Հայաստան-Պարսկաստան հարաբերությունները 1918-1922-ին. Գառնիկ Բադալյան

11106

Վեց մասերից բաղկացած այս արժեքավոր հրապարակման հեղինակը իրանագետ, Հայաստանի փորձառու դիվանագետներից արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Գառնիկ Բադալյանն է: Այս հրապարակումը լույս է տեսել http://www.diplomat.am/ կայքում 2013-ին՝ “Հայաստանի դեսպանությունները Իրանում” խորագրի ներքո: Այս օրերին (հուլիս, 2015թ.), երբ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Իրանն է և նրա միջուկային ծրագրերի շուրջ պամական համաձայնության ձեռքբերումը 5+1 երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, ամեն բան, որ վերաբերում է Իրանին, ընթերցվում է ամենայն հետաքրքրությամբ: Թեհրանում Հայաստանի դեսպանությունում երկար ժամանակ աշխատած դիվանագետ Բադալյանի այս հրապարակումը պարունակում է ուշագրավ մանրամասներ Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների պատմությունից:

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Նորանկախ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն առաջին իսկ օրերից առավելագույնս կարևորում էր հարևան Իրանի հետ անմիջական հարաբերությունների և բազմաբնույթ կապերի հաստատումը:

Հայաստանի անկախացումից հետո (1918) Պարսկաստանը հարևան երկրների մեջ միակն էր, որ տարածքային պահանջ, քաղաքական կամ տնտեսական խնդիրներ չունենար Հայաստանի հետ և անկեղծորեն ցանկանում էր առևտրական և քաղաքական կապեր հաստատել իր հյուսիսային սահմանների մոտ կազմավորված նորանկախ պետության հետ: Ցանկություն կար նաև նման հարաբերություններ հաստատել Վրաստանի և Ադրբեջանի հետ: Այդ նպատակի համար էլ Անդրկովկասի նորանկախ երկրների հետ հարաբերություններ հաստատելու նպատակով Բաքու էր ժամանել Իրանի վարչապետ Սեյեդ Զիա էդ-Դին Թաբաթաբայի գլխավորած առևտրատնտեսական պատվիրակությունը, որը ցավոք, չի կարողանում այցելել Հայաստան Իրանում ներքաղաքական վիճակի սրման պատճառով:

1918-19թթ. ակտիվ շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Իրանի միջև, Հայաստան է այցելում պարսկական մի պատվիրակություն առևտրատնտեսական հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նույն պատվիրակության հետ Իրան է մեկնում ՀՀ կառավարական պատվիրակությունը: Մակուի խանությունում Հայաստանի ներկայացուցիչները սկսում են հացահատիկ և անասուն գնել սովից հյուծված Հայաստանի ազգաբնակչությանը հասցնելու համար: Նման կապերը և հարաբերությունները կանոնակարգելու համար անհրաժեշտություն է զգացվում երկու երկրների հարաբերություններին տալ քաղաքական բնույթ:

1919թ. հունիսի 11-ին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը (Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար) Պարսկաստանի կառավարության նախագահ Վոսուղ էդ Դովլեի հետ գրագրություն է հաստատում: Առաջին հեռագրում մասնավորապես նշված է լինում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայ և պարսիկ ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև գաղթականության, տրանզիտի, երկաթուղագծի և երկու երկրների կենսական շահերին վերաբերող այլ հարցերի լուծման համար խնդրում է շահի կառավարության համաձայնությունը` Հայաստանի հատուկ ներկայացուցչին Թեհրան ուղարկելու և վերոհիշյալ հարցերը լուծելու համար բանակցություններ սկսելու առաջարկով: Խատիսյանն իր հեռագրում հույս է հայտնում, որ պարսից կառավարությունը դրական լուծում կտա հարցին:

Պատասխանը երկար սպասեցնել չի տալիս: Հունիսի 18-ին Երևանում Պարսկաստանի հյուպատոս Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը Ալեքսանդր Խատիսյանին է հանձնում Պարսկաստանի կառավարության պատասխան հեռագիրը, որում մասնավորապես նշվում է, որ Պարսկաստանի Ահմադ շահը հավաստում է Պարսկաստանի տարածքում իր կառավարության բարյացկամությունն ու հատուկ ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ և ցանկանում, որ հայ ժողովրդի իղձերը ի կատար ածվեն:

Հուլիսի 7-ին Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում նրա հետ:

Օգոստոսի 1-ին Ալեքսանդր Խատիսյանը հեռագրում է Թեհրան, որում, մասնավորապես, ասվում է «Որպես Պարսկաստանի կառավարության բարյացակամ պատասխանի հետևանք, Հայաստանի կառավարությունը Նորին կայսերական մեծության Շահի կառավարությանը կից լիազոր ներկայացուցիչ է նշանակում իշխան Արղությանին և նրան տալիս է մանդատ ` լուծելու բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանին»:

Վոսուղ էդ Դովլեն Ալեքսանդր Խատիսյանին հասցեագրված Ֆրանսերեն պատասխան նամակով հայտնում է. «…Պարսից կառավարությունը կատարելապես տրամադիր է Հայաստանի մասնավոր ներկայացուցչին պաշտոնապես ընդունել Թեհրանում»:

Կառավարությունը հրամանագրով Թեհրանում ՀՀ դեսպան է նշանակում Հովսեփ Արղությանին: Իրանահայ գաղութն այդ մասին տեղեկանում է Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարտիրոս Հարությունյանից: Դեսպանը տեղեկացնում է նաև, որ շուտով Արղությանը կճանապարհվի Թեհրան: Այդ օրերին Թեհրան մեկնող Արղությանը Բաքվում մասնակցում է հայ-ադրբեջանական խորհրդաժողովի աշխատանքներին, որում քննարկվում էին հայ-ադրբեջանական սահմանների, երկաթուղու, գաղթականների, հյուպատոսական և դատաիրավական հարցեր:

Հայաստանի դեսպան նշանակելու լուրը կայծակի արագությամբ տարածվում է ամբողջ Պարսկաստանով մեկ, հայ համայնքն անհամբեր սպասում է նորանկախ հայրենիքի առաջին դեսպանի ժամանմանը:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Իշխան Հովսեփ Արղությանը է ծնվել է 1865թ. Թիֆլիսում և սերում էր իշխանական տոհմից: Ավարտել ԹիՖլիսի Ներսիսյան դպրոցը: Արղությանը մանկավարժական գործունեություն է ծավալել Տրապիզոնում, Երևանում և Թիֆլիսում: 1892թ. Արղությանը վերադառնալով աքսորից կեղծ անձնագրով անցնում է Ատրպատական և մինչև 1897թ. լծվում կուսակցական- հեղափոխական աշխատանքի:

1894թ. Արղությանը տեղափոխվում է Վան, որտեղից կարևոր հանձնարարություններ ստացած, կրկին Պարսկաստան է վերադառնում 1895թ. գարնանը:

1897թ.-ին տեղի ունեցած Խանասորի արշավանքի ժամանակ Արղությանը հայդուկների կողմից ընտրվում է հրամանատարի տեղակալ: Սալմաստում պարսկական իշխանությունները սաստիկ հալածանքնքների են ենթակում արշավանքի մասնակիցներին, նրանց մի մասը ձերբակալվում է որպես ՙղաչաղ բաշի՚, այդ թվում նաև Հովսեփ Արղությանը: Բանտում նա մնում է ծանր և անտանելի պայմաններում և ենթարկվում պարսկական շահական բանտին հատուկ սոսկալի տանջանքներին: Թավրիզի ռուսական հյուպատոսի պահանջով նրան Սալմաստի բանտից տեղափոխում են Թավրիզի բանտ: Հյուպատոսը նրան ուղարկում է Կովկաս, որտեղից էլ ռուսական կառավարության որոշմամբ աքսորվում է Վոլոգդա քաղաքը:

Առաջին աշխարհամարտի տարիներին նա եղել է հայ կամավորական շարժման ջոկատների յոթ հրամանատարներից մեկը: Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հովսեփ Արղությանը Բաքվից Կասպից ծովի Էնզելի նավահանգիստ է ժամանում 1919 դեկտեմբերի 24-ին: Քաղաքի հայ բնակչության մի ստվար զանգված ՀՀ դեսպանի դիմավորման համար կոչված հանձնախմբի գլխավորությամբ նավահանգստում ցնծությամբ դիմավորում և բարի գալուստ է մաղթում Հ. Արղությանին: Դիմավորողների մեջ է լինում նաև քաղաքի դատավորը, արտաքին գործերի նախարարության ներկայցուցիչը, որը Պարսկաստանի կենտրոնական կառավարության անունից շնորհավորում է Հովսեփ Արղությանին Հայաստանի Հանրապետության անկախության առիթով և բարի գալուստ մաղթում վերջինիս: Իշխանը շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարձր մակարդակով դիմավորելու համար դրվատում է հայ-պարսկական հարաբերությունները և հայտարարում, որ այսուհետև ավելի սերտ հիմքերի վրա է դրվելու երկու հարևան երկրների բարեկամությունը:

Հ.Արղությանի հետ էնզելի են ժամանում իշխանուհի Սաթենիկ Արղությանը, օրիորդ Արփիկ Արղությանը, դեսպանության խորհրդական, մասնագիտությամբ բժիշկ Բ.Հարությունյանը և դեսպանության գլխավոր քարտուղար Սուրեն Առաքելյանը: Հայաստանի անդրանիկ դեսպանի ժամանման մասին անհապաղ հեռագրեր են հղվում Պարսկաստանի բոլոր հայաբնակ քաղաքներ:

Արղությանը բարձր ընդունելության է արժանանում նաև Ռեշտում և Ղազվինում, իսկ Թեհրան է հասնում հունվարի 4-ին: Նորանշանակ դեսպանն արարողակարգային այցելություններ է կատարում Իրանում Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Ֆրանսիայի դեսպանություններ: Հանդիպում ունենում Ֆինանսների, հանրային աշխատանքի, կրթության, փոստի և հեռագրի նախարարների հետ: Հունվարի 16-ին դեսպան Արղությանը հանդիպում է ունենում նաև պատերազմի նախարար Ռեզա խանի հետ (հետագայում` Ռեզա Փեհլևի շահ): Բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծված կերպով արտահայտություն է գտնում հարգանքը Հայաստանի և դեսպանի նկատմամբ:

Հունվարի 16-ին Արղությանի նստավայր է ժամանում Պարսկաստանի արտաքին գործերի նախարարության արարողապետ Ջալալ էլ Մոլքը և Հայաստանի դեսպանին հայտնում, որ հաջորդ օրը նախատեսվել է հանդիպում և հավատարմագրերի հանձնում թագաժառանգին, քանի որ Ահմադ Ալի շահը գտնվում է եվրոպայում և նրան փոխարինում է եղբայրը:

Հունվարի 17-ին Արղությանն ու իրեն ուղեկիցները մեկնում են «Գոլեսթան» պալատ որտեղ «Ադամանդե» սրահում տեղի է ունենում թագաժառանգ Վալիահդ Մոհամմադ Հասան Միրզային հավատարմագրերի հանձնման արարողությունը:

Թագաժառանգը, որ երկար տարիներ ապել էր Ատրպատականում և մոտիկից ծանոթ էր հայերին և բարեկամական հարաբերություններ ուներ թեմակալ առաջնորդ Ներսես աքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի հետ Արղությանի ելույթից հետո բարձր է գնահատում պարսիկ և հայ ժողովուրդների բարեկամական կապերը և խոստանում աջակցել դրանց զարգացմանը:

Արղությանը ՀՀ կառավարությունից հանձնարարական էր ստացել Պարսկաստանի հետ կնքել բարեկամության և առևտրական պայմանագիր, ինչպես նաև երկաթուղային ու փոստ-հեռագրական համաձայնագիր: Նա պետք է պարզեր պարսկահայերի թիվը և կապեր նրանց Հայաստանի հետ` մասնակից դարձնելով Հայաստանի շինարարության գործին:

Հանձնարարված էր նաև ճշտել Միջագետքում (Բաքուբա) գտնվող գաղթականության թիվը, պարզել նրանց կեցության պայմաններն ու Հայաստանում վերաբնակեցնելու հնարավորությունները: Թեհրանում ՀՀ նորաստեղծ դեսպանությունը պետք է կապեր հաստատեր Հնդկաստանի և Միջագետքի հայերի հետ, պարզեր այն միջոցները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատմանը:

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

1920թ. հունվարի19-ին Անտանտի գերագույն խորհուրդը որոշում է ճանաչել Անդրկովկասի երկրների անկախությունը (Ադրբեջանինը և Վրաստանինը` մեկ շաբաթ առաջ): Այդ մասին դեսպան Արղությանին հայտնում է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Պերսի Քոկսը, որ մինչ այդ խուսափում էր ՀՀ դեսպանի հետ պաշտոնապես հանդիպելուց:

1920թ. փետրվարին ՀՀ դեսպանությունում կազմավորվում է տեղեկատվական կենտրոն, որը նպատակ ուներ հայկական գաղութին տեղյակ պահել Հայաստանի քաղաքական, ֆինանսական և տնտեսական կյանքի առավել կարևոր իրադարձությունների մասին և պարսկահայությանը կապեր հայրենիքի հետ: Կենտրոնն ուներ երկու բաժին և ամեն շաբաթ հրատարակում էր տեղեկագիր:

ՀՀ դեսպանությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի օգտին հանգանակություններ կատարելու «Ոսկու ֆոնդ»-ի համար և փոխառություններ կազմակերպելու հարցում: Արղությանն իր Երևան ուղարկած հեռագրերում և նամակներում կառավարությունից համապատասխան թույլտվություն է խնդրում այդ գործը սկսելու համար: Կազմավորվում է Իրանի «Անկախության փոխառության կենտրոնական մարմին»-ը:

Ստանալով կառավարության համաձայնությունը, Արղությանը 1920թ. ամռան ընթացքում Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Ղազվինում և մյուս հայաշատ քաղաքներում ստեղծում է հանձնաժողովներ և կոմիտեներ, ձեռնամուխ լինում հանգանակության գործին` անձամբ շրջագայելով այդ վայրերում:

Nerses-ark-melik-tangyan

Մինչև Արղությանի ներկայացուցչության Իրան ժամանելը և նրան կից հյուպատոսական բաժին ստեղծելը, հյուպատոսական գործառույթները իրագործում էր Ատրպատականի առաջնորդարանը: Անձնագրերը տրվում էին անվճար, սակայն Ատրպատականի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը նամակով դիմում է ՀՀ արտգործնախարարությանը և խնդրում անձնագրերի համար գանձումներ կատարելու թույլտվություն:

Արտգործնախարարությունը տալիս է նման թույլտվություն, սահմանվում են համապատասխան սակագներ: Առաջնորդարանին տրվում են հաշվեմատյաններ, տարբեր բլանկներ, անձնագրեր և այլն:

Թեհրան ժամանելուց հետո Արղությանը ՀՀ ներկայացուցչությանը կից ստեղծում է հյուպատոսական բաժին: Պատրաստվում են անձնագրեր, հյուպատոսական գրքեր, տպագիր դիմումներ, որոնք, մյուս քաղաքներում հյուպատոսություններ չլինելու պատճառով, տարածվում էին տեղական համայնքների խորհուրդների միջոցով: ՀՀ քաղաքացիություն ընդունել ցանկացողները պարտավոր էին լրացնել այդ դիմումները և կից ներկայացնել երկու լուսանկար: Սահմանվում են նաև հյուպատոսական գանձումների չափերը`մեկ տարով տրվող անձնագրի համար գանձվում էր հինգ թուման, կես տարվա համար` երեք թուման: Անձնագրերի վիզավորման համար տասնհինգ ղռան, իսկ վկայականնների, տեղեկանքների և ամեն կարգի ակտերի համար տաս ղռան: Հինգ ղռան էր գանձվում ստորագրությունների հաստատման համար: Աղքատ խնդրատուներին անձնագիրը տրվում էր անվճար, իսկ գաղթականներին` անձնագրի փոխարեն ժամանակավոր վկայականներ: Ի դեպ, գանձումների այս սակագները կազմվել էին ռուսական և Թեհրանում գործող այլ երկրների հյուպատոսական գանձումների օրինակով:

Դեսպանությունը զբաղվում է հպատակության հարցերով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ տասնյակ հազարավոր հայերի Իրանը ապաստան էր տվել: Չնայած իրանական կառավարության հոգատար վերաբերմունքին, նրանց վիճակը ծանր էր: Բազմաթիվ հայեր ցանկություն են հայտնում դառնալ Հայաստանահպատակ և վերադառնալ հայրենիք: Դեսպանությունը պատրաստում է հատուկ անկետաներ և դրանք տարածում գաղթականության շրջանում:

Գաղթականների ամենամեծ կուտակումը Թավրիզում էր, ուստի այդտեղ էլ որոշվում է հիմնել Հայաստանի հյուպատոսություն:

tehran-1920

Առևտրտնտեսական հարաբերություններ սկսելու նպատակով Արղությանը ՀՀ կառավարության լիազորագրով բանակցություններ է սկսում Պարսկաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն 1920թ. հունիսին Իրանում տեղի է ունենում կառավարության նախագահի փոփոխություն: Վոսուղ Էդ Դոուլեին փոխարինում է Մոշիր Էդ Դոուլեն:

Բանակցություններն ընդհատվում են: ՀՀ դեսպանությունը փորձում է Պարսկաստանից մի առևտրական պատվիրակություն ուղարկել Հայաստան երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորելու համար, որը ցավոք տեղի չի ունենում Պարսկաստանի ներքաղաքական կյանքի լարվածության և Ղարաբաղի հարցով սկսված հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով:

1920թ. հոկտեմբերին Արղությանը Իրանական կառավարության համաձայնությամբ Թավրիզում հյուպատոսական գործակալ է նշանակում Մուշեղ Տեր-Զաքարյանին, որը հազիվ կարողանում է տեղավորվել, սակայն որևէ լուրջ գործողություն չի հասցնում անել Խորհրդային Հայաստանի հյուպատոսի ժամանման պատճառով:

Ի դեպ, հյուպատոսությունների մասին, Իրանն օրինակ, Անդրկովկասում դեսպանություններ չուներ: Թիֆլիսի հյուպատոսությունը համարվում էր կենտրոնական, իսկ գլխավոր հյուպատոսը համադրում էր Կարսի, Երևանի և Բաքվի հյուրատոսությունների աշխատանքները, կատարում դեսպանության գործառույթներ և ուներ լայն լիազորություններ:

1920թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ելնելով նյութական միջոցների սղությունից, որոշում է կայացնում լուծարել Թեհրանում ՀՀ ներկայացուցչությունը և դիվանագիտական անձնակզմին ետ կանչել Երևան: Արղությանին հրահանգ է տրվում գործերը հանձնել տեղացիներից մեկին, նշանակելով նրան ՀՀ պատվավոր ներկայացուցիչ, առանց պետական գանձարանից վճարումներ ստանալու իրավունքի:

ՀՀ դեսպանության աշխատակիցներից Ս.Առաքելյանը հետագայում համաձայնվում է աշխատել Խորհրդային Հայաստանի դեսպանությունում, իսկ Հովսեփ Արղությանը լքված վիճակում մնալով մինչև 1922թ. ստիպված է լինում ընտանիքով տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ էլ մահանում է 1925թ.-ին և թաղվում Փարիզում: Այսպսով ընդհատվում է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանության մոտ մեկամյա գործունեությունն Իրանում:

Հայաստանի Հանրապետությունը գոյատևեց երկուսուկես տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից` Հայաստանի առաջին հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո նոր փուլ է սկսվում հայ – իրանական հարաբերություններում:

ՀԽՍՀ-ն Հայաստանի երկրորդ հանրապետությունն էր`առաջին հանրապետության իրավահաջորդը և մտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Իրանի հետ առևտրատնտեսական, քաղաքական, բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների հաստատումը ինչպես դաշնակցության, այնպես էլ հայ բոլշևիկների համար կարևոր նպատակներից էր, որ կարճ ժամանակում դրանք իրականացնելով` կարողացան Հայաստանն ինչ որ չափով դուրս բերել միջազգային մեկուսացումից:

Պարսկաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու շնորհիվ հնարավոր եղավ Իրանից գնել զգալի քանակությամբ նավթ, հացահատիկ, անասուններ, գյուղատնտեսական մթերք, դրանով մեղմացնելով Հայաստանի պարենային ճգնաժամը:

Խորհրդային Հայաստանի կառավարությունն ինչպես և Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը իր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններն է բացում Թեհրանում և Թավրիզում: ՀԽՍՀ ղեկավարությունը միջազգային հարաբերություններում հենվում էր Ռուսաստանի օգնության վրա:

1920թ. դեկտեմբերի 6-ին հատուկ հրահանգով Հայաստանի հեղկոմը դադարեցնում է արտասահմանյան երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների լիազորությունները:

Մինչև Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչների ժամանումը դեսպանությունների գույքի և նյութական միջոցների պահպանության պատասխանատվությունն ընկնում է այդ հիմնարկությունների նախկին ղեկավարների վրա:

1921թ. փետրվարին Հայաստանում տեղի է ունենում հակաբոլշևիկյան ապստամբություն, վերակնագնվում է ՀՀ նախկին իշխանությունը, Իրանի վարչապետ Սեյեդ Զիյա էդ Դին Թաբաթաբային այցելում է Թեհրանում ՀՀ դեսպանություն և իր աջակցությունը հայտնում հայ ժողովրդին՝ բոլշևիկների դեմ պայքարում: Մայիսին կրկին վերակնգնվում է բոլշևիկների իշխանությունը:

1921թ. մայիսին Խորհրդային Հայաստանի ատգործժողկոմի տեղակալը հուշագիր է ուղարկում Իրանի արտաքին գործերի նախարարին, նշելով, որ շուտով ՀՍԽՀ-ը կառավարությունը իր լիազոր ներկայացուցչին ուղարկելու է Թեհրան, իսկ մինչև նրա ժամանումը Հայաստանին վերաբերող բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Ֆեոդոր Ռոտշտեյնին:

Նույն հուշագրով խնդրվում է, որ Հովսեփ Արղությանին դիտել որպես բոլոր լիազորություններից զրկված մասնավոր անձնավաորության: Արղությանը հրաժարվում է ՀԽՍՀ կառավարության պահանջը կատարելուց և մի որոշ ժամանակ շարունակում իր դիվանագիտական գործունեությունը:

Պարսկական կառավարության թողտվությամբ մի անհասկանալի վիճակ է ստեղծվում հայ-իրանական հարաբերություններում: Թեհրանում միժամանակ գործում են Հայաստանի երկու դիվանագիտական ներկայացուցչություններ:

1921թ. հունիսին Թավրիզ է ժամանում Խորհրդային Հայաստանի հյուպատոս Եզեկել Երզնկյանը: Նրան համայնքը դիմավորում է բավակնին սառը և անշուք: Հայաստանի Հանրապետության հյուպտոսական գործակալ Մուշեղ Տեր-Զաքարյանից նա ոչինչ չի կարողանում ստանալ, դրոշակի փայտյա պոչից բացի, որի վրա էլ Երզնկյանն ամրացնում է բոլշևիկյան կարմիր դրոշը և բարձրացնում հյուպատոսության շենքին:

1921թ. օգոստոսի վերջերին պարսկական կառավարությունը Արղությանին հարկադրում է գործերը հանձնել ՌԽՖՍՀ-ի լիազոր ներկայացուցիչ Ֆեոդոր Ռոտշտեյնին:

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմը որոշում է կայացնում Իրանում ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ նշանակել անկուսակցական Լևոն Սարգսյանին: Լևոն Դավիթի Սարգսյանը ծնվել է 1863թ. Գողթան գավառի Ցղնա (Ցանարար) գյուղում:

1873թ. նա ընդունվել է Լազարյան ճեմարանի բնագիտության բաժանմունքը, որն ավարտել է 1884թ.-ին: Լ.Սարգսյանը որպես բնագիտության ուսուցիչ աշխատել է Լազարյան ճեմարանում և Թիֆլիսի «Գայանեյ» հայկական դպրոցում:

Նա մասնագիտությամբ հրապարակախոս էր, լրագրող, հասարակական և քաղաքական գործիչ: Նրա գրչին են պատկանում «Հին ցանկ», «Ժողովրդական կրթությունը մեզանում», «Այց Թուրքաց Հայաստանին», «Գողթան», «Գծեր և բծեր», «Մայրենի խոսք» ընթերցանության ձեռնարկը (Կ.Կուսիկյանի հետ) և այլ աշխատություններ:

Լ. Սարգսյանը հասարակական և քաղաքական բնույթի թեմաներ շոշափող հոդվածներում հանդես է եկել «Մշակ» թերթի 1906-1907թթ.-ի տարբեր համարներում: 1892թ.-ին Լևոն Սարգսյանը նշանակվում է Թիֆլիսի հայուհիների բարեգործական ընկերության քարտուղար: 1893թ.-ի մարտի 2-ից Թիֆլիսի հայ հրատարակչության ընկերության անդամ:

1895-ին Լ. Սարգսյանն աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ուսումնարանում որպես բնագիտության ուսուցիչ: 1902-ին եղել է «Մշակ» թերթի խմբագրական խորհրդի կազմում, իսկ 1903-1907թթ.-ին ամսգրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրը:

1918–ին թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գրավման ժամանակ նա մնում է քաղաքում և արիաբար պայքարում թուրքերի ոտնձգությունների դեմ: Ագիտացիոն և պրոպագանդիստական աշխատանքներ է տանում դաշնակցության դեմ:

1920թ.-ի մայիսյան ապստամբության ժամանակ Լ.Սարգսյանը համագործակցում է բոլշևիկների հետ, որի պատճառով դաշնակցականների կողմից ենթարկվում է հալածանքների:

Չլինելով բոլշևիկյան կուսակցության անդամ, ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանում սովետական կարգերի հաստատմանը:

1920թ.-ին նշանակվում է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցի վերատեսուչ: 1921թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին աշխատում է Էջմիածնի պետական կոիլտուր-պատմական ինստիտուտի կոմիսար, ապա վարիչ:

1921թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին եղել է Ալեքսանդրապոլի հեղափոխական կոմիտեի նախագահը:

1921-ի հունիսից գործուղվում է Գողթան գավառ (Օրդուբադի տեղամասում) կազմակերպելու հայ գաղթականությանը տեղավորելու և ազգաբնակչության տնտեսական վիճակը կարգավորելու համար:

1921-ի հոկեմբերի 12-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվում է ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ (դեսպան) Պարսկաստանում, որտեղ պաշտոնավարում է մինչև 1922թ. նոյեմբեր ամիսը:

1924թ.-ին Լ. Սարգսյանն անդամակցում է Թիֆլիսի «Հայարտուն» գրական բաժանմունքին:

ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ

1925-ի հոկտեմբերից մինչև 1926թ. Լ. Սարգսյանն աշխատում է Անդրկովկասյան Կենտրոնական գործադիր կոմիտեյի կից գիտական միության բաժնի վարիչ: Նույն թվականին տեղափոխվում է Մոսկվա, որտեղ էլ իր մահկանացուն է կնքում 1927թ.-ի հուլիս ամսին:

Պահպանվել են նրա ՀԽՍՀ արտգործժողկոմին ուղարկած գրությունները:

Լևոն Սարգսյանն իր` ՀԽՍՀ արտգործժողկոմին հղած առաջին` նոյեմբերի 23-ի զեկուցագրում գրում է, որ Հ. Արղությանը դեռևս չի հանձնել ՀՀ դեսպանության արխիվը, կահույքը և ավտոմեքենան: Երկար քաշքշուկներից հետո, ի վերջո գույքի մի մասը հանձնվում է 1922թ. հուլիսին:

1921թ. սեպտեմբերի 27-ին ՀԽՍՀ ներկայացուցչության ժամանակավոր քարտուղար Երնջակյանը Թեհրանից հեռագրում է արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանին, որ Իրանում բացվել է ՀԽՍՀ ներկայացուցչությունը: Այն ժամանակավորապես ղեկավարում է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Ֆեոդոր Ռոտշտեյնը:

Մեկ ամիս անց Իրան է ժամանում Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Լևոն Սարգսյանը: Նա հոկտեբերի 17-ին մեկնում է Թիֆլիս, այնուհետև Բաքու: Թիֆլիսում Լ.Սարգսյանը այցելում է Պարսկաստանի գլխավոր հյուպատոսին: Բաքվում Լ.Սարգսյանը հանդիպում է Խորհրդային Ադրբեջանի Արտգործժողկոմ Հուսեյնովի և նրա տեղակալ Անդրևիի հետ: Հոկտեմբերի 27-ին «Թեհրան» շոգենավով մեկնում է Էնզելի: Էնզելիում նրան դիմավորում է Ռուսաստանի հյուպատոսական ներկայացուցիչը: Հաջորդ օր Ռեշտ-Ղազվին ճանապարհով հասնում է Թեհրան` ստանձնելու իր պարտականությունների կատարմանը: Ռեշտում Լ.Սարգսյանի պատվին հայ համայնքը կազմակերպում է ընդունելության մեծ հանդես:

Ղազվինում նա ավելի սառը և համեստ դիմավորման է արժանանում: Նոյեմբերի երեքին Լ.Սարգսյանը ժամանում է Թեհրան: Նրան քաղաքից դուրս դիմավորում են Ռուսաստանի դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչները: Նա արժանանում է պարսկական արարողակարգով նախատեսված բոլոր պատիվներին: Նրան է այցելում արտաքին գործերի նախարարության արարողապետ Վահիբ էդ Սուլթանը և Իրանի կառավարության կողմից ողջունում Հայաստանի Խորհրդային Հանրապետության նորանշանակ դեսպանին: Հաջորդ օրը Լևոն Սարգսյանին է այցելում Ահմեդ շահի պալատական գլխավոր արարողապետը և տեղեկություն տալիս հավատարմագրերը հանձնելու օրվա և արարողության կարգի մասին:

Լ.Սարգսյանն իր ժամանման մասին հատուկ հուշագիր է ուղարկում Պարսկաստանի արտաքին գործերի նախարարությանը և խնդրում հստակեցնել հավատարմագրերը հանձնելու օրը և երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ կազմակերպելու ժամկետները:

1921թ. նոյեմբերի 9-ին Սահաբ Ղրան պալատում մեծ շքեղությամբ տեղի է ունենում Սուլթան Ահմադ շահ Ղաջարին դեսպան Լևոն Սարգսյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Սարգսյանը Պարսկաստանի շահին հանձնում է նաև Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի գրավոր ուղերձը, որում ՀԽՍՀ կառավարության ղեկավարը Խորհրդային Հայաստանի պատրաստակամությունն է հայտնում Պարսկաստանի հետ բազմակողմանի կապեր զարգացնելու հարցում: Ուղերձում նշված է լինում, որ «…ելնելով Իրանի և Հայաստանի միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական կապերի և վստահության ամրապնդման անկեղծ ցանկությունից, Հայաստանի կառավարությունը Պարսկաստանի շահական կառավարության մոտ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ է նշանակումընկ. Լևոն Սարգսյանին, որը տրված մանդատի համաձայն պետք է ջանա իրեն մատչելի բոլոր միջոցներով նպաստել երկու երկրների միջև փոխհարբերությունների զարգացմանը…»:

Ահմեդ շահն իր խոսքում կարևորում է Հայաստանի Խորհրդային Հանրապետության հետ հարաբերությունների հաստատումը և նշում, որ հրահանգել է կառավարությանը աջակցել և օգնություն ցուցաբերել ԽՍՀ-ի լիազոր ներկայացուցիչին:

Հավատարմագրերը հանձնելուց հետո Հայաստանի դեսպանին նույն պալատի Սպիտակ սրահում ընդունում են Իրանի վարչապետն ու արտգործնախարարը:
Նույն օրը Լևոն Սարգսյանն իր առաջին զեկուցագիրն է ուղարկում արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանին և տեղեկացնում հավատարմագրերի հանձնման և իր առաջին հանդիպումների մասին: Նա տեղեկացնում է, որ իր կողմից արդեն ստեղծվել են բարեկամական ջերմ հարաբերություններ Իրանի կառավարության անդամների հետ:

Մի քանի օրից Խորհրդային Հայաստանի դեսպանություն են այցելում Իրանի վարչապետ Ղավամ օլ Սալթանեն ու արտգործնախարարը, խորհրդարանի մի քանի անդամներ և պատերազմի նախարար Ռեզա խանը:

Դեսպանությունը մեծ թափով սկսում է իր գործունեությունը: Լևոն Սարգսյանը հուշագրով դիմում է Իրանի կառավարությանն Եզեկել Երզնկյանին Ատրպատականի հայոց ընդհանուր հյուպատոս ճանաչելու, Ատրպատականում քուրդ առաջնորդ Սմկոյի դեմ ռազմական գործողություններ սկսելու և Հովսեփ Արղությանի կողմից նախկին դեսպանության գործերն ու գույքը հանձնելու մասին: Իրանի կառավարությունը կարճ ժամանակում տալիս է համաձայնություն` Երզնկյանին որպես հյուպատոս ճանաչելու և հյուպատոսարան հիմնելու մասին:

Խորհրդային Հայաստանի ներկայացուցչությունը ևս աշխատանքներ է տանում պարսկահայերին Հայաստանի վերաշինությանը մասնակից դարձնելու համար: Դեսպանությունը սկսում է հայերենով հրատարակել մամուլի շաբաթական տեղեկագրեր, որոնցում տեղեկություններ է հաղորդվում Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական վիճակի մասին: Դեսպանությունը լայն աշխատանքներ է տանում Պարսկաստանի հայկական գաղութում, տեղի հայությանը հայրենիք հետ կապելու և նրա ներուժը երկրի վերաշինության մեջ օգտագործելու նպատակով:

Նոյեմբերի 29-ին Թեհրանում տեղի է ունենում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին տարելիցին նվիրված պաշտոնական ընդունելությունն ու ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությունը: Արարողության ժամանակ ելույթ են ունենում ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Լևոն Սարգսյանն ու ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Ֆ. Ռոտշտեյնը: Արարողությանը մասնակցում են Պարսկաստանի կառավարության մի շարք անդամներ: Ներկա են եղել նաև Խորհրդային Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչը, հնչակյան կուսակցության, դաշնակցության կուսակցությունիսց անջատված թևի, մի քանի դպրոցների և հաստատությունների ներկայացուցիչներ: Երեկոյան տեղի է ունենում ընդունելություն, որին մասնակցում են վարչապետ Ղավամ օլ Սալթանեն, մեջլիսի նախագահը, պատերազմի նախարար Ռեզա խանը, նախարարներ, Պարսկաստանի նախկին վարչապետներ, Ռուսաստանի, Անգլիայի, Նորվեգիայի, Աֆղանստանի դեսպանները: Հանդեսին չներկայացած մյուս դեսպանությունները ուղարկում են շնորհավորական հեռագրեր:

Նույն օրը` նոյեմբերի 29-ին Թավրիզում տեղի է ունենում նաև ՀԽՍՀ հյուպատոսության բացման արարղությունը, չնայած հյուպատոսությունը գործում էր նոյեմբերի մեկից: Հանդիսություներին մասնակցում են նահանգապետարանի պարսիկ պաշտոնատարներ նահանգապետ Մոխաբեր էս-Սալթանեի գլխավորությամբ: Մասնակցում են նաև Թավրիզի Ռուսաստանի և Անգլիայի հյուպատոսները, ամերիկյան միսիոներական ընկերության, տեղի հայկական համայնքի և գաղթականության ներկայացուցիչները:

ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ

Թավրիզի հյուպատոսությունը կարճ ժամանակահատվածում կարողանում է լավ հարաբերություններ հաստատել հայ համայնքի և մահմեդական ազգաբնակչության հետ: Հյուպատոս Եզեկել Երզնկյանը ձեռնամուխ է լինում ակտիվ դիվանագիտական գործունեության: Նա կազմավորում է ՀԽՍՀ Կարմիր Խաչի Թավրիզի բաժանմունքը, ինչպես նաև Հայաստանի օգնության կոմիտեի բաժանմունքը: Կտրուկ փոխվում է թավրիզահայության և գաղթականների վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի նկատմանբ: Հյուպատոսության ջանքերով ակտիվ ապրանքափոխանակություն է տեղի ունենում Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների և Հայաստանի միջև:

Ի դեպ, Լևոն Սարգսյանը մտադրություն է ունեցել հյուպատոսություններ բացել նաև Իրանի հայաշատ այլ քաղաքներում ևս: Նա նամակով դիմում է շահական կառավարությանը Ղազվինում, Ռեշտում և Սպահանում Հայաստանի հյուպատոսական գործակալներ ունենալու առաջարկով, սակայն մերժում է ստանում: Սարգսյանը ստիպված դիմում է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչին` խնդրելով, որ Ռուսաստանի հյուպատոսարանները զբաղվեն նաև Խորհրդային Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանությամբ:

Թեհրանում և Թավրիզում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բացումն ուներ քաղաքական մեծ նշանակություն տարածաշրջանի համար, իսկ հայ ազգաբնակչության համար հոգեբանական, քանի որ հարյուրամյակներ շարունակ պետականություն չունեցող միլիոնավոր զոհեր տված հայ ժողովուրդը վերջապես ստացել էր իր անկախ և ազատ երկրում ապրելու իրավունքը:
ՀԽՍՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտոնապես իրենց պարտականություններին անցնելուց հետո ակտիվ պայքար են սկսում Հայաստանի առաջին Հանրապետության Թավրիզ տեղափոխված վտարանդի կառավարության դեմ, փորձում նրանց վարկաբեկել պարսկահայ համայնքի մոտ: Այդ իսկ պատճառով նրանք առաջին օրերին արժանանում են անբարյացկամ վերաբերմունքի թավրիզահայության կողմից:

Պարսկական կառավարության վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի դիվանագետների նկատմամբ արտաքուստ լինում է սիրալիր և բարեկամական, սակայն ներքուստ արվում են միանգամայն հակառակ քայլեր, քողարկված արհամարական, երբեմն էլ թշնամական: Պարսկական գաղտնի գործակալների կողմից հաստատվում է վերահսկողություն նրանց նկատմամբ, երբեմն առգրավվում է դիվանագիտական փոստը, ամեն ինչ արվում է, որ նրանք քիչ շփվեն պարսիկների և այլազգիների հետ:

Թեհրանում և Թավրիզում Խորհրդային Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գործում էին ՌԽՍՖՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցված, առանձին դեպքերում հանդես էին գալիս համատեղ հայտարարություններով ու հուշագրերով:

ՀԽՍՀ արտաքին քաղաքականությունն ուղղված էր երկիրը դուրս բերել միջազգային մեկուսացումից, կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ: Պարսկաստանի հետ ձեռք բերված բարիդրացիական հարաբերությունները համարվում են այդ շրջանի լուրջ ձեռքբերումներից, որոնցում իր անփոխարինելի դերակատարությունն է ունեցել Իրանում ՀԽՍՀ դեսպանությունը` դեսպան Լևոն Սարգսյանի գլխավորությամբ:

1922թ. գարնանը անդրկովկասյան հանրապետությունները որպես մեկ միավոր Մոսկվայում բանակցություններ են սկսում Իրանի կառավարական պատվիրակության հետ առևտրատնտեսական ուղղակի կապեր հաստատելու համար:

1922թ. Անդրֆեդերացիայի և ԽՍՀՄ կազմավորումից հետո արտաքին քաղաքականություն իրականացնելու մենաշնորհը հանձնվեց Մոսկվային: Խորհրդային հանրապետությունների արտասահմանյան ներկայացուցչությունները փոխարինվեցին միասնական ներկայացուցչությունների:

Հայաստանը կորցրեց իր անկախությունն ու ինքնուրույն արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերություններ իրականացնելու իրավունքը: Իրանի հետ հարաբերությունների մենաշնորհը հանձնվեց Մոսկվային, խորհրդային հանրապետությունները մնացին սոսկ որպես վիճակագիրներ, որ միայն փաստում էին կատարվածը և ի զորու չէին ազդել հարաբերությունների վրա:

Հետագա տարիներին Խորհրդային Միության և Իրանի միջև գույություն ունեցող առևտրտնտեսական կապերում և մշակութային ծրագրերում առթից-առիթ երբեմն ներգրավվում էին նաև Խորհրդային Հայաստանի տարբեր մասնագետներ ու մշակույթի գործիչներ:

Հայ-իրանական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ հարաբերությունները արհեստականորեն ընդհատվեցին և տասնամյակներ շարունակ դարձան խորհրդա-իրանական հարաբերությունների կցորդը:

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո նկատի ունենալով Սփյուռքի առկայությունը` ԽՍՀՄ դեսպանություններում հայազգի դիվանագետների համար բացվեցին հատուկ հաստիքներ հայաշատ երկրներում հայ համայնքների հետ կապը պահպանելու նպատակով:

Խորհրդային տարիներին Հայաստանը և Իրանը արհեստականորեն բաժանված լինելով իրարից, միմյանց նկատմամբ չկորցրին հետաքրքրությունը: Հայաստանում միշտ համակրանքով են վերաբերվել Իրանի նկատմամբ և ցանկացել, որ այդ երկիրը բարգավաճի լինի խաղաղություն և կայունություն, նկատի ունենալով, հազարամյա կապերը և որ իրանահայ համայնքն ամենամոտն է Հայասատանին լեզվական, մշակութային և աշխարհագրական առումով:
1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը դարձավ ավելի փակ երկիր և խորհրդա-իրանական հարաբերություններում հայ մասնագետների մասնակցությունն ավելի նվազեց:

Խորհրդային Միությունը ստիպված էր Իրանի նկատմամբ դրսևորել ավելի զուսպ և հավասարակշված քաղաքականություն, որպեսզի վերջնականապես դուրս չմղվեր Իրանից:

ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ հանրապետությունները Իրանի հետ սկսեցին հաստատել ինքնուրույն հարաբերություններ: Հայաստանի համար կրկին հնարավորություն ընձեռվեց Իրանի հետ ունենալ անմիջական կապեր:

ԳԱՌՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

Լուսանկարը՝ www.epress.am-ի