Երաժշտական երեկոն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ներառել էր ամենատարբեր կատարումներ Կոմիտասից, Սայաթ-Նովայից, Էդգար Հովհաննիսյանից, Առնո Բաբաջանյանից, Տիգրան Չուխաջյանից և Արամ Խաչատրյանից:
Երգացանկում ներառվել էին “Հայրենիքիս հետ”, “Երևան-Էրեբունի” (դուետ), ինչպես նաև մեներգեր` “Իմ չքնաղ հայրենիք”, “Ես կցանկամ”, “Իմ հայրենիք”, “Սարդարապատ” (Բարսեղ Թումանյան), “Քելե քելե, հոյ նազան”, “Ես քո ղիմեթն”, “Հայաստան”, “Կիլիկիա” (Հասմիկ Պապյան):
Վերջին երգը Պապյանը կատարեց երեկոյին ներկա հանդիսատեսների մի մասի ընկերակցությամբ, որոնց թվում` Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Համերգը կայացավ Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի պատերից ներս` բաց երկնքի տակ, մասնակցությամբ Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբի և գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հարութ Ֆազլյանի:
Երաժշտական երեկոյի ավարտին Արամ Ա-ն գնահատանքի խոսքեր ուղղեց համաշխարհային մակարդակի երգիչներ Հասմիկ Պապյանին ու Բարսեղ Թումանյանին, նոր բեմեր նվաճող Հարութ Ֆազլյանին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկարատև տարիների բարերարներ Պէզիկեան ընտանիքի անդամներին, Հայոց ցեղասպանության Նահատակի հրապարակի և “Թռչնոց բույնի”` Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի ճարտարապետներին:
Թաթուլ Հակոբյան
Անթիլիաս, Լիբանան