ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում: Մարզը Վրաստանի հետ ունի մոտ 50, իսկ Ադրբեջանի հետ՝ 300 կիլոմետր ընդհանուր սահման: Տավուշի մարզով են անցնում ռազմավարական և անփոխարինելի նշանակություն ունեցող հյուսիս-կովկասյան գազատարը, անդրկովկասյան երկաթուղին և Հայաստանը Վրաստանով Ռուսաստանին կապող ցամաքային ճանապարհը՝ Նոյեմբերյան-Սադախլո-Թբիլիսի-Ստեփանծմինդա-Վերին Լարս:
Այսպիսով, Տավուշի մարզը ունի անգնահատելի և անփոխարինելի նշանակություն: Մարզի, մասնավորապես սահմանամերձ գյուղերի ամրությունը առաջնահերթ է: Հետևաբար, կառավարության՝ սահմանամերձ գյուղերին սոցիալական արտոնություններ տրամադրելու և այդ համայնքներում գործարարությունը հարկերից ազատելու որոշումը ուշացած, բայց էական քայլ է:
Հյուսիս-կովկասյան գազատարով ռուսական գազը Վրաստանի տարածքով հասնում է Տավուշի մարզ, ապա խողովակաշարային ցանցով տարածվում Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Այս գազատարը կառուցվել է Խորհրդային Միության փլուզման նախօրեին, երբ Բաքվի իշխանությունները որոշում կայացրին փակել Ադրբեջանից Հայաստան մտնող գազատարը: Արցախյան պատերազմի տարիներին նորակառույց գազատարը, որն անցնում է Վրաստանի գերազանցապես ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի երկրամասով (անմիջական սամանակից է Ադրբեջանին), ավելի քան 40 անգամ պայթեցվել է: Հայկական կողմը կասկած չուներ, որ դա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ: 2007-ին կառուցվեց Իրան-Հայաստան գազատարը, սակայն մինչև այսօր իրանական գազը կենցաղային նպատակներով չի օգտագործվում: Այն Հայաստանում վերածվում է էլեկտրաէներգիայի և բարձրավոլտ լարերով հետ ուղարկվում Իրան:
Հայաստանից դուրս եկող միակ գործող երկաթուղին ևս անցնում է Տավուշի մարզով: Այդ երկաթուղով են իրականացվում Երևան-Թբիլիսի, ամառային շրջանում՝ Երևան-Թբիլիսի-Բաթում չվերթերը, ինչպես նաև՝ Հայաստանի ապրանքաշրջանառության հիմնական մասը: Արցախյան պատերազմի տարիներին երկաթուղին Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի երկրամասում պայթեցվել է ավելի քան 20 անգամ:
Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանը շրջափակման տակ պահելու թշնամական քաղաքականությունը, Հայաստանի համար դեպի Վրաստան և Ռուսաստան, ինչպես նաև դեպի Իրան ցամաքային ուղին կունենա կենսական նշանակություն:
Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի՝ Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռների վրա: Ծովի մակարդակից ամենաբարձր կետը Մուրղուզ լեռն է՝ 2993 մետր: Հայաստանում ծովի մակարդակից ամենացածր կետը Տավուշի մարզում է՝ Դեբեդի հովտում՝ հայ-վրացական սահմանին՝ 379 մետր:
Տավուշի մարզով հոսող գետերը պատկանում են Կասպից ծովի՝ Քուռ գետի ավազանին: Մեծ և փոքր գետերից են Դեբեդը, Աղստևը, Խնձորուտը, Ոսկեպարը, Տավուշը, Հախումը, Քարահանը, Բաղանիսը, Կողբը: Բոլոր գետերը հոսում են անմիջապես դեպի Ադրբեջան, բացի Դեբեդից, որը նախ մտնում է Վրաստան, ապա այնտեղից՝ Ադրբեջան:
Ոռոգման նպատակով Խորհրդային Միության տարիներին մարզում կառուցվել են մի քանի ջրամբարներ՝ Ջողազը, Տավուշը, Խնձորուտը, Չինարին, Հախումը, Այգեձորը: Ջրամբարներից ամենամեծը Ջողազն է, որը հենց հայ-ադրբեջանական սահմանին է: Արդեն 25 տարի ջրամբարը ոռոգման նպատակով չի օգտագործվում: Ձկնորսությունը ևս վտանգավոր է, քանի որ կրակում են:
Ջողազի ջրամբարը շահագործման է հանձնվել 1980-ականների սկզբին: Այն կառուցվել էր Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի և Իջևանի, ինչպես նաև՝ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը ոռոգելու նպատակով: Հայ-ադրբեջանական դիմակայության հենց սկզբում ադրբեջանցիները թալանեցին պոմպակայանն ու խողովակները:
Տավուշի մարզում կա բնական մեկ լիճ՝ Պարզ լիճը: Մարզի ավելի քան 50 տոկոսը անտառապատ է, ինչը Տավուշին տալիս է անկրկնելի գեղեցկություն տարվա բոլոր եղանակներին: Հայաստանում անտառները կազմում են հանրապետության տարածքի շուրջ 13 տոկոսը, որոնց մեծ մասը հենց Տավուշում է: Մարզի տարածքի մեծագույն մասը հետանտառային՝ ցածրլեռնային է (379-ից 800 մետր) և անտառային՝ ցածր ու միջինլեռնային (800-ից 2300 մետր), իսկ փոքր հատվածը՝ ալպյան և մերձալպյան բարձրլեռնային:
Պատմամշակութային հուշարձաններից հայտնի են Հաղարծինը, Մակարավանքը, Գոշավանքը, Կիրանց վանքը, Մշկավանքը, Խորանաշատը, Նոր Վարագավանքը, Տավուշի բերդը (հիշատակվում է Բագրատունիների թագավարության շրջանից՝ 10-րդ դարից):
Մետաղային օգտակար հանածոներից մարզի տարածքում կա կապար, ցինկ, մանգան, պղինձ, մոլիբդեն և երկաթ: Ոչ մետաղային օգտակար հանածոներից են տուֆը, դոլոմիտը, մարմարը, կրաքարը, տրավերտինը, կավը, բենտոնիտը, ֆելզիտը, բազալտը: Հանքային ջրերից հայտնի է «Դիլիջանը»:
2015 թվականի փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/