Ռուսաստանի և Հայաստանի միջև եզրափակիչ արձանագրությունը* – 28 հոկտեմբեր, 1920

12073
28 հոկտեմբեր, 1920թ.

Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության լիազոր Լեգրանը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորներ Շանթը, Տերտերյանը և Զարա‎ֆ‎յանը 1920թ. հոկտեմբերի 28-ին համաձայնության եկան հետևյալի շուրջ.

Առաջին. մի կողմից ՌԽՖՍՀ և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն արձանագրությանը կից հաշտության պայմանագրի նախագիծը և նրան վերաբերող բոլոր լրացումները ստորագրելու պարտավորություն են ստանձնում, պայմանով, որ

  1. ՌԽՖՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունները ճանաչում են Նախիջևանի և Զանգեզուրի վիճելի մարզերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության հողային անսասան իրավունքը և այդ գավառների սահմաններից դուրս են բերում բոլոր զորամասերը, որոնք ՌԽՖՍՀ և Ադրբեջանի հրամանատարության ենթակայության տակ են:
  2. Հայաստանի կառավարությունը, իր հերթին, անվերապահորեն հրաժարվում է Ղարաբաղի նկատմամբ բոլոր պահանջներից, բացի այն անկյան նկատմամբ, որն առաջանում է Նոր Բայազետի գավառի արևելյան սահմանագծի և Շարուր-Դարալագյազի գավառի արևելյան սահմանագծի և Զանգեզուրի գավառի հյուսիսային սահմանագծի մի մասից` Կիքարդաղից դեպի Չիչաքլը սարը գնացող պայմանական գծով:

Երկրորդ. Հայաստանի Հանրապետությունը, Թուրքական Հայաստանի մարզերի վիճելի հողային հարցերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության հետ բարեկամաբար լուծելու մտադրություններով, պատրաստ է այդ հարցերի լուծման համար ՌԽՖՍՀ կառավարության օժանդակությունը ընդունել այն բանից հետո, երբ

  1. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը իր զորքերը հետ է քաշում մինչև 1914 թվականի ռուս-թուրքական նախկին սահմանագիծը:
  2. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը հրաժարվում է Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերից:
  3. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը անվերապահորեն ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը այն սահմաններում, որոնք որոշվել են ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքված հաշտության պայմանագրով:

Վերոնշյալ պայմանները գործի դրվելուց հետո ՌԽՖՍՀ-ի բարեկամական օժանդակությամբ վիճելի հողային հարցերի խաղաղ լուծման հիմունքները կմշակեն լրացուցիչ կերպով:

Վավերացնելու համար երկու կողմերի լիազորները ստորագրեցին և իրենց կնիքներով հաստատեցին այս արձանագրությունը:

Բնագիրը կազմված է և ստորագրված երկու օրինակով:

Լեգրան

Լևոն Շանթ, Համբարձում Տերտերյան, Լևոն Զարա‎ֆ‎յան:

* Շաւարշ Թորիկեան, ՙՀայկական հարցը եւ միջազգային օրէնքը՚, Համազգայինի Վահէ Սէթեան տպարան, Պէյրութ, 1976, էջ 247-249: