“ՔԲԿ-ի և Հայաստանի միջև որևէ կապ չկա”. Վիկիլիքս – Հայաստան- No 1

2149

Վիկիլիքսի գաղտնազերծած հարյուր հազարավոր փաստաթղթերի մեջ մի քանի հազարը վերաբերում են Հայաստանին: Դրանցից առաջինը թվագրված է հուլիս 26, 1993-ով: Այն կրում է “խորհրդապահական” (confidential) դասակարգումը. Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան (1993-1995) Հարրի Գիլմորը արտգործնախարար Վահան Փափազյանի հետ զրույցի արդյունքներով պետքարտուղարություն է ուղարկում հեռագիր “Քրդական բանվորական կուսակցության և Հայաստանի միջև հնարավոր կապերի” վերաբերյալ:

Այս շրջանում հատկապես՝ Թուրքիան առիթ էր փնտրում՝ ներխուժելու Հայաստան և պաշտոնական Երևանին մեղադրում էր ՔԲԿ-ին աջակցելու մեջ:

Պետքարտուղարությունը Գիլմորին հանձնարարում է “շարունակել դիտարկումը և ԱՄՆ-ին տեղյակ պահել”: 1993-ի հուլիսի 26-ին Գիլմորը հանդիպում է Վահան Փափազյանի հետ: Հայաստանի արտգործնախարարը պատասխանում է, որ այդ հարցը հնչել է լրագրողների կողմից, երբ ինքը այցելել էր ԱՄՆ:

“ՔԲԿ-ի և Հայաստանի միջև չկա ոչ մի կապ, թեև կարող են որոշ շփումներ լինել քրդերի և ընդդիմության, օրինակ՝ ՀՅԴ-ի միջև”,- պատասխանում է Փափազյանը:

Երբ Գիլմորը հարցնում է՝ նկատի ունեք Հայաստանի ՀՅԴ-ին, թե Աթենքի [նախքան Երևան տեղափոխվելը, ՀՅԴ Բյուրոն երկար տարիներ տեղակայված էր Հունաստանի մայրաքաղաքում-ԱՆԻ], Փափազյանը ասում է՝ “տարբերություն չկա”:

Այս հեռագրի բնագիրը ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով՝ https://www.aniarc.am/2015/07/30/there-are-no-links-of-any-kind-between-the-pkk-and-the-government-of-armenia/

Հ. Գ. Հարրի Գիլմորը եղել է Երևանում ԱՄՆ առաջին դեսպանը (1993-1995): Նախքան նրա ժամանելը՝ Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար է եղել Սթիվեն Մաննը (1992-1993), ով 2000-ական թթ. կեսերին մի որոշ ժամանակահատված զբաղեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի պաշտոնը: Հարրի Գիլմորը մահացավ այս տարվա ապրիլին, 77 տարեկան հասակում՝ սրտի տագնապից: