Սերժ Սարգսյանի և ընտանիքի ճակատագիրը

3703

Սահմանադրական բարեփոխումների շուրջ հասարակության, քաղաքական և փորձագիտական շրջանակների մոտեցումները կարելի է տեղավորել երեք հիմնական խմբերում:

Առաջին խմբում ինքը՝ Սերժ Սարգսյանը, հայտնի փեսան ու ընտանիքն է և, անշուշտ, իշխող Հանրապետական կուսակցությունը, իբր ընդդիմադիր, բայց իրականում ՀՀԿ-ամետ ու սերժամետ կուսակցությունները, հազար ու մի հասարակական կազմակերպություններ, մտավորականներ և այլք:

Այս խմբում ընդգրկված մարդկանց տեսակետը հասկանալի է, պարզ ու անգամ ազնիվ, քանի որ այս մարդիկ չեն թաքցնում իրենց համակրանքը Սերժ Սարգսյանի իշխանության, հետևաբար՝ սահմանադրական բարեփոխումների հանդեպ: Եթե անգամ այս մարդիկ խոհանցում իրենց կանանց հետ դժգոհում են Սերժ Սարգսյանից, անեկդոտներ պատմում Ալեքսանդր Սարգսյանի ու նոր տնտեսական մոդելի՝ 50-50-ի մասին, միևնույնն է, այս մարդկանց տեսակետը հասկանալի է ու պարզ:

Երկրորդ խմբում նրանք են, ովքեր համարում են, որ Սերժ Սարգսյանը փորձում է սահմանադրական բարեփոխումներ կոչվող օպերացիայով երկարաձգել իր և ընտանիքի իշխանությունը հնարավորինս երկար ժամանակով: Հետևաբար, անիմաստ է քննարկման մեջ ներքաշվել՝ բարեփոխումները մեկ քայլ առաջ են, թե ոչ, քանի որ լուծվում է ոչ թե մայր օրենքի, այլ Սերժ Սարգսյանի և ընտանիքի ճակատագիրը:

Այս խմբում ընդգրկված մարդկանց տեսակետը՝ մտահոգությունը, ևս հասկանալի է, պարզ և ազնիվ: Պարզ ասում են՝ Սերժ Սարգսյանն ուզում է վերարտադրվել: Նվազագույնը՝ գտնել մեկ այլ Սերժ Սարգսյան, անվտանգ Սերժ Սարգսյան, որը չի սպառնա գործող նախագահի և նրա ընտանիքի ֆինանսական ու մյուս անվտանգություններին:

Երրորդ խմբում ընդգրկված են նրանք, ովքեր կողմ են սահմանադրական բարեփոխումներին, սակայն հրապարակավ, ընդ որում՝ փեսայի հեռուստաալիքներով, հիմնականում (լուրջ դեմքով, եթե մորուք չունեն) մտահոգություն են հայտնում ներկայացված բարեփոխումների այս կամ այն կետի շուրջ:

Ահա այս խումբն է ամենից վտանգավորը: Որովհետև նրանք մի քննարկում են հրահրում և ծավալում, որը իրականում որևէ կապ չունի Հայաստանի սահմանադրության, կառավարման մոդելի կամ երկրի ապագայի հետ: Նրանք, գուցե կարողանան որոշ փոփոխություններ մտցնել արդեն իսկ հրապարակված փաստաթղթում, սակայն իրականության մեջ դրանք մանր-մունր հարցեր են: Որովհետև սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության երկարաձգումն է:

Եվ ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը կամ Գագիկ Հարությունյանը: Ականջալուր է լինելու այս մարդկանց «մտահոգություններին», փոխելու է այդ կետը կամ կետերը, իսկ վերջում այս մարդիկ Վովա Գասպարյանից արծաթապատ Աստվածաշունչ են նվեր ստանալու:

Այսօր Հայաստանի ներքաղաքական օրակարգում մեկ հիմնական խնդիր է դրված. ռեժիմը փորձում է վերարտադրվել, քաղաքացիների մի հատված փորձում է կանխել վերարտադրությունը: Մյուս բոլոր հարցերը, անգամ Հայաստանը արյունաքամ անող արտագաղթը, ածանցյալ են:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը ավելի վաղ դրվել է ՍԻՎԻԼՆԵԹ-ի կայքում՝ http://civilnet.am/2015/08/05/voices-tatul-hakobyan-serzh-sargsyan-family-rule/#.VcHmiPOqqkp