2 դեկտեմբեր, 1920թ.
1920թ. դեկտեմբերի 2-ին ՌԽՖՍՀ լիազոր ներակայացուցիչ ընկեր Լեգրանը ՌԿԿԿ-ի լիազորությամբ` ի դեմս Ռուսաստանի խորհրդային կառավարության, և ընկերներ Դրոն ու Տերտերյանը` ի դեմս Հայաստանի կառավարության, կնքեցին համաձայնություն հետևյալի մասին.
- Հայաստանը հայտարարվում է անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:
- Մինչեւ Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը, կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին է անցնում ամբողջ իշխանությունը Հայաստանում:
- Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են` Երևանի նահանգը` իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը, Ջաջուռ կայարանից` Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը` օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում, և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:
- Հայկական բանակի հրամանատարական կազմը չի ենթարկվում պատասխանատվության այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հայտարարումը:
- Դաշնակցության և այլ սոցիալիստական կուսակցությունների (սոցիալիստ հեղափոխական, սոցիալ-դեմոկրատ) անդամները ոչ մի հալածանքի չպիտի ենթարկվեն կուսակցական պատկանելության, կոմունիստական կուսակցության դեմ մղված կռիվներում մասնակցելու և Խորհրդային Հայաստանի հայտարարությունից առաջ կատարված գործերի համար:
- Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ մտնում են հինգ անդամներ` նշանակված կոմունիստական կուսակցության կողմից, երկու անդամ` ձախ դաշնակցականների խմբակից` համաձայնելով կոմունիստական կուսակցության հետ:
- Ռուսաստանի խորհրդային կառավարությունը միջոցներ է ձեռնարկում անմիջապես կենտրոնացնելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախության պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր:
- Սույն համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռանում է իշխանությունից: Ժամանակավոր կերպով` մինչև հեղափոխական կոմիտեի գալը, իշխանությունը անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն: ՌԽՖՍՀ -ի կողմից Հայաստանի զորահրամանատարությանը կից կոմիսար է նշանակվում ընկ. Սիլինը:
Պատրաստված է երկու օրինակից.
ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Լեգրան,
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ` Դրո, Տերտերյան:
Լուսանկարում՝ Վրացյանը և Դրոն 1915-ին