1995 թվականի հուլիսի 5-ին կայացած Ազգային ժողովի առաջին գումարման ընտրություններում հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հենարանը համարվող “Հանրապետություն” միավորումը, որի կորիզը ՀՀՇ-ն էր: Միավորման մաս էին կազմում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական միությունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, «Մտավորական Հայաստան» միությունը և Ռամկավար-Ազատական (Լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը:
Հուլիսի 27-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում ելույթ ունեցավ երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա մասնավորապես ասաց.
“Անդրադառնալով ընտրությունների քաղաքական արդյունքներին` կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հանգամանքների վրա.
Հայաստանը փաստորեն դարձավ նախկին կոմունիստական համակարգի երկրներից միակը, որտեղ կոմունիստները չկարողացան ռևանշ վերցնել, ավելին` նրանք իրենց դիրքերը զգալիորեն զիջեցին անգամ նախորդ խորհրդարանում ունեցած ներկայության համեմատ: Սա լրացուցիչ և թերևս ամենապերճախոս ապացույցն է պատմական այն անհերքելի ճշմարտության, որ կոմունիստական գաղափարախոսությունը Հայաստանում ոչ թե հիմնված է եղել ազգային արմատների վրա, այլ բռնությամբ պարտադրվել է օտար ուժերի կողմից և ծառայել է բացառապես նրանց նպատակներին:
Երկրորդ կարևոր արդյունքը ազատական ժողովրդավարական աջ ուժերի համոզիչ հաղթանակն է:
Երրորդ նշանակալից արդյունքը պետք է համարել Հայաստանի կանանց, մասնավորապես` “Շամիրամ” միության հաջողությունը, որը հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման պերճախոս վկայությունն է”:
Լուսանկարում՝ սուպեր նախարարներ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը շեֆի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ