Հակոբ Ավետիքյան. Դարձյալ արտագաղթի մասին

3031

Բարեկամներիցս մեկը սովորություն ունի արտագաղթի մասին խոսք բացվելիս մեղքը գցել մեր… Հայկ նահապետի վրա, որ Միջագետքի տաք ու բարեբեր հովիտները թողած՝ ըստ իրեն «արտագաղթեց» Հայաստան: Հայերիս հեշտությամբ տեղաշարժվելու, բնակության վայր ու երկիր փոխելու փորձառության ու փորձանքի սկզբնավորողը, հիմնադիրը, ըստ բարեկամիս, մեր առասպելական Հայկ նահապետն է:

Կատակն ու համեմատության սխալ եզրեր փնտրելը մեկդիՙ մեր ժողովուրդը իսկապես գաղթելու վարժ եւ ընդունակ ժողովուրդ է: Վկա՛ մեր պատմությունը, որը լեցուն է գյուղերից, ավաններից, անգամ ամբողջ քաղաքներից ու շրջաններից այլուր գաղթելու դրվագներով, ընդհուպ երկրի սահմաններից դուրս: Շքեղաշուք Անի քաղաքի օրինակը պերճախոս է շատ, չխոսելով դեռ գաղթականության որպես արդյունք մեր ստեղծած Կիլիկիայի թագավորության մասին, ինչը այլապես անօրինակ է համաշխարհային պատմության մեջ:

Անշուշտ, եղել են նաեւ ստիպողական, պարտադիր, բռնադատյալ գաղթեր՝ նվաճողների ստիպումով, հրով ու սրով: Սակայն այդ մասին չեմ ցանկանում խոսել այստեղ:

Ինձ թվում է, որ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությունը շատ հին ծագում ունի հայերիս մեջ որպես շատերի կողմից ընդունելի եւ ընտանի մտածելակերպ ու կենսակերպ: Իր բնատուր ընդունակություններին, արհեստների, արվեստների, նոր շրջապատին հարմարվելու կարողություններին ապավինելով, նաեւ «բախտ որոնելու» ճակատագրապաշտությանը, հայը շատ հեշտությամբ է հեռացել իր երկրից: Որեւէ առիթ՝ սոցիալական, տնտեսական կամ այլ բնույթի՝ մղել է մեզ լքելու մեր հողը, տունը, երկիրը: Առավել եւս՝ արտաքին վտանգի, արշավանքների եւ կյանքի սպառնալիքի պարագայում, հայը, փոխանակ առավել կառչելու իր հող ու ջրին, տուն ու տեղին, սեփական եւ համայնքային ունեցվածքին, մտածել է փախչելու, հեռանալու մասին: Մինչդեռ եթե այդ բոլորին կառչածությունը մեր մեջ լիներ առհավական բնազդ ու կամք, նույնիսկ թուրքին չէր հաջողվի արմատախիլ անել մեզ մեր երկրից ու տարածքներից, քանզի համապատասխան պաշտպանական միջոցները ձեռք առած կլինեինք ի սկզբանե:

Անշուշտ եւ բարեբախտաբար մեր մեջ եղել են բացառիկ դրվագներ նաեւ, որոնցից ամենաթարմը եւ հիանալին Արցախի ինքնապաշտպանությունն ու ազատագրումն է: Սակայն ո՞վ է հաշվել, որ նույն Արցախից վերջին 200 տարվա ընթացքում քանի՜ հարյուր հազարավոր ազգակիցներ են հեռացել ռուսաստաններ եւ այլուր:

Բարեբախտաբար եղել է նաեւ հակառակ շարժում՝ ներգաղթ, հայրենադարձություն, որոնցից ոմանք կազմակերպված պետության կողմից, ինչպես նախորդ դարի 30-ական, 40-ական եւ 65-ական թթ.ին: Սակայն որքա՞նն է մնացել նրանցից , ավելի ճիշտ՝ որքա՞նն է նրանցից կրկին հեռացել առաջին իսկ առիթով, երբ թեկուզ ինչ-որ չափով բացվել է «երկաթյա վարագույրը»…

Հիմա, երբ ունենք անկախ եւ ինքնիշխան պետություն, մեր սեփական դժվարություններն ու դժբախտությունները հաղթահարելու, սոցիալական ու տնտեսական հարցերը լուծելու հնարավորություն, մեր հավաքական անվտանգությունը ապահովելու կարողականություն, արտագաղթելը ըստ ինձ փախուստ է պարզապես, մեղքը ամբողջովին գցելով իշխանությունների վրա, փոխանակ, ի հարկին, փոխելու այդ իշխանություններին եւ փոխարինելու ավելի լավով:

Ես ոչ ոքի դատապարտելու ոչ իրավունք եւ ոչ էլ ցանկություն չունեմ: Այլ ակնկալում եմ, որ ի վերջո գիտակցենք, որ Հայկ նահապետը, համենայնդեպս, ընտրել է ա՛յս հողը, ու մենք պիտի պաշտպանենք ու զարգացնենք այն ամեն գնով: Ամե՛ն գնով:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015