Երզնկայի կատուն

2353

Ճամփորդական այս նոթերը ես գրել եմ 2013-ի ուշ աշնանը

Առավոտյան վեցին, երբ մոտեցա իմ ավտոմեքենային, խանութպան թուրքը, որի խանութի դիմաց էի կեսգիշերին կայանել ավտոմեքենան, մոտենալով թուրքերեն ասաց. «Քո ավտոմեքենայի մեջ կատու կա»:

Ցուրտ Երզնկայում գիշերելուց հետո վաղ առավոտյան ես պատրաստվում էի ճանապարհը շարունակել և անպայման նույն օրը` թեկուզ կեսգիշերին, հասնել Պոլիս: Ես մտածեցի, որ կատուն ավտոմեքենայի տակ է: Կռացա մարմնով, սակայն կատու չկար: Բայց լսվում էր մլավոցը:

Խանութպան թուրքն ասաց, որ կատուն ավտոմեքենայի շարժիչի վրա է: Երբ բացեցի շարժիչի վրայի կափարիչը, կատուն մլավելով թաքնվեց խորքերում: Դա կատվի ձագ էր, որը ցուրտ երեկոյան տաք տեղ էր գտել, երբ ես կայանել էի ավտոմեքենան:

«Գրողը տանի,- խոսում եմ ինքս իմ մեջ: -Սա էր պակասում, ես վաղ առավոտյան ճամփա եմ ընկնում` Պոլիս հասնելու հույսով, իսկ այս կատուն թույլ չի տալիս»:

Ի՞նչ անել: Եթե ես շարժվեմ, գուցե կատվի ձագը մեքենայի շարժիչի ձայնից դուրս պրծնի այն նեղ անցքերից մեկով, որտեղով մտել է: Բայց եթե հանկարծ չկարողանա ու ճանկռի էլեկտրական լարերը, ապա հնարավոր է` ավտոմեքենան շարքից հանի: Ու այդ դեպքում ես իմ կիսատ-պռատ թուրքերենով ինչպե՞ս դուրս գամ այդ վիճակից:

Մի քանի րոպեների ընթացքում ավտոմեքենայի շուրջ հավաքվեցին հինգ-վեց թուրքեր: Նրանք փորձում էին ինձ օգնել: Թուրքերից մեկն առաջարկեց ավտոմեքենան վարել մինչև մոտակա ավտոլվացման կետ և շարժիչի վրա ջուր լցնել: Կատուներն ամենից շատ ջուր չեն սիրում: Գուցե այդ ձևով կատվի ձագը դուրս պրծներ: Մոտ կես ժամ անց մեզ մոտեցան Երզնկայի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ: Թուրքերից մեկն էր զանգահարել և բացատրել իրողությունը: Նրանք կարողացան կատվի ձագին դուրս հանել:

Ես բոլորին շնորհակալություն հայտնեցի և ճամփա ընկա դեպի Պոլիս: Բոլորիս տրամադրությունը շատ բարձր էր: Ես Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում եղել եմ տասնյակ անգամներ, սակայն առաջին անգամ էի գնում իմ ավտոմեքենայով և ընտանիքիս անդամների` կնոջս ու երեք երեխաներիս հետ:

Մեր նպատակակետը Պոլիսն էր, որտեղ նոյեմբերի 5-ին կայանալու էր իմ «Արցախյան օրագիր» և «Հայերը և թուրքերը» գրքերի շնորհանդեսը: Հաշվի առնելով, որ նոյեմբերը իմ արձակուրդային ամիսն է, ինչպես նաև` ընտանիքիս անդամները չէին եղել Արևմտյան Հայաստանում, որոշեցի օգտակարն ու հաճելին համատեղել` Երևանից Պոլիս հասնել ավտոմեքենայով` ընտանիքիս հետ միասին:

Մենք Երևանից ուղևորվեցինք Վրաստան և առաջին օրվա գիշերն անցկացրինք հայաշատ Ախալցխա քաղաքի մի հյուրանոցում, որի տերը հայ է: Քանի որ Թուրքիա-Հայաստան ցամաքային սահմանը փակ է, ստիպված ես օգտվել վրաց-թուրքական սահմանային երկու անցակետերից, որոնցից մեկը Վալեում է, մյուսը` Սարպիում` Սև ծովի ափին:

Եթե մեկնում ես Արևմտյան Հայաստան, ապա նախընտրելի է օգտվել Վալեի անցակետից: Կեսօրին արդեն Կարսում էինք: Հոկտեմբերի 30-նն էր: Հենց 1920 թվականի այդ օրն են քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ գրավել Կարսը: Նաիրյան այս քաղաքը Հայաստանի Առաջին Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքն էր Երևանից ու Գյումրիից (այն ժամանակ` Ալեքսանդրապոլ) հետո:

Բարձրացանք Կարսի բերդ, մոտեցանք մզկիթի վերածված Առաքելոց վանքին, ապա այն տանը, որտեղ ապրել է Եղիշե Չարենցը: Մի քանի ժամ ման եկանք Կարսում և ուղևորվեցինք Բագրատունիների մեկ այլ մայրաքաղաք` չքնաղ Անի: Ես այնքան շատ եմ եղել Կարսում ու Անիում, որ պարզապես գրելու նոր բան չունեմ այլևս: Մթնում էր, երբ Անիից ուղևորվեցինք դեպի Իգդիր և Բայազետ: Գիշերեցինք Բայազետի «Արարատ» հյուրանոցում: Վաղ առավոտյան մեր առջև բացվեց բիբլիական լեռը: Բայազետը Արարատի հենց ստորոտին է:

Բայազետից ուղևորվեցինք Վան: Աշնանային գերազանց եղանակ էր, հաճելի արև կար, օդը մաքուր էր: Այդ եղանակին Վանա ծովը քո առջև բացվում է իր ողջ հմայքով: Մի քանի թուրք զբոսաշրջիկների հետ նավակ վարձեցինք և հասանք Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի: Ապա Վանից Մշո դաշտերով ուղևորվեցինք դեպի Մուշ քաղաք, այնտեղից միացանք Կարին-Երզնկա մայրուղուն: Արդեն պատմեցի, որ գիշերեցինք Երզնկայում:

Թուրքիայում վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվում ճանապարհաշինության ոլորտում: Գրեթե ամենուր լայն, արագընթաց ճանապարհներ են: Երզնկայից հետո մեզ հանդիպող հաջորդ քաղաքը Սեբաստիան էր: Ճանապարհին ես հիշեցի Մելքոն Հակոբյանին` Բեյրութից, որը ոչ միայն օժանդակել էր Պոլսում իմ գրքերի շնորհանդեսը կազմակերպելու չափազանց կարևոր գործին, այլ «Արցախյան օրագիր» գրքիս թուրքերեն հատորի թարգմանության և հրատարակության ծախսերը հոգացել: Նա այդ գիրքը նվիրել էր իր մեծ հոր` սեբաստացի Մելքոն Չավուշ Հակոբյանի հիշատակին:

Սեբաստիայից հետ անցանք Յոզգատով, ապա հասանք Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Երեկո էր արդեն: Անկարայում ընթրելուց հետո շարունակեցինք ճանապարհը ու կեսգիշերին հասանք Պոլիս` արևմտահայ գրի ու գրականության կենտրոն:

Նախքան շնորհանդեսի օրը ես բավարար ժամանակ ունեի և այցելեցի Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագրատուն և ինչպես միշտ, հաճելի զրույց ունեցա գրեթե հիսուն տարիների խմբագրապետ Ռոպպէր Հատտեճյանի, նրա հավատարիմ օգնական խմբագիր Մաքրուհի Հակոբյանի ու մյուսների հետ:

Մեկ օր պտույտ արեցինք Պոլսի հայկական թաղերով, այցելեցինք Պալյան ճարտարապետների կառուցած Դոլմաբահչեի հոյակերտ պալատները, Այա Սոֆիայի տաճար, մեկ օր անցկացրինք Մարմարայի կղզիներում: Ես իմ լրագրական գործունեության երկու տասնամյակների ընթացքում այցելել եմ տասնյակ երկրների հարյուրավոր մեծ ու փոքր քաղաքներ: Շատ հազվադեպ է լինում, երբ ժամանակ ես ունենում այցելել տեսարժան վայրեր կամ պարզապես նաև հանգստանալ: Այս անգամ, բարեբախտաբար, ժամանակ եղավ:

Սեպտեմբերի 5-ի երեկոյան Գալաթասարայի Ջեզեյիր նշանավոր կենտրոնում կայացավ իմ գրքերի թուրքերեն և անգլերեն հատորների շնորհանդեսը: Այն կազմակերպել էին «Անադոլու քյուլթյուր» կենտրոնի տնօրեն Օսման Քավալան ու Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագրապետ Արա Գոչունյանը: Մի քանի տասնյակ մարդ էր ներկա` հայեր և թուրքեր: Քոչունյանը թուրքերենով ներկայացրեց ինձ և իմ գրքերը:

Ապա ես ելույթ ունեցա անգլերենով: Կարճ խոսեցի: Ասացի, որ հայ հեղինակի համար Պոլսում շնորհանդես կազմակերպելը արդեն իսկ կարևոր իրադարձություն է: Ասացի նաև, որ գրքերում հիմնականում փաստեր են և իրադարձություններ, իսկ մեկնաբանությունները թողել եմ ընթերողին: Հույս հայտնեցի, որ թուրք ընթերցողը կհավանի իմ գրքերը և դրանք կարդալուց հետո այլ հայացքով կնայի արցախյան հակամարտությանն ու հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների պատմությանը: Վերջում եղան հարցեր ու պատասխաններ, ծավալվեց քննարկում:

Օսման Քավալայի առաջարկով ես նախատեսվածից երկու օր ավելի մնացի Պոլսում, որպեսզի «Հայ-թուրքական հարաբերությունները և կովկասյան հակամարտությունները» թեմայով դասախոսություն կարդամ Շեհիր համալսարանում: Ես չեմ կարող ասել, թե ինչքանով դուր եկավ թուրք ուսանողներին և մտավորականներին իմ ելույթը: Բայց կարող եմ ասել, որ նրանք ուշադրությամբ էին հետևում իմ անգլերեն ելույթին:

Նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան Պոլսից դուրս եկանք դեպի Հայաստան: Այս անգամ ընտրեցինք այլ ուղի` Սև ծովի ափերով: Անցանք Սամսունով, Գիրեսունով, Տրապիզոնով, Ռիզեով և երեկոյան հասանք վրացական Բաթումի քաղաք: Այդ օրը ես կտրել էի 1.400 կիլոմետր ճանապարհ: Գիշերելուց հետո հաջորդ առավոտյան Թբիլիսիով հասանք Երևան: Ամեն ինչ լավ անցավ: Միակ տհաճությունը Երզնկայում տեղի ունեցածն էր: Բայց լավ էր, որ ո´չ մեքենան տուժեց, ո´չ էլ` կատվի ձագը:

Թաթուլ Հակոբյան

Նկարում՝ Երզնկայի, այսօրվա Էրզինջանի կենտրոնը

Այս գրությունը լույս է տեսել ՍիվիլՆեթի կայքում՝ 2013թ նոյեմբերի 13-ին