Նաժի Նաաման. գրքի և բազմազգ մշակույթի մարդը

1006

Բեյրութից մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Ջունի քաղաքը իմ՝ հաճախ Լիբանան այցելող հայաստանցուս համար եղել է ծով գնալու հարմար վայր: Միջերկրականի ջուրը և լողափը այստեղ համեմատաբար մաքուր է, քաղաքի բնակչությունը գերազանցապես արաբ քրիստոնյաներ են: Ջունին գողտրիկ բնակավայր է, որտեղ կողք կողքի ապրում են հինն ու նորը: Երկհարկանի, կղմինդրե տանիքներով ծածկված տների հարևանությամբ վեր են խոյանում բարձրահարկերը: Նեղ, բայց քայլելու հարմար փողոցների վրա բաց սրճարաններ են: Հուլիսի 21-ի շոգ ու խոնավ կեսօրին լիբանանահայ Գրիգոր Դաքեսյանի հետ Ջունի էիք գնում հանդիպելու մի մարդու, որին չէի ճանաչում, սակայն լսել էի, որ հայերի մասին գրքեր է հրատարակում:

Այդ մարդու անունը Նաժի Նաաման է՝ գրող, հրատարակիչ և բազմազգ մշակույթը տարածող մտավորական: Հանդիպումից օրեր առաջ Դաքեսյանը ինձ նվիրել էր Նաամանի գրքերից մեկը՝ հավանաբար ամենից հատափորը՝ «Հարյուր … և շարունակվում է ցեղասպանությունը»: 500 էջանոց այս գիրքը արաբերեն է, սակայն բովանդակությունը հասկանալի է, եթե անգամ արաբերեն տառ ու բառ անգամ չգիտես:

Ընդարձակ առաջաբանից հետո Նաամանը գրքում ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին ոչ հայ նշանավոր գործիչների վկայություններն ու մեջբերումները: Եթե այդ գործիչը ֆրանսիացի է, ապա մեջբերումը արված է ֆրանսերենով, իսկ հետո տրված է արաբերեն թարգմանությունը:

Հատորում առաջինը հանդիպում է Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարակ Օբաման: Նրանից ներկայացվել է մի քանի մեջբերում, այդ թվում, երբ Օբաման սենատոր էր: Գրքում ներառվել են հարյուրավոր հանրաճանաչ մարդիկ, որոնց շարքում Ժորժ Կլեմանսոն, Յասեր Արաֆաթը, Գամալ Աբդել-Նասերը, Ռոնալդ Ռեյգանը, Ջեմալ փաշան ու նրա թոռ Հասան Ջեմալը, Վալերի Բրյուսովը, Նիկոլյա Սարկոզին, Օրհան Փամուկը, Թաներ Աքչամը, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը, Մարիա Ջակոբսենը՝ «Մամա»-ն, Արմին Վագները  և այլ նշանավոր անուններ:

Այս գիրքը հանրամատչելի է և ունի նաև հանրագիտարանային նշանակություն, քանի որ ամփոփում է Հայոց ցեղասպանության մասին ոչ հայ նշանավոր գործիչների գրեթե բոլոր վկայությունները: 100-ամյակի տարում լույս տեսած այս հատորը՝ «Հարյուր…և շարունակվում է ցեղասպանությունը», կարևոր ներդրում է Հայոց Մեծ եղեռնի մասին արաբական աշխարհին՝ նոր սերնդին, իրազեկելու տեսանկյունից:

Նաժի Նաամանը հայության և հայկական աշխարհի մասին նախկինում այլ գրքեր էլ է հրատարակել, այդ թվում՝ Գևորգ ծայրագույն վարդապետ Եղիայանի «Օրեր և տեսիլներ»,  Իգնատիոս Մալոյանի «Մարդը, նահատակը և երանելին», «Քրիստոնեաները արևելքի թթխմորն ու գինին» հատորները:

Նաամանի՝ ճաշակով ձևավորած գրասենյակը Հայ կաթոլիկ եկեղեցու՝ Զմմառի միաբանությանը պատկանող շենքերից մեկի երկրորդ հարկում է: Նրա հետ կարճ զրույցից հետո համոզվում ես, որ այս մարդը ծնվել է գրքեր հրատարակելու և դրանք անվճար բաժանելու, ժողովուրդների մշակույթը տարածելու համար: Նրա ստեղծած ոչ կառավարական կազմակերպությունը, որ շահույթ չի հետապնդում, կրում է «Նաժի Նաամանի անվճար մշակույթի հիմնադրամ» անունը: Նաամանի նշանաբաներից է՝ «Մշակույթը չի կարող գնվել կամ վաճառվել», կամ՝ «Ազատ և բաց մշակույթը խաղաղություն է կերտում»:

Դեպի Միջերկրականը նայող գրասենյակի սենյակներից մեկը Նաամանը նվիրել է ծնողներին: Նրա հայրը եղել է բանաստեղծ, թարգմանիչ, իսկ մայրը` գրականության գիտակ: Մեկ այլ սենյակ հատկացվել է այն գրողներին ու հեղինակներին, ովքեր Նաամանին են փոխանցում իրենց հրատարակած բոլոր գրքերը՝ ամբողջական հավաքածուն: Գրասենյակի ամենամեծ հատվածում՝ ընդունարանում, կազմակերպվում են շաբաթական քննարկումներ, որոնց հրավիրվում և մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, դիվանագետներ, դասախոսներ, լրագրողներ, արվեստի և մշակույթի գործիչներ: «Չորեքշաբթի» անունը կրող այս բաց երկխոսության ընթացքում ծնվում են նոր գաղափարներ ու մտահաղացումներ:

Նաամանը հեղինակել և հրատարակել է տասնյակ անուն հատորներ բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն: Նա հրատարակում է գրքեր նշանավոր մարդկանց, հանրաճանաչ հասարակական և մշակութային գործիչների մասին, արաբական գրականություն, բառարաններ: Այդ հատորները նա անվճար տրամադրում է բոլոր նրանց, ովքեր հետարքրված են: Նրա գրասենյակի մուտքի մոտ դրված է մի գրադարակ, որտեղից կարող ես վերցնել գրքերը՝ առանց հարցնելու և մտնելու է «Նաժի Նաամանի անվճար մշակույթի հիմնադրամ»-ի գրասենյակ:

2013-ին Նաամանը նախաձեռնել է «Գրողների թանգարան-մատնադրոշմ» ծրագիրը, որի էությունը հետևյալն է. աշխարհի ցանկացած գրող կարող է Ա 4 ձևաչափի թղթի վրա իր ձեռագրով գրել իր ստեղծագործություններից մի փոքրիկ հատված, դրա տակ դնել իր մատնադրոշմը ու ուղարկել Նաամանի հիմնադրամ:

Նաժի Նաամանը, ով փոքր տարիքից շփվել է հայերի հետ, երբեք Հայաստանում չի եղել: Մեր զրույցի ընթացքում նա ասաց, որ այս աշուն պատրաստվում է գալ, տեսնել և զգալ քրիստոնյա Հայաստանը:

Ես և Գրիգոր Դաքեսյանը Նաժի Նաամանին հրաժեշտ տվեցինք կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ՝ Հայաստանում կամ Լիբանանում: Նա մեզ նվիրեց իր հրատարակած հատորներով երեք տրցակ: Այս գրքերից մեկը՝ «Հարյուր … և շարունակվում է ցեղասպանությունը» հատորը, այսօր իմ գրասեղանին է և տեղ է զբաղեցնելու իմ անձնական գրադարանում:

Թաթուլ Հակոբյան

Ջունի, Լիբանան