Հանրապետականը ՀՀՇ-ի և Լևոնի օրոք. օրվա լուսանկարը

5466

Այս լուսանկարը արվել է այն ժամանակ, երբ Հայաստանում իշխում էր ՀՀՇ-ն, իսկ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Այն ժամանակ այսօրվա իշխող Հանրապետական կուսակցությունը սատարում էր ՀՀՇ-ին և Տեր-Պետրոսյանին: 1995-ի խորհրդարանական ընտրություններում մի քանի ՀՀԿ-ականներ պատգամավոր էին դարձել ՀՀՇ-ի ցուցակով, որը անվանվում էր “Հանրապետություն” միավորում: 1996-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չուներ և իր ուժերը ներդրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրության համար:

Լուսանկարի վերին շարքում, բացի ձախից երկրորդից, հայտնի քաղաքական դեմքեր են:

Գագիկ Մինասյանը (ձախից առաջինը) հին Հանրապետական է՝ խորհրդարանի երկար տարիների պատգամավոր և ֆինանսիստ:

Ռազմիկ Զոհրաբյանը հին Հանրապետական է, Խորհրդային տարիների այլախոհ:

Գալուստ Սահակյանը Ազգային ժողովի նախագահն է՝ հին Հանրապետական:

Տիգրան Թորոսյանը Ազգային ժողովի նախկին նախագահներից է՝ հին Հանրապետական, ով լքել է կուսակցության շարքերը:

Առաջին շարքում ձախից առաջինը Անդրանիկ Մարգարյանն է՝ նախկին վարչապետ, ով մահացավ 2007-ին:

Մեջտեղում Աշոտ Նավասարդյանն է՝ կուսակցության հիմնադիրը և նախագահը մինչև մահը՝ 1997թ.:

Յուրի Բախշյանը ևս հին Հանրապետական էր: Նա սպանվեց 1999-ի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով:

ՀՀՇ-ի տարիներին ՀՀԿ-ն մի քանի հարյուր, ապա մի քանի հազար հոգանոց կուսակցություն էր: Նրա վերելքը սկսվեց 1999-ին, երբ Վազգեն Սարգսյանը իր քաղաքականության համար հենվեց Հանրապետականի վրա: Նախկին ՀՀՇ-ականներն ու Կոմունիստները լրացրին ՀՀԿ-ի շարքերը:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ՀՀԿ-ն սատարում էր անկուսակցական Քոչարյանին այնպես, ինչպես սատարել էր ՀՀՇ-ական Տեր-Պետրոսյանին: Իսկ երբ 2000-ին Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ, ՀՀԿ-ն դարձավ իշխանական կուսակցություն:

Այսօր Հայաստանի երեք առաջին պաշտոնները զբաղեցնում են ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանը (նախքան ՀՀԿ-ին անդամակցելը եղել է կոմունիստ և ՀՀՇ-ական), Գալուստ Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը: