Անին և Կողբը՝ բանակցությունների առարկա Կարսում. սեպտեմբեր-հոկտեմբեր, 1921թ

4779

Հաղթական Քյազիմ Կարաբեքիր փաշան Լատվիայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Յակով Գանեցկուն ու Անդրկովկասյան երեք հանրապետությունների բոլշևիկ ներկայացուցիչներին սպասում էր Կարսի իր նստավայրում:

Արդեն գրեթե մեկ տարի քաղաքը քեմալականների ձեռքում էր: 1920թ. դեկտեմբերի 2 լույս 3-ի գիշերը Կարաբեքիրի ու Ալեքսանդր Խատիսյանի ստորագրած Ալեքսանդրապոլի դաշնագիրում թեև ասում էր, որ ՙԿարսի նահանգը և Սուրմալուն համարվում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը՚, սակայն ինչպես Կարսի և Սուրմալուի, այնպես էլ Նախիջևանի ճակատագիրը կանխորոշել էր 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը:

Նույն տարվա աշնանը խորհրդային ներկայացուցիչ Գանեցկին ու Անդրկովկասյան երեք հանրապետություների պատվիրակները Կարս մեկնեցին` ստորագրելու նոր համաձայնագիր, որը վերահաստատել էր մի քանի ամիս առաջ Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը: Հենց այս շրջանում էր, երբ քեմալականները կարողացան ձեռք բերել սահմանային հողաշերտ և տասներկու կիլոմետրանոց անմիջական կապ ստեղծել Նախիջևանի հետ:

1921թ. սեպտեմբերի 26-ին Կարս ժամանած պատվիրակության պատվին կայարանում տրվեց զորահանդես ու պատվո պահակ, որից հետո Գանեցկին, Հայաստանի արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, ներքգործժողկոմ Պողոս Մակինցյանը, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչներ Բեհբուդ Շահթախթինսկին և Շալվա Էլիավան ու Ալեքսանդր Սվանիձեն այցելեցին Կարաբեքիրին:

Նույն օրը երեկոյան Կարսի նախկին նահանգապետի բնակարանում բացվում է խորհրդաժողովը: Տան առաջ բացվող հրապարակը լուսավորված էր ջահերով, զինվորական վաշտերը պատրաստ էին ողջույնի: Առաջինը խորհրդաժողովի դահլիճ էր մեկնել թուրքական պատվիրակությունը:

Բացման պատիվն ու առաջին ճառի իրավունքը տրված էր Կարաբեքիրին. ՙԹուրք ժողովուրդը կապիտալիստ և իմպերիալիստ պետությունների պարտադրած Սևրի պայմանագիրը չի ճանաչում: Դուք, Կովկասի ազգություններ, թուրքական կառավարության և Խորհրդային Ռուսաստանի միջև Արևելքի հարգարժան ժողովուրդներն եք: Մոսկվայում հիմքերը դրված դաշնագիրը կրկին անգամ հաստատելը նշանակում է մշտատև եղբայրություն Արևելքում՚:

Ապա բացման խոսքի իրավունք է տրվում Գանեցկուն, ով հայտարարում է, թե Կարսում լուծվելու է մի կարևոր ու մեծ խնդիր. ՙՓառապանծ թուրք և հայ ժողովուրդները ոչ թե խոսքով, այլ գործով ցույց կտան, որ ընդմիշտ վերացած է նրանց փոխադարձ թշնամությունը: Նրանք ոչ թե թաքցրած սրերով են մոտենում միմյանց, այլ եղբայրական ջերմագին սիրով՚:

Անդրկովկասյան երեք պատվիրակությունների կողմից բացման ելույթի համար ընտրվել էր Ասքանազ Մռավյանը, որի ՙուժգին ու հաստ տոնով արտասանված ճառը խոր տպավորություն թողեց՚: Դիմելով ՙթուրք մեծապատիվ պատվիրակներին՚` Մռավյանը հավաստիացնում է, որ իրենք Կարս են եկել ՙոչ թշնամական զգացումներով՚: Հույս հայտնելով, որ թուրք ժողովուրդը կհաղթի ու կջախջախի իր թշնամիներին, Մռավյանն ասում է. ՙՄենք այս խորհրդաժողովին եկել ենք ոչ որպես հաղթողներ ու հաղթվածներ: Անդրկովկասյան ժողովուրդները համոզված են, որ ներկա խորհրդաժողովը  կտա մեզ թուրք ժողովրդի հետ բարեկամության և եղբայրության դաշինքի ամուր հիմքեր՚:

Խորհրդաժողովի առաջին նիստի ավարտից հետո ու երեկոյան Կարսի մահմեդականներն ու զինվորականները մեծ ցույց են կազմակերպում այն բնակարանի առաջ, որտեղ իջևանել էր Գանեցկին: Ռուս ներկայացուցչի ճառից հետո մահմեդական ազգաբնակչությանը դիմում են նաև Մռավյանն ու վրացի և ադրբեջանցի ներկայացուցիչները: ՙԱյլևս երկու հարևան ազգերի միջև արյունահեղություն չպիտի լինի: Եկել ենք բարեկամության հիմքեր հաստատելու ձեզ հետ՚,- ասում է Մռավյանը: Բոլոր ճառերն ընդմիջվում էին ՙխանդավառ ուռռաներով՚, իսկ նվագախումբը հնչեցնում էր Ինտերնացիոնալը: Ժողովուրդը խանդավառված կոչում էր ՙկեցցե հաշտությունը՚, ՙկեցցե Ռուսաստանը՚, ՙկեցցե Հայաստանը՚:

Հայ ժողովրդի պատմության ամենատխուր իրադարձություններից Կարսի խորհրդաժողովն ահա այսպիսի տոնակատարության էին վերածել ՙհամաշխարհային հեղափոխության հաղթանակի՚ համար մարտչնող հայ բոլշևիկները, ովքեր ամիսներ առաջ օգնել էին ռուսներին ու քեմալականներին` տապալելու Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդային Հայաստանը իր ստորագրությունն էր դնում մի փաստաթղթի տակ, որով Թուրքիային էին մնում նաև Արևելյան Հայաստանի հողերից Արդահանը, Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը:

Չնայած Կարսի խորհրդաժողովի արդյունքները կանխորոշված էին, հայ պատվիրակները Գանեցկու միջնորդությամբ փորձեցին հայ-թուրքական սահմանում որոշ փոփոխություններ կատարել հօգուտ Հայաստանի: Սեպտեմբերի 27-ին, խորհրդաժողովի երկրորդ նիստում, ռուս պատվիրակը ներկայացնում է երկու սահմանային պահանջ, որից առաջինը վերաբերում էր Անիի ավերակներին: ՙԱնին հայերի համար ունի պատմական ու գիտական մեծ արժեք՚,- Կարաբեքիրին բացատրում է Գանեցկին ու ներկայացնում երկրորդ հողային պահանջը. ՙԿողբն իր աղի հանքերով ունի համակովկասյան նշանակություն՚:

Կարաբեքիրը, սակայն, անդրդվելի էր: Նա ասում է, որ իր պատվիրակությունը որևէ իրավասություն չունի Մոսկվայի պայմանագրով գծած սահմանների մեջ փոփոխություն կատարել և դրա համար պետք է հրահանգ ստանա Անկարայից: Արևելյան ռազմաճակատի հրամանատարը սպառնում է դադարեցնել խորհրդաժողովը, որին ի պատասխան Գանեցկին առաջարկում է շարունակել աշխատանքները այլ հարցերի շուրջ, մինչև Անկարայից ստացվի համապատասխան հրահանգ:

Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը թուրքերին հանձնելու անարդարությունը Խորհրդային Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ Մռավյանին ու Բեկզադյանին ստիպել է նամակներով ու հեռագրերով Լենինին, Ստալինին և Չիչերինին դիմել դեռ 1921թ.մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի նախօրեին:

Մռավյանը Լենինին գրել է. ՙԵս համարում եմ, որ Անի քաղաքն իր հուշարձաններով` հայ ժողովրդի համար ունենալով ազգային-պատմական նշանակություն, և մինչև Կարս շրջակա տարածքները, որոնք այնքան կարևոր են Ալեքսանդրապոլի երկաթուղու պաշտպանության համար, պետք է մտնեն Խորհրդային Հայաստանի կազմ՚:

Պատասխան հեռագրում Լենինը գրել է, որ ՙհեղափոխության և երիտասարդ Խորհրդային պետության շահերը մեկ անգամ չէ, որ պահանջել են գնալու նման զոհաբերությունների, բայց դա ժամանակավոր է, և անհրաժեշտ է թուրքերի հետ համաձայնություն կնքել՚:

1921թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրի 5-րդ կետով Երևանի նահանգի Նախիջևանի մարզը ինքնավար տարածքի կարգավիճակով դրվեց Ադրբեջանի ՙխնամակալության ներքո՚: Թուրքիան Վրաստանին զիջեց Բաթում քաղաքն ու Սև ծովի աջարական հատվածը, սակայն դրա դիմաց ստացավ Սուրմալուի գավառը, Կարսի մարզն ու Արդահանի և Արդվինի շրջանները (վերջին երեքի նկատմամբ հավակնություններ ուներ նաև Վրաստանը):

1922 թ. մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի պետական բարձրագույն մարմինը` Կենտգործկոմը, հաստատում է 1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ կնքված Կարսի պայմանագիրը, որի վավերացված փաստաթղթերը փոխանակվեցին Երևանում 1922թ. սեպտեմբերի 11-ին:

Կարսի պայմանագրի ստորագրումից մեկ օր անց` 1921թ. հոկտեմբերի 14-ին, Երևան են վերադառնում ռուսաստանյան, ադրբեջանական և հայկական պատվիրակությունները և ուղևորվում ներկա լինելու Հայկոմկուսի մայրաքաղաքային  կազմակերպության ընդհանուր ժողովին:

ՙԺողովականները նրանց դիմավորեցին բուռն ծափահարություններով՚,- գրում է բոլշևիկյան մամուլը: Հիվանդության պատճառով ներկա չէր միայն Վրաստանի պատվիրակության ղեկավարը: Գանեցկին հայ բոլշևիկներին ներկայացնում է խորհրդաժողովի արդյունքները, հաստատելով, որ ՙԿարսի դաշնագրով վերացվում է նաև Հայաստանի աշխատավորների թշնամի Խատիսյանի կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրը՚:

Գանեցկին ընդունում է, որ խորհրդաժողովի դրական ընթացքը կանխորոշել էր Մոսկվայի 1921թ. մարտի պայմանագիրը, ինչպես նաև` ՙթուրք և Անդրկովկասյան ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները՚:

Մուստաֆա Քեմալը 1922թ. մարտի 1-ին թուրքական խորհրդարանում ունեցած ելույթում` գովաբանելով ռուս-թուրքական հարաբերությունները, հայտարարում է, որ Մոսկվայի պայմանագրի շարունակությունը Կարսի պայմանագիրն է Ռուսաստանի դաշնակիցներ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ, որով հաստատվում է, որ ՙանհնար է կիրառել Սևրի դաշնագիրը՚, և ՙհայկական հարցը Կարսի պայմանագրում գտել է իր ամենաճիշտ լուծումը՚:

Կարսի խորհրդաժողովի թերևս միակ դրական արդյունքը, որ ունեցավ հայ ժողովրդի համար, հայ գերիների վերադարձի թույլտվությունն էր: 1920թ. թուրք-հայկական պատերազմից հետո, երբ մեկը մյուսի հետևից ընկնում էին Կաղզվանը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլն ու բազմաթիվ այլ բնակավայրեր, հազարավոր հայեր գերի ու պատանդ ընկան ու քշվեցին դեպի Արևմտյան Հայաստանի խորքերը, որտեղ արդեն հաստատվել էին Մուսթաֆա Քեմալի ուժերը: Արդեն 1921թ. հոկտեմբերի սկզբին մոտ 400 հայեր ազատվեցին թուրքական գերությունից ու վերադարձան Ալեքսանդրապոլ:

Հայաստանի և քեմալականների միջև 1920թ. նոյեմբերին զինադադար հայտարարելուց հետո Երևանում հիմնադրվել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արևելյան ռազմաճակատի հրամանատարության ներկայացուցչությունը, որը քաղաքական ‎‎գործառույթներով շարունակեց գործել նաև Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո` մինչև 1923թ. հոկտեմբեր: Երևանում թուրք-քեմալական ներկայացուցչությունը ուներ 11 աշխատակից:

Ալեքսանդրապոլից 1921թ. գարնանը թուրքական զորքերի հեռանալուց հետո քաղաքում բացվեց քեմալականների հյուպատոսարանը` բաղկացած էր ինը հոգուց:

Իր հերթին, Խորհրդային Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ ուներ քեմալականների մոտ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արևելյան ռազմաճակատի հրամանատարության մոտ Հայաստանի ներկայացուցչությունը կազմակերպվեց 1921թ.օգոստոսի 20-ին Կարսում, որի ղեկավարը Գևորգ Սարգսյանն էր: Օգոստոսի 31-ին Սարիղամիշում նա իր հավատարմագիրը հանձնեց Կարաբեքիրին: Խորհրդային Հայաստանի ներկայացուցչությունը Կարսում պահպանում էր հայ կարմիրբանակայինների չորս հոգանոց խումբը:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Նկարում՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Անիի ավերակներում, հուլիս 23, 2008թ.

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Հայերը և թուրքերը

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: