Զօրավար Անդրանիկ. կանգառ Գորիսում

1652

Զորավար Անդրանիկը Արևելյան Հայաստանում անցկացրած շուրջ մեկ տարվա (1918 ապրիլ-1919 ապրիլ) կեսը ապրել ու գործել է Զանգեզուրում՝ կենտրոնատեղի ունենալով Գորիս քաղաքը: Նա բնակվել է Մալենցյանների տանը: Մինչև այսօր այդ տանը պահպանվում է երկաթյա անկողինը, որի վրա քնել է զորավարը: Այդ տան առաջ այսօր դրված է Անդրանիկի կիսանդրին:

Անդրանիկի, նրա զորքի ու զորավարին ուղեկցող շուրջ 20 հազար արևմտահայության մասին այսօր էլ կարելի է լսել բազմաթիվ պատմություններ գորիսցիներից:

Հունիսի 11-ին Գորիսի Գուսան Աշոտի անվան Մշակույթի կենտրոնի դահլիճում Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը գորիսցի ընթերցասերներին ներկայացրեց “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” գիրք, որի հեղինակը Եղիշէ Քաջունին է՝ Անդրանիկի գրագիրը և քարտուղարը:

Գիրքը առաջին անգամ լույս է տեսել 1921-ին Բոստոնում:

Լրագրող և վերահրատարակված հատորի խմբագիր Թաթուլ Հակոբյանը հավաքվածներին հակիրճ ներկայացրեց այն ճանապարհը, որ անցավ Անդրանիկը մեկ տարվա ընթացքում՝ հիմնականում կենտրոնանալով զորավարի զանգեզուրյան գործունեությանը:

Մինչև Գորիս հասնելը՝ գիրքը ներկայացվել էր Գյումրիում և Երևանում:

Այս գրքի վերահրատարակությունը նվեր է զորավարի 150-ամյակին: Հայաստանում 2015-ը անվանվել է Անդրանիկի տարի։ 150 տարի առաջ՝ 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին Գարահիսարում ծնվել է զորավարը:

Քաջունին օրը օրին, բծախնդրությամբ ներկայացնում է այն ճանապարհը, որ անցավ Անդրանիկը շուրջ 1.500 արևմտահայերից կազմված իր զորամասի ու շուրջ 20.000 արևմտահայ գաղթականության հետ: Զորավարը իր զինվորների և արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։

Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։ Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։

“Անդրանիկը և իր զորքը կարևոր դեր կատարեցին Զանգեզուրը Հայաստանի մաս պահելու գործում”,- Գորիսում կայացած շնորհանդեսի ընթացքում ասաց Թաթուլ Հակոբյանը։ Բրիտանացիները, ովքեր մինչև 1919-ի վերջերը իշխում էին Անդրկովկասում, որոշել էին Զանգեզուր-Արցախը կցել Ադրբեջանին, փոխարենը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը առաջարկում էին Նախիջևանն ու Կարսը։

Հունիսի 12-ին “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” գիրք կներկայացվի Ստեփանակերտում: