Լինսի հիմնադրամը՝ Հայաստանում

3967

Հայաստանի նախագահ (1998-2008) Ռոբերտ Քոչարյանի և գործարար Քըրք Քըրքորյանի մի քանի հանդիպումների արդյունքում ձևավորվեց “Լինսի” հիմնադրամը, որի միջոցով Հայաստանի տնտեսության մեջ ներդրվեց ամերիկահայ մեծ բարերարի` շուրջ 220 միլիոն դոլարի նվիրատվությունը:

Չափազանցում չի լինի, եթե ասենք, որ “Լինսի” հիմնադրամը ինչ որ չափով փոխեց մեր երկրի արտաքին պատկերը:

73 միլիոնի` ճանապարհաշինարարական և 14 միլիոն դոլարի` Երևանի փողոցների բարեկարգման աշխատանքներին հատկացված գումարներն ասես ամրացրեցին երկրի զարկերակ-ճանապարհները, նոր տեսք տվեցին մայրաքաղաքի գլխավոր պողոտաներին, փողոցներին ու հրապարակներին: Խոսքը միայն որակյալ ասֆալտապատմանը չի վերաբերում, այլ լուսավորությանը, կանգառների սպասատեղերին և այլն:

45 միլիոն դոլար հատկացվեց երկրաշարժից ավերված բնակելի ֆոնդի վերականգմանը, ինչի շնորհիվ  Շիրակի և Լոռու մարզերում կառուցվեց 149 շենք, ընդհանուր` 3674 բնակարանով: Սա նշանակում էր, որ 3674 ընտանիք  քայքայված ու խոնավ տնակից տեղափոխվում էր բարեկարգ բնակարան, ահավոր երկրաշարժի այս մի սարսափելի հուշն էլ թողնելով անցյալում:

“Լինսի” հիմնադրամի “Մշակույթ” ծրագրին հատկացված գումարը թվում է, թե այնքան էլ մեծ չէ, ընդամնեը` 18 միլիոն դոլար: Այո, այդ գումարը մեծ չէ  կատարված հսկայական աշխատանքի համեմատությամբ:  Ընդհանուր առմամբ հիմնովին վերականգնվեց 34 մշակութային հաստատություն` 13 թատրոն ու համերգասրահ, 7 թանգարան ցուցասրահ, 9 տուն-թանգարան, 4 պատմամշակութային համալիր և Ծաղկաձորի համահայկական մարզական երիտասարդական ճամբարը:

Այլևս թանգարան մտնելիս չէր զգուշանում, որ պոկված մանրահատկի կտորները ճակատիտ կարող են դիպչել, այլևս ամռանը թատրոնում չէիր շոգեխաշվում, իսկ ձմռանը` սառչում: Այլևս ներկայացումից ավելի հետաքրքրված չէիր շուտ տուն հասնելով, որովհետև կյանքի համար վտանգավոր էր գարշահոտ զուգարան մտնելը: Այլևս տարբեր թատրոններում  վերարկուն հագներին ու կապիչավոր գլխարկները ականջներին քաշած հայ մանուկներ չէիր տեսնի Նոր-տարվա հանդես դիտելիս ու Ձմեռ Պապին սպասելիս: Վերջապես, Ծաղկաձորի մարզաբազան արդեն կարող էր պատվով ընդունել ու ճանապարհել ոչ միայն հայաստանցի մարզիկներին, այլ շատ արտասահմանցի անհատ սպորտսմենների ու հավաքականների:

Իր պատմական հայրենիքի վերաշինությանն աջակցելու մեծ բարերարի մտահղացումը իրականություն դարձավ նաև աշխատավոր մարդկանց տքնաջան աշխատանքի շնորհիվ:

Այսօր արդեն կարելի է փաստել, որ “Լինսի” հիմնադրամի իրականացրած չորս ծրագրերն ահռելի նշանակություն ունեցան հանրապետության կյանքում: Դրանց շնորհիվ 15-20 հազար մարդ ուղղակիորեն ընդգրկվեց շինարարության մեջ` չհաշված հարակից ոլորտների աշխատուժը: Սա զգալիորեն կրճատեց գործազրկությունը և ավելացրեց բնակչության եկամուտները: Նվազեց արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Հաստատվեցին աշխատանքի որակի բարձր չափանիշներ: Մեծ զարգացում ստացավ տեղական արտադրությունը: Հանրապետությունու արմատապես բարելավվեց բիզնես-միջավայրը: Ծրագրի իրականացումը նպաստեց հանրապետության ֆինանսական վիճակի բարելավմանը: Լուրջ նախադրյալներ ստեղծվեցին մշակութային կյանքի զարգացման համար:

Երկու տարում Հայաստանում իրականացված շինարարության այս ծավալին ու որակն անպայման անդրադառնալու են բնակիչների տրամադրության վրա, բարելավվելու է ընդհանուր բարոյահոգեբանակ մթնոլորտը` մարդկանց տալով հույս, լավատեսություն և նոր սպասելիքներ:

“ԼԻՆՍԻ” ՀԻՄՆԱԴՐԱՄ` ԱՆԿՐԿՆԵԼԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

ԾՐԱԳՐԵՐ

“Մշակույթ” ծրագիր

Լինսի հիմնադրամի “Մշակույթ” ծրագիրը ներառել է իր մեջ հանրապետության գրեթե բոլոր կարևոր մշակույթային օջախները` 13 թատրոն և համերգասրահ, 7 թանգարան և ցուցասրահ, 9 տուն-թանգարան, 4 պատմամշակույթային  համալիր և Ծաղկաձորի համահայկական մարզական երիտասարդական ճամբարը:Ընդհանուր առմամբ` 34 մշակութային հաստատություն: Դրանց մեծ մասը չէր նորոգվել ավելի քան 30 տարի և չէր համապատասխանում միջազգային  չափանիշներին: Այս իմաստով, “Լինսի” հիմնադրամի միջոցներով արված գործն ուղղակի կարելի է համարել մշակութային վերազարթոնքի ծրագիր:

Հիմնովին նորոգվել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը: Ամբողջությամբ փոխվել է Օպերայի շենքի տանիքածածկի կոնստրուկցիան: Այն պատվել է մոզայիկ սալիկներով և ջրամեկուսիչ շերտով: Փոխվել է արտաքին ճակատների սվաղը, գրանիտով երեսապատված մակերեսները թարմացվել և մաքրվել են: Նորոգվել կամ փոխարինվել են  դռներն ու պատուհանները: Ամբողջությամբ նորացվել է շենքի հատակածածկույթը: Գեղարվեստական բարձր ճաշակով է ձևավորվել դահլիճը: Ճեմասրահի հատակը պատվել է գեղարվեստական ձևավորում ունեցող մանրահատակով: Հիմնովին նորոգվել են ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգերը:

Տեղադրվել են օդափոխության, օդի լավորակման, սառնամատակարարման եվրոպական արտադրության բարձրորակ սարքեր և ավտոմատացման համակարգեր: Հիմնովին նորոգվել են բեմի վերին և ստորին մեքենասարքավորումները, ճոպանաճախարակային համակարգերն ու վերելակները: Փոխվել են հրշեջ ջրամատակարարման, հրդեհային ազդանշանների և ծխահեռացման ավտոմատ համակարգերը: Տեղադրվել են գեղարվեստաթատերական և ձայնային ուժեղացման համակարգեր` արևմտյան արտադրության բարձրորակ լուսային և ձայնային սարքավորումներով:

Վերոնշյալ ծավալի և տեսակի նորոգման աշխատանքներ են կատարվել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Հիմնովին նորոգված Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղադրված նոր աթոռները նախատեսվա են թե’ փոքրերի և թե’ մեծերի համար: Նմանատիպ աշխատանքներ են կատարվել նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոններում, Ֆիլհարմոնիայի փոքր համերգասրահում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հսկայական աշխատանք է կատարվել երկրաշարժից ավերված` Վանաձորի մշակույթի պալատը վերականգնելու համար: Ամբողջովին նորոգվել են Գյումրու Վարդան Աճեմյանի թատրոնի դահլիճը, ճեմասրահը, հանդերձարանները, դիմահարդարման սենյակներն ու սանհանգույցները: Մաքրվել են դահլիճի նստարանները: Տեղադրվել են լուսային և ձայնային համակարգեր: Կառուցվել է կաթսայատուն:

Կապիտալ նորոգման աշխատանքներ են կատարվել մի շարք թանգարաններում, ցուցասրահներում, տուն-թանգարաններում: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում կատարվել են արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ: Նորոգվել են հիմնական սրահը, ընթերցասրահը, աշխատասենյակները, վերականգնվել են որմնանկարները: Կառուցվել են դեպի մուտք տանող աստիճաններ: Եվ ամենակարևորը` տեղադրվել են հակահրդեհային և օդափոխման համակարգեր, շանթարգելներ, որպիսիք մինչ այդ չեն եղել Մատենադարանում:

“Լինսի” հիմնադրամի ծրագրով ներգրավված բոլոր թանգարաններում, որտեղ հիմնարար նորոգման աշխատանքներ են կատարվել, անպայման մեծ ուշադրություն է դարձվել հակահրդեհային, օդափոխման, օդի ջերմաստիճանի կայունացման խնդիրներին` մշակութային արժեքների պահպանման պայմաններ ապահովելու համար:

Այսպես է “Լինսի” ծրագրով նորոգված մշակութային բոլոր օջախներում` Հայաստանի ազգային պատկերասրահում և պատմության պետական թանգարանում, Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում, արդի արվեստի թանգարանում, մանկական պատկերասրահում, Գյումրու Մերկուրովի, ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարաններում, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, Մինասի, Հովհաննես Թումանյանի, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Չարենցի, Գյումրիի Ասլամազյան քույրերի տուն-թանգարաններում: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև Գառնիի և Զվարթնոցի պատմաճարտարապետական համալիրներում, Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Ծաղկաձորի օլիմպիական համալիրի շենքը նորոգումից հետո դարձել է համահայկական մարզական երիտասարդական ճամբար: Վերակառուցվել է հյուրանոցային համալիրն իր բոլոր օժանդակ կառույցներով: Սենյակները կահավորվել են և ապահովվել կապի ժամանակակից միջոցներով: Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել Ծաղկաձորում ժամանակակից փակ լողավազան ունենալու համար:

“Ճանապարհաշինություն” ծրագիր

Ծրագրի շրջանակներում կառուցվեցին և վերականգնվեցին միջպետական և հանրապետական նշանակության մոտ 435 կմ ավտոճանապարհներ, մի շարք թունելներ և կամուրջներ:

Առաջին հերթին արժե հիշատակել Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 2257 մետրանոց տարածաշրջանում իր նախադեպը չունեցող, թունելի շինարարությունը, որի շնորհիվ զգալիորեն կրճատվել է Սևան-Դիլիջան ավտոճանապարհի ոլորանների քանակը: 14 ոլորանից մնացել է 6-ը: Ավելի անվտանգ է դարձել նաև ձմռանը այդ լեռնանցքի երթևեկությունը: Թունելի շինարարությունը սառեցվել էր դեռևս խորհրդային տարիներին և հույս չկար, որ այն երբևէ կկառուցվի:

Ծրագրի ձեռքբերումներից է Եղեգնաձոր-Մարտունի 58 կմ ավտոճանապարհի կառուցումը: Այն ունի ռազմական մեծ նշանակություն: Գտնվելով առաջավոր Ասիան սևծովյան տարածաշրջանին կապող առանցքի վրա` միջազգային հաղորդակցության համակարգի մաս է կազմում: Անցնելով Սելիմի լեռնանցքով` ճանապարհը կրճատում է Հայաստանի հարավային և հյուսիս-արևելյան շրջանների միջև եղած հեռավորությունը:

“Ճանապարհաշինություն” ծրագրով մեծ աշխատանք է կատարվել վերը նշված հաղորդակցության առանցքի տարբեր հատվածներում: Նորոգվել է մայրուղու Երևան-Արարատ 34 կմ հատվածը: Վերակառուցվել է Տիգրանաշեն-Զանգակատուն 13 կմ հատվածը, ոևը նախկինում հողային նստվածքների պատճառով խոչընդոտում էր երթևեկությանը:

Երևան-Մեղրի մայրուղին, շրջանցիկ ճանապարհի կառուցումով, դուրս է բերվել Մալիշկա գյուղից: Երևան-Իջևան-Նոյեմբերյան-Այրում ավտոմայրուղին վերանորոգվել է ամբողջությամբ: Երևանից Սևան` 63 կմ, Սևանից Դիլիջան` 21 կմ, Դիլիջաից Իջևան` 47 կմ, Իջևանից Այրում` 58 կմ, ընդհանուր երկարությամբ 189 կմ ավտոճանապարհները հիմնովին նորոգվել են: Վերակառուցվել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը, որը միանում է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն մայրուղուն: Նորոգվել է Սևան-Մարտունի 64 կմ ավտոճանապարհը, որը միանալով Սելիմի լեռնանցքով անցնող Եղեգնաձոր-Մարտունի ճանապարհին, միջանկյալ կապ է ստեղծում հանրապետության երկու գլխավոր միջպետական ` Երևան-Իջևան և Երևան-Մեղրի մայրուղիների միջև:

Նորոգվել է նաև Երևան-Սևան մայրուղին Ծաղկաձորի հանգստյան գոտուն կապող 10 կիլոմետրանոց ճանապարհը: Հիմնովին նորոգվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վթարային հատվածը Քոբեր կայարանի մերձակայքում: Կառուցվել են երկու կամրջային անցումներ: Կառուցվել է Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս սահմանամերձ գյուղերը կապող ավտոճանապարհը` դարձնելով այն ավելի անվտանգ:

Վերակառուցվել է Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում գտնվող թունելը: Գյումրիում ասֆալտապատվել են 8 փողոց և 2 հրապարակ: Կառուցվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհի վրա գտնվող Քասախ գետի կամրջի երկրորդ կեսը: Վերակռուցվել է Աբովյան-Աշտարակ ճանապարհի վրա գտնվող Նուռնուսի երկհարկ կամուրջը: Կառուցվել է Արգավանդի տրանսպորտային հանգույցը, որը կարևոր նշանակություն ունի Երևանից “Զվարթնոց” օդանավակայան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին երթևեկության համար:

Այսպիսով` 435 կմ պետական նշանակության ճանապարհներ:

Աղբյուրը՝ Երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայք, http://www.2rd.am/hy/Linsi-himnadramy-Hayastanum