1999 թվականի օգոստոսին Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցվեց Երևանի Հրազդան մարզադաշտ, որտեղ օլիմպիական խաղերի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանը բոցավառեց խաղերի ջահը: Այսպես, Համահայկական առաջին խաղերի սկիզբը դրվեց:
Մտահաղացումը ծնվել էր ավելի վաղ՝ դեռ Խորհրդային Միության վերջին տարիներին, երբ Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ընդլայնվել էր:
1990թ. հոկտեմբերին Երևանում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում կայացած խորհրդակցությունը որոշեց 1992թ. հուլիսի 15-30-ը Երևանում անցկացնել Համահայկական Նավասարդյան մարզական առաջին խաղերը չորս մարզաձևերից՝ ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ:
Մեկ ամիս անց Հայաստանի կառավարությունը փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանի ստորագրությամբ իր համաձայնությունը տվեց, սակայն այդ խաղերը այդպես էլ անց չկացվեցին, քանի որ Հայաստանն ու Արցախը ներքաշվեցին արյունալի պատերազմի մեջ:
Արցախյան զինադադարից հետո Համահայկական խաղեր անցկացնելու մտահաղացումը կրկին բերվեց օրակարգ:
1994-ին Հայաստանի արտգործնախարարությունում ստեղծվեց նախաձեռնող խումբ, իսկ 1997-ի ապրիլին տեղի ունեցած հայկական մարզական կազմակերպությունների համաժողովում համաձայնություն ձեռք բերվեց ստեղծել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե, որի նախագահ ընտրվեց արտգործնախարարության դիվանագետներից Աշոտ Մելիք-Շահնազարյանը:
Հայաստանի կառավարությունը վարչապետ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ որոշում կայացրեց 1999թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երևանում անցկացնել Համահայկական առաջին խաղերը:
Դրանց անցկացմանն աջակցելու նպատակով 1999թ. Միջազգային օլիմպիական կոմիտեն «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրեց ֆինանսական օժանդակություն, իսկ ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը ողջույնի հեռագիր հղեց Հայաստանի նախագահին:
Համահայկական առաջին խաղերը տեղի ունեցան 1999-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երևան քաղաքում: Մասնակցում էին 23 երկրների 63 քաղաքների ավելի քան 1100 մարզիկ-մարզուհիներ: Խաղերի աշխարհագրությունը և մարզաձևերի քանակը տարեցտարի ընդլայնվեց: Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցում են ավելի քան 6000 մարզիկ-մարզուհիներ, ովքեր մրցում են 17 մարզաձևերում:
Առաջին երեք խաղերը անց են կացվել երկու տարին մեկ, չորրորդ խաղերից դրանք անց են կացվում չորս տարին մեկ: 2014-ի փետրվարի 24-ից մարտի 2-ը առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական ձմեռային խաղեր Երևան և Ծաղկաձոր քաղաքներում, որին մասնակցում էին 11 երկրների 22 քաղաքների շուրջ 400 մարզիկ-մարզուհիներ, ովքեր մրցում էին ձմեռային 4 մարզաձևերում:
Համահայկական վեցերորդ խաղերը, որոնք կրում են «Միասնություն սպորտով» կարգախոսը, կտևեն օգոստոսի 2-ից 13-ը: Խաղերի պատմության մեջ առաջին անգամ Երևանից բացի մրցումներն անց են կացվում Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: Սա, անկասկած, ուշացած, բայց արդար որոշում էր:
Վեցերորդ խաղերին առաջին անգամ մասնակցելու են Թուրքիայի Դիարբեքիր և Դերսիմ քաղաքների հայկական թիմերը՝ “ծպտյալ հայերը”: Նախորդ խաղերին մասնակցել են Պոլիս և Սասուն քաղաքների թիմերը:
Ի դեպ, աշխարհի և Հայաստանի բազմաթիվ քաղաքների շարքում Համահայկական վեցերորդ խաղերի ջահը վառվել է նաև Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում:
Համահայկական խաղերը, անկասկած, հաջողված նախագիծ է առաջին հերթին Հայաստան-Սփյուռք համագործակցության տեսանկյունից: Սակայն ժամանակն է, որ Համահայկական խաղերը վերածվեն նաև իրական մարզական միջոցառման` մասնակցությամբ նաև բարձրակարգ հայ մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից ու Արցախից:
Հասկանալի է, որ թիմային մարզաձևերում դժվար է ապահովել արհեստավարժություն, քանի որ Հայաստանից դուրս արհեստավարժ թիմեր դյուրին չէ գտնել: Սակայն անհատական մրցաձևերում հնարավոր է ապահովել արհեստավարժություն, հաշվի առնելով, որ աշխարհի տարբեր երկրներում կան ծագումով բազմաթիվ բարձրակարգ և աշխարհահռչակ մարզիկներ:
Թաթուլ Հակոբյան
Հ. Գ. Այս հոդվածի ամբողջական տարբերակը ավելի վաղ լույս է տեսել Ստեփանակերտի ԱՆԱԼԻՏԻԿՈՆ հանդեսում