Գանգատվել դառնորեն չար բախտից ու մեզանից դուրս որոնել մեր դժբախտությունների պատճառը

5128

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ 1923թ. ապրիլին Հ. Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին ներկայացրած զեկուցագրից

1915 թվականի երկրորդ կեսը ու ամբողջ 1916 թվականը ընդհանուր սուգի ու հուսահատության շրջան էր մեզ համար:

Փախստականները Վանից, Ալաշկերտից, Բասենից,- բոլոր նրանք, որոնց հաջողվել էր ազատվել ջարդերից, տասնյակ ու հարյուր հազարներով լցվել էին ռուսահայ գավառները: Անոթի, մերկ, հիվանդ, սարսափահար ու բարոյալքված մարդկանց հեղեղներ էին, որ գալիս էին մեկը մյուսի հետևից ու հեղեղում մեր գյուղերն ու քաղաքները: Այս սովահար զանգվածները եկել էին մի երկիր, որ ինքն էլ հայքայված էր արդեն ու հացազուրկ: Ուժասպառ, հիվանդ, արյունաքամ՝ կուտակվել էին փախստականները իրար վրա: Շիրակն ու Արարատյան դաշտը վերածվել էին մի ահռելի հիվանդանոց-անկելանոցի, ուր հայ մարդիկ մեր աչքի առջև, մեր դռների շեմքին, հազարներով մեռնում էին սովից ու հիվանդություններից…

Ու մենք անզոր էինք փրկելու այդ թանկագին կյանքերը:

Զայրացած ու սարսափած, որոնեցինք հանցավորներին ու գտանք իսկույն՝ ռուս կառավարության նենգ քաղաքականությունը:

Քաղաքականապես տհաս ու մտքով անհավասարակշռված մարդկանց հատուկ անհետևողականությամբ, մի ծայրահեղությունից ընկանք անմիջապես հակառակ ծայրահեղության մեջ: Որքան կույր ու անհիմն էր մեր երեկվա հավատը ռուս կառավարության հանդեպ, նույնքան կույր ու անհիմն էր այսօրվա մեղադրանքը:

Ասում ենք՝ ռուսները խաբեցին ու դավաճանեցին մեզ: Դիտմամբ դանդաղ շարժվեցին, անվճռողական եղան, ետ ու առաջ գնացին, գրավեցին ու նահանջեցին, որպեսզի թուրքերին առիթ, ժամանակ ու հնարավորություն տան տեղացի հայերին կոտորելու: Ռուսները այդպես արեցին, որպեսզի ամայացնեն Հայաստանն ու կազակներին նստեցնեն այնտեղ. իշխան Լոբանով-Ռոստովսկու ծանոթ ծրագիրն է, որ իրականացվում է այսօր…

Այսպես մտածում ու արտահայտվում էր ոչ միայն ժողովուրդը, այլև մեր կուսակցությունը՝ մեր գիտակից ընկերներից շատ շատերը:

Չէինք ուզում հասկանալ, որ ռուսների ընթացքը բացատրելու համար բնավ անհրաժեշտ չէր ենթադրել, թե նրանք ծրագիր ու դիտավորություն են ունեցել մեզ կոտորել տալու, այլ բավական էր միայն ենթադրել, թե նրանք չեն ունեցել նպատակ՝ փրկել թուրքահայությունը ինչ գնով էլ լինի: Իսկ այսպիսի նպատակ նրանք իհարկե չեն ունեցել. մենք ենք եղել, որ վերագրել ենք նրանց մեր սեփական ցանկությունները և երբ իրականացած չենք տեսել այն՝ դավադրություն ենք որոնել:

Բնական էր, որ կամավորները շտապում էին օր առաջ մտնել Վան ու Մուշ. նրանք գնում էին փրկելու այնտեղի հայությունը, դա՛ էր իրենց նպատակն ու կոչումը՝ միակ նպատակն ու կոչումը: Բայց չէ՞ որ Ռուսաստանի զորքերը հայ կամավորներ չէին ու տարբեր խնդիրներ ունեին լուծելու: Նրանց դանդաղկոտությունն ու անվճռականությունը, որ մենք դավադրության էինք վերագրում, կարող էր հեշտությամբ բացատրվել հրամանատարության սովորական ապիկարությունով (ապիկարություն, որի օրինակները այնքան բազմաթիվ էին նաև ուրիշ ճակատներում, ուր ոչ մի պատճառ չկար որևէ հետին միտք ենթադրելու) կամ, թերևս, ռազմական ընդհանուր պահանջներով, որ մենք չգիտեինք, չէինք ուզում գիտենալ:

Շատ հետաքրքիր ու բնորոշ երևույթ էր սա՝ արժանի առանձին ուշադրության:

Մտքի մի տարօրինակ […] շնորհիվ, մենք՝ մի քաղաքական կուսակցություն, մատնում էինք կարծես, թե մեր դատը մի միջանկյալ  ու փոքրարժեք հանգամանք է ռուսների համար, այնքան փոքրարժեք, որ նրանք՝ հարկ եղած դեպքում, առանց մի րոպե տատանվելու ու ամենայն հանգստությամբ կանցնեին մեր դիակի վրայով:

Չեմ ասում, թե չգիտեինք, չէինք հասկանում: Գիտեինք, իհարկե, հասկանում էինք ու ասում, երբ հարկ էր լինում՝ բառերով բնորոշել դրությունը: Բայց սրտերիս խորքում չէինք գիտակցում այդ բառային գորմուլի ամբողջ իմաստը, մոռանում էինք մեր գիտեցածը ու եզրակացություններ անում այնպես, որ կարծես մեր դատն էր մեծ պատերազմի ծանրության կենտրոնը, պատճառն ու նպատակը: Երբ ռուսները առաջ էին շարժվում, սրտերիս չգիտակցած խորքերում ասում էինք. գնում են մեզ փրկելու, իսկ երբ ետ էին գալիս, ասում էինք՝ նահանջում են, որ մեզ կոտորել տան…

Երկու դեպքում էլ շփոթում էինք հետևանքը նպատակի ու դիտավորության հետ:

Որոնում էինք ապացույցներ ռուսների դավաճանության և իհարկե գտնում, ճիշտ այնպես, ինչպես, ինչպես վեց ամիս առաջ որոնում էինք ու գտնում նույն ռուսների բարյացակամության անհերքելի ապացույցներ:

Գանգատվել դառնորեն չար բախտից ու մեզանից դուրս որոնել մեր դժբախտությունների պատճառը՝ սա ևս մեր ազգային հոգեբանության բնորոշ գծերից մեկն է, որից ազատ չէ իհարկե և Դաշնակցությունը:

Կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էինք գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն են վարվել մեր հանդեպ (հետագայում հերթը պիտի գար ֆրանսիացիներին, ամերիկացիներին, անգլիացիներին, վրացիներին, բոլշևիկներին, ամբողջ աշխարհին): Կարծես մի մեծ առաքինություն էր ու մի մեծ քաջագործություն, որ ինքներս այնքան միամիտ ու անհեռատես ենք եղել, դրել ենք մեզ (կամ՝ թույլ ենք տվել դնելու) այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել կամ կոտորել տալ մեզ: