Վերապրումի սիմֆոնիա՝ «Հրաժեշտ Մարիային» կամ երախտիքի խոսք հայ որբերի մայր Յակոբսենին

2060

Լոնդոնի կենտրոնում գտնվող Abbey Road երաժշտական ստուդիան 1969թ. Բիթլզի  անմոռանալի համերգից հետո բազմաթիվ համերգներ և ձայնագրություններ է կազմակերպել: Սակայն 2014թ. ապրիլին տեղի ունեցածի նման միջոցառում այնտեղ դեռևս չէր եղել:

Այդ օրը փախստական դարձած և իր կյանքի առաջին 26 տարիները մանկատներում ու Բեյրութի փողոցներում անցկացրած մեկը գրավեց բեմահարթակը՝ ձայնագրելու իր հեղինակած սիմֆոնիան Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:

«Տասնամյակներ պահանջվեցին այս ստեղծագործությունը գրելու համար, բայց դա նորմալ է, որովհետև այն իրականում իմ և բազմաթիվ այլ հայերի ողջ կյանքի պատմությունն է»,- ասում է Վարդան Մելքոնյանը:

«Հրաժեշտ Մարիային» ստեղծագործությունը սիմֆոնիայի երկրորդ մասն է, և իր ճանաչած միակ մորն ուղղված երախտիքի խոսքը:

Մելքոնյանի պապերը սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, բայց նրանց երեխաները՝ Մելքոնյանի հայրն ու մայրը կարողացան փրկվել ու ապրել Հայաստանի և Միջին Արևելքի մանկատներում: Մելքոնյանը մոր մահից հետո եղբոր և երեք քույրերի հետ դաստիարակություն ստացավ Բեյրութի մանկատանը՝ Մարիա Յակոբսեն անունով դանիացի միսիոներուհու մոտ: Նա գրեց իր«Հրաժեշտ Մարիային» գործը 1960թ-ին Յակոբսենի՝ 78 տարեկանում կյանքից հեռանալուց հետո:

«Ես լսում էի Մարիայի սկավառակների ձայնագրությունները մանկատանը  հսկայական շեփորով այն հնաոճ նվագարկչի վրա»,-հիշում է Մելքոնյանը:

«Այն ամենի համար, ինչ ինձնից ներկայացնում եմ այսօր, իմ գոյության և էության համար ես պարտական եմ Դանիայից եկած այդ դաստիարակին, որին այցելել էր հրեշտակը՝ տեսիլք էր ունեցել, թե պետք է գա մի երկիր, որտեղ նախկինում երբեք չէր եղել, և մի այնպիսի ժամանակ, երբ կանայք միայնակ չէին ճամփորդում՝ փրկելու քրիստոնյաներին սպանդից: Դա խիստ արտասովոր արարք էր,-ասում է Մելքոնյանը,-ես չեմ կարող լիովին արտահայտել երախտագիտությունս՝ ասելով, թե Մարիայի նման մարդիկ ինչքան հիանալի էին: Մանկատան մյուս երեխաները և ես նրան «մամա» էինք ասում: Նրա իսկական անունը միայն մեծանալուցս հետո իմացա»:

Մելքոնյանի ընտանիքը Մուշ քաղաքից էր (այժմյան Թուրքիայում): Նա հիշում է իր հորը՝ Մովսեսին, որը պատմում էր իրեն՝ վեցամյա տղային, թե ինչպես է տեսել, որ ծնողներին շրջապատել և տարել են Օսմանյան կայսրության զինվորները: Գնացողներից ոչ մեկին այլևս չեն տեսել, և նրանց ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկա:

Մովսեսին տեղավորեցին Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի Հայաստանում գտնվող մի մանկատանը, հետո տեղափոխեցին Բեյրութում գտնվող փախստականների ճամբար: Այնտեղ էր, մոտավորապես 1940թ.-ին, որ նա հանդիպեց, սիրահարվեց և ամուսնացավ որբանոցի սան Հայկանուշի հետ: Վարդանը ծնվեց մի քանի տարի անց: Հայկանուշը մահացավ ժանտախտից, երբ Վարդանը միայն չորս տարեկան էր: Մովսեսը տառապում էր վշտից և չէր կարող հոգ տանել իր երեխաների համար: Այսպիսով, Վարդանը, եղբայրը և քույրերը գնացին ապրելու Բիբլոսի «Թռչնոց բույն» մանկատանը, որը Բեյրութից 35 մղոն հյուսիս էր գտնվում: Նրանք կորցրեցին կապը Մովսեսի հետ:

«Թռչնոց բույն» մանկատանը կյանքը ծանր էր, բայց դա էր նրանց տունը: Թեև Վարդանը երբեք չէր եղել Հայաստանում, նա իր մշակույթի մասին որոշ բաներ սովորել էր մանկատանը՝ Յակոբսենի շնորհիվ.«Ամսվա առաջին կիրակին մենք հայկական պատարագ էինք մատուցում: Դա կենդանի էր պահում մեր ավանդույթը»:

Յակոբսենն էր, որ նրան առաջին անգամ պատմեց Ցեղասպանության մասին: «Մենք նստում էինք ծառի տակ, և նա մեզ պատմում էր ականատեսների պատմությունները: Գրեթե անհնար էր դիմանալ այն մտքին, որ իմ ազգականներն իսկապես ենթարկվել էին նման բարբարոսության»:

ԵՍ ՆՐԱՆ ԿՈՉՈՒՄ ԷԻ ՄԱՅՐԻԿ

Ահա թե ինչու է այսքան կարևոր նշել հարյուրամյա տարելիցը «ոչ միայն հայերի, այլ հասարակ մարդկանց, բոլորի համար»՝ կարծում է Վարդան Մելքոնյանը:

Եթե Մարիա Յակոբսենը փրկեց Մելքոնյանի կյանքը, ապա երաժշտությունն էր, որ դարձավ այդ կյանքի իմաստը: Առաջին անգամ դասական երաժշտություն լսելով Յակոբսենի նվագարկիչով՝ նա ձեռք գցեց մի կիթառ և ինքնուս նվագեց: Նրա համար մեծ ձեռքբերում էր, երբ դեռահաս տարիքում դարձավ «Ֆոնտանա» գիշերային ակումբի մշտական անսամբլի երգիչ-մենակատարը: Ակումբում աշխատող մի անգլիացի երաժիշտ օգնեց նրան աշխատանք գտնել՝ որպես երաժիշտ-կատարող հյուսիսային Անգլիայի ակումբներում և փաբերում: «Ես ուրախ էի Լիբանանից հեռանալուս համար, որովհետև 70-ականներն էին, և սկսվում էր հակամարտությունը: Ես արևոտ Բեյրութից գնացի Սքեգնես, և երգում էի Թոմ Ջոնսի երգերը՝ «Դիլայլան»»,-ասում է Մելքոնյանը:

ՍՓՈՓԱՆՔԸ ԳՏԱ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մարիա Յակոբսենը փրկեց Մելքոնյանի կյանքը, սակայն երաժշտությունն էր, որ իմաստավորեց այն։ Յակոբսենի ձայնապնակով առաջին անգամ լսելով դասական երաժշտություն` նա ձեռք բերեց կիթառ եւ սկսեց ինքնուս նվագել։

Նա շուտով հիմնական աշխատանք գտավ լոնդոնյան Լեյչեստեր հրապարակում գտնվող Talk of the Town ակումբում և Բոնդ փողոցում գտնվող Celebrity գիշերային ակումբում: Նա հայտնվեց ITV-ի New Faces (Նոր դեմքեր) ծրագրում, որն այն ժամանակի X-Factor-ի ոճի տաղանդներ բացահայտող շոու էր: Մի երեկո, Celebrity-ում  նա հանդիպեց երկու օմանցի արքայազների և համոզեց նրանց  պատվիրել իրեն մի ստեղծագործություն ձայնագրել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Թեև ապրում է Լոնդոնի մոտակայքում, նա չի մոռացել, չի կարողանում մոռանալ  իր բեյրության կյանքը. «Տարին երեք անգամ գնում եմ այնտեղ: Մնում եմ մանկատանը: Այն դեռ կա: Ես քնում եմ մի փոքրիկ սենյակում, մի փոքրիկ խցում: Տնօրենը միշտ ինձ ներկայացնում է երեխաներին, և ես նստում եմ ու ճաշում նրանց հետ: Ես այն նախընտրում եմ հյուրանոցից: Դա է իմ տունը, միակ տունը, որ իմացել եմ երբևէ»:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և ի պատիվ Մարիա Յակոբսենի, Մելքոնյանը և նրա դուստր Վերոնիկան նախատեսում են ոտքով անցնել Վանից Բեյրութ ընկած 1,000 կմ հեռավորությունը, այն ճանապարհը, որն իր ծնողները և հարյուր հազարավոր հայեր են անցել. «Ըստ էության, մարդիկ գթասիրտ են: Ամենակարևորը միավորվելն է: Մենք ցանկանում ենք մարդկանց ուշադրությունը գրավել Մարիա Յակոբսենի գթասրտության վրա»,-նշում է Մելքոնյանը,-

Երախտագիտությունը վեհ և կարևոր զգացմունք է: Այն պարզ է և զորեղ: Մեր գրեթե բոլորի մահից հարյուր տարի անց մենք՝ հայերս, ասում ենք. «Շնորհակալություն, որ կանք»»:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից

https://100lives.com/hy/stories/detail/premium/6024/-