Պետք չէ ազնիվ աշխատանքը կապել քաղաքական վեճերին. Սասունյանը «Լինսի», Քրքորյանի մասին

1670

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, «Լինսի» հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ լուրերը, թե ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանը իր տրամադրած միջոցների փոշիացման պատճառով է փակել հիմնադրամը, չեն համապատասխանում իրականությանը։

«Բոլոր խոսակցությունները, որ միշտ լսում էինք, թե ինքը դժգոհ էր, «Լինսի»-ն փակել էր, որովհետև իր փողերը փոշիացրել են, սուտ են և կեղծիք։ Պետք չէ ազնիվ աշխատանքը կապել քաղաքական վեճերին։ Պարոն Քրքորյանը տրամադրել է, մոտիկից հետևել է, թե ինչպես են ծախսվում իր փողերը, ուր են գնում, և արդյունքն իր աչքով տեսել է»,- ասել է Սասունյանը։

«Լինսի» հիմնադրամի գործունեության դադարեցումից հետո հիմնադրամում առկա դրամական միջոցները` 200 միլիոն դոլար, փոխանցվել էին Կալիֆորնիայի համալսարանին։ Սասունյանն ասել է, որ Քրքորյանը հիմնադրամի գործունեությունը դադարեցրել է, քանի որ առաջացած տարիքի պատճառով չէր ուզում իրեն ծանրաբեռնել։

«Շատ պարզ, հստակ պատճառ կար, որ ինքը փակեց «Լինսի»-ին։ Դա ոչ մի կապ չուներ ո’չ ծրագրերի, ո’չ Հայաստանի, ո’չ հայության հետ»,- ասել է Սասունյանը։

Անդրադառնալով ամերիկահայ միլիարդատիրոջ կտակի հնարավոր բովանդակությանը՝ «Կալիֆորնիա կուրիեր»-ի խմբագիրն ասել է.- «Միակ բանը, որ գիտենք՝ ինքը իր հարստությունը թողել է բարեսիրական նպատակների համար։ Կան մարդիկ, որոնք պիտի սկսեն զբաղվել այդ հարստությունը բաշխելու աշխատանքով՝ համաձայն իր կտակի»։