Արա Սանճեան. Ռուսական կայսերական ծաւալապաշտութիւնն ու Քրեմլինի տարուբերող գնահատական-հրահանգները

1257

Ֆէյսպուքեան գրառումներէ դատելով վերջին 2-3 օրերուն կը քննարկուի թէ 19-րդ դարու առաջին երեսնամեակին ռուսական բանակներու պատերազմներն ու նուաճումները Կովկասեան լեռնաշղթայէն հարաւ կարելի՞ է «Արեւելեան Հայաստանի բռնակցում» կոչել, թէ՞ պէտք է գտնել ուրիշ, երեւի՝ Քրեմլինի այսօրուան ղեկավարութեան համար աւելի հաճելի ձեւակերպում։

Հարցին հրապարակայնացման տուն տուող բոլոր մանրամասներուն առայժմ անծանօթ ըլլալով, այստեղ քննարկման աւելցնեմ պատմական կտրուածքն ալ, որ հաւանաբար մասնագէտները գիտեն, բայց սիրողական ընթերցողները գուցէ չիմանան։

Համայնավար իշխանութեան եօթը տասնամեակներուն ընթացքին, Քրեմլին նստած ղեկավարները առնուազն երեք անգամ փոխած են պաշտօնական գնահատականը Ռուսիոյ կողմէ նոր գաղութներ ձեռք բերելու գործընթացին վերաբերեալ, եւ ամէն փոփոխութենէ ետք նոր տեսակէտը բռնի պարտադրած են Ռուսաստանի Դաշնութեան «ինքնավար» միաւորումներուն ու խորհրդային միութենական միւս հանրապետութիւններուն կուսակցական ղեկավարներուն, մտաւորական վերնախաւերուն ու յատկապէս՝ պատմաբաններուն։

1917-էն մինչեւ առնուազն 1937 թուականը բոլշեւիկները խիստ բացասական դիրքորոշում ունէին ցարական համակարգին նկատմամբ եւ ցարերու ծաւալապաշտութիւնը՝ բոլոր ուղղութիւններով, անառարկելիօրէն կը նկարագրէին որպէս «նուաճում» ու «գաղութացում»։ Օրինակ, Հայաստանի մէջ 1938, 1939 եւ 1940 թուականներուն լոյս տեսած հայոց պատմութեան ուսուցման ծրագիրներուն մէջ կը հանդիպինք «Անդրկովկասի նուաճումը ցարական Ռուսաստանի կողմից», «Հայ ժողովուրդը ցարիզմի եւ սուլթանիզմի լծի տակ», «Հայաստանը [կամ՝ Արեւելեան Հայաստանը] ցարական Ռուսաստանի գաղութը», «Ցարիզմի գաղութային քաղաքականութիւնն Անդրկովկասում եւ մասնաւորապէս Հայաստանում» ձեւակերպումներուն՝ մերօրեայ խօսոյթով իբրեւ այդ ժամանակաշրջանի «կրթական չափորոշիչ»։ 1936-ին Ս. Մարկոսեանը հրատարակած է «Ռուս-ֆրանսիական և ռուս-անգլիական հակամարտութիւնը Պարսկաստանում Անդրկովկասի նուաճման կապակցութեամբ» խորագրուած աշխատութիւն, որուն պիտի անդրադառնանք նաեւ ստորեւ։

Միայն 1937 թուականի Օգոստոս 22-ի կառավարական որոշման մէջ մասնակի ետդարձ կատարուեցաւ այս դիրքորոշումէն՝ երբ գրուեցաւ թէ «Վրաստանի, օրինակ, XVIII դարի վերջին Ռուսաստանի հովանաւորութեան տակ անցնելու փաստը, այնպէս, ինչպէս Ուկրաինայի` Ռուսաստանի իշխանութեան տակ անցնելու փաստը, [ԽՍՀՄ պատմութեան դասագիրքի – Ա.Ս.] հեղինակների կողմից դիտւում է որպէս բացարձակ չարիք, այն ժամանակուայ պատմական կոնկրետ պայմանների հետ ունեցած կապից դուրս։ Հեղինակները չեն տեսնում, որ Վրաստանի առջեւ այն ժամանակ կանգած էր երկընտրանք – կամ կլանուած լինել շահական Պարսկաստանի եւ սուլթանական Թուրքիայի կողմից, կամ թէ անցնել Ռուսաստանի հովանաւորութեան տակ, այնպէս, ինչպէս Ուկրաինայի առջեւ այն ժամանակ կանգնած էր երկընտրանք – կամ կլանուած լինել պանական Լեհաստանի ու սուլթանական Թուրքիայի կողմից, կամ էլ անցնել Ռուսաստանի իշխանութեան տակ։ Նրանք չեն տեսնում, որ երկրորդ հեռանկարը այնուամենայնիւ, փոքրագոյն չարիքն էր։»

Ի դէպ, Ռուսիոյ իշխանութեան տակ անցնիլը իբրեւ «փոքրագոյն չարիք» սկզբնական շրջանին ընդունուած էր միա՛յն այս որոշման մէջ յիշուած երկու պարագաներուն՝ Վրաստանի եւ Ուքրաինայի համար։ Միւս հանրապետութիւններուն, ներառեալ՝ ինչպէս վերը ցոյց տուինք, Հայաստանի, պատմութիւնները շարունակուեցան որոշ ժամանակ եւս ներկայացուիլ նախկին, հաստատուած ոգիով՝ իբրեւ «նուաճում» ու «գաղութացում»։

«Չարիքներէն փոքրագոյնը»ի մեկնաբանութիւնը ինքնին աստիճանաբար սկսաւ քննադատուիլ Երկրորդ Համաշխարհային պատերազմէն ետք եւ ռուսական ծաւալապաշտութիւնը իբրեւ խորհրդային միւս ժողովուրդներուն գլխաւորապէս բարիք բերող ձեւակերպումով վճռականօրէն փոխարինուեցաւ միա՛յն 1951 թուականէն սկսեալ։ Ատոր համար ալ, Խորհրդային Հայաստանի վերջին 3-4 տասնամեակներուն հրատարակուած Արեւելեան Հայաստանի Ռուսիոյ «միանալուն» նուիրուած աշխատութիւններուն ծանօթագրութիւններուն ու գրականութեան ցանկերուն մէջ գրեթէ անհնարին է հանդիպիլ նախորդ ուսումնասիրութիւններու, որոնք հրատարակուած ըլլան 1950-ականներէն առաջ։ Այդ գործերն այլեւս հերետիկոսական կը համարուէին ու նետուած յիշողութեան «սեւ խոռոչը»։

Նոր ցուցումներուն ներքոյ, 1967-ին հրատարակուած իր «Պատմագիտութեան զարգացումը Սովետական Հայաստանում 1920-1963» ուսումնասիրութեան մէջ, Շմաւոն Յարութիւնեանը կամայ թէ ակամայ հետեւեալ ծանր քննադատական տողերը կը յատկացնէր Մարկոսեանի 1936-ին լոյս տեսած վերոյիշեալ գործին.

«Ս. Մարկոսյանը 1936 թ. հրատարակված «Ռուս-ֆրանսիական և ռուս-անգլիական հակամարտությունը Պարսկաստանում Անդրկովկասի նվաճման կապակցությամբ» աշխատության մեջ «ոչ մի խոսք չի ասվում պարսկական դեսպոտիզմի ծանր լծի մասին։ Դրան հակառակ, նա ծանր է համարում միայն ցարիզմի լուծը։ «Չնայած XIX դ. առաջին տասնամյակում Անդրկովկասի մեծագույն մասում ռուսական սվիններն էին իշխում,–գրում է նա,– այնուամենայնիվ, բնակչության մեծագույն մասը իր կապերը չէր խզել Պարսկաստանի հետ։ Այս հետևանք էր ամենից առաջ այն բարբարոս քաղաքականության, որ կիրառում էր ցարական Ռուսաստանը նոր նվաճված երկրում։ Այստեղ խոսքը վերաբերում է մասսային, որի վիճակը ռուսների տիրապետության հենց առաջին օրից, շնորհիվ արտատնտեսական (vneekonomicheskii) շահագործման, անասելի չափով վատթարացել էր» (էջ 37)։ Այնուհետև նա գրում է. «Ցարիզմի նվաճողական քաղաքականությունը այդ ժամանակաշրջանում մասսաների վիճակը անտանելի էր դարձրել» (նույն տեղը)։ Մի այլ տեղ նա գրում է. «Անդրկովկասի շահագործվող տարրերի վիճակը ավելի էր վատթարացնել ռուսների տիրապետության օրով» (էջ 38)։

«…Ս. Մարկոսյանը ժխտում է այն, որ Անդրկովկասի ժողովուրդներն ունեցել են ռուսական օրիենտացիա։ Նա գտնում էր, որ շահագործող հասարակական շերտերի միայն մի մասը «այս կամ այն կերպ ռուսական օրիենտացիա էր պաշտպանում» (նույն տեղը)։ Մարկոսյանը ոչ մի խւսք չի ասում այն մասին, որ տեղական բնակչությունը մասսայականորեն ձգտում էր ազատագրվել պարսկական տիրապետությունից, իսկ հաճախ էլ արտահայատում է այն միտքը, թե այդ բնակչությունն ամեն կերպ ձգտում էր ազատվել Ռուսաստանի տիրապետությունից։ «Իսկ Անդրկովկասից Պարսկաստան փախչելը,–գրում է Ս. Մարկոս//յանը,–ուղղակի մի տարերային երևույթ էր դարձել» (էջ 36)։ Տեղական բնակչությունը, գրում է նա, ապստամբություններ էր բարձրացնում ռուսական տիրապետության դեմ, չտեսնված բոյկոտի քաղաքականություն էր վարում (էջ 134)։ Այստեղ հեղինակը ի զուր է համերաշխվում Մ. Պոկրովսկու հետ այն հարցում, թե իբր 1804 թվականին, երբ ռուսները գրավեցին Գանձակը, այն «վերածվեց հեղափոխության իսկական թատերաբեմի» (նույն տեղը)։

«Ս. Մարկոսյանի աշխատության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե հայերը, ինչպես և Անդրկովկասի մյուս ժողովուրդները լայն աջակցություն էին ցույց տալիս ռուսական բանակներին, դիտում էին նրանց որպես պարսկական գերությունից իրենց ազատարարների, թե տեղական բնակչության մասնակցությունը Կովկասում մղված պատերազմներին համաժողովրդական բնույթ ուներ։

«Չի կարելի համաձայնվել հեղինակի այն դրույթի հետ, թե իբր, եվրոպական ռազմաբեմերում Ռուսաստանի ռազմական անհաջողությունները, օրինակ, 1807 թվականին Վարշավայի նվաճումը Նապոլեոնի կողմից, անդրկովկասցիների մեջ ոգևորություն էր առաջացնում (էջ 38) և որ Ֆրանսիայի դեմ ռուսների մղած պատերազմներին ցույց տրվող օժանդակությունը «չէր բխում անդրկովկասցիների հեռանկարներից» (էջ 39)։» (էջ 239-240)

Երեւի այսօր ալ, շատ իշխանաւորներ այն համոզումն ունին թէ պատմաբանները իրենց ընկալած քաղաքական նպատակայարմարութեան, այսինքն՝ քմահաճոյքին անխօս ստրուկները պէտք է մնան եւ թէ կան պատմական գնահատականներ, որոնք, Ստալինի նախընտրած ձեւակերպմամբ, «աքսիոմա» պէտք է մնան պատմաբանին, ուսուցիչին, աշակերտին եւ առհասարակ քաղաքացիին համար։

Աղբիւրը՝ https://www.facebook.com/ara.sanjian

Դոկտոր Արա Սանճեան Միչիգանի Համալսարանի Դիրբոռնի մասնաճիւղին մէջ հայոց ու մերձաւոր-արեւելեան պատմութեան դասախօս է,  ինչպէս նաեւ տեղւոյն Հայագիտական Հետազօտութեանց Կեդրոնի վարիչը։