Իմ սեղանի գրքերից՝ «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար»

5187

Սովորության համաձայն ես միաժամանակ մի քանի գիրք եմ կարդում: Վերջերս դրանց ավելացավ հաստափոր մեկը՝ Երվանդ Փամբուկյանի խմբագրած «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» մատենաշարի ԺԱ.՝ 11-րդ հատորը:

ՀՅԴ Բյուրոյի որոշումով կուսակցության արխիվները համակարգված ձևով` հատորներով, պատրատել և խմբագրելու գործը սկսել է Հրաչ Տասնապետյանը: Տասը տարիների ընթացքում` 1972-1982 թթ., լույս տեսավ չորս հատոր: Տասնապետյանի հիվանդությունն ու մահը հետագա հատորների լույս ընծայումը դադարելու պատճառ դարձավ: Ավելի քան երկու տասնամյակ ընդմիջումից հետո այդ գործը շարունակեց Փամբուկյանը:

Նախորդ տասը հատորներից այս մեկը՝ 11-րդը, առանձնանում է նախ և առաջ նրանով, որ ընդգրկում է, ինչպես առաջաբանում գրում է Փամբուկյանը, հայոց ժամանակակից պատմության «ամէնէն տագնապալի մէկ շրջանը երբ, հայկ. Բարենորոգումներու հարցի միջազգային արծարծումով, յուսատու հեռանկար մը կ’ուրվագծուէր հայ ժողովուրդի մօտաւոր ապագային համար, բայց որ շուտով, առաջին աշխարհամարտի թուհուբոհին մէջ, պիտի փոխակերպուէր պատմութեան մէջ իր նախընթացը չունեցող արհաւիրքի՝ Մեծ եղեռնին»:

Այդ ժամանակաշրջանը ՀՅԴ 7-րդ Ընդհանուր ժողովից՝ օգոստոս 1913թ., մինչև 1915թ. ապրիլ 11/24-ն է, որը Փամբուկյանը տեղավորել է 14 գլուխներում:

Առաջին գլխում ամփոփված են Պոլսո հայոց պատրիարքարանի՝ 1913-ի բողոքագրերը օսմանյան կառավարությանը: Երկրորդ գլուխը վերաբերում է հայկական բարենորոգումներին, որոնք սկիզբ էին առել 1878-ի Բեռլինի 61-րդ հոդվածով և փակվել Առաջին աշխարհամարտի նախօրեին:

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում երրորդ գլուխը՝ Օսմանյան կայսրության 1914-ի խորհրդարանական ընտրությունները: ՀՅԴ-ն դեռ 1912-ի մայիսից խզել էր հարաբերությունները իշխող կուսակցության՝ Իթթիհատի հետ, կայսերական կառավարության հետ հարաբերությունների պարտականությունը վստահելով Պոլսի հայոց պատրիարքությանը: Հայությունը, որի թիվը կայսրությունում երկու միլիոն էր, ակնկալում էր խորհրդարանում ունենալ 20 պատգամավոր, որոնք կընտրվեին հայերի քվեներով, այսինքն՝ կայսրության տարածքում բնակվող հայերը ընտրեին հայ պատգամավորների: Վերջնարդյունքում, սակայն, հայությունը չհասավ իր նպատակին: Ընտրվեց 13 հայ, որոնցից 7-ը իշխող Իթթիհատի ցուցակով, 4-ը՝ ՀՅԴ (Յովհաննէս Սերենկիւլեան, Արշակ Վռամեան, Վահան Փափազեան, Գեղամ Տէր Կարապետեան), 1-ը՝ ՍԴՀԿ (Համբարձում Պոյաճեան), 1-ը՝ անկուսակցական (Գրիգոր Զօհրապ):

Չորրորդ գլխում պատմաբան Փամբուկյանը ամփոփել է ՀՅԴ Արևմտյան Բյուրոյի արձանագրություններն ու տեղեկագրերը, որոնց հեղինակներն են Սիմոն Զաւարեանը, Վահան Փափազեանը, այլք:

Հինգերորդ գլխում ամփոփված են Կարինում 1914-ի հուլիսի 16-30-ը գումարված ՀՅԴ Ութերորդ Ընդհանուր ժողովի նյութերով: Առաջին աշխարհամարտի լուրը ստանալուն պես՝ ՀՅԴ-ն փակեց ժողովը, իսկ նրանք, ովքեր ևս որոշ ժամանակ մնացին Կարինում՝ Ռոստոմ, Ակնունի, Վռամեան, հանդիպումներ ունեցան Իթթիհատի ներկայացուցիչներ Պեհաէտտին Շաքիրի ու Նաճի պէյի հետ: Իթթիհատական պատվիրակները եկել էին Կարին, որպեսզի պարզեն, թե ինչպիսին է լինելու ՀՅԴ կեցվածքը, եթե բռնկվի ռուս-թուրքական պատերազմ:

Հատորի առաջաբանում Փամբուկյանը մատնանշում է, որ կուսակցության արխիվում գրեթե դատարկ է ՀՅԴ Ութերորդ Ընդհանուր ժողովին հատկացված թիվ 1545 թղթածրարը: «Պատմական ծանրակշիռ պարագաներու մէջ գումարուած այս ժողովէն, բացառութեամբ Որոշումներու ձեռագիր եւ տպագիր Քաղուածքներուն, յատկանշական ոչինչ հասած է. ո՛չ ժողովական ատենագրութիւն եւ ոչ ալ Բիւրոներու կամ կազմակերպական շրջաններու տեղեկագրեր: Բոլորն ալ կորսուած են ընդմիշտ: Այսուհանդերձ, կարգ մը շրջաններու պարագային, ինչպէս Պալքաններ, Ատրպատական, Պոլիս, բարեբախտաբար կը գտնուին արձանագրութեանց յատուկ մատեաններ (500էն մինչեւ 1000 էջնոց, բարակ եւ դիւրաբեկ թերթերէ կազմուած հաստափոր գիրքեր), ուր պահուած են մարմիններու փոխանակած գրութեանց, երբեմն նաեւ տեղեկագրերու պատճէնները: Այս մարզին մէջ եւ տուեալ ժամանակաշրջանին համար, մասնաւոր շահեկանութիւն կը ներկայացնեն նոյնպէս Պալքանի Կ. կոմիտէին առաքած գրութիւնները Թիֆլիս՝ Հ. Յ. Դ. Արեւելեան բիւրոյին», գրում է Փամբուկյանը:

Վեցերորդ գլուխը նվիրված է կամավորական շարժմանը: Չնայած Կարինում կայացած ՀՅԴ Ութերորդ ժողովը, փաստացի, որոշել էր չմիանալ ռուսական ուժերին՝ Օսմանյան կայսրության դեմ վերջինիս հարձակմա դեպքում, ՀՅԴ-ն կարևոր դերակատարություն ունեցավ կամավորական խմբեր ձևավորելու ընթացքում: 1914-ի օգոստոսից սկսած Կովկաս անցան բազմաթիվ նշանավոր մտավորական և կուսակցական դեմքեր, որոնց շարքում Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Սեպուհը, Իշխան Արղութեանը, այլք: Կամավորական գնդեր կազմելու և ռուսական բանակի կողքին կռվելու գաղափարը, ինչպես գրում է Փամբուկյանը, «կու գար [Փեթերսպուրկի] կառավարութենէն, ընդհ. Պատերազմի յայտարարութեան առաջին օրերէն եւ նախքան ռուսեւթուրք ճակատի բռնկումը: Կովկասի փոխարքային միջոցաւ Փեթերսպուրկի այդ առաջարկը փոխանցուած էր Թիֆլիսի հայ Ազգ. Բիւրոյին, մարմին, որ կազմուած էր հայ քաղաքական եւ հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներէն»:

Յոթերորդ գլուխն ընդգրկում է 1914-ի նոյեմբերից մինչև 1915-ի ապրիլ ժամանակամիջոցը՝ Հայոց ցեղասպանության նախօրեն, ութերորդը՝ Առաջին աշխարհամարտի սկզբնական շրջանում Արևմտյան Եվրոպայում ՀՅԴ ծավալած քաղաքական աշխատանքները:

Իննից տասնչորսերորդ գլուխները վերաբերում են ՀՅԴ կազմակերպական շրջանների՝ 1914-1915 թթ. գործունեությանը:

«Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» մատենաշարի ԺԱ.՝ 11-րդ հատորի տպագրությունը իրականացվել է տեր և տիկին Հրայր և Մակի Սողոմոնյանների նվիրատվությամբ: Հատորը, ինչպես նախորդները, տպագրել է Համազգայինի Վահե Սեթյան հրատարակչատունը:

 

Թաթուլ Հակոբյան