2008-ին Տեր-Պետրոսյանը ստացել է 30-ից 35 տոկոս՝ 490-ից 570 հազար քվե

3526
Levon Ter-Petrosyan

ՎԻԿԻԼԻՔՍ – ՀԱՅԱՍՏԱՆ, No 10

Վիկիլիքսի փաստաթղթերի մեջ մեծ թիվ են կազմում 2008-ի Հայաստանի նախագահական ընտրություններին, նախընտրական և հետընտրական, Մարտի 1-ի դեպքերի առնչվող հեռագրերը, որոնք Երևանից ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկել այն օրերին Հայաստանում ամերիկյան թիվ մեկ դիվանագետ, դեսպանի պաշտոնակատար Ջեզեֆ Փենինգթոնը: Ամերիկացիները ուշադրությամբ հետևել են ներքաղաքական գործընթացին: Չնայած նրանք հրապարակավ և անվերապահ աջակցում էին Սերժ Սարգսյանին, հեռագրերում կասկածի տակ են դրել առաջին փուլով Սարգսյանի ընտրությունը: Այս հեռագիրը, որ առաջին անգամ թարգմանաբար ներկայացրել է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթը 2011-ի սեպտեմբերի 6-ի համարում, հաստատում է, որ, ամերիկացիների կարծիքով, Սարգսյանը առաջին փուլում չի ընտրվել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է քվեների մինչև 35 տոկոսը: 

Այս փաստաթղթի բնագիր անգլերենը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/08/20/u-s-deplomat-in-february-19-2008-levon-ter-petrosian-received-between-30-35-percent-490000-570000-votes/

 

1. Սեղմագիր – Հարաճուն ապացույցները, ներառյալ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցը, հարցականի տակ են դնում կառավարության այն պնդումը, թե վարչապետ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին առաջին փուլով օրինակարգ (լեգիտիմ) կերպով ստացել է ձայների մեծամասնությունը: Նման արդյունքը, բիրտ ուժի հետագա կիրառմամբ եւ Արտակարգ դրություն հայտարարմամբ, Սերժ Սարգսյանին կանգնեցրել է լեգիտիմության լուրջ ճգնաժամի առջեւ: Կարծիքները տատանվում են անձամբ վարչապետի հանցավորությունից մինչեւ նախագահ Քոչարյանին մեղադրելու տիրույթում: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի մարտի 8-ի` պաշտոնական արդյունքները վավերացնող որոշումը, որեւէ հավանականություն չկա, թե իշխանությունը կընկրկի եւ կընդունի երկրորդ փուլի տարբերակը` մի բան, որը հայաստանցիներից շատերը համարում են ամենաարդար լուծումը: Մենք կարող ենք մի քանի հավանական սցենարներ կանխատեսել, որոնցից մեկի համաձայն, ընտրված նախագահը համարձակ ժողովրդավարական քայլերով կհաղթահարի քաղաքական ճգնաժամն ու կվաստակի ժողովրդական աջակցություն եւ օրինակարգություն: Նմանապես վախենում ենք, որ Սարգսյանը կմտնի մի արատավոր շրջան, որտեղ, թեժացնելով բռնությունները, ընդդիմադիրներին ճնշելու համար կհենվի ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների վրա, ինչն էլ կխորացնի ճգնաժամն ու կմեծացնի իշխանության մնալու համար Սարգսյանի կախվածությունը ուժային կառույցներից, ինչն անկայունության մշտական ռիսկ կամ առավել ավտորիտար քաղաքական միջավայրի ձեւավորման ռիսկ է պարունակում: Եթե Սարգսյանն ընտրի ժողովրդավարական համարձակ քայլեր ձեռնարկելու ճանապարհը, ապա մենք պետք է աջակցենք եւ քաջալերենք այդ ուղին, նաեւ` օժանդակենք իրական օրինակարգ ընդդիմության գործունեությանը: Հաշվի առնելով, որ բարենորոգումներ իրականացնելուն նրա հայտարարած նվիրվածությունը հիմնականում ապացուցված չէ, Սարգսյանն ինքը պետք է առաջին քայլերը կատարի: Մեր դիրքորոշումը պետք է պայմանավորվի դրական ուղղությամբ առաջնորդելու վարչապետի կարողության արտահայտմամբ: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ նման ղեկավարման բացակայության պայմաններում, ՀՀ իշխանությունների հետ մեր համագործակցության ներկա մակարդակը կդառնա անկայուն:

Դաժան Ճշմարտություն

2. Մեր քաղաքական հաշվարկները պետք է խարսխվեն դաժան իրականության վրա, ինչը մեզ կանգնեցնում է ընդամենը մի քանի իրատեսական տարբերակների ընտրության առաջ.

– Դիտորդներից շատերը չեն հավատում, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ապօրինի կերպով է հաղթել ընտրությունների առաջին փուլում: Մենք գտնում ենք, որ սա վիճարկելը չափազանց բարդ է:

– Այս ամենը, հնարավոր է, նրա ձեռքի գործը չէ: Նախագահ Քոչարյանը եւ այլ ազդեցիկ, հակաժողովրդավար ուժեր հավանական է` ունեցել են իրենց պատճառները նման ելք ծրագրելու համար: Համենայն դեպս, լավագույն դեպքում Սարգսյանը ձախողվել է այս ամենին, կամ սրան հաջորդած դաժան ճնշումներին դիմակայելու գործում:

– Սերժ Սարգսյանը, որպես պաշտպանության նախարար, եղել է գերազանց արեւմտամետ գործընկեր եւ խթանել է Հայաստանի Եվրոատլանտյան հարաբերությունները:

– Սարգսյանի հիմնական հակառակորդ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրեշտակ չէ: Նրա նախագահությունը անկախությունից մինչեւ 1998թ. զարգացել է ավտորիտարիզմի եւ կոռուպցիայի ուղղությամբ, եւ նա, իշխանության մնալու համար, կեղծել է 1996 թվականի նախագահական ընտրությունները: Նա եւ նրա խորհրդատուները անձնական շփումներում մշտապես շեշտել են իրենց լիարժեք համոզվածությունն առ այն, որ իշխանությունները կեղծելու են (2008թ.) ընտրությունները, ուստի Տեր-Պետրոսյանի ռազմավարությունը միշտ ավելի շատ կենտրոնացել է հետընտրական հանրահավաքների միջոցով իշխանությանը հեռացնելու խնդրի, քան պարզապես քվեարկությամբ հաղթելու վրա:

– Իրադարձությունները չեն հերքում ընտրության ժամանակ իշխանությունների վարքագծի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի թիմի պնդումները: Առճակատման տանող նրանց ոճն ու հռետորաբանությունը տհաճ լինելով, այլընտրանք գրեթե չեն թողնում: Իշխանությունները համակարգված կերպով փակել են ընտրությունների օրը ազնիվ քվեարկությամբ հաղթելու` ընդդիմության ճանապարհները:

– Տեր-Պետրոսյանը մեկուսացված ծայրահեղական չէ: Պաշտոնական տվյալներով, փետրվարի 19-ին նա ստացել է քվեների 21.5 տոկոսը (ավելի քան 350 հազար քվե), եւ իրական թվերն, անկասկած, զգալիորեն ավելի բարձր են: Մեր համոզված ենթադրությունը մոտավորապես 30-35 տոկոսի սահմաններում է (490 հազարից 570 հազար քվե): Վերջին երկու շաբաթներում նրա հասարակական աջակցությունը միայն աճել է: Շատ հայաստանցիներ մեզ ասում են. «Սա այլեւս Տեր-Պետրոսյանի հարցը չէ, սա գործող իշխանությունների վարքագծի խնդիրն է»:

– Հետընտրական իրադարձությունները Տեր-Պետրոսյանին դարձրել են երբեւէ եղած ամենալեգիտիմ ընդդիմադիր քաղաքական դեմքը, առավել, քան մյուս բոլորը միասին վերցված: Խաղաղ հանրահավաքների դեմ ռեժիմի կողմից ուժի կիրառումը, ընդդիմադիր մամուլի կասեցումը եւ ճնշումների այլ բաղադրիչները ավելացրել են հասարակական զայրույթը, եւ, ըստ կանխադրման, Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ են դարձել շատերը, ովքեր դեռեւս չեն համակրում նրան: Եթե այժմ ընտրություններ կազմակերպվեին, ամենայն հավանականությամբ Տեր-Պետրոսյանը կհաղթեր Սարգսյանին: Շատ հայաստանցիներ այսօր Տեր-Պետրոսյանին համարում են միակ մարդը, ով ունի իրական հնարավորություն կազմաքանդելու այն, ինչը նրանք համարում են ղարաբաղյան կլանի գլխավորած ավազակապետության զավթողական ռեժիմ Հայաստանում, որը, թվում է, մենաշնորհել է քաղաքական եւ տնտեսական բոլոր լծակները:

– Որքան էլ կասկածամտորեն վերաբերվենք Տեր-Պետրոսյանի շարժառիթներին ու մեթոդներին, ներկա ընտրական գործընթացում նա եւ նրա համակիրները գերազանցապես դիտվում են որպես զոհ, մինչդեռ Սարգսյանի աջակիցները` որպես չարագործներ: Այնուհանդերձ, պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մոտ 20 հազար մարդկանց մեջ թերեւս մի քանի հարյուր մարդկանց խմբեր են եղել, որոնք, թվում է, նախապես պատրաստված են եղել ոստիկանության հետ կատաղի բախումների համար: Տեր-Պետրոսյանի ամենաարմատական աջակից Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ հռետորաբանությամբ մարդկանց դրդել է դիմակայության (fight): Տեր-Պետրոսյանը մեր հետագա մասնավոր զրույցների ժամանակ իրեն այս ամենից հեռու է պահում, բայց շատ հավանական է, որ նա նախապես տեղյակ է եղել եւ հավանություն է տվել իր մարտաշունչ աջակցի նման գործողություններին:

– Հնարավոր է` Սերժ Սարգսյանը հոգու խորքում ավելի առաջադեմ եւ ժողովրդավար է, քան իր երկար տարիների մտերիմ ընկեր եւ քաղաքական գործընկեր Ռոբերտ Քոչարյանը: Նման կռահումների համար խոսուն նշաններ կան: Հնարավոր է նաեւ, որ Սարգսյանը հասարակական օրինակարգության եւ արեւմտյան աջակցության ծայրահեղ կարիք ունի, որպեսզի քաղաքական ուժ ձեռք բերելով` ի վիճակի լինի ներկայումս իշխանության հիմնասյուներ համարվող ամենակոռումպացված, վնասաբեր եւ ավազակաբարո տարրերին արմատախիլ անել:

– Եթե Սարգսյանը անկեղծ ցանկություն ունի «տունը մաքրելու», նման աջակցության հապաղումը կարող է «գորգը քաշել» նրա ոտքերի տակից: Սա, իհարկե, հնարավոր է Քոչարյանի եւ այլ ազդեցիկ դեմքերի պլանավորած  նպատակը լինի` երաշխավորել, որ Սարգսյանի ընտրության արատավոր բնույթը նրան հնարավորություն չի տա մարգինալացնել իրենց հետընտրական քաղաքական գործընթացներում:

– Եթե նույնիսկ այս վարկածը ճիշտ է, վնասը վերականգնելու համար թերեւս շատ ուշ է:  Ընտրությունները անդառնալիորեն արատավոր են եղել, եւ Սարգսյանի օրինակարգությունը խոցելի է: Հնարավոր է դեռեւս խուսանավելու բավական տեղ կա. հրապարակայնորեն խզել կապերը Քոչարյանի հետ, նախաձեռնել համարձակ ժեստերի շարք, որոնք լռելյայն կընդունեն սխալները, անկաշկանդ եւ համարձակորեն շարժվել խառնաշփոթը կարգավորելու ուղղությամբ: Սարգսյանի` նման ուղի ընտրելու հակվածությունը  հաստատող որեւէ ապացույց չկա: Ի տարբերություն Քոչարյանի, Սարգսյանը վճռական (boldness) լինելու համբավ չունի. ճիշտ հակառակը: Այնուամենայնիվ, վարչապետի եւ նրա խորհրդականների հետ մեր շփումների ժամանակ սա է եղել մեր ուղերձը:

– Տեղացիների ընկալմամբ, գործնականում չկա միջին-նախընտրելի տարբերակ. մեր գրեթե բոլոր քայլերը կընկալվեն որպես աջակցություն ռեժիմին, կամ` Տեր-Պետրոսյանին: Կողմերից յուրաքանչյուրը կձգտի մեր հայտարարություններն ու գործողությունները օգտագործել եւ չարաշահել սեփական քաղաքական շահի համար, եւ այստեղ մենք քիչ բան կարող ենք անել:

Հավանական սցենարներ

3. Սցենար 1.  Փակուղային վիճակի ձգձգում, անկայունություն, բռնաճնշումներ – Մեր մտավախությամբ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով ամենահավանական սցենարը կլինի այն, որ Սարգսյանը կշարունակի ռեժիմի որդեգրած դաժան գործելաոճը: Թերագնահատելով Տեր-Պետրոսյանի նկատմամբ առաջացած հասարակական համակրանքի չափը, ուժն ու խորությունը` Սարգսյանը կփորձի ոստիկանության, անվտանգության ծառայությունների, հետապնդումների միջոցով Տեր-Պետրոսյանի գլխավոր աջակիցներին եւ հավանաբար նույնիսկ անձամբ Տեր-Պետրոսյանին քաղաքական դրդապատճառներով բանտարկելով, ջախջախել վերջինիս գլխավորած ընդդիմությանը: Սա Տեր-Պետրոսյանին կդարձնի ժողովրդավարության պայքարի նահատակ-հերոս: Իշխանության մնալու համար նա (Սարգսյանը.-խմբ.) ավելի շատ կսկսի հենվել քաղաքական բռնաճնշումների վրա, եւ Հայաստանը կհայտնվի ավելի ավտորիտար վիճակում, քան նույնիսկ եղել է խորհրդային ժամանակաշրջանում:

4. Սցենար 2.  Քոչարյանը ճիշտ է, ատելությունը կանցնի, ստոյիցիզմը հաղթանակում է – Հնարավոր է, ինչպես Քոչարյանը կանխատեսել էր Բրայզայի հետ վերջին հանդիպման ժամանակ, այն է` համատարած հասարակական ատելությունն ու զայրույթը հանդարտվում են շատ ավելի արագ եւ հիմնովին, քան մենք այժմ կարծում ենք: Գլխավոր կազմակերպիչներին բանտերում պահելը ժամանակի ընթացքում հնարավոր է բավարար լինի դժգոհությունների ալիքի շարունակությունը սանձելու համար, եւ հասարակությունը կվերադառնա քոչարյանական վարչակարգի ժամանակաշրջանին հատուկ կրավորական վարքագծին եւ կիսաավտորիտարիզմին: Ինչ-որ կայուն իրավիճակ կհաստատվի, որի պայմաններում հեռուստատեսությունը կմնա իշխանամետ ուժերի խիստ վերահսկողության տակ, եւ հասարակության ամենատարբեր տարրերը կիմանան որտեղ է իրենց սահմանը: Սա առերեւույթ ժողովրդավարական լճացման եւ արեւմտականացման քողի տակ քաղաքական եւ տնտեսական կոռուպցիոն իրավիճակի հաստատուն խորացման բաղադրատոմս է` մինչեւ ապագայում, օրերից մի օր, հաջորդ բռնկումը տեղի կունենա:

5. Սցենար 3 – Ամեն դեպքում, Սարգսյանը հեռուն նայող (visionary) առաջնորդ է. ամենակառուցողական քայլը, որ նա կարող է անել, ազգային համաձայնությանն ուղղված դրամատիկ քայլեր ձեռնարկելն ու իշխանության կոռումպացված եւ ավազակաբարո տարրերի դեմ պայքարին իր նվիրվածության ցուցադրումն է: Արտակարգ դրությունը եւ մամուլի արգելափակումը չեղյալ հայտարարելը կարեւոր քայլեր են, որոնք ցանկալի կլինեն նաեւ հեռուստատեսության ներկայիս խայտառակ կողմնակալ հեռարձակումները վերացնելու ասպարեզում: Երկարաժամկետ կտրվածքով դրական քայլ կլինի նաեւ պետական հեռուստառադիոհաղորդումների կարգավորման հանձնաժողովը ղեկավարող մարմնի եւ Հանրային հեռուստատեսության բնագավառում փոփոխությունը: Պատասխանատվության կանչելով ընտրական եւ հետընտրական գործընթացներում հանցանք գործած իշխանամետ, ինչպես նաեւ ընդդիմադիր գործիչներին, միաժամանակ ազատ արձակելով բանտարկված ընդդիմադիրների մեծամասնությանը` նա կարող է նոր վստահության մթնոլորտ ստեղծել: Նոր վարչապետի եւ կառավարության նշանակումը նրա ընտրած ուղու համար կարեւոր քայլ կլինի: Անբասիր, թարմ դեմքերով համալրված թիմը կարժանանա հասարակական հավանության, մինչդեռ հին, կոռումպացված անձանց վերարտադրումը կխորացնի հասարակական ցինիզմը:

6. Սցենար 4. Սարգսյանը հեռանում է – Մենք զարմացած ենք, որ մի շարք լուրջ, ոչ ընդդիմադիր քաղաքական մտածողներ առանձին-առանձին մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ վերջին երկու շաբաթների իրադարձությունների վրա հիմնվելով` ակնկալում են, թե Սերժ Սարգսյանը ի վիճակի չի լինի մեկ կամ երկու տարուց ավելի պահել իշխանությունը: Նման փաստարկի հիմքն այն է, որ ընդդիմադիր «ջինն» այժմ արդեն դուրս է եկել շշից: Հայերը մարտիմեկյան դեպքերից հետո համատարած շոկի եւ տրավմայի մեջ են: Հայաստանյան որեւէ իշխանություն նախկինում երբեւէ ընդդիմադիր դժգոհությունները այնպիսի դաժանությամբ ճնշելու միջոցներ չի ձեռնարկել, որ արդյունքում մահվան դեպքեր արձանագրվեն: Ազդեցության եւ հակազդեցության ահագնացող շրջանը (որպիսին նկարագրված է սցենար 1-ում) կարող է դուրս գալ Սարգսյանի վերահսկողությունից կամ պահանջել առավել կոշտ պատասխան, քան անվտանգության մարմիններն ի վիճակի են իրականացնել: Որոշ հայ քաղաքական մեկնաբաններ պնդում են, որ հայերը հետխորհրդային մյուս հասարակություններից տարբերվում են նրանով, որ պետական ապարատի բռնությունները հանդուրժելու ավելի ցածր պատրաստակամություն ունեն: Նրանք հպարտ են իրենց պատմությամբ, երբ 1988-ին հանուն անկախության կանգնեցին խորհրդային տանկերի դեմ, եւ բարձր զարգացած ազգային միասնության զգացողություն ունեն: Հայ զինվորի ու ոստիկանի կողմից Հայաստանի քաղաքացու վրա կրակելը շատերի կողմից դիտվում է ռուբիկոնն անցնելու նման մի երեւույթ: Կախված այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Տեր-Պետրոսյանը թերեւս դեռ կարող է ժողովրդավարական հեղափոխություն հրահրելու համար հասարակական բավարար դժգոհություն մոբիլիզացնել: Այլապես, ահագնացող ճգնաժամի պայմաններում, Սարգսյանը կարող է արժանանալ 1998-ի Տեր-Պետրոսյանի ճակատագրին, եւ հեռացվել ներքին հեղաշրջմամբ:

Ի՞նչ կարող ենք անել մենք

7. Խրախուսել լավ վարքագիծը – Առաջիկա ժամանակահատվածում, մեզ մատչելի լավագույն ռազմավարությունը կլինի այն, որ ամեն կերպ աջակցենք սցենար 3-ում նկարագրվածի շրջանակներում վարչապետ Սարգսյանի ձեռնարկած յուրաքանչյուր իրական ջանքի: Մենք վարչապետին եւ նրա օգնականներին պարբերաբար հորդորել ենք նման քայլերի անհրաժեշտությունը եւ կշարունակենք անել դա: Մենք արդեն իսկ ուղերձներ  ենք փոխանցել եւ կշարունակենք փոխանցել իշխանության եւ Տեր-Պետրոսյանի թիմերին, քանի դեռ երկու կողմերը դրանք կառուցողական են համարում:

8. Առանց վարկաբեկելու մեր սկզբունքները – Որքան կարեւոր է ճիշտ քայլեր անելու համար քաջալերել վարչապետին եւ մյուս շահագրգիռ կողմերին` մեզ համար նույնքան կարեւոր է բարձրաձայնել ճշմարտությունն այնպես, ինչպես տեսնում ենք: Մենք միանշանակ հավատացած ենք, որ թուլացնելով մեր քննադատությունը հակաժողովրդավար վարքագծի պարագայում` լինի դա իշխանության, թե ընդդիմության կողմից` դրանով որեւէ շնորհ կամ բարեհաճություն չենք ցուցաբերում ոչ վարչապետին, ոչ էլ հայաստանյան ժողովրդավարությանը: Մենք պետք է վճռական եւ հստակ ազդակներ հաղորդենք վարչապետին եւ իշխանական այլ գործընկերներին, ինչպես նաեւ ընդդիմությանը, որ նրանց հաշվետու ենք համարելու այս ճգնաժամը հաղթահարելուն ուղղված նրանց ընտրած ճանապարհի համար: Վատ պահվածքը հանգեցնելու է հետեւանքների` Միացյալ Նահանգների ներգրավվածության եւ օժանդակության առումով: Երկարաժամկետ կտրվածքով, հայաստանյան հասարակական կարծիքը (որը զարմանալիորեն հակված է հիշողությունը երկար պահպանելուն) մեզնից է պահանջելու հաշվետվություն, քանի որ մենք ընկալվել ենք որպես ժողովրդավարական սկզբունքների ջատագով: Մենք չպետք է թույլ տանք, որ Սարգսյանի վերաբերյալ մեր դրական  հույսերը ավելին լինեն, քան նրա կողմից ձեռնարկվող շոշափելի քայլերը:

9. Ե՞րբ շնորհավորել Սարգսյանին – Նախորդ շաբաթ Բրայզայի այցելության ժամանակ այստեղ արեւմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանդիպմանը բավական երկար քննարկվեց, թե երբ պետք է այն երկրները, որոնք դեռեւս պաշտոնապես չեն շնորհավորել Սարգսյանին, անեն դա: Մեր կարծիքով ներկայումս արտակարգ դրության եւ մամուլի արգելափակված լինելու պայմաններում Սպիտակ տան շնորհավորանքը աննպատակահարմար է: Մենք առաջարկում ենք, որ շնորհավորանքը հետաձգվի մինչեւ` ա). արտակարգ դրության չեղյալ հայտարարումը, կամ բ). ապրիլի 9-ի երդման արարողությունից անմիջապես առաջ` երկուսից որն էլ լինի առաջինը: Մենք առաջարկում ենք, որ շնորհավորանքի տեքստում ուղերձ լինի նաեւ Հայաստանում քաղաքական տարաձայնությունների հաղթահարման վերաբերյալ:

Ջոզեֆ Փենինգթոն