ԱԺՄ-ի վերելքն ու կործանումը

3101

1995 թվականի խորհրդարանական ընտրություններում հիմնական ընդդիմադիր ուժը Ազգային ժողովրդավարների միությունն էր՝ ԱԺՄ-ն, որը գլխավորում էր Ղարաբաղ կոմիտեի համակարգող և Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Ընդդիմադիր մյուս հիմնական ուժը՝ ՀՅԴ-ն, կասեցված էր, նրա առաջնորդների մի մասը՝ բանտարկված՝ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով:

ԱԺՄ-ի և Վազգեն Մանուկյանի աստեղային ժամը 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ էր, երբ, ըստ էության և ինչպես պնդում են քաղաքականությանը հետևող շատ փորձագետներ, Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց: Պաշտոնապես հաղթեց Տեր-Պետրոսյանը առաջին փուլով, Մանուկյանը ստացավ քվեների ավելի քան 40 տոկոսը: Դա առաջին և միակ նախագահական ընտրությունն էր, երբ ընդդիմության թեկնածուն պաշտոնապես ստացավ քվեների ավելի քան 40 տոկոսը:

Այն ժամանակ ուժային կամ սուպեր նախարարներ Վազգեն Սարգսյանը (սպանվեց խորհրդարանում 1999-ի հոկտեմբերի 27-ին), Վանո Սիրադեղյանը (երկրից ստիպված եղավ հեռանալ 2000-ին), Սերժ Սարգսյանը (դարձավ նախագահ երկու խիստ վիճելի ընտրություններում) Տեր-Պետրոսյանին պահեցին նախագահի պաշտոնում՝ Երևանի փողոցներ հանելով տանկեր:

ԱԺՄ-ն 1995-ի խորհրդարանական ընտրություններին ներկայացրել էր 54 հոգանոց ցուցակ, որի առաջին հինգ հորիզոնականները զբաղեցնում էին Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը և Սեյրան Ավագյանը: ԱԺՄ-ն ստացավ քվեների 7.5 տոկոսը, արդյունք, որը հեռու էր այս կուսակցության իրական հնարավորություններից:

1996 և 1998 թվականների նախագահական հերթական և արտահերթ ընտրություններից հետո սկսվեց ԱԺՄ-ի տրոհումը և կործանումը: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ԱԺՄ ղեկավարներին առաջարկեցին պաշտոններ և գործարքներ: Տեր-Պետրոսյանի ժամանակների բարքերը անընդունելի համարող և ռեժիմի դեմ պայքարող ԱԺՄ ղեկավարների մի մասը հարմարվետ կերպով տեղավորվեցին Քոչարյանի և Սարգսյանի “ժողովրդավարական” համակարգում: