«Էրդողանի ընտրությունը՝ Շամգե՞ն, թե՞ Շենգեն». Հայկ Գաբրիելյանի նոր հատորը

580

Թուրքիայի մերձավորարևելյան և բալկանյան քաղաքականությունը

2024 թվականի ընթացքում ընթերցողի սեղանին է դրվում թուրքագետ Հայկ Գաբրիելյանի գիտական հոդվածների ժողովածուի չորրորդ հատորը:

Արդեն իսկ հրատարակված երեք գրքերից երկուսը՝ «Էրդողանը և քրդական հիմնախնդիրը» և «Էրդողանի պայքարը Հին Թուրքիայի դեմ», հիմնականում անդրադարձ են Թուրքիայի ներքին քաղաքականությանը և վերջին տասնամյակների ամենակնճռոտ՝ քրդական հարցին:

Երրորդ գիրքը՝ «Էրդողանի ու Պուտինի 2+2 մոդելը», ինչպես նաև այս՝ չորրորդ հատորը՝ «Էրդողանի ընտրությունը՝ Շամգե՞ն, թե՞ Շենգեն», Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին է:

Այս հատորը, որ կառուցվածքային առումով բաժանված է երկու մասի, անդրադառնում է Թուրքիայի մերձավորարևելյան և բալկանյան քաղաքականությանը՝ թուրք-իսրայելական բարդ հարաբերություններին ու թուրք-իրանական մրցակցությանը, թուրք-չինական տարաձայնություններին ու թուրք-հունական լարվածությանը, Եվրոպական Միության հետ տասնամյակների կապերին ու անդամակցության պլաններին:

Պահանջված ու արժեքավոր են «Թուրքիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև», «S-400-ների թնջուկը «Թուրքիա-ԱՄՆ-ՌԴ» եռանկյունում, «Թուրքիան ԱՄՆ-ի և Իրանի միջև» հոդվածները:

Այս հատորում տեղ են գտել նաև այնպիսի թեմաներ, որոնց մասին հայկական տարածքում համապարփակ անդրադարձ չի կատարվել, ինչպես՝ «Իսլամական պետությանը» Թուրքիայի քողարկված և չքողարկված աջակցությունը, Անկարայի «դրոնային դիվանագիտությունը», «Ինջիրլիքի» թնջուկը Գերմանիայի և Թուրքիայի միջև, Անկարայի մշակութային դիվանագիտությունը:

Թուրքիայի ներքաղաքական գործընթացների և զարգացումների, անմիջական հարևանների ու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համագործակցության ու մրցակցության մասին Հայաստանում խորքային ուսումնասիրությունների, հետազոտությունների և գրքերի պակասն զգալի է 1991-ից ի վեր:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն իր արժեքավոր գրքերով լրացնում է բացը:

Մինչև տարեվերջ ԱՆԻ կենտրոնը կհրատարակի Գաբրիելյանի հինգհատորյակի վերջին գիրքը:

Թաթուլ Հակոբյան
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն