Քաջազնունի. 1914-ի ձմռանը-1915-ի գարնանը փարվել էինք Ռուսաստանին անվերապահորեն

3120

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ 1923թ. ապրիլին Հ. Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին ներկայացրած զեկուցագրից

1914 թվականի ձմեռը ու 15-ի գարնան առաջին ամիսները ոգևորության ու հույսերի շրջան էր ամբողջ ռուսահայության համար, մեջն առնելով իհարկե և Հ. Յ. Դաշնակցությունը:

Չէինք կասկածում, որ պատերազմը պիտի վերջանա դաշնակիցների կատարյալ հաղթությունով, Թուրքիան պիտի պարտվի, անդամահատ լինի և որ այնտեղի հայությունը պիտի ազատագրվի վերջապես:

Փարվել էինք Ռուսաստանին անվերապահորեն:

Առանց որևէ դրական հիմք ունենալու, տարված էինք այն հավատով, որ ցարական կառավարությունը՝ ի վարձատրություն մեր հավատարմության, մեր ջանքերի ու օգնության՝ պիտի շնորհի ավելի կամ պակաս լայն ինքնավարություն թե՛ Թուրքիայից ազատագրված հայկական վիլայեթներին, թե Անդրկովկասյան Հայաստանին:

Իլյուզիային մի անթափանցիկ մթնոլորտ էինք ստեղծել մեր […] շուրջը: Մեր սեփական ցանկությունները դրել էինք ուրիշների մեջ, մեզ հաճելի իմաստ էինք տալիս անպատասխանատու մարդկանց անբովանդակ խոսքերին, ինքնաներշնչման հիպնոսի տակ կորցրել էինք իրականության գիտակցությունը և տարվել երազանքներով:

Բերանից բերան, ականջից ականջ անցնում էին ինչ-որ խորհրդավոր խոսքեր, որ իբր թե ասվել են փոխարքայի պալատում, շարունակ մատնանիշ էր արվում ինչ որ գրություն (Վորոնցով-Դաշկովի նամակը կաթողիկոսին), որ իբր թե զորեղ փաստաթուղթ էր մեր ձեռքում՝ ապագայում մեր պահանջները ներկայացնելու և իրավունքները պաշտպանելու համար,- վարպետորեն կազմված մի չնչին նամակ, որ ոչինչ չէր պարունակում, բացի ընդհանուր և շատ անորոշ նախադասություններից, որոնց մեջ կարելի էր դնել, ըստ ցանկության, ամեն տեսակ բովանդակություն:

Գերագնահատում էինք հայ ժողովրդի կարողության չափը, քաղաքական և ռազմական արժեքը, ռուսներին մատուցած մեր օժանդակության կարևորությունը: Ու, գերագնահատելով մեր շատ համեստ արժանիքները, բնականորեն չափազանցնում էինք մեր հույսերն ու սպասելիքները: