԳրոհողները բաժանվել էին չորս խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր հստակ պարտավորությունը. մի խումբը պետք է հարձակվեր և սպաներ հայերին, մյուսը` թալաներ և հրկիզեր խանութները, երրորդը` ավարը կրեր արդեն այդ նպատակով պատրաստ կառքերով, իսկ չորրորդը` գործ ունենար սպանված և վիրավոր թաթարների հետ: 195 հայկական խանութներից 180-ը թալանվում են՚:

Վարանդյանի տվյալներով` Նախիջևան քաղաքում եւ գավառում, ՙուր խաները տեր ու տիրական էին, ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը թուրք՚ էր, հայերը տալիս են ՙշուրջ 400 զոհ, սպանված ու վիրավոր, երեք օր իշխանությունների աչքի առաջ կատարվում էր խուժանային գինարբուքը` ջարդ, հրդեհ, կողոպուտ, կանանց բռնաբարում, եկեղեցիների սրբապղծում՚: Ըստ Վիլլարիի` ՙԳրոհի ենթարկված 47 գյուղերից 19-ն ավերվում են և զրկվում բնակիչներից, 10-ն ավերվում են մասնակի, սակայն բնակչությունը չի լքում, իսկ 18-ից գողացվում-տարվում է անասունը: Սպանվածների թիվը քաղաքում եւ գյուղերում հասնում է 239-ի՚:

Նախիջևանի արյունահեղությունից հետո հայերի և թաթարների հարաբերությունները լարվում են Երևանում, կատաղի կռիվներ են տեղի ունենում Արտաշատի (Ղամարլուի) և Աշտարակի շրջաններում: Նիկոլ Դումանը ՀՅԴ Բյուրոյին ուղղած նամակում հաղորդում է, որ ՙԵրևանի նահանգում սպանվել է մոտ 300 հայ, իսկ թուրքերը` շատ ավելի մեծ թվով՚:

Հայ-թաթարական բախումների ընթացքում հայերը ավելի շատ տուժում են Բաքվում և Նախիջևան ում, իսկ թաթարները` Շուշիում, Երևանում և Թիֆլիսում:

Վարանդյանի պնդումով` Երևանում ևս թաթարներն են նախահարձակ եղել, հայերը բախումների առաջին օրը տվել են մոտ երկու տասնյակ սպանված: ՙՀաջորդ օրը հայերը միահամուռ կրակ են բացում, թուրքերը փորձեցին զանգվածային գրոհ տալ հայկական թաղերի դեմ, բայց մեր կազմակերպված դիմադրությունն ի դերև հանեց նրանց ծրագրերը: Հետեւյալ օրը թուրքերն ունեցան հարյուրի չափ սպանված և բազմաթիվ վիրավորներ: Նույն օրը երեք ռումբ նետվեց մի թուրքի տան վրա, որը տվեց քսանի չափ զոհ՚:

1905թ. օգոստոսին բախումներ են տեղի ունենում Եվլախ-Շուշի ճանապարհի երկայնքով, հատկապես Աղդամում: Օգոստոսի 20-ին Շուշիում սպանվում է մի թաթար, իսկ 29-ին Շուշիի մոտ` երեք հայեր: Փոխհրաձգությունը շարունակվում է երեք օր, հայերը Շուշիի հայկական թաղամասում կրակի են մատնում թաթարների տները, նույնն անում են թաթարները հայերի տների հետ, որոնք թաթարական թաղամասում էին. շուրջ 400 տներ և խանութներ հրդեհվում են: Հայկական Ագուլեցոց եկեղեցին գրավվում և պղծվում է` վերածվելով թաթարների ռազմական հենակետի: ՙԹաթարները որոշեցին ավերել հայկական թաղամասը, սակայն հայերը պատասխանեցին հուժկու կրակով: Սեպտեմբերի 2-ին մահմեդական ղեկավարները սուրհանդակ են ուղարկում հայերի մոտ, և, վերջապես, ռուսական եկեղեցում տեղի է ունենում խաղաղության կոնֆերանս: Թաթարները և հայերը հրապարակավ գրկախառնվում են և երդվում պահել հավերժական բարեկամություն: Բանտարկյալները փոխանակվում են, սպանվածների և վիրավորների թիվը հասնում է մոտ 300-ի, երկու երրորդը թաթարներ էին, քանի որ հայերն ավելի լավ էին կրակում, ունեին ավելի լավ դիրքեր՚,- գրում է Վիլլարին:

Վարանդյանի տեղեկություններով` ՙԱնդրկովկասի որևէ գավառում հայ-թուրքական ընդհարումն այնքան կատաղի և արյունահեղ չեղավ, ինչպես Ղարաբաղում և նրա մայրաքաղաք Շուշիում՚: ՙՀրաձգությունը տևեց հինգ օր, հետեւանքը` 40 սպանված մեր կողմից, 68 վիրավոր: Թուրք սպանվածները հաշվվում էին շուրջ 500՚:

Շուշիի կռիվներից հետո 8000 թաթարներ և Զանգեզուրից 1200 քրդեր, ևս 500-ը` պարսկական սահմանից, հարձակվում են հայկական բնակավայրերի վրա: Սեպտեմբերի 6-ին նրանց հակահարված են հասցնում կազակները: Վերջիններիս մի մասը հայերին պաշտպանելու նպատակով մեկնել էր Մինքենդ: Թաթարները հավաստիացնում են, որ վտանգ չկա: Հենց նրանք հեռանում են, թաթարները հարձակվում են Մինքենդի հայերի վրա` սպանում 140 մարդու:

Մինքենդում կատարվածը, Վարանդյանի խոսքերով, զարհուրանքի և ցասումի ճիչ առաջ բերեց ողջ կովկասյան աշխարհում: Հայերն այդ գազանություններն անպատասխան չեն թողնում, ՙհրդեհի, ջարդի ու ավերածի են մատնում մի շարք թուրքական գյուղեր` Գյուլափլու, Ավդալ, Դիվանլար, Հազրաֆլու, Ղարադաղլու՚: Բաքվում հայ-թաթարական զինված բախումներ են տեղի ունենում օգոստոսին, որի ընթացքում սպանվում են ՙ400 հոգի, 270-ը` թուրք, 130-ը` հայ ու այլազգի, հրդեհվեցին Բալախանիի հանքերը, կրակի ճարակ դարձան հայերի նավթահորերը՚:

Հոկտեմբերի երկրորդ կեսին բռնկված հայ-թաթարական նոր լարվածությունը ցարական զորքերի միջամտության շնորհիվ կանխվում է, հայերը խուսափում են արյունահեղությունից: Թաթարական ամբոխը շրջափակում է 200 հոգանոց հայկական շենքը: Զինվորները վերջին պահին հայերին փրկում են վերահաս ջարդից` նրանց տեղափոխելով Սալյանի գնդի զորանոց:

Ելիզավետպոլում հայ-թաթարական բախումները սկսվում են նոյեմբերի կեսերին. առաջինը սպանվում են երկու հայեր: Բախումները շարունակվում են հինգ օր, դաշնակցական ջոկատները հաջողությամբ կարողանում են դիմադրել դեպի հայկական թաղամաս շարժվող թաթարական զինված խմբերին: Հաստատվում է զինադադար, կողմերը փոխանակում են սպանվածներին և պատանդներին, քաղաքը գետով բաժանվում է երկու մասի` թաթարական և հայկական:

Նահանգի Գետաբեկի հարևան նությամբ գտնվող հայկական գյուղերում թաթարների հարձակման հետևանքով սպանվում և վիրավորվում են տասնյակ հայեր, այդ թվում` երեխաներ ու կանայք: Ի պատասխան, հայկական խմբերը 1906 թ. հունվարին ավերում և հրդեհում են Սյոգյութլու թաթարական գյուղը, որտեղ սպանվում է շուրջ հարյուր մարդ: ՙՀայ ինքնապաշտպանական խմբերի ձեռքով հիմնահատակ ավերվեցին նաև հետևյալ ավազակաբույները` Մոլլա Ջալլու, Դոզիլար, Սարիսու, Թոդան, Հաջի Մագադլու, Բալուլաղ, Ալի Ուշաղի, Բայրամլու, Էնդիշա: Հայ կամավորական վաշտերի այդ անվերջ ու հաղթական կռիվներն անհունապես բարձրացրին ճնշված, ահաբեկված ժողովրդի տրամադրությունը՚:

Թիֆլիսում, որտեղ հայերը թաթարների համեմատ բացարձակ մեծամասնություն էին, բախումներ տեղի են ունենում նոյեմբերի երրորդ տասնօրյակում: Դրանք հնարավոր է լինում շուտ ՙհանգցնել՚, սպանվում և վիրավորվում է երկու տասնյակ մարդ: Վարանդյանը, սակայն, գրում է հայերի կողմից 8 սպանվածի և 60 վիրավորի, իսկ ադրբեջանցիներից` շուրջ 500 սպանվածի ու վիրավորի մասին:

Հայ-թաթարական առաջին կոտորածների ընթացքում սպանվածների ընդհանուր թվի հստակ տեղեկություններ չկան: Թադեուշ Սվյատոխովսկին նշում է 3-ից մինչև10 հազար թիվը: Ֆիլիպ Մախարաձեի տվյալներով` 1905թ. փետրվարին Բաքվում սպանվել է ավելի քան հազար մարդ, մեծամասնությունը` հայեր: Իսկ 1905-1907թթ. հայ-թաթարական բախումները, ըստ Մախարաձեի, խլել են ավելի քան 10 հազար կյանք: Դավիթ Անանունի հաշվարկներով` առնվազն 1500 հայեր և 1600 թաթարներ են սպանվել: Ակնունին գրում է, որ թալանվել ու ավերվել են 128 հայկական և 158 թաթարական գյուղեր:

Անգլիական The Contemporary Review պարբերականը 1906թ. հունվարի համարում ուսումնասիրություն է տպագրել հայ-թաթարական կռիվների մասին: ՙԻնչպե՞ս սերունդներով կողք կողքի, եթե ոչ բարեկամաբար, գեթ խաղաղությամբ ապրող երկու ժողովուրդները մարդակոտոր պատերազմի մեջ ընկան: Այդ հարցի պատասխանը պարզ չէ, բայց գլխավոր պատճառները ցարդ հաստատված են աներկբայորեն: Նախ և առաջ պետք է հասկանալ, որ Անդրկովկասի թաթարն ի ծնե գող ու ավազակ է: Ռուսական երեք քառորդ դարի կառավարությունը չի կարողացել մարել նրա գիշատիչ բնազդները, և միայն աքսորի, բանտարկության կամ կազակ զինվորների վախն է, որ նրան պահել է չափ ու սահմանի մեջ՚:

Հեղինակը չի անտեսում քրիստոնյա-մահմեդական գործոնը, սակայն չի ընդունում այդ շրջանի հայ քաղաքական մտքի տեսակետը, որ հայ-թաթարական բախումների պատճառը համաիսլամականությունն է: Նա բերում է շիաների ու սուննիների դառը թշնամությունը և այն իրողությունը, որ սուննի մահմեդականնները տեղ-տեղ չմասնակցեցին հակահայ կռվին: ՙԹաթարների և հայերի միջև հարաճուն տնտեսական մրցակցություն կա, կռիվ, որում թաթարի վերջնական պարտությունը ստույգ է: Ռուսական տիրապետությունից առաջ մուսուլմանը հային իբրև ստրուկ էր դիտում, ստոր արարած, բայց երբ ռուսները քաղաքակիրթ կառավարության պես բան հաստատեցին և  հայերին պատեհություն տվեցին զարգացնելու իրենց բնական ձիրքը, թաթարների գերիշխանությունը սկսեց անհետանալ: Հայերը գնալով հաստատվեցին, և նրանց հարստությունը գրգռեց մուսուլմանների նախանձը, որոնք դառնապես ազդված են այն իրողությունից, որ իրենց նախկին ծառաներն աստիճանաբար իրենց տերը կդառնան՚:

Հեղինակը հայերի հասցեին ևս դառը խոսքեր է ասում. ՙԸնդհանուր առմամբ, հայը հաճելի անձ չէ: Մի քանի շաբաթ առաջ, երբ Բաքվում էի, ես զարմացա այն միաձայնության վրա, որով բոլոր օտարականներն արտահայտեցին հայերի մասին իրենց զզվանքը՚:

Հայ-թաթարական բախումների պարարտ հող էր նախապատրաստվել, և մնում էր առիթը, որը եղավ ռուսների` հայերի հանդեպ քաղաքականության փոփոխության պատճառով: Դաշնակցության գործունեությունը ռուսների համար կրկնակի անհաճո եղավ, մասամբ որովհետև Թուրքիայի հետ դիվանագիտական դժվարությունների առիթ էր տալիս, որից Ռուսաստանն ուզում էր խուսափել: ՙՍխալ պիտի լինի ենթադրել, թե հայերն ամեն տեղ զոհեր եղան, և վրեժ չեն լուծել իրենց թշնամիներից… Եթե կառավարությունը քաշվեր և թույլ տար երկու ժողովուրդներին շարունակել իրենց կռիվը մինչև դառը վախճան, հայերը, թեև թվով նվազ են, երկուսի դեմ մեկը, մեկուկես միլիոն հայ` երեք միլիոն թաթարի դեմ, վերջիվերջո հաղթական պետք է լինեն շնորհիվ իրենց գերազանց կրթության, ուղեղի ուժի և բարոյական նկարագրի: Վերջին շաբաթների ընթացքում նրանք շատ անգամներ հարձակման անցան թաթարների դեմ և ցույց տվեցին վրեժխնդրության ոգի, որը թեև ցավալի, հազիվ թե զարմանալի է՚:

Հատված ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից

Լուսանկարում՝ Բաքուն մեկ դար առաջ