Ալեքսիս Օհանյան. Մեզնից յուրաքանչյուրը, ով հաջողել է, հաղթել է ցեղասպանությանը – 100 LIVES

1754

«Forbes»-ը նրան համարում է «համացանցի կառավարիչ», երկու տարի անընդմեջ նրան ընդգրկել է «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ, իսկ 2013 թվականին ամերիկյան «Wired» ամսագիրը նրան անվանել է «նորարարության չեմպիոն»: Նա «System of a Down» խմբի երկրպագու է եւ կարծում է, որ SOAD-ի լավագույն համերգն այս տարվա ապրիլի 23-ի երեւանյան համերգն էր:

«Ես Բրուքլինում եմ ծնվել, բայց կարող էի ծնվել Երեւանում կամ Արեւմտյան Հայաստանում ինչ-որ մի տեղ: Ես ուզում եմ իմ գիտելիքներով օգնել որքան հնարավոր է շատ մարդկանց եւ հատկապես իմ հայրենակիցներին՝ հայ երիտասարդներին»,- ասում է Ալեքսիսը:

Աշխարհի 100 լավագույն կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիր 32-ամյա Ալեքսիս Օհանյանն այն ստեղծել է տասը տարի առաջ: Reddit-ը նորությունների հարթակ է, օգտատերերն ավելացնում են լուրեր, մյուսներն էլ կարող են քվեարկել դրանց օգտին՝ սահմանելով նորության դիրքն ու կարեւորությունը լրահոսում: Ալեքսիսն աշխատել է նաեւ այլ նախագծերի վրա. 2010 թ.-ին օգնել է գործարկել ճամփորդությունների որոնման hipmunk.com կայքը, ապա նույն տարում ստեղծել «Das Kapital Capital» ընկերությունը, որն զբաղվում է ստարտափերի ֆինանսավորմամբ ու խորհրդատվությամբ: Ալեքսիսը նաեւ հիմնադրել է զվարճանքի իրերի վաճառքի համար նախատեսված Breadpig.com կայքը (2008 թ.), որի հիմնական շահույթն ուղղվել է բարեգործության:

Ալեքսիսն իրեն հաջողակ է համարում, քանի որ ստացել է կրթություն, որն իրեն օգնել է դառնալ ուղղակի ինքնուս. «Այս ոլորտի պարգեւներից է այն, որ այստեղից ստացվող գիտելիքը հիմնականում հասանելի է բոլորին եւ անվճար է: Ես որոշեցի, որ կարող եմ իմանալ ամեն ինչ, եւ դա, թերեւս, ամենամեծ ներդրումն էր ինձ համար»:

2013 թ. լույս է տեսել նրա «Առանց նրանց թույլտվության» գիրքը՝ սկսնակ գործարարների համար, որոնք հավատում են համացանցի՝ որպես զվարճանքի, եկամուտ ստանալու եւ մարդկանց օգտակար լինելու միջոցի ապագային:

Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ Հայաստան է այցելել «Kiva» ոչ առեւտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում:

«Ես միշտ ուզում էի կապ հաստատել հայրենիքի հետ, բայց այդ հնարավորությունը վերջապես ստացա 2010 թ., երբ որոշեցի թողնել Reddit-ն ու 4 ամիս Հայաստանում կամավորություն անել Kiva-ի հետ»,- ասում է Ալեքսիսը:

Ալեքսիսն առաջինն էր, որ Հայաստանում մի քանի համախոհների հետ կազմակերպեց «TEDx Yerevan» կոնֆերանսը, որտեղ հեղինակավոր մարդիկ տարածում են գաղափարներ, որոնք կարող են փոխել ու ավելի լավը դարձնել աշխարհը:

«Իմ առաջին այցից առաջ հայրս երբեք չէր եղել Հայաստանում, ուստի ես գրեթե ոչ մի պատկերացում չունեի Հայաստանի մասին, բացառությամբ, գուցե, հայկական խոհանոցի: Իմ բազում հայ ընկերները, որոնք այցելել էին Հայաստան, վերադառնալով՝ ասել էին, որ ուղեւորությունը փոխեց իրենց կյանքը: Երբ ես առաջին անգամ տեսա Արարատը,  անմիջապես լուսանկարեցի այն եւ ուղարկեցի հորս: Ես գիտեմ, որ այդ պատկերն արդեն կլիշե է դարձել, եւ, այնուամենայնիվ, իրականում այն շատ է ոգեշնչում»,- նշում է Ալեքսիսը:

«ԱՄՆ-ում «Օհանյան» ազգանունը տարածված չէ: Հիասքանչ է լինել ամերիկահայ, բայց մյուս ամերիկահայերի հետ շփումը քիչ է, եթե, իհարկե, դու Լոս Անջելեսում չես ապրում: ԱՄՆ-ի մյուս քաղաքներում այդ շփումը շատ քիչ է»,- ասում է Ալեքսիսի հայրը՝ Քրիս Օհանյանը:

Քրիս Օհանյանը ծնվել եւ մեծացել է Կալիֆորնիայում՝ Սան Ֆրանցիսկոյում: Նրա մոր՝ Էլիզաբեթ Տեր-Գրիգորյանի ընտանիքը Բիթլիսից Մարսել՝ Ֆրանսիա հասած գաղթականներից է: Հետագայում Էլիզաբեթը մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ հանդիպել ու ամուսնացել է Ալեքսիսի պապի՝ Ջոն Օհանյանի հետ:

«Ծնողներս հայ են, ես մասամբ հասկանում եմ հայերեն, բայց այդպես էլ չսովորեցի: Ծնողներս հայերեն էին խոսում իրար հետ, հատկապես՝ կարեւոր բաների մասին, որպեսզի քույրս ու ես չհասկանայինք,- ժպիտը դեմքին հիշում է Քրիս Օհանյանը,- մեր տանը ցեղասպանության մասին քիչ էին խոսում: Երբ հայրս ծերացավ, տարեցներին հատուկ սովորությամբ սկսեց պատմել բաներ, որոնց մասին մինչ այդ չէր խոսել»:

Ալեքսիսի պապի՝ Ջոն Օհանյանի ծնողները Խարբերդից են (այժմ՝ Թուրքիայի տարածքում): Ջոնի ծնողները ցեղասպանության հետեւանքով որբացած հայեր են: Նրա մայրը՝ Մանզերը, գաղթականների հետ քայլել է մինչեւ Սիրիայի անապատներ՝ ճանապարհին կորցնելով ծնողներին, քույրերին ու եղբայրներին  եւ, ի վերջո, հայտնվել Հալեպում: Ջոնի հայրը՝ Ավետիսը, տեսել է ծնողների սպանությունը.

«Խարբերդ եկած թուրքերն սպանել են հորն ու մորը, հետո էլ ուզել են սպանել իրեն: Բայց երկու թուրք հեծյալներից մեկն ասել է մյուսին. «Երեխա է, թո´ղ դրան»: Հետո պապս հայտնվել է մանկատանը: Տարիներ անց ինչ-որ կերպ նա հասել է Ամերիկա ու բնակություն հաստատել Նյու Յորք նահանգի Բինհեմթոն քաղաքում, որտեղ մեծ հայկական համայնք կա»,- պատմում է Ալեքսիսի հայրը՝ Քրիս Օհանյանը:

Եւ այսպես, ընտանիքի միակ ողջ մնացած անդամ Ավետիսը 1910-ական թվականներին ԱՄՆ-ում էր: Նա տեղի հայալեզու թերթերից մեկում կարդում է, որ իրենց խարբերդցի հարեւանի աղջիկ Մանզերը Հալեպում է։ Գտնում է նրան եւ բերում Ամերիկա։ Հետագայում ամուսնանում է նրա հետ: Ունենում են չորս երեխա` Վերան, Ջոնը, Էլզան եւ Մերին: Ավետիսը 32 տարի աշխատել է կոշիկ արտադրող գործարանում։ Հետագայում գնել է փոքր բնակելի շենք ու բնակարանները տվել վարձով:

«Ավետիս պապս երբեք չի սովորել անգլերեն` խոսել է միայն հայերեն, բայց շատ լավ իմացել է, թե ինչ է քրտնաջան աշխատանքն ու լավ վաստակը: Գործարանում աշխատել է շաբաթական վեց օր, լավ գումար է վաստակել ու հոգ տարել իր կնոջ ու չորս զավակների մասին: 1959-1961 թթ. պապս հաճախ էր երկու-երեք ամսով այցելում մեզ Սան Ֆրանցիսկոյում, որտեղ իմ հայրական ընտանիքն էր ապրում: Շատ բարի ու հաճելի մարդ էր, բայց քիչ եմ շփվել նրա հետ: Մահացավ, երբ յոթանասունն անց էր՝ 1965-66 թթ.»,- հիշում է Ալեքսիսի հայրը՝ Քրիս Օհանյանը:

Քրիսի եւ գերմանուհի Անկեի միակ որդին՝ Ալեքսիսը, ծնվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

«Երբ Ալեքսիսը ծնվեց հենց այդ օրը, հիշում եմ՝ հորաքույր Վերան շատ հուզված էր, ասում էր՝ ինչո՞ւ հենց այս օրը, ի՞նչ խորհուրդ ունի: Հետո մտածեցինք սա որպես վերածնունդ ընդունել,- ասում է Քրիս Օհանյանը,- հորաքույր Վերան կազմել է Օհանյանների տոհմածառը: Այն իմ տանն է. փոխանցելու եմ Ալեքսիսին»:

«Հայ լինելն ինձ համար հաղթանակ է: Մեզնից յուրաքանչյուրը, ով հաջողել է, հաղթել է ցեղասպանությանը. նրանք ձախողեցին մեր բնաջնջումը, չկարողացան մեզ լռեցնել, եւ մենք շարունակում ենք բարգավաճել աշխարհով մեկ: Այս ամենով ես հպարտ եմ»,- ասում է Ալեքսիսը:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից

https://100lives.com/hy/stories/detail/premium/8269/-